Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Աշխարհաքաղաքական փասիանս

Աշխարհաքաղաքական փասիանս
16.10.2023 | 06:54

Մեր հիմնական խնդիրն այն էր, որ չունեինք (հիմա էլ չունենք) պատկերացում, թե քաղաքական քարտեզն իրենից ինչ է ներկայացնում: Ճնշող մեծամասնությանը թվում է, թե երկրները պատահական կերպով են առաջանում ու վերանում, այնինչ, եթե քարտեզն ուշադիր դիտենք, կտեսնենք, որ շատ երկրների սահմանների մի մասը քանոնով է գծված, և շատ երկրներ, անգամ խոշոր, ինչ-որ ֆունկցիա են կատարում՝ խոսքը սահմանների քաղաքական փիլիսոփայության մասին է:

Օրինակ, այսօրվա Թուրքիայի նման մեծ երկիրն իր գոյության համար պարտական է Ռուսաստանի ու Եվրոպայի մրցակցությանը, երբ Բրիտանիան ու Ֆրանսիան էին ցանկանում վերացնել Թուրքիան, ապա Ռուսաստանն էր Թուրքիաին փրկում, և հակառակը: Պատճառը պարզ էր, Ռուսաստանին ձեռնտու էր, որ Թուրքիան վերահսկի Բոսֆորն ու Դարդանելը, քան Բրիտանիան և հակառակը, երբ Ռուսաստանն էր փորձում գրավել Թուրքիան, ապա Բրիտանիան էր փրկում Թուրքիան, որպեսզի Ռուսաստանը դուրս չգա Միջերկրական ծով: Այսինքն, Թուրքիան բուֆերի դեր էր կատարում:

Նույնը այսօրվա Աֆղանստանի մասին կարելի է ասել, որն էթնիկապես խայտաբղետ արհեստական պետություն է, որի աշխարհաքաղաքական ֆունկցիան Ռուսաստանի ու բրիտանական Հնդկաստանի միջև բուֆեր լինելն էր: Նույնը Սիրիայի մասին կարելի է ասել, անգամ՝ Բելգիայի, որը նույնպես ժամանակին Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև եղած կոմպրոմիսի արդյունք է։

Հիմա Ուկրաինայից են բուֆեր սարքել, որ Ռուսաստանը չկարողանա մեծ ազդեցություն ունենալ Եվրոպայի վրա, Ռուսաստանի ու Չինաստանի միջև բուֆերի դեր է կատարում Մոնղոլիան, հակառակ դեպքում, մի քանի միլիոն մոնղոլները նման ահռելի տարածք չէին կարող ունենալ, այն էլ՝ վերահսկել:

Օրինակներ կարելի է շատ բերել: Նույնը կատարվել է Հայաստանի ու Վրաստանի հետ. 1828-ին հայաբնակ տարածք Ռուսաստսնին պետք էր Թուրքիայի ու Ռուսաստանի մուսուլմանների միջև քրիստոնեական բուֆեր ստեղծելու համար, ու այդ ժամանակ, մոտ 20% հայերով բնակեցված ներկայիս Հայաստանի տարածքը Ռուսաստնը հայերով էր վերաբնակեցնում, նաև Վրաստանում, որտեղ այդ ժամանակ, վրացիների դեֆիցիտի պատճառով, նույնպես հայեր էր վերաբնակեցնում (17-րդ դարում Շահ Աբասը ներկայիս Հայաստանի տարածքը հայերից դատարկել էր):

Դրանից առաջ, արդեն 16-րդ դարից սկսած, թյուրքերի ստեղծած Սեֆևիդների Պարսկաստանից Օսմանյան կայսրությունը պաշտպանելու համար, օսմանցիները քրդերով էին վերաբնակեցնում այդ երկու երկրների միջև եղած տարածքները (դրա համար են այսօր քրդերն այդքան շատ արևելյան Թուրքիայում) շիա թյուրքերին շիա Պարսկաստանին մոտ սահմաններից հեռացնելով, երբեմն՝ ֆիզիկապես վերացնելով:

Հիմա մենք տեսնում ենք, որ ոչ թե հումանիստ ու քաղաքակիրթ Ամերիկան ու Եվրոպան են իրենց զորքերը մոտեցրել Սյունիքին, այլ Իրանը, որովհետև Սյունիքը, որպես բուֆեր, իրենց համար է կենսական:

Ասելս ինչ է, քարտեզին նայեք, գտեք Հյաստանի հնարավոր աշխարհաքաղաքական դերը, դրա վրա կառուցված աշխարհաքաղաքական փասիանսից ելնելով մտեք համապատասխան կոալիցիա։ Երբ որևէ երկիր իր դերը չի կատարում, խաղեր է տալիս, պարզապես գլխին խփում են ու պատժում (նաև չի ներվում ներքաղաքական կյանքում արկածախնդիրների ու դեստրուկտիվ տարրերի կրիտիկական զանգվածի աճը), ու մի կողմ դրեք մարդու իրավունքները, լիբերալիզմը, կոմունիզմն ու նմանատիպ բաները, որոնք կարևոր են երկրի ներքաղաքական կյանքում ու բացարձակապես կապ չունեն աշխարհաքաղաքական դրվածքի հետ:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ