«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Շարունակեք զբաղվել ապաքաղաքական քաղաքականությամբ

Շարունակեք զբաղվել ապաքաղաքական քաղաքականությամբ
24.05.2023 | 23:24

Հայաստանի հասարակաքաղաքական ընդդիմադիր իսթեբլիշմենթում միասնության նշույլ անգամ չկա: Կա խառը խփոցի, փոխադարձ մեղադրանքների տարափ, պայմանավորվածությունների խախտման տիեզերական արագություն, փոխադարձ անվստահություն, տակփորոցի ու բամբասանք, նեղվածություն ու հին հաշիվներ, թիմերի ու թիմականության իդեաֆիքս: Այս ամենը շաղախվում է տեսախցիկների և միկրոֆոնների դիմաց «միասնության և պայքարի» պաթետիկ կոչերով և իրավիճակի անթույլատրելիության ընդգծմամբ:

Պարադոքս է, բայց այս ամենը տեղի է ունենում ընդամենը մեկուկես միլիոնանոց ակտիվ ընտրազանգված ունեցող քաղաքական շուկայում:

Հարգելիներս, դուք դադարել եք զբաղվել քաղաքականությամբ: Ավելին, դուք ինքնակամ վայր եք դրել քաղաքական գործիքները: Ավելին, դուք ապաքաղաքականացրել եք քաղաքականությունը: Ավելին, դուք գտել եք պատասխանատվություն ստանձնելու որքան անվնաս, նույնքան էլ կործանիչ ֆորմուլա, այն է. «Սա քաղաքական պայքար չէ, այլ ազգային ազատագրական պայքար»: Ինչու՞ է այդ ֆորմուլան ձեզ հարմար, որովհետև, հանելով ՔԱՂԱՔԱԿԱՆ պայքարի և ՔԱՂԱՔԱԿԱՆ առաջարկի ձեր պարտավորության էլեմենտը, դուք այն դնում եք ազգի կամ ժողովրդի վրա և կարծես նրան նշանակում նաև պատասխանատու: Մինչդեռ, ժողովուրդն իր միջից և ծոցից չի հանելու այդ պայքարի ֆորմուլաները, առաջարկն ու մարտավարությունը, ծրագիրն ու պայքարի ստրատեգիան, քայլերը և ակնկալվելիք արդյունքը: Դա անելը բացառապես քաղաքական գործ է, նրանց գործը, ովքեր դրան տիրապետում են, մշակում և առաջարկում հենց նույն ժողովրդին, այսինքն՝ ձե՛ր գործը:

Բանը հասել է նրան, որ իրենց քաղաքական գործիչ համարողները այնքան են շփոթել քաղաքական և կուսակցական պայքարների տարբերությունը, որ ասում են, թե իրենց պայքարը քաղաքական չէ: Ավելի մեծ աբսուրդ հնարավոր չէ պատկերացնել: Մինչդեռ, ոչ միայն պայքարը, այլ նաև օդ շնչելն ու արտաշնչելը քաղաքական գործիչը պետք է անի՝ քաղաքականացնելով այդ օդի մաքրության և աղտոտվածության մակարդակը:

Այս ամենի ամենատրագիկ ապացույցը նրանում է, որ այս երկրի, այսպես կոչված, քաղաքական որոշումներ ընդունողների և այդ որոշումներին ընդդիմացողների (ընդդիմություն-իշխանություն) հավաքական կշիռը միասին հասնում է առավելագույնը 15-17- տոկոսանոց վարկանիշի:

Շարունակեք զբաղվել ապաքաղաքական քաղաքականությամբ: Զարմանում եք, թե ինչու՞ է էսպես. էսպես է ոչ թե այն պատճառով, որ Նիկոլն է ուժեղ, այլ այն պատճառով, որ դու՛ք եք թույլ, որովհետև ձեր քաղաքական գործունեության գլխավոր ռեֆերիները ձեզ ոչ թե չեն վստահում, այլ չեն ստիպում զբաղվել ձեր գործով, իսկ դուք էլ, քաղաքական առաջարկի փոխարեն, զբաղված եք իրողությունների տրագիզմի պաթետիկ նկարագրությամբ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6317

Մեկնաբանություններ