ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչպիսին պետք է լինի ազգային անվտանգության խորհրդի գործունեությունը Հայաստանում

Ինչպիսին պետք է լինի ազգային անվտանգության խորհրդի գործունեությունը Հայաստանում
18.07.2008 | 00:00

ՏԵՍԱԿԵՏ
Երկրի ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթների իրագործումը պայմանավորված է պետական կառավարման համակարգում համարժեք կառույցների ձևավորմամբ և դրանց արդյունավետ գործունեությամբ: Հանրապետության առջև ծառացած սպառնալիքները կարող են վնասազերծվել ներքին և արտաքին մարտահրավերների իրատեսական գնահատականի և միջազգային ուսանելի փորձի օգնությամբ ճիշտ գործիքակազմի օգտագործման պարագայում: Ընդհանուր առմամբ, գոյություն ունեցող սպառնալիքները կարելի է դասակարգել մարդու կյանքի, առանձին կառույցների, հասարակության, տարածքների, պետության, ներքին և արտաքին ահաբեկչության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ սպառնալիքների:
ՀՀ անվտանգության խորհրդի գործունեությունն ուղղակիորեն բխում է սպառնալիքների վերացման ժամանակակից գործառույթներից: Այն ՀՀ սահմանադրությամբ նախատեսված խորհրդակցական մարմին է, որը պետք է նախապատրաստի ՀՀ նախագահի որոշումները` ներքին և արտաքին սպառնալիքներից անհատի, հանրության և պետության կենսականորեն կարևոր շահերի պաշտպանվածության, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման գծով միասնական պետական քաղաքականության հարցերով: Անվտանգության խորհուրդն ապահովում է անհրաժեշտ պայմաններ` ՀՀ նախագահի կողմից իրացնելու մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ անկախությունը և պետական ամբողջականությունը պաշտպանելու ուղղությամբ բոլոր սահմանադրական լիազորությունները:
ՀՀ անվտանգության խորհրդի գործունեությունը պետք է հիմնված լինի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վրա, որն, իր հերթին, պետք է ամրագրված լինի «Ազգային անվտանգության մասին» ՀՀ օրենքում և դրանից բխող՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում:
Եթե այլ հանգամանքների բերումով արտահերթ նիստի անհրաժեշտություն չառաջանա, ապա նպատակահարմար է, որ ՀՀ անվտանգության խորհուրդը նիստ գումարի ամիսը մեկ անգամ: Նիստի օրակարգը, որում կարող են ներառվել հայեցակարգային փաստաթղթեր և ՀՀ ազգային անվտանգության ապահովման ասպարեզում ներքին և արտաքին քաղաքականության կարևորագույն հարցեր, որոշում է ՀՀ անվտանգության խորհրդի նախագահը` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի ներկայացմամբ: Մասնավորապես, քննարկման առարկա կարող են լինել պետական, տնտեսական, հասարակական, պաշտպանական, տեղեկատվական, էկոլոգիական, բնակչության առողջության պահպանության և անվտանգության այլ կարևորագույն ռազմավարական խնդիրներ: Միաժամանակ, անվտանգության խորհուրդը մշակում է արտակարգ իրավիճակների կանխատեսումների, դրանց կանխարգելման և հետևանքների վերացման, ինչպես նաև կայունության և օրենքի պաշտպանության ապահովմանն ուղղված փաստաթղթերի նախագծեր: Հիշատակված և այլ հարցերի գծով որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և հաստատվում անվտանգության խորհրդի նախագահի կողմից:
ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակազմը ՀՀ նախագահի աշխատակազմում ընդգրկված ինքնուրույն ստորաբաժանում է և կարող է ունենալ վարչության կարգավիճակ: Ելնելով գործունեության նպատակներից և ուղղություններից՝ ՀՀ անվտանգության խորհուրդը կարող է ձևավորել միջգերատեսչական հանձնաժողովներ, որոնք, ըստ էության, խորհրդի աշխատանքային խմբերն են: Կախված իրենց վրա դրված խնդիրներից՝ դրանք կարող են ձևավորվել ըստ գործառույթների կամ հիմնահարցերի` մշտական կամ ժամանակավոր հիմունքներով: Գործունեության և մշակվող փաստաթղթերի գիտական հիմքերի ապահովման համար նպատակահարմար է ձևավորել ՀՀ անվտանգության խորհրդին կից գիտական խորհուրդ, որի կազմում կարող են ընդգրկվել ՀՀ ԳԱԱ անդամներ, բուհերի և գիտական հիմնարկների ճանաչված մասնագետներ և անկախ փորձագետներ:
Առաջարկվում է ՀՀ անվտանգության խորհրդի հետևալ կառուցվածքը.
l ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ
l ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
l ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալներ
l ՀՀ անվտանգության խորհրդի վարչություններ և բաժիններ.
l Պետական և հասարակական անվտանգության վարչություն
l Տարածաշրջանային և միջազգային անվտանգության վարչություն
l Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերի վարչություն
l Սփյուռքի վարչություն
l Տնտեսական և արդյունաբերական անվտանգության վարչություն
l Զինվորական շինարարության վարչություն
l Ռազմական վերահսկողության վարչություն
l Տեղեկատվական անվտանգության վարչություն
l ՀՀ անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովներ.
l Զորահավաքային պատրաստության և զորահավաքի
l Ռազմաարդյունաբերական համալիրի
l Քաղաքացիների իրավունքների պաշտպանության և հասարակական անվտանգության
l Հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի
l Ներքին ահաբեկչության
l Միջազգային անվտանգության
l Սահմանների պահպանության քաղաքականության
l Տեղեկատվական անվտանգության
l Տնտեսական անվտանգության
l Բնակչության առողջության պահպանության
l Էկոլոգիական անվտանգության
ՀՀ անվտանգության խորհրդի գործունեությունը կարող է լինել ավելի արդյունավետ` գործադիր իշխանության ոլորտում համապատասխան հիմնահարցերով զբաղվող օղակների համակարգված աշխատանքի շնորհիվ: Այս առումով նպատակահարմար է նաև ներքին անվտանգության նախարարության ձևավորումը հիմնականում ներկայումս գործող կառույցների օղակներից: Առաջարկվող կառույցի կազմում կարելի է առանձնացնել ռազմական անվտանգության (պաշտպանունակության, ռազմական անվտանգության երաշխիքների, զինակոչի և զինապարտության նոր տեխնոլոգիաների, ներքին ահաբեկչության դեմ պայքարի), քաղաքացիական պաշտպանության (փախստականների խնդիրներ, փրկարարական ծառայություն, բնակչության և տարածքների անվտանգության, բնական և տեխնածին աղետներից առաջ և հետո իրականացվող գործառույթների, մունիցիպալ ոստիկանության, ներքին սահմանների պաշտպանության և այլ օղակներ) և տնտեսական անվտանգության (էներգետիկ, պարենային, ֆինանսական, ժողովրդագրական, մաքսանենգության, «կեղտոտ փողերի» լվացման և ստվերային տնտեսության դեմ և այլ սպառնալիքների վնասազերծման) ստորաբաժանումներ: Հայ մարդուն, հասարակությանը և պետությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայելու նպատակով անհրաժեշտ է վերացնել հասարակության տարբեր խավերի միջև գոյություն ունեցող թշնամանքը և աշխատանքներ կատարել` բարձրացնելու ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթների, դրանց իրագործման ուղղությամբ հասարակության իրազեկման մակարդակը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 5302

Մեկնաբանություններ