ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Առանց նախապայմանների» գլխավոր «նախապայմանը»

«Առանց նախապայմանների» գլխավոր «նախապայմանը»
31.07.2024 | 18:00

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն այսօր պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար:

Կողմերը վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը:

Սա երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունն է, որը, ըստ էության, հուշում է, որ կարգավորման գործընթացում էական առաջընթաց չկա, եթե հաշվի չառնենք նախորդ պայմանավորվածությունները վերահաստատելու նոր պայմանավորվածությունը:

Իհարկե, չի բացառվում, որ կողմերն ավելի լայն՝ ռեգիոնալ համատեքստում, ինչ-որ բան պայմանավորվել են, ինչի մասին դեռևս նպատակահարմար չեն համարում բարձրաձայնել:

Ի դեպ, երբ հայ-թուրքական երկխոսության համատեքստում հաճախ հիշատակում են «առանց որևէ նախապայմանի» արտահայտությունը, որպես կանոն՝ ավելի ընդգծված է լինում կոնկրետ նախապայմանի առկայությունը:

Այս տեքստն այս առումով բացառություն չէ. հայ-թուրքական երկխոսությունն ընթանում է «առանց որևէ նախապայմանի», բայց Ռուբինյանն ու Քըլըչը «պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը»:

Այլ խոսքով, Անկարայում սպասում են հայ-ադրբեջանական կարգավորմանը, որի վերջնական հանգրվանը՝ Էրդողանի գնահատմամբ, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2969

Մեկնաբանություններ