Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Շնորհավոր տոնդ, Հայաստա՛նս, Երկի՛րս, Միա՛կս

Շնորհավոր  տոնդ, Հայաստա՛նս, Երկի՛րս, Միա՛կս
21.09.2024 | 14:30

«Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում ենք հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով»։

Ցավոք, 2020 -ից մեր իրական հայրենիքը կամաց կամաց փոքրանում է և «ընդարձակվում» է պատմականը...

Ինչքա՜ն լավ է բնութագրել Վանոն պատմական և իրական Հայաստանը, որն այսօր ձևախեղվում է «մեր» կառավարիչների կղմից...

Այնուհանդերձ, ամեն անգամ երկի՛րս շնորհավորելով քեզ անկախությանդ երևութական տոնի առթիվ, հույս եմ փայփայել, որ հաջորդ տարեդարձդ իրական կլինի, որ հողերդ թշնամուն չեն զիջվի, որ զավակներդ չեն հեռանա ու պանդուխդ տուն կդառնա, որ բանակդ կհզորանա, որ քեզ ուրացող էլ չի լինի, որ ազատությունը, արդարությունն ու օրինականությունը հասանելի կլինեն բոլորին, որ անվտանգ, խաղաղ, առանց ներքին և արտաքին սպառնալիքների կլինեն լուսաբացներդ... բայց չեղան։

Իսկ եթե ինչ որ բան էլի զավակներիդ ուզածով չեղավ, սպասումներդ չիրականացան, դու ի՞նչ մեղք ունես իմ խեղճացած ու վիրավորված երկիրս։ Այդ մենք պիտի պաշտպանեինք, շենացնեինք, ծաղկեցնեինք ու սիրեինք քեզ, հեռացնեինք դավը, ցավը, ատելությունը, նախանձը ու բարությունը` թուլության, ներումը` վախին չվերագրեինք, որ գլխիկոր ու խոնարհված արժանապատվությամբ չկրկնեի այս խոսքերը.

- Ախր ինչպե՞ս կարող եմ քեզ չսիրել երկիրս, ինչպես քեզ չօգնեմ երկիրս, ինչպես բացատրեմ, որ դու ամենալավն ես, որ դու հին ես հներից, որ քո երբեմնի պատմական սուրբ հողից է սկիզբ առել մարդկության նոր ժամանակը: Ինչպե՞ս սատար կանգնեմ քեզ, ինչպե՞ս բացատրեմ քեզ հայրենիքս, որ դու տվեցիր մեզ ամեն ինչ՝ գիր ու մշակույթ, ինքնություն, արժանապատվություն, իրավունք, իսկ «զավակներիցդ» շատերը չխղճալով քեզ, չափսոսալով քեզ այդ արժեքները վաճառքի հանեցին։

Ինչպե՞ս չասեմ քեզ երկիրս, որ մեր անմիաբանության, գայթակղությունների, հաճույքների, անկուշտ ցանկությունների պատճառով քո զավակներին պարտադրեցինք բնավեր լինել, դեգերել աշխարհով մեկ, առանց հասկանալու` քեզնից խռոված: Դու ներիր մեզ, երկիրս, լավս, միակս...

Մենք քեզ անարժան եղանք, մենք չգնահատեցինք քեզ, մենք մեր անխոհեմ քայլերով ու անտարբերությամբ փոքրացրեցինք քեզ, քեզանից խլեցինք քո հպարտությունը, քո խաղաղ լուսաբացները, քո ժպիտները...

Բայց դու էլի սիրում ես քո զավակներին և ծնողի նման ներում ու սպասում նրանց վերափոխվելուն, նրանց վերադարձին... կորցրածներիդ վերադարձին...

Շնորհավոր տոնդ, Հայաստա՛նս, Երկի՛րս, Միա՛կս...

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 3127

Մեկնաբանություններ