Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ինչու՞ Դաշտենցը պանթեոնում չէ

Ինչու՞ Դաշտենցը պանթեոնում չէ
12.05.2023 | 10:04

Կոմունիստների իշխանության օրոք Խաչիկ Դաշտենցին, հատկապես մինչև 60-ականների ձնհալը, թեև նացիոնալիստ գրող էին համարում, բայց և այնպես, չուրանալով շատ բան, շնորհակալ լինենք, որ հրատարակեցին նրա գործերը: Թե ինչքան կարևոր է Դաշտենցի գրական ժառանգությունը, լրացուցիչ արժևորման և գնահատականի կարիք չկա, ամենազոր դատավոր ժամանակը դա վաղուց արել է: Ղարաբաղյան պատերազմում բազմաթիվ ազատամարտիկների պայուսակներում Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գիրքն է եղել որպես մեր կիսատ պատերազմների ու չկրակած փամփուշտների հիշողության շարունակություն: Իսկ եթե որևէ ապազգային ստահակ ինքնահաստատման մոլուցքով պարզապես կկամենա սակարկել «Սասնա Ծռեր» էպոսին շարունակող «Ռանչպարների կանչը» վիպասքի հեղինակի վաստակի արժեքն ու կարևորությունը, պատասխանը կտան հին ու նոր ֆիդայիները:

Այսօր որևէ ուսուցիչ, հատկապես «Ռանչպարների կանչը» ուսուցանելիս, եթե կամենա իր աշակերտներին այցի տանել մեծ գրողի շիրմին, ապա առանց մի քանի ծանոթի կամ իրազեկ կազմակերպության ուղեկցության, չի կարող գտնել գերեզմանը: «Թոխմախ» հորջորջվող գերեզմանոցում, երկար որոնումներից հետո, մի խուլ ու խճճված անկյունում կգտնեն Դաշտենցի գերեզմանը: Ասենք՝ հայ քանի՞ հանճարի գերեզմանն է իր ճիշտ տեղում: Թումանյանի, Րաֆֆու, Ջիվանու և մյուսների շիրիմները Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանոցում ինչ գիտեք մի օր չեն արժանանա Ալեքսանդր Մանթաշյանցի ու այլոց շիրիմների պղծման և ոչնչացման բախտին: Չշահարկեք ժողովուրդների բարեկամությունը, նույնիսկ Հայաստանում Չարենցը դրան արժանացավ:

Ի՞նչ գիտեք, որ ինչ որ ժամանակ մի նոր 37 թվական չի լինելու:

Լա՛վ, կոմունիստները ինտերնացիոնալիստ էին և «նացիոնալիստ» գրող Դաշտենցին Պանթեոն չտարան, բա անցած 30 տարում մե՞նք ինչիստ էինք...

Վերջերս մի բարձր ամբիոնից, երբ մեր մեծերի «գերեզմանների հայրենադարձության» մասին հայտարարեցի, որոշ պաշտոնավորներ ստվերներից խրտնող էգոիզմով վիճաբանեցին՝ «Ինչու՞ բերենք, ավելի լավ է մնան օտարության մեջ»: Եթե օտարությունն այդքան փափագելի է, ապա թողեք ձեր դղյակներն ու գնացեք օտարության մեջ ձեզ համար տոհմային գերեզմանոցի տարածք գնեք, ուր հանգիստ կննջեք՝ առանց ազգային գլխացավանքի: Ախր ճշմարիտ ապրած ու կարոտով մեռածներն էլ են Հայրենիք ու ճիշտ հանգրվան երազում:

Բա ինչու՞ եք երազում ձեր ընտանեկան գերեզմանոցում թաղվել, թե՞ դուք Թումանյանից, Րաֆֆուց, Ալիշանից ու մյուսներից ավելի կարևոր եք և հայրենապաշտ: Իսկ Երևանի Պանթեոնը նաև Դաշտենցի հայրենական, այո՛, հայրենական հանգստարանն է: Այնտեղ են իր արժանավոր գրչակից քույրերն ու եղբայրները:

Թե՞ լռելով՝ պարզապես ուզում եք ավելորդ գլխացավանքից հեռու մնալ:

Այդ սուրբ աճյունը «Թոխմախ»-ից Պանթեոն տեղափոխելը ու՞մ է խանգարում:

Սփյուռքից ամեն տարի Հայաստան եկող մեր հազարավոր հայրենակիցները երևի թե ամենից շատ «Ռանչպարների կանչը» վիպասքի հեղինակի շիրմին կուզենան այցելել, մանավանդ վերապատրաստման եկող ուսուցիչները, որոնց համար Պանթեոնը բաց դասի ճշմարիտ տաճար կարող է լինել:

Կտանե՞ք նրանց «Թոխմախ»-ի գերեզմանոց...

Զուր հույսեր:

Նաև՝ կխայտառակվեք:

Սփյուռքի ուսուցիչները Պարոնյանի խոսքը կհիշեն՝ «Բարով-խերով չերթայի»:

Այո՛, Պանթեոնը սովորական գերեզմանոց չէ, այլ դպրանոց, ուր դասը վարում են մեր անմահ ու թանկ մեռելները, որոնց պատգամները չլսողները անշուշտ խնդիր ունեն բանականության հետ:

Եթե պատկան ատյանները ֆինանսների խնդիրը կպատճառաբանեն, ապա հիշեցնեմ՝ հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհների ասֆալտապատման և ժամանակից շուտ դրանց կրկնանորոգման գնով միլիոնների փոշիացման ու զանազան շենքերի կառուցման համար հայությունը մարաթոն-տելետոնով միլիոնավոր դոլարներ է հանգանակում, իսկ Դաշտենցի համար առավելը կանի:

Բայց ախր չնչին գումարներով դա հնարավոր է կատարել: Մի բան է պակասում՝ ընդամենը հարգանք ու սրտացավություն մեր մշակույթի ու հանճարների նկատմամբ, ինչի պակասից էլ մեր հանճարները անհայտ գերեզմաններում են:

Մի կասկածեք, ախր հոգի ունեք տալու, հայրենապաշտության և հայրենատիրության մեծ ուսուցչապետ Խաչիկ Դաշտենցի աճյունի վերահուղարկավորումը Պանթեոն ողջ հայությունը երախտագիտությամբ կընդունի:

Հիշենք Դաշտենցի անմահ խոսքը՝ «Հարդը գնում է, ցորենն է մնում»:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Հ.Գ. Այս և հրապարակախոսական մյուս նյութերը կարդացեք «ՀՈԳԻ ՈՒՆԵՆՔ ՏԱԼՈՒ» գրքում, որը կարող եք ձեռք բերել Երևանի «ԲՈՒԿԻՆԻՍՏ» գրախանութում (Մաշտոցի 20):

Դիտվել է՝ 29258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ