Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Որոգայթի» մեծ հաջողությունը կրիմինալ սյուժեի մեջ չէ»

«Որոգայթի» մեծ հաջողությունը կրիմինալ սյուժեի մեջ չէ»
02.10.2009 | 00:00

Երեք գործընկերներով 88-ի երկրաշարժից ավերակված Գյումրիում անհեռանկար 90-ականներին «Ցայգ»-ը ստեղծելիս հստակ պատկերացում անգամ չունեին, թե ինչ է հեռուստատեսությունը։ Ժամանակին տարածված կաբելային հեռուստաստուդիա հիմնելու կոմերցիոն գաղափարը ոչ միայն եթերայինի վերափոխվեց, այլև զարմանալի տոկունությամբ ծնունդ տվեց «Շանթին», նրանցից մեկի` ԱՐԹՈՒՐ ԵԶԵԿՅԱՆԻ անձնական նախաձեռնությամբ։ Առաջին հեռարձակումից անցել է 15 տարի։ Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններից մեկի հիմնադիր նախագահը մեր ընթերցողի հետ կիսում է «Շանթի» կայացման դժվարին երթուղու հենակետային փուլերի ու ներկայիս գունեղացող առօրյայի շուրջ իր մտորումները։
ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ «ՀՈՐԻԶՈՆԸ»

-Կաբելային հեռուստաստուդիա ստեղծելու անորոշ գաղափարը գործնականում ծնունդ տվեց Հայաստանի առաջին մասնավոր հեռուստաընկերություններից մեկին, որի լսարանն օր օրի ընդարձակվում է։ Փաստորեն, Ձեր հետապնդած կոմերցիոն ակնկալիքները լիովին արդարացան։
-Հիմա` այո։ Այն ժամանակ, տնտեսական իմաստով, այնպիսի ռիսկային գործունեություն էինք նախաձեռնել, քաղաքի մի ծայրից մյուսը գնալու փոխադրամիջոց անգամ չունեցող կաթվածահար Գյումրիում, որը խելամիտ չէր թվում։ Համակողմանի ճգնաժամը ճեղքելու ջանադրությամբ փորձում էինք, նախ և առաջ, տեղեկատվական քաղցը հագեցնել։ Էլեկտրամատակարարումը հիմնականում կեսգիշերից էր լինում։ Օրվա ընթացքում հաջողեցնում էինք եղած նյութերը հավաքել-մոնտաժել և այդ ժամին հեռարձակել «Հորիզոնի» թողարկումները։ Մեկնարկելով 94-ին «Ցայգի» հետ նույն ալիքի վրա որպես զուտ լրատվական ծրագիր` 95-ից սկսեցինք մոտ 6-ժամյա լիարժեք ծրագրով հանդես գալ։ Թողարկեցինք մեր շաբաթաթերթը, որը մինչև 99-ը բավականին հաջողություն ունեցավ` 1-2 տարի փոխհատուցելով հեռուստաընկերության նյութական վնասները։ 2001-ին մի քանի համար Երևանում հրատարակեցինք։ 97-ից թողարկվող երգիծական սքեթչների մեր ժողովածուները տարածում գտան աշխարհասփյուռ հայության շրջանում։ 98-ին «Ռադիո Շանթը» ստեղծեցինք, որը հիմա միայն Գյումրիում է հեռարձակվում։ Երևան տեղափոխվելով, փառք Աստծո, չզոհաբերեցինք Գյումրին։
«ՄԵԶ ԸՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾ ՈՒՆԵՑՈՂ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»
-Որքան էլ ապաքաղաքականացված լինեք, որպես բազմահազար հեռուստալսարանի պարագլուխ, կոնկրետ գաղափարախոսության պիտի հարեք։
-Մեզ ընկալում են որպես ազգային դիմագիծ ունեցող ժամանակակից հեռուստաընկերություն։ Չբացառելով այլ ծագում ունեցող տեսանյութերը` աշխատում ենք սեփական ծրագրերով մյուսներից տարբերվել։
-Հայկական հեռուստաընկերություններում նոր նախագծերն արդյոք չե՞ն ծնվում ռուսականներին հառված հայացքով։
-Կարող է պարադոքս թվալ, բայց ռուսականներն իրենք սեփական մտահղացմամբ հազվագյուտ ծրագրեր ունեն։
-Արևմուտքի՞ց են ընդօրինակում։
-Միանշանակ։ Բարեբախտաբար, մենք ինքներս ժամանակին գլխի ընկանք և առաջինը ձեռք բերեցինք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ հեռուստախաղի իրավունքը։ Հայաստանի հեռուստաշուկայում այդ պահից, 2003-2004 թթ., նոր դարաշրջան սկսվեց։ Իրար հետևից մի շարք միջազգային ծրագրեր ներմուծվեցին. «Սուպերսթար», «Տասի ուժը», «Բաժանորդը հասանելի է», «Թաքնված տաղանդ»...
-Մեծամասնության տպավորությամբ` ամենահաջողվածը «Ժողովրդական երգիչն» է. տաղանդներ հայտնաբերելու, հայ ժողովրդական երգարվեստում սերնդափոխության բացը լրացնելու առումով։
-Ստացված անսպասելի արդյունքից ոգևորված` գտանք հայտնի ու նոր կայացող ժողովրդական երգիչներին միշտ ասպարեզում պահելու լավագույն ձևը` «Հիթ շքերթը», որը մինչ այդ ընդունելի էր համարվում միայն ժամանակակից երաժշտության համար։ «Ժողովրդական տասնյակով» կարելի կլինի կենդանի նվագախմբով մատուցել մասնագիտական պահանջները բավարարող կատարումները` հեռուստադիտողների արձագանքներով ընտրելով տարվա լավագույններին։
-Մեր օրերում անարդարացիորեն հետին պլան է մղվել դասական երաժշտարվեստը, մշակույթն առհասարակ։ Չե՞ք մտածում «Շանթի» եթերից պրոպագանդել այն։
-Իհարկե, դա կարևոր է, բայց միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ մասնավոր հեռուստաընկերությունները չեն կարող իրենց թույլ տալ ներկայումս ոչ շահութաբեր այդ ծրագրերի պարբերական իրականացմամբ անընդմեջ բարեգործություն անել։ Լսարանն է շատ փոքր։ Ամենուր կան պետական և պետության դոտացիաներով գործող հանրային հեռուստաընկերություններ։ Սրանց առաքելությունը հենց դա պիտի լինի։
-Ովքե՞ր են պատասխանատու եթերի բովանդակության համար։
-Կա պրոդյուսերական և վարչական ժողով, որը քննարկում է նախագծերը, դրանց իրականացման խնդիրները։ Բացի ամենքի համար սահմանված կանոնակարգից` հետևում ենք կոնկրետ «Շանթի» «ներքին շրջաբերականին»։ Բացառում ենք սուտը, կեղծիքը, հայկական արժեքները ոտնահարող ցանկացած նյութ, մինչև իսկ` տեսարան։
«ՍԵՐԻԱԼԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆ Է»
-Օրերս կայացավ «Շանթի» նոր` «Բանակում» հեռուստասերիալի շնորհանդեսը։ Ե՞րբ արտադրեցիք առաջին ֆիլմը։
-Առաջին փաստագրականը 95-ին արեցինք։ Դրան հետևեցին նորերը, որոնք մինչև երևանյան հեռարձակումը բացառապես երկրաշարժի թեման էին արծարծում։ Արցախյան ազատամարտիկներին 1-2 ֆիլմ նվիրեցինք։ Կոմերցիոն առումով փաստագրականները ոչ միշտ են շահութաբեր, չնայած ես դրանց եմ տալիս նախապատվությունը։ Ցավոք, մեր այս ֆիլմերը ռուսականների մասշտաբները չեն կարող ունենալ։ Արբանյակային հեռարձակմանն անցնելով, հիմա, ճիշտ է, հասանելի ենք գրեթե բոլոր մարզերում, բայց երկու միլիոնանոց հեռուստալսարանը, բնականաբար, չի կարող ընձեռել 150 միլիոնանոցի հնարավորությունները։ Այդուհանդերձ, 2005-ին ձեռնարկեցինք առաջին հայկական հեռուստասերիալը` «Վերվարածները», որի լսարանի բաժինը 50 տոկոսից չի իջնում մինչ օրս։
-Երբ դրանից առանձնացավ «Որոգայթը», առաջացրած մեծ հետաքրքրությանը զուգահեռ, հատկապես գիրք չկարդացող, սովորելու ցանկությունից չտոչորվող ու դասական արվեստից մղոններով հեռացած մատաղ սերնդի մեջ սկսեց արմատավորվել օրինակելի «օրենքով գողերի» պաշտամունքը։ Դա չի՞ հակասում «Շանթի» որդեգրած «ներքին շրջաբերականին»։
-Կարծում եմ` մրցակցային որոշակի շրջանակների ջանադրությամբ ի սկզբանե գլխիվայր ընդունվեցին կիսահանցագործ-կիսատնտեսական կառույցներում հայտնված, հանցավոր միջավայրում մարդկանց որոշակի լավ հատկանիշները պահպանած գլխավոր կինոհերոսներից ոմանք, որոնք «ռոմանտիզացված գողականներ» որակվեցին։ Դուք, փաստորեն, կրկնում եք նրանց տարածած կարծիքը։
-Քավ լիցի։ Պատահաբար, երբ հեռուստալրատվությանն էի հետևում, ապշահար եղա, երբ լրագրողի հարցին` «բալիկ ջան, որ մեծանաս, ո՞ւմ կուզես նմանվել», դպրոցական պատանիներից մեկը պատասխանեց` Գոքորին կամ Գարիկին։ Ծաղկաձորյան մնջախաղային փառատոնի օրերին մի կին մոտեցավ Հարություն Մովսիսյանին, ում հետ զրուցում էի, և իր ոգևորությունը հայտնեց. «Ձեր Հովիկն իմ տղայի, բոլորիս կուռքն է»։ Շատերից եմ համանման կարծիքներ լսել։
-Փորձենք համատեղել Գոքորի կամ Հովիկի կերպարները խորհրդայինից մինչև հոլիվուդյանները եղած հանրահայտ հերոսների հետ, որոնցով մեզ կերակրում-դաստիարակում էին` Զորո, Ռոբին Հուդ, Կամո կամ բոլշևիկյան հարյուրավոր այլ հերոսներ. զե՞րծ էին արյունից, բռնությունից...
-Գաղափարի հավատավորներ էին նրանք, թույլերի ու անօգնականների պաշտպան` նույն բռնության վտանգից չապահովագրված, զոհ` հաճախ գիտակցված։
-Էական տարբերություն չկա ներկայիս ու այն ժամանակների բռնության տեսարանների միջև։ Երեխաներն ուզում են նմանվել Հովոյին, որովհետև նա ընկերասեր է, հավատարիմ, ուժեղ, մտերիմներին ոչ մի պարագայում չի դավաճանում։ Ընկերոջն օգնելու պատճառով է ներքաշվել հանցավոր միջավայր, որից դուրս սպրդելն անհնար է գրեթե։ Մի՞թե այդպես չէ կյանքում։ Փորձեք հիշել, թե որքան կիսաօրենքով գողեր կամ կիսահեղինակություններ, թեկուզ մեր նոր պետության համար, ինչեր արեցին` մնալով ստվերներ, դառնալով լեգենդներ ժողովրդի համար։ Ես հեռու եմ «օրենքով գողերին» գունազարդելուց, բայց մեր իրականության մեջ, ցավոք, սկսեցին տեղ գրավել հենց այդպիսի ուժեղ հեղինակությունները։ Մարդիկ, ովքեր հուսալի են ինչ-ինչ հարցեր լուծելիս։ Ի դեպ, նրանք հայտնվեցին խորհրդային պետության «թեթև ձեռքով»` կալանավայրերում կարգուկանոն հաստատելու համար, ինչը ոչ մի կերպ չէր հաջողվում միլիցիային։ Բարձրագույն իշխանությունների հովանավորած այդ «օրենքով գողերի» սերունդներն այսօր էլ կան։ Պարզապես այդ թեման միշտ փակ է եղել։ Դեմագոգիա է, երբ ասում են, իբր, մեր ֆիլմում առաջին անգամ են տեսնում այդպիսի կերպարներ։
«Շանթին» տված հարցազրույցում արվեստաբան, ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանը «դեմագոգիա» կոչեց այդ դիրքորոշումը։ «Կնքահայրը» ամբողջ աշխարհում քննարկման թեմա էր ժամանակին, և որևէ մեկը վատ բան չտեսավ դրական ու բացասական մարդկային գծերով մարմնավորված հերոսի համակրելիության մեջ։ Եվ «Որոգայթի» մեծ հաջողությունը ոչ թե կրիմինալ սյուժեի մեջ է, սա մոլորություն է, այլ հետաքրքիր պատմություն լինելու։ Եթե ուշադրություն դարձնեք «Որոգայթի» լեզվին, տեսարաններին ու համեմատեք մյուս սերիալների հետ, անմիջապես կնկատեք շահեկան տարբերությունը։ Որևէ հայհոյանք, լկտի տեսարան, ցինիկ արտահայտություն չկա։
Ինքնագովություն չհամարեք, եթե ասեմ, որ «Որոգայթի» կամ «Վերվարածների» որակ ապահովելու համար այլ սերիալներ շատ մեծ ճիգեր ու ջանքեր գործադրեցին։ Եվ այսօր նկատելի է ընդհանուր որակական աճը։ Ո՛չ մշակույթին ծառայելու նպատակով, այլ մասնագիտական մրցակցային նախանձախնդրությամբ։ Սերիալը համաշխարհային հեռուստաէկրանի լիարժեք բաղկացուցիչն է։ Եվ լավ է, որ մենք մերն ունեցանք` մերձենալով ռուսականների միջին որակին։ Սա արդեն սխրանք է։ Երբևէ չեմ հավակնել մեր արածը արվեստի գործ ներկայացնել։ Որևէ ծրագիր իրականացնելիս մտածում ենք ռեյտինգի, ապա շահույթի մասին` համադրելով պետական կամ ազգային արժեքներին։ Եթե այն հաջողվում է որպես կոմերցիոն և ազգանպաստ ակցիա, դա լավագույն արդյունքն է։ Եթե սա երբևէ մշակութային նշաձողի հասցնի, շատ ուրախ կլինեմ։ Ամերիկյան սերիալները, օրինակ, հոլիվուդյան ֆիլմերին չեն զիջում իրենց որակով, բայց նրանք հզոր կինոարտադրություն ունեն։
«ՍԵՐԻԱԼԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ ՀԵՌՈՒՍՏԱՄՈԴԵԼՆ Է»
-Կարո՞ղ է «Շանթը» ունենալ իր հեռուստաթատրոնը։ Ձեր սերիալներում հավաքված դերասանական ներուժը բարեհաջող ընթացք կտա այդ ծրագրի իրագործմանը։
-Սերիալը թատերական ներկայացման ավելի գրավիչ, ժամանակակից հեռուստամոդելն է։ Հեռուստաթատրոնն այսօր ինքնանպատակ կլինի, չարդարացված։
-Չեմ կարծում։ Մեկ կուռ ներկայացմամբ կարելի է շատ ավելի դինամիկ մատուցել սերիալի սյուժետային զարգացումը, առանց անհարկի և ձանձրալի երկարաձգման։ Նույնն ավելի գունեղ կարելի է խտացնել 2-3 ժամանոց գեղարվեստական ֆիլմում։ Ժամանցային լինելուց զատ, դրանք մշակութային մնայուն արժեք ձեռք կբերեն։
-Լավ կլիներ, եթե մենք Հոլիվուդից ավելի խոշոր կինոարտադրություն ունենայինք, նկարահանեինք ամենաթանկարժեք գերժամանակակից միջոցներով, մասնագիտական շուկան էլ հագեցած լիներ։ Մի քանի տարի առաջ անհնար էր թվում սերիալի իրագործումը, գեղարվեստական ֆիլմերն` ուտոպիա։ Հիմա վերջիններիս փորձերն էլ են արվում։ Մեր կինոարտադրանքի ներկայիս որակը մեզ էլ լիովին չի գոհացնում։ «Մշակույթ» հասկացությունն Արևմուտքում չի շահարկվում։ Ստեղծվում են տարբեր որակի բազմաթիվ գործեր, որոնցից ամենահաջողվածները մասսայական ճանաչում են գտնում, արժանանում բարձր մասնագիտական գնահատականի։ «Տիտանիկը», կոմերցիոն լինելով, մշակո՞ւյթ է։ Մեզ մոտ սեփական քրտինքն ու երևակայությունը խնայողները, պետական գանձարանի գրոշներով կերակրվելով, իրենց արածը մշակույթին են վերագրում։ Ինչո՞ւ թատրոններում 50-60 տարի «Մակբեթ» կարելի է բեմադրել ու դրա անունը «մշակույթ» դնել` անկախ նրանից, թե ինչ ձևով ու որակով են խաղում։ Նույն դերասանը շատ ավելի լավ է խաղում սերիալում, բայց դա էժանագին է համարվում։
-Դերասանական խաղով չէ, որ արժեզրկվում են սերիալները, չնայած խմբում պատահական մարդիկ էլ կան։ Սցենարիստների, ռեժիսորների, օպերատորների ցածր պրոֆեսիոնալիզմն է հանգեցնում գեղարվեստորեն էժանագին արդյունքի։ Դերասանները հաճախ խաղալու նյութ չունեն, պարզապես իրենց փորձառությամբ այս կամ այն կերպ լցնում են կերպարային պարապը։ Իսկ «Մակբեթ» միշտ էլ կարելի է բեմադրել։
-Ես չեմ նսեմացնում դասական մշակույթը։ Փառք ու պատիվ «Մակբեթ» գրողին, մյուս դասականներին։ Նկատի ունեի, որ այժմ դասականներին ձեռք մեկնողներից շատերը նոր բարձր արժեք չեն ստեղծում դրան հարիր, պարզապես պետությունից փող են կորզում առանց լրջորեն քրտնելու, ինչպես հեռուստաընկերությունները։ Եթե իրենց մասնագիտական փորձառությամբ ու խղճի մտոք, տաժանակիր աշխատանքով ժամանակին համընթաց քայլեին, այսօր ասպարեզը չէին տնօրինի ոչ մասնագետները կամ միջակությունները։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4411

Մեկնաբանություններ