Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Պատմական մանիպուլյացիա՝ ինչպես միշտ

Պատմական մանիպուլյացիա՝ ինչպես միշտ
19.02.2021 | 12:18

Արցախի Աժ 5 խմբակցություններից 3-ի՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ»-ի, «Արդարության» և «Միասնական հայրենիքի» պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ և լրացումներ «Լեզվի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում։

Հիմնավորումը՝ «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը։ Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը»։


Նախագծի հեղինակներից «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը ասում է, որ օրենքների փոփոխությամբ ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ չի տրվելու, այլ՝ պաշտոնական: Խորին շնորհակալություն նրան և նախագծի համահեղինակներին, որ, ինչպես ինքն է ասել. «Մենք չենք փոխարինում հայերենը ռուսերենով, մենք թողնում ենք հայերենը այն դիրքում, որը կա։ Իհարկե, սա մեր մայրենի լեզուն է, և որևէ փոփոխություն այդ առումով չենք անում»։


Շատ արագ կողմնորոշվեցին՝ դե ֆակտո Արցախի ԱԺ պատգամավորները համարում են, որ այլևս իրենց անվտանգության երաշխավորը ոչ թե Հայաստանն է, այլ՝ Ռուսաստանը, իմա՝՝ Արցախում պետք է խոսել անվտանգության երաշխավորի լեզվով: Չկասկածեք, որ օրինագիծը Արցախի Աժ-ն կընդունի: Գուցե նաև կուլիսներում կամ հրապարակային պատճառաբանի, որ ստեղծված իրավիճակում ընտրությունը ռուսերենի ու ադրբեջաներենի միջև է, առավել հայրենասերները ամոթխած կհավելեն՝ բա հո հայերենին չէինք դավաճանելու:
Իսկ իրականում ճիշտ է Արցախիմ ներեցեք՝ Լեռնային Ղարաբաղի, Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի ոչ հիմնավորում, ոչ անհրաժեշտություն․«Ես ռուսների հետ խոսում եմ ռուսերեն, անգլիախոսների հետ՝ անգլերեն, կուզեի այլ լեզուներ էլ իմանալ։ Լեզուներ իմանալը քո մասին է, պաշտոնականը՝ երկրի։ Սովորեք լեզուներ, բայց դրա հետ մեկտեղ անպայման չէ ոտնատակ տալ սեփական ինքնությունն ու արժանապատվությունը»։ Ժամանակներն էին այդպիսին՝ տասնամյակներ անց արամհարաությունյանանմանները կպատմեն իրենց թոռներին՝ ինքնություն ու արժանապատվությունը պահելու ձևը դա էր: Ու նրանք կստեն, դա մանիպուլյացիա, պատմական մանիպուլյացիա, որ անընդհատ կատարվում է հայկական հողում: Որովհետև հայերը սիրում են իրենց խաբված ու դավաճանված զգալ, բայց երբեք չեն ընդունում, որ ստում ու դավաճանում են իրենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հետաքրքիր է՝ կգտնվե՞ն Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում պատգամավորներ, որոնք օրինագիծ կգրեն Արցախում անգլերենն ու ֆրանսերենը պետական լեզու դարձնելու մասին, եթե ռուս խաղաղապահների կողքին հայտնվեն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի խաղաղապահները՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 115883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ