Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Յուրաքանչյուր ծաղկի խիզախումը յուրովի ծաղկելն է»

«Յուրաքանչյուր ծաղկի խիզախումը յուրովի ծաղկելն է»
26.05.2017 | 12:09

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում (ՆԱՄ) տեղի ունեցավ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանի սաների համերգը (բանախոս` Դանիել Երաժիշտ)։ Հանդես եկան ջութակահարներ, միջազգային մրցույթի և Ժան Տեր-Մերկերյանի անվան հատուկ մրցանակի դափնեկիր, բակալավրիատի շրջանավարտ Ֆելիքս Հարությունյանը և միջազգային մրցույթի դափնեկիր, մագիստրատուրայի շրջանավարտ Գոհար Պապոյանը։ Համերգը բացեց Ֆ. Հարությունյանը` Յոհան Սեբաստիան Բախի «Չակոնայի» կատարմամբ։ «Չակոնան» ջութակահարների երազանքն է»,- գրել է մեծանուն ջութակահար Բորիս Գուտնիկովը։ Եվ ջութակահարները մանկուց տաժանակիր աշխատանք են կատարում, որ տարիներ անց իրականացնեն այդ փափագը։ Կարելի է ասել, որ Ֆելիքսը հասել է իր երազանքին, ինչը զգացվեց նրա վստահ, խորաթափանց կատարումից։ «Չակոնան» իր ձևով և բովանդակությամբ նման է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքին, որի գլուխներն ասես վարիացիաներ են։ Պարզապես «Մատյանում» 95 «վարիացիաներ» են (գլուխներ), իսկ «Չակոնայում»` 32։ Մտքի, զգացմունքի վարիացիոն զարգացման գաղափարով ու եղանակով են շարադրվում թե՛ «Չակոնայի», թե՛ «Մատյանի» «վարիացիաները»։ Ահավասիկ, Նարեկացին գրում է.


Նախատված անձիս
կշտամբանքների շարքը
Նույն ձևով ու պատկերներով
Պիտի կրկնեմ ես այստեղ վերստին
Նոր-նոր բարդությամբ...

Ահա այսպես էր «Չակոնայում» ջութակահարն անցնում վարիացիայից վարիացիա, ինչպես մարդը կքայլեր գիշերվա խավարով դեպի լուսաբաց, կամ Հակոբի տեսիլքի «աստիճանով» կբարձրանար դեպի երկինք, դեպի հավիտենական կյանքի լուսեղեն ակունքը։ Պատահական չէ, որ մեծ դիրիժոր Ջոն Գարդիներն ասում էր. «Որտեղ հնչում է Բախի երաժշտությունը, այնտեղ Աստված է»։ Այս ոգով մենք էլ կարող ենք ասել` որտեղ հնչում է Սիբելիուսի երաժշտությունը, այնտեղ մարդն է։ Մարդ, որը պայքարում է ոչ միայն իր անկատարության, այլև խստաշունչ բնության խոչընդոտների դեմ։ Չէ՞ որ ֆինն կոմպոզիտոր Սիբելիուսը հյուսիսում ապրած արվեստագետ է, և լավ գիտի մռայլ, խստաշունչ տարերքի դեմ մաքառող մարդուն, որը լույսի, արևի կարոտ է, մարդ, որը ճակատագրի հարվածների միջև որսում և թանկ է գնահատում կյանքի պարգևած երջանկության ակնթարթները, լույսի շողերը։
Այս ամենը երաժշտության մեջ մարմնավորելը և դրսևորելը պահանջում են բարձր պրոֆեսիոնալիզմ։ Մասնավորապես ջութակահարից պահանջվում է ոչ միայն հոգևոր հասունություն, այլև փայլուն տեխնիկա` հզոր, ժայռակոփ ակորդներ, նրբագեղ, թրթռուն հնչյուն, ջութակը երգեցնելու շնորհ, զորեղ կամք, մեծակերտություն։ Առհասարակ, «Չակոնայի», Սիբելիուսի կոնցերտի, Պագանինիի կապրիսների, Հայնրիխ Էռնստի մշակումների և նմանատիպ այլ գործերի կատարողական «մարտունակության» պահպանումը պահանջում է վարժանքների, մշտապես (ցկյանս) կատարելագործվելու անընդհատություն։ Սա է ջութակահարների նվիրական «խաչը»։


Նույնը կարելի է ասել Էժեն Իզայիի 5-րդ մենանվագ սոնատի կատարման վերաբերյալ։ Բելգիացի կոմպոզիտորի այս սոնատում Ֆելիքսին հաջողվեց հաղթահարել մի շարք տեխնիկական բարդություններ։ 1-ին մասում, որը կոչվում է «Ավրորա», ջութակահարը նվագում էր լուսաբաց հիշեցնող, մեղմորեն ծավալվող մեղեդին և ինքն իրեն նվագակցում ձախ ձեռքի կսմիթներով (պիցցիկատո)։ Այնուհետև խայտացող ելևէջներով արտահայտում էր ազատ հոգու ճախրանք։ 2-րդ մասը կոչվում է «Գեղջկական պար», որի թեման «ստվերակերպ» հնչում է սոնատի սկզբից։ Այս մասը որոշ ջութակահարներ մեկնաբանում են որպես գեղջկական կրակոտ, փոքր-ինչ կոպտավուն պար, կամ տոնական հանդիսավոր երթ։ Ֆելիքսն իր կերպարավոր, իմպրովիզացիոն և տարերային նվագով «պատկերեց» մի տոնախմբություն, որտեղ գինովցած գեղջուկն այնքան «ծուռումուռ» էր պարում, որ հազիվ էր ոտքի վրա կանգնում։ Այսպես վառ և տպավորիչ ավարտվեց համերգի առաջին բաժինը։
Համերգի ուշագրավ պահերից էր այն, որ երկու ջութակահարներն էլ իրենց ելույթը սկսեցին Բախի հիշյալ «Չակոնայով»։ Այս կրկնությունը բնավ մեխանիկական չէր, այլ մի գլուխգործոցի երկու տարբեր, լիարժեք մեկնություն։ «Չակոնան» զարմացնում էր նույնիսկ մեծն Բրամսին։ Ահա թե ինչ է խոստովանել կոմպոզիտորը Կլարա Շումանին հղած նամակում. «Ինձ համար «Չակոնան» ամենահիանալի և անհասկանալի ստեղծագործություններից է։ Մեկ փոքրիկ նվագարանի համար, մեկ նոտային տողի վրա այդ մարդը (Բախը) գրանցում է խորագույն մտքերի և ուժեղագույն զգացմունքների մի ամբողջ աշխարհ։ Եթե փորձեի պատկերացնել, իբր թե ի վերուստ ինձ է տրվել այդ գործը ստեղծելու պայծառացումը, ապա ուժերից վեր լարումից և ցնցումից կխելագարվեի»

։ Հազվադեպ հնարավորություն էր ստեղծվել համեմատելու «Չակոնայի» երկու տարբեր մեկնաբանումներ։ Եթե Ֆելիքս Հարությունյանը «Չակոնայում» ընդգծում էր այդ կոթողի մեծակերտությունը, փիլիսոփայական խորքերը, երկնառաք պոռթկումները, ապա Գոհար Պապոյանը գրավեց իր քնարականությամբ, ակորդային վարիացիաների հնչուժով, արագավազ վարիացիաների նրբագեղությամբ։ Երկու կատարումն էլ ունկնդիրներն ընդունեցին բուռն ծափողջույններով։ Հիրավի, դիպուկ է ասել Յասունարի Կավաբատան. «Յուրաքանչյուր ծաղկի խիզախումը յուրովի ծաղկելն է»։ «Չակոնայից» հետո Գոհար Պապոյանը նվագեց Ալբան Բերգի կոնցերտը։ Ձևով, բովանդակությամբ և նոր լեզվամտածողությամբ բարդ այս գլուխգործոցը փորձաքար է ցանկացած ջութակահարի համար։ Երկմասանի այս կոնցերտը կոչվում է «Հրեշտակի հիշատակին»։ Այն Բերգի «կարապի երգն» էր։ Այստեղ կոմպոզիտորն արտահայտել է իր վիշտը բարեկամուհու` Ալմա Մալերի դստեր` Մանոնի վաղաժամ մահվան առիթով։ Ջութակահարուհու նվագը մերթ խոհական էր, մերթ` ընդվզող, մերթ` մխիթարական, ինչպես Կարինտիայի ժողովրդական երգում և Բախի խաղաղ, հաշտեցնող խորալի մեղեդիում, որոնք Բերգը մեջբերել էր կոնցերտում` արտահայտելու համար իր վերաբերմունքը մարդկային ճակատագրի, երկրային և երկնային կյանքի հանդեպ։ Ճակատագրի բերումով կոնցերտի պարտիտուրը Ալմա Մալերին և նրա նախկին ամուսին Ֆրանց Վերֆելին ներկայացնելուց մի քանի ամիս անց Բերգը կնքեց իր մահկանացուն։ Համերգն ավարտվեց Ֆրանց Շուբերտի «Անտառային արքա» բալլադի (խոսք` Գյոթեի) հիման վրա Հայնրիխ Էռնստի գրած «Մեծ կապրիսով», որը Գոհարը նվագեց մեկ շնչով։ Նա կարողացավ փոխանցել Գյոթեի քերթվածում արտահայտված մահամերձ երեխայի վախը և նրա հոր տագնապը, սրտի բաբախյունը, որը խառնվում էր գիշերն անտառով սլացող ձիու դոփյունին, երբ տեղ հասնելուց հետո հայրը տեսնում է, որ զավակն արդեն մեռած է... Համերգի հաջողությանը նպաստեց նաև դաշնակահարուհի Զարուհի Խաչատրյանը, որը նվագակցեց Սիբելիուսի և Բերգի կոնցերտները։
Այս անմոռանալի համերգը վկայեց այն ահռելի աշխատանքի մասին, որը կատարել են թե՛ ուսանողները, թե՛ իրենց ուսուցիչը։ Անշուշտ, վճռորոշ դեր են խաղացել նաև պրոֆեսոր Կոսեմյանի մանկավարժական տաղանդը և անձնական օրինակը` որպես Կոմիտասի անվան կվարտետի երկարամյա արտիստի։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 17023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ