Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին»

«Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին»
20.11.2013 | 11:33

Պատանի նկարիչների արևածին աշխարհի գույնզգույն բոցերի մեջ հայտնվելու համար մեկ քայլ էր ընդամենը պետք. ամպամած երկնքի ծանրության տակ «կուչ եկած» փողոցից մտնել ՀՀ ԿԳՆ գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահ, ուր ներկայացվում էր արդեն չորրորդ տարին անցկացվող և ավանդական դարձած «Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի եզրափակիչ ցուցադրությունը։ Մրցույթ-փառատոնի նպատակն է խրախուսել Հայաստանի աշխարհագրության, ավանդույթների ու սովորույթների, արհեստների ու արվեստների իմացությունը, պատկերացումը մշակույթի բազմաշերտության, դրանց գեղագիտական իմաստավորման մասին։

Մրցույթ-փառատոնի ընտրական փուլին ներկայացված է եղել Հայաստանի բազմաթիվ նկարչական դպրոցների, ստուդիաների, Ստեփանակերտի ու Հադրութի նկարչական կենտրոնների, Քաշաթաղի «Բերձորի արվեստի դպրոցի», Միացյալ Նահանգների, Արգենտինայի, ՈՒրուգվայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իրանի, Լիբանանի, Քուվեյթի, Սիրիայի, Ղազախստանի, ՈՒզբեկստանի, ՈՒկրաինայի, այլ երկրների հայ համայնքներում գործող արվեստի կենտրոնների սաների ավելի քան 2000 աշխատանք, որոնցից շուրջ 350-ը եզրափակչին մասնակցելու իրավունք են ստացել։
Եզրափակչի բացումը գեղագիտության ազգային կենտրոնում մարդաշատ էր։ «Նման համազգային միջոցառումները զորացնում են ազգի գենետիկ պոտենցիալը, և զարմանալի չէ, որ հայաստանյան յուրաքանչյուր «ստուգատեսից» հետո սփյուռքի մեր հայ երեխաների մեջ ալիքվում է ծով մի հայրենասիրություն, ու նրանք ավելի լավ են նկարում։ Արյան կանչը մեծ ու լուրջ բան է, մենք ուզում ենք, որ դրսի մեր երեխաները չմոռանան իրենց արմատները, մեր պատմությունը, որ դրանք մարսելով առաջ ընթանան, քանի որ մեր ազգը արարող ազգ է։ Ահա այս վառ ցուցահանդեսը, այստեղ ներկայացված շնորհալի աշխատանքները դրա ապացույցն են»,- բացման խոսքում ասաց գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը։
Թեման, իհարկե, բավական բարդ է, սակայն, միաժամանակ, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի մեր երեխաների ամենօրյա հայրենասիրական դաստիարակության էջերից մեկը։ Եվ, ինչպես շատ ճիշտ նկատեց Լ. Իգիթյանը, այստեղ առավել կարևորը սփյուռքի երեխաներին այդ զգացմունքով համակելն է, հայրենիքին կապելը, նրա նպատակներին ու ձգտումներին հաղորդակից դարձնելը։
Մրցույթ-փառատոնի եզրափակիչ ցուցադրությունից հետո կընտրվեն հաղթողները, որոնց մրցանակներ կշնորհվեն տարեմուտից առաջ։
Մրցույթ փառատոնի հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։


Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Հ. Գ.- Իհարկե, այսպիսի հսկայատարած մասնակցությունը, բացի թեմատիկ շրջանակների պահանջկոտությունից, նաև տեխնիկական լուրջ դժվարություններ է ենթադրում, գուցե նաև` ֆինանսական։ Բայց, այդուամենայնիվ, պետք է արձանագրել, որ կազմակերպիչները մեծ ու շնորհակալ աշխատանք են կատարում, իսկ մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 15888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ