Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արցախցին հայի այն տեսակն է, որ դարերով գիտնականներ ու զորավարներ է ծնել հայ ժողովրդի համար

Արցախցին հայի այն տեսակն է, որ դարերով գիտնականներ ու զորավարներ է ծնել հայ ժողովրդի համար
23.09.2016 | 09:45

(կամ` ովքե՞ր են «հայաստանցի-ղարաբաղցի» ատելություն սերմանողները և ո՞ւմ կերակրատաշտից են սնվում)

«-Բնիկ որտեղի՞ց ես:
-Հա՛յ եմ»:
Հիշյալ երկխոսությունը իմ հոդվածներից մեկի վերնագիրն է («Իրատես de facto», 15.07.2013): Երեքամյա վաղեմության այդ հրապարակումը իմ՝ որպես հայի ինքնության կայացման մասին է. Հայաստանից հեռու՝ Թիֆլիսում:


Մենք հաճախ ենք միմյանց հարցնում՝ բնիկ որտեղի՞ց ես, գուցե ակնկալելով, որ մեր պապերի երկրից կլինի նոր ծանոթը: Եվ հաճախ հենց այդպես էլ լինում է, ու մենք ասում ենք՝ արյունս քաշեց: Երբ հարցնում ենք` բնիկ որտեղի՞ց ես, դրանով ասես մեր զրույցներում վերականգնում ենք մեր կորուսյալ հայրենիքը… Բայց վերջին տարիներին կարծես մի անտեսանելի ձեռք փորձում է կտրատել հայերիս իրար միացնող այդ հոգևոր կապը. Հայաստանում անտրամաբանորեն հիմնվում են հայրենակցական միություններ` Լոռի, Նիգ-Ապարան և Հայաստանի մյուս ազգագրական-վարչական հատվածների անուններով… Մնում է ստեղծեն ամեն գյուղի և քաղաքի հայրենակցական միություններ: Հավատացնում եմ` այդ միությունները բնավ չեն նպաստում մեր համախմբմանը:

Առավել ևս վերջին քսանհինգ տարիներին, երբ մենք ոտքի ելանք ազատագրելու 70 տարի մեր հայրենիքի բռնազավթված մի թանկ հողակտորը՝ Արցախը, մեր գիտակցության մեջ սկսեցին կաթիլ-կաթիլ ներարկել «ղարաբաղցի-հայաստանցի» հակասությունը, որն իր գագաթնակետին հասավ հուլիսյան դեպքերի ընթացքում: Այդ օրերին կազմակերպվող հանրահավաքների ժամանակ հայտնվեցին «հայրենասեր» գայանեգասպարյաններ՝ Երևանում, և էլի ինչ-որ մարդիկ՝ Լոս Անջելեսում, ովքեր Արցախը համարում էին Հայաստանի քաղաքական և տնտեսական դժվարություների պատճառ (հիշենք Լ. Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունը. «Սերգո՛ ջան, քանի Ղարաբաղի խնդիրը կա, դու լավ չես ապրի…»):


Համացանցում և մամուլում վերջերս դարձյալ բարձրանում է «հայաստանցի-ղարաբաղցի» հակասության և ատելության հրահրման ալիքը… Որքա՜ն ամոթ է: Սոցիալական ցանցերը, ի վերջո, հասանելի են նաև մեր թշնամիներին, և նրանք այդ էջերը կարդում են ու հրճվում, որ իրենց գցած սերմը ծիլ է տալիս մեր մեջ:
Սովորաբար խոսում էին միայն, այսպես կոչված, «ղարաբաղյան կլանի» մասին, իսկ հիմա ավելի են առաջ գնացել: «Տեղի է ունենում Հայաստանի տոտալ ղարաբաղացում,- ասում է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն ու մանրամասնում,- ղարաբաղացում նշանակում է, որ բոլոր կարևոր բիզնեսների ղեկին կարգված են ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները, այսինքն՝ պրոռուսական, քանի որ ադրբեջանական լծի տակ ծառայած մարդիկ իրենց փրկությունը մշտապես համարել են ռուսական փրկօղակը, որն էլ այժմ կապել են ՀՀ-ի վզին: Մենք ուզում ենք պայքարել Արցախի համար և պետք է պայքարենք, սակայն այդ պայքարի ընթացքում է, որ մենք կորցրինք ՀՀ-ի անկախությունն ու ինքնիշխանությունը բոլոր ոլորտներում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե իրավական»:


Հարց` սա տնտեսագետի և իբր ՀՀ-ի ներկայի ու ապագայի համար մտահոգ մարդու վերլուծությո՞ւն է:
Ի գիտություն Մովսես Արիստակեսյանի՝ Արցախը վերամիավորվել է Հայաստանին 1989 թ. դեկտեմբերի 1-ին՝ ՀԽՍՀ և ԼՂԻՄ Գերագույն խորհուրդների համատեղ որոշմամբ, որն առայսօր ոչ մի կողմը չեղյալ չի հայտարարել: Ասել է` վերամիավորումն ուժի մեջ է: Իսկ ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի՝ հանրաքվեով անկախության հռչակմանը, ապա այդ անկախությունը Ադրբեջանից է եղել, այլ ոչ Հայաստանից:


Հայաստանցի-ղարաբաղցի… Հոգիս ցավեցնում է հիշյալ անբարո արտահայտությունը: Մենք մեր հողի համար կռվեցինք ու ազատագրեցինք, որ հիմա այսպես թշնամացնե՞ն մեզ, որ հետո էլ մեզնից ոմանք ասեն՝ հանձնե՛ք թուրքին էդ հողերը: Հայաստանի ղարաբաղացում ասողներն ու այդպես մտածողները՝ իբրև հայրենասեր ու Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ, թեթև խղճով ձեռքը թափ կտան ու կասեն՝ «Հայաստանի պետության կայացմանը խանգարում է Ղարաբաղը»: Կան նաև մարդիկ, ովքեր մերժում են մեր ժողովրդի այդ հատվածի հայ լինելը: Ի միջի այլոց, արցախցիները մեր ժողովրդի այն բացառիկ հատվածն են, թերևս գուցե և միակը, որ հազարամյակներով բնիկ են մնացել իրենց հողի վրա: Ամբողջ Արևմտյան Հայաստանի և Պարսկահայքի (Խոյ, Սալմաստ, Մակու) հայերը, որը ցեղասպանության, որը՝ ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների պատճառով, հեռացել են իրենց հայրենի երկրից և գաղթել Արևելյան Հայաստանի այս փոքրիկ հանրապետության տարածք՝ կորցնելով բնիկ ժողովրդի առանձնահատկությունը:

Մինչդեռ արցախցին՝ լեռնային և դաշտային, բնիկ ժողովրդի հոգեբանությունը պահպանել է իր հողի վրա: Արցախցին հայի այն տեսակն է, որ դարերով գիտնականներ ու զորավարներ է ծնել հայ ժողովրդի համար։ Երբ պետք է հպարտանալ մեր նշանավոր մարշալներով և գեներալներով, չենք ասում, թե նրանք արցախցի են, ուրեմն մերը չեն ու մեզ պետք չեն:
Ի դեպ, մի երկու տարի առաջ համացանցում մի նյութ կարդացի, որտեղ ադրբեջանցի լրագրողը Հայրենական պատերազմում ադրբեջանցի հերոսների ցուցակում (իբր կռվել են, հերոսներ էլ ունեն) գրել էր մեր երեք մարշալների և ծովակալի անունները, որովհետև նրանք ծնվել են Ադրբեջանում: Մենք շատ վրդովվեցինք, նույնիսկ պատասխան հոդվածներ հրապարակվեցին:


Չէ, էդպես չեն սիրում հայրենիքը: Հայը հայ է: Քի՞չ են Հայաստանում ծնված և մեծացած թալանչի ու խարդախ պաշտոնյաները կամ բութ, տհաս օլիգարխները: Արժե՞ արդյոք, որ մեկ-մեկ նրանց անունները թվարկեմ: Բոլորս էլ գիտենք մեր այդ «արժեքներին»:
ՈՒզում եմ տրամաբանական մի հակափաստարկ ևս բերել Հայաստանի «ղարաբաղացման» դեմ: Կրկնում եմ՝ տրամաբանական հակափաստարկ:
Երբ Ռոբերտ Քոչարյանին նշանակեցին ՀՀ վարչապետ, նա Հայաստանի ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական դաշտին ծանոթ չէր:


Սովորաբար, երբ որևէ հիմնարկ նոր ղեկավար է գալիս, նրան այդ հիմնարկում «փող շինելու» հնարքները սովորեցնում են տվյալ հիմնարկի հաշվապահը, կադրերի բաժնի վարիչը, գլխավոր ինժեները և այլք: Համաձա՞յն եք:


Երբ Ռ. Քոչարյանը փորձեց Հայաստանի տնտեսության հաշվին հարստանալ կամ արտաքին քաղաքականության հարցում թերանալ, հայաստանցի պաշտոնյաները՝ նախարարները և պատգամավորները, որ բոլորը միասին մի երկու հարյուր հոգի կլինեին, ի՞նչ հակազդեցություն ցուցաբերեցին դրա դեմ: Ո՛չ մի: Մինչդեռ նրանք պիտի հավաքվեին և նորանշանակ վարչապետին մի լավ դաս տային՝ ասելով. «Դու եկել ես թալանելո՞ւ, թե՞ աշխատելու: Իմացի՛ր, վաղն ևեթ հրաժարական կգրես, թե չէ…»: Արեցի՞ն դա հայաստանցի «ազնիվ և հայրենասեր», չէ՛, «հայաստանասեր» պաշտոնյաները, թե՞ նրան «տանիք» դարձրին ու իրենք էլ սկսեցին թալանել երկիրը: Ա՛յ, եթե Ռ. Քոչարյանի վարչապետության առաջին իսկ ամիսներին նրան պատին դեմ տային, նա չէր ասի. «Ո՞Ւր է այն տղամարդը...»:
Եվ, որքան էլ ցավալի է, Հայաստանում չգտնվեց այդ մի տղամարդը, որ ասեր. «Ես տղամա՛րդ եմ, կարիք ունե՞ս»:


Եվ Քոչարյանը նախագահի պաշտոնում արգելքի չհանդիպեց, հակառակը, հայաստանցի պաշտոնյաներն ու գործարարները դարձան նրան աջակցողները:
Այսպիսի՛ն է Հայաստանի «ղարաբաղացման» պատմությունը, պարո՛ն Մովսես Արիստակեսյան:
Հիմա հասկանալի չէ, թե այս «հայաստանցի-ղարաբաղցի» ատելություն սերմանողներն ովքեր են և ում կերակրատաշտից են սնվում: Պարզ է` դրսից հրահանգ են ստացել (ֆինանսների տեսքով) ու հրահրում են:


Ինձ, օրինակ, հետաքրքրում է` ո՞ւմ է ձեռնտու այս հակասությունը, որ կարող է թշնամանքի վերածվել մեր ազգի երկու հատվածների միջև: Հասկանալի է` ձեռնտու է մեր թշնամիներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային։
Եթե մենք շարունակենք այս հակասության բորբոքումը, կկորցնենք մեր ազատագրված հայրենիքի մի մասը, որը պատմության բարեհաճությամբ և մեր ազգի հերոս զավակների կյանքի ու արյան գնով ազատագրել ենք:


Մի պահ հասկանանք` ինչո՞ւ այս հարցը, որ իր հիմքում ամենապարզ լուծումն ունի (այդ մասին բազմիցս մեր քաղաքագետները և պատմաբանները պարզաբանումներ են արել՝ կապված 1921 թ. բոլշևիկյան Ռուսաստանի՝ «Կովբյուրոյի» կուսակցական խորհրդի որոշման հետ. դեռևս Հայաստանի առաջին Հանրապետությունից ժառանգած այդ տարածքները Խորհրդային Հայաստանից խլվեցին և տրվեցին նորաթուխ Ադրբեջանի Հանրապետությանը), միջազգային որոշակի քաղաքական ուժեր դարձրել են հակամարտություն և անլուծելի խնդիր: Այս տարածաշրջանում քաղաքական հետաքրքրություններ ունեցող մի քանի հզոր տերություններ իրենց թաթը դրել են Արցախի վրա և նրանով ուզում են ամրացնել իրենց քաղաքական դիրքը Հարավային Կովկասում: Չմոռանանք, «ում ձեռքում Ղարաբաղի բանալին է, նրա ձեռքում էլ Կովկասի բանալին է»: Իսկ մեզ համար՝ նաև՝ Նախիջևանի, Կարսի և Արևմտյան Հայաստանի բանալին։


Ցավալի փաստ եմ ասում, բայց պարզվում է՝ միայն հայերս չենք հասկանում Արցախի աշխարհաքաղաքական արժեքը։
Քի՞չ բան ենք կորցրել: Հարյուր տարի է՝ սրտի կսկիծով մեր հայրենիքի կորուստն ենք ողբում և հոգու խորքում էլ մեղադրում մեր պապերին, որ չկարողացան պայքարել, չկարողացան զինվել, աչալուրջ լինել ու «թղթե շերեփով» չմտնել քաղաքականություն։
Մեր գալիք սերունդնե՞րն ինչ են ասելու մեր մասին, արդյոք կներե՞ն մեզ հանուն կերակրամանի ազգը պառակտելու և ազատագրված հող-հայրենին թշնամուն թողնելու համար։
ՈՒզում եմ հոգեբանական մի դիտարկում անել. եթե ինչ-որ բան՝ հագուստ, ժամացույց, մատանի, պայուսակ, դուր չի գալիս, ամեն կերպ ուզում ես ազատվել դրանից և դյուրությամբ այն տալիս ես, նվիրում ուրիշին, միայն թե աչքիցդ հեռու լինի, եթե նույնիսկ շատ թանկ ես վճարել: Քսանհինգ տարի է՝ քաղաքական հատուկ տեխնոլոգիաներ են կիրառում, որ մենք չսիրենք ինքներս մեզ՝ որպես ղարաբաղցու, և մեր մյուս ձեռքը կտրենք, որովհետև ինչ-որ ուժերի այդ ձեռքը շատ է պետք:


Հարգելի արիստակեսյաններ, ի՞նչ անենք` կտրենք ու թշնամո՞ւն տանք մեր ՁԵՌՔԸ, թե՞ հավաքենք մեր ողջ ունեցածը՝ հոգևոր, բարոյական, մշակութային հարստությունը, նաև տնտեսական, քաղաքական, իրավական հնարավորությունները և տեր կանգնենք մեր հայրենիքին: Աշխարհը վերաբաժանումների փուլում է, չլինի այնպես, որ դարձյալ մեր «շերեփը թղթից» սարքենք կամ նույնիսկ շերեփ չունենանք ու ձեռքներս այրենք տաք հարիսայի մեջ։
Ժամանակն ու սերունդները մեզ չեն ների կորուստների համար: Մենք մեր կորցրածը հետ բերելու համար պիտի ապրենք։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 23769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ