Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Աստված»

 «Աստված»
15.06.2012 | 00:11

Քանի որ «Ի սկզբանէ էր Բանն, և Բանն էր առ Աստուած, և Աստուած էր Բանն», ապա մեր զրույցները կսկսենք Աստծու անունից:
Մենք երբվանի՞ց ենք Արարչին կոչել Աստված, արդյո՞ք հայերեն է հայ Աստվածը, ի՞նչ են ասում այս մասին տարբեր գիտնականներ:
Աստծուն սեմական ազգերը կոչում են Էլ, Ելոհիմ, Ալլահ, հնդիկները, հռոմեացիները, հույները՝ Տեա, Տեուս, Թեոս, Զևս, պարսիկները՝ Խյարա, գերմանացիները՝ Գոթ, սլավոնները՝ Բոգ և այլն: Տեսնենք, թե որտեղից է գալիս մեր «Աստված» բառը, բնիկ հայերե՞ն է, փոխառությո՞ւն, որքա՞ն հին է:
Հայերեն «Աստված» անունը գալիս է խոր անցյալից: Կարծիքներ կան, որ Աստված եղել է մեր գլխավոր և ամենահին աստծու անունը: Հետագայում այն դադարել է հատուկ անուն լինելուց: Հայկական պանթեոնում Աստվածի տեղը գրավել են հետագայում հայտնված աստվածները՝ ասորական Բարշամը, պարսկական Արամազդը, հրեական Եհովան և այլն: «Աստուածը կամ Աշտուաշը պարզ երևում է հայասական Աշտուաշ դիցանվան մեջ», «Աստված» բառը, գրված բոլոր տառերով, երբևէ չի հանդիպել մեր հին մատենագրության մեջ, այլ միայն պատվանշանով՝ ԱԾ: Դա է նաև պատճառներից մեկը, որ ոմանք համարում են, թե մեր աստծու անունը կարող էր հնչել Ազդուած:
«Շատ իմաստասիրական և ընտիր գյուտ, եթե ստույգ լիներ, կամ ած մասնիկը չլիներ, և ապա ու մասնիկը բացակայեր, որովհետև ազդ-ը և ազդու-ն ավելի հզոր են կամ ներգործող են հասկացվում, քան ազդված-ը»,- գրում է Ղ. Ալիշանը:
Իսկ հայտնի բանասեր Մկրտիչ Էմինը համարում է ոչ թե «աստ ածող», այլ «հաստատող և հաստատված» լինելը: «Հաստված, իբրև անփոփոխ հաստատություն»: Իսկ ի՞նչ են ասում սեպագրերը:
Վանի հարավարևմտյան կողմում, Խորխոր ժայռի հարթեցված երեսին պահպանվել է Բիայնա-Նաիրի երկրի ամենախոշոր սեպագիր արձանագրությունը՝ գրված Արգիշտի Ա-ի կողմից: Մինչ ինքը եղած ընթերցումներին կասկածելով՝ արևելագետ Գ. Ա. Մելիքաշվիլին վերականգնում է բնագրի անհասկանալի մի բառակապակցություն՝ astiu ziirbilani: Երկրորդ բառի առաջին zi վանկը միացնելով առաջին բառին (հիշենք, որ սեպագրերը հիմնականում վանկագրեր են) ստանում է astiuzi irbilani և վերականգնում ճիշտ տեսքը՝ «Արգիշտին ասում է. ես լսեցի, թե, իբր, Էտուինի երկրում գողացել են Արդինի քաղաքի astiuzi-ին»: Այսինքն՝ գողացել են աստվածին, նրա կուռք արձանը: Մելիքաշվիլին համարում է, որ astiuzi-ին հայերեն «աստուած» բառն է:
«Աստուած» բառի գործածության օրինակն առկա է նաև Մենուա արքայի մի սեպագիր արձանագրությունում, որը գտնվել է Վանում: Այստեղ վիմագիրը կրկնված է երեք անգամ. երեքի մեջ էլ աստված-ը կա նույն ձևով՝ asihuse. «Իշպուինիի որդի Մենուան asihuse-ի այս տունը կառուցեց»: Այսինքն՝ աստծու տունը կառուցեց:
Կան նաև հարևան երկրների աստվածանուններից փոխառություններ համարողներ: Ըստ Մառի՝ հայերեն աստուած-ը փռյուգիական հայտնի աստված Sawazios-ից է փոխառված: Սա նախապաշարված այն տեսության հետևանքն է, ըստ որի` հայերը Բալկաններից են գաղթել: «Փռյուգիական Սաբաձիոսի անունից են բխեցնում Մառը և, նրա հետևողությամբ, Աճառյանը, հայերեն աստուած բառը, որ հնչյունապես քիչ հավանական է» (Գ. Ջահուկյան):
Մառը մեկ այլ վարկած էլ է առաջ քաշում, թե արդյո՞ք հաբեթական չէ «աստված» բառը, որ հետո Փռյուգիա և այնտեղից էլ Թրակիա է անցել. հայերենի մեջ տ ձայնը համարում է հետո ավելացած, հին արմատական ձևը՝ ասված: Գեղեցիկ վարկած, եթե հիշենք, որ ի սկզբանե էր բանը և բանն Աստված էր, այսինքն՝ ասվածն էր, խոսքն էր Աստված:
Դարձյալ ամեն տեղ փնտրում ենք մեր Աստծու արմատները, բացի մեր միջից: Ով էլ պնդում է, թե «աստված» բառը հենց բնիկ հայերեն է, նրան տարբեր պիտակներ են կպցնում:
«Մատյանում ասվում էր, թե հին հայկազունները իրենց գերագույն Աստված ճանաչում էին Նոյին, որ երկինքն է, և Արետիա (մի՞թե Արարատ) անվամբ նրա կնոջը՝ Երկրին»:
Այսինքն՝ հայերս պաշտել ենք Նոյի աստծուն, հետո Բելը կամ Աբրահամի հայրը ստեղծել են կռապաշտությունը, Հայկը ընդդիմացել է, հավատարիմ մնացել իր Աստծուն: Բայց, ի վերջո, օտար աստվածները գրավել են նաև Հայոց երկինքը: Իսկ հրեաները աշխարհին են տվել իրենց աստծուն՝ Եհովային, իբրև միակ աստծու:
Հայերը նորից վերադարձել են իրենց միակ աստծուն Քրիստոսի միջոցով: Այս առիթով արժե հիշատակել Արտակ Մովսիսյանի մի ուշագրավ դիտարկում. «Ինչպես տեսանք, Հին կտակարանի կարևորագույն դրվագներում (Եդեմ, ջրհեղեղ և այլն) Հայաստանը հանդես է գալիս իբրև «արևելք»: Ելնելով դրանից՝ չի՞ կարելի արդյոք ենթադրել, որ Նոր կտակարանում ևս հիշատակվող մոգերն արևելքից, որոնք առաջինը եկան ողջունելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, Հայաստանի քրմերն էին...»:
Ահա մինչև ուր է առաջնորդում մեզ մեր Աստվածը՝ դեպի անհիշելի ժամանակներ և անտեսանելի ապագա:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7244

Մեկնաբանություններ