Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Լուրեր

Լուրեր
01.08.2008 | 00:00

Ո՞վ է հաջորդը
«Մենք ոչ մի տարբերություն չենք դնում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Մի պահ Սերժ Սարգսյանը խոստանում էր, որ բարեփոխումներ կիրականացնի, կկատարի ԵԽԽՎ բանաձևի պահանջները: Արդեն ակնհայտ է, որ դա ուղղակի խաղ էր, և Սերժ Սարգսյանը Քոչարյանի ժառանգությունից ձերբազատվելու ցանկություն չի ունեցել և չունի: Դեպքերի զարգացումները ցույց են տալիս, որ սա նույն ռեժիմն է և իր նախորդի օրգանական շարունակությունը: Նրանք նույն ավազակապետական, օլիգարխիկ ռեժիմի տարբեր գլուխներն են»,- երեկ հայտարարեց Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ Սարգսյանը կորցրեց իրեն այլ կերպարով հաստատելու հնարավորությունը: Զուրաբյանը նաև անդրադարձավ Քոչարյանին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու նախաձեռնությանը, փաստելով, որ այն իրականացնելու համար կա երեք տարբերակ: Թերևս ամենաանհավանականը Զուրաբյանի նշած առաջին տարբերակն է, երբ մեղադրյալ Քոչարյանն ընդունում է Հաագայի դատարանի իրավասությունը, հաջորդը, ինչը գուցե ավելի իրատեսական է, որ երկիրն ընդունի այդ իրավասությունը: Երրորդ տարբերակի պարագայում այդպիսի պահանջով պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Հաագայի միջազգային դատարան: Զուրաբյանի դիտարկմամբ` առաջին տարբերակն իրատեսական չէ, իսկ մյուս երկուսը հնարավոր են:
Ինչևէ, Համաժողովրդական շարժումն այլևս տարանջատում չի տեսնում Քոչարյանի և Սարգսյանի միջև, ինչից կարելի է ենթադրել, որ Հաագայի դատարան դիմելու մի նախաձեռնություն էլ կարող է ի հայտ գալ։
Ռ. Խ.

Մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում
Նախագահական նստավայրին մերձ աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ «սպիտակ տուն» են հրավիրվել, այսպես կոչված, «հայրենասիրական ուժի» մի քանի ներկայացուցիչներ, ենթադրվում է՝ իրենց հետագա գործունեությունն ուղղորդող համապատասխան «դիրեկտիվներ» ստանալու նպատակով։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ որոշակի ծառայությունների դիմաց «հայրենասերները», բնականաբար, արդեն իսկ որոշակի փոխհատուցում ստացել են (ձրի հողատարածքներ, դրամական օժանդակություն՝ իրենց կուսակցությունների բյուջեի «ճեղքվածքը» փակելու համար և այլն), սակայն «ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ քաղաքական շահ» ծրագիրն այսքանով չի կարելի ավարտված համարել, քանզի մեկ «լիդերանոց» այդ ուժերը վերևներում գծված սցենարն ամբողջացնելու խնդիր ունեն դեռ։ Ճիշտ է, «հայրենասերները» չեն արժանացել նախագահի ընդունելությանը և բավարարվել են նրա աշխատակազմի ղեկավարի «ապարտամենտում» համեստ ձեռքսեղմումով, սակայն էականը դա չէ։ Էականն այն է, որ Քոչարյանի ձեռքից կերակրվողներն այժմ էլ Սերժ Սարգսյանի ձեռքին են նայում՝ «ավել պատառը փոր չի ծակի» տրամաբանությամբ։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Հանդիպման վայրը փոխել չի կարելի
Երեկ, ըստ ԱՊՆ գործակալության, Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի և Բեռնար Ֆասիեի միջև։ Հղում անելով ֆրանսիացի համանախագահի մեկնաբանություններին՝ ԱՊՆ-ն նշում է, թե հանդիպումը խորհրդակցական բնույթի է եղել, որի ընթացքում քննարկվել են համանախագահների վերջին տարածաշրջանային այցի արդյունքները։ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում են հավաքվել՝ այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպելու նպատակով։ Նախատեսված է նաև երկու արտգործնախարարների դեմ առ դեմ հանդիպումը։
Վ. Մ.

Հեռակա երկխոսություն
Օրերս կալանքից ազատված Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր համար այդպես էլ պարզ չեղավ, թե 123 օր ինչի համար է գտնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, թեպետ իրեն այնտեղ բավական հարգալից են վերաբերվել։ «Չորս ամիս է` փնտրում են այն մարդուն, որին ես իբր նախընտրական շրջանում կաշառք եմ տվել, ու չեն կարողանում գտնել։ Ես երբևէ կուսակցական չեմ եղել, պարզապես իբրև ակտիվ քաղաքացի եղել եմ ժողովրդի կողքին՝ չխախտելով օրենքի որևէ դրույթ։ Անցած չորս ամիսներին ես լռել եմ մյուսներից չառանձնանալու համար, ովքեր քաղաքացիական կեցվածքի, քաղաքական հայացքների պատճառով այսօր դեռ բանտում են»,- հայտարարեց Մատենադարանի փոխտնօրենը, ով, ի դեպ, շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը։ Նա կոչ ուղղեց իշխանություններին՝ քաղաքական որոշում կայացնել և ազատել բոլորին, որովհետև երկրի համար վտանգավոր է քաղբանտարկյալներ ունենալը։
Ինչ վերաբերում է ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը, ապա Բանուչյանը դրա ջերմ կողմնակիցն է. «Ընդդիմության և իշխանության միջև հեռակա կարգով ընթանում է երկխոսություն, ուղղակի բացակայում է համաձայնությունը։ Հեռակա երկխոսությունն այն է, երբ ընդդիմությունը խոսում է հանրահավաքների հարթակից, իշխանություններն էլ՝ հեռուստատեսությամբ»։ Բանուչյանի կարծիքով, եթե անգամ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանա դիմել ընդառաջ քայլերի, կառավարման համակարգում և իր շրջապատում գործող ուժերը հազիվ թե թույլ տան դա անել։ Ըստ այդմ, Բանուչյանը տեսնում է երկու սցենար. «Եթե երկրում ընտրությունները կասկածի տակ են, ապա իշխանությունը պետք է այդ կասկածը ցրի նոր ընտրությունների միջոցով։ Կամ էլ` երկար ժամանակի կտրվածքով անի քայլեր, որոնցով իր լեգիտիմության խնդիրը կչեզոքացնի կամ մոռացության կմատնի։ Իմ կարծիքով՝ իշխանությունն ընթանում է երկրորդ ուղիով»։
Վ. Մ.

Անցան «պասպորտ սեղաններին»
«Երևան քաղաքում բոլոր անձնագրային ծառայությունների ղեկավարները փոխվելու են։ Ոչ թե այն պատճառով, որ վատ են աշխատում, այլ փոփոխություններն անհրաժեշտ են ամեն դեպքում։ Ովքեր երբևէ չեն արժանացել մեր ժողովրդի զայրույթին, այլ ծառայության կանցնեն։ Իսկ վատ աշխատողները, որոնց անունը լավ խոսքով չի հիշատակվում, ծառայությունն ընդհանրապես կփոխեն»,- երեկ կառավարության նիստից հետո լրագրողներին իրազեկեց Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Ոստիկանապետի պնդմամբ, աշխատելու են այս ծառայությունում ավելի շատ կանանց ներգրավել, որոնց աշխատանքն ավելի արդյունավետ է համարվում։
Ալիկ Սարգսյանը դրական է գնահատում ոստիկանության համակարգում սկսված բարեփոխումների ընթացքը։ Ըստ նրա, ճանապարհային ոստիկանությունում այդ գործընթացն արդեն տալիս է առաջին արդյունքները։ Նա չցանկացավ նշել, թե օրինազանց վարորդներին տուգանելու արդյունքում ինչ գումարներ է հաջողվել մուտքագրել պետբյուջե՝ բավարարվելով «բավականին տպավորիչ թիվ է» ձևակերպմամբ։ Ոստիկանապետի համոզմամբ, բոլորն սկսել են համեստորեն կանգնել կարմիր լույսի տակ, այդ թվում՝ պաշտոնյաներն ու պատգամավորները. «Նրանք արդեն եկել են այն ինքնագիտակցության, որ կարգ ու կանոնը խախտել չի կարելի, քանի որ դա ժողովրդի զայրույթն է առաջացնում, մտածելու տեղիք տալիս, որ Հայաստանում օրենքները խեղաթյուրված են, չեն պահպանվում և այլն»։ Ա. Սարգսյանը հայտարարեց, թե մինչ այժմ ճանապարհային ոստիկանության կողմից «բերման ենթարկված» որևէ պաշտոնյայից զանգ չի ստացել, սակայն չժխտեց, որ նման զանգեր եղել են ոստիկանության առանձին ծառայությունների ղեկավարներին։ Ոստիկանապետի բնորոշմամբ, շուտով անցնելու են հետիոտներին կարգի հրավիրելու գործընթացին, որոնք, իր կարծիքով, ամենից հաճախ են խախտում փողոցային երթևեկության կանոնները։ Որպես ոստիկանության բարեխիղճ աշխատանքի երաշխիք՝ ոստիկանապետը կարևորեց 2009 թ. հունվարից աշխատավարձերը 50 տոկոսով բարձրացնելու մասին կառավարության որոշումը։ Ի դեպ, նույնքան կբարձրանա նաև ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձը։
Վ. Մ.

ՄԱԿ-ի սրտով չեն
«Այսօր բավականին լարված ներքաղաքական իրավիճակ է, կա հստակ երկու բևեռ` ընդդիմադիր ճամբարի քաղաքական գործիչներ և գործող իշխանություն: Հայ հասարակության հոգում ու մտքում չկա միակարծություն, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների մի մասը վիճարկում է գործող իշխանության լեգիտիմությունը»,- երեկ Մամուլի ազգային ակումբում ներքաղաքական զարգացումներն այսպես բնորոշեց միացյալ աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: ՄԱԿ ղեկավարն անդրադարձավ նաև իրեն «հայրենասիրական ընդդիմություն» կամ «երրորդ ուժ» հռչակած «ֆորմատին» և դրան իրենց հավանական անդամակցությանը: «Հայրենասիրական» ձևակերպումը անհասկանալի համարելով` Արսենյանը նկատեց, որ «իրենց հայրենասիրական ընդդիմություն անվանողները թող զբաղվեն գործով, իսկ ՄԱԿ-ը որևէ քաղաքական ուժի հայրենասիրության լոզունգով միանալու խնդիր չունի»: Վստահեցնելով, որ իրենք դեմ են ցանկացած արտահերթ ընտրության, ասաց, որ մասնակցելու են առաջիկա ՏԻՄ ընտրություններին: «ՄԱԿ-ը մայրաքաղաքում համայնքի որևէ թեկնածու չի առաջադրի, սակայն կարող են լինել թեկնածուներ, որոնց կաջակցենք կամ նրանց դեմ պայքար կծավալենք»,- նշեց Արսենյանը` չհստակեցնելով, թե կոնկրետ ում են պաշտպանելու և ում դեմ պայքարելու: Լինելով Արաբկիր համայնքի բնակիչ՝ Արսենյանը դարձյալ չորոշակիացրեց, թե ում է աջակցելու ՄԱԿ-ը, միայն շեշտեց, որ կա թեկնածու, որի օգտին նա հաստատ չի քվեարկի: Ի դեպ, այս համայնքում առաջադրվել են գործող թաղապետ Հովհաննես Շահինյանը, Ալբերտ Երիցյանը և «Ժառանգություն» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Մեքենա նվեր տային, փողը կվերցնեի»
Երեկ ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը ասուլիս էր հրավիրել, որին ներկայացավ կոտրված ձեռքով։ Տեղեկացնելով, որ ձեռքի կոտրվածքի և երկու վիրահատությունների պատճառով որոշ շրջան հեռացել էր քաղաքական գործընթացներից, հերքեց օրերս մամուլում իր և եղբորորդու միջև տեղի ունեցած վեճի մասին հրապարակված հոդվածի մանրամասները` որակելով դրանք իր դեմ իրականացվող «լրատվական տեռոր»: Նշելով, որ հոդվածի փաստերը խեղաթյուրված են, ԱԺԴ ղեկավարը հանգամանորեն պատմեց, թե ինչ է տեղի ունեցել իր և եղբորորդու միջև։ «Գրում են, թե ինձ առաջարկել են տուն, մեքենա: Տուն ասելով` նկատի ունեն քաղաքական ակումբի համար տարածքը, որն այդպես էլ իրականություն չդարձավ: Հետո էլ, թե իբր մեքենա եմ նվեր ստացել, որն էլ վաճառել եմ: Լավ, եթե այդպես լիներ, փողը կվերցնեի: Ե՞րբ եմ ես այդ մեքենան առել, ե՞րբ եմ վաճառել 1989 թվականի 08 մակնիշի իմ մեքենան»,- դժգոհեց Սադոյանը, շեշտելով, թե «քաղաքական գործիչներին ամեն գնով փորձում են սևացնել»: Այս ամենում ԱԺ նախկին պատգամավորն ակնհայտ քաղաքական պատվեր է տեսնում:
Ռ.Խ.

Հռոմի պապը բացեց նախագահի բախտը
Երեկ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Պարագվայի նորընտիր նախագահ Ֆերնանդո Լուգոյին թույլատրել է պետության ղեկավարի աշխարհիկ պարտավորություններն իրականացնելու համար հրաժարվել եպիսկոպոսի կոչումից։ Ըստ իտալական լրատվամիջոցների, սա կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ աննախադեպ որոշում է այն իմաստով, որ նման թույլտվություն տրվել է եպիսկոպոսի կարգավիճակ ունեցող հոգևորականի։ Հիշեցնենք, որ այս տարի Պարագվայի նախագահ ընտրված Ֆերնանդո Լուգոն, որ նախկինում Սան Պեդրոյի եպիսկոպոսն էր, կոչումից հրաժարվելու այնքան էլ ցանկություն չուներ, որովհետև նախագահությունն ավարտելուց հետո մտադիր է վերադառնալ եկեղեցի։ Նա նաև հայտարարել է, որ չի խախտելու կուսակրոնության ուխտը, իսկ առաջին տիկնոջ բացակայությունն իրեն չի խանգարի իրականացնել նախագահի պարտականությունները։

Այդ խորհրդավոր Պյուչը
Նորանոր մանրամասներ են բացահայտվում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Լուիս Մարիա դը Պյուչի Հայաստան կատարած այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներից։ Ինչպես հայտնի է, դը Պյուչն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում շատ կտրուկ գնահատականներ էր տվել և հայտարարել, որ եթե մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը կայանալիք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը Հայաստանը չհասցնի կատարել 1609 և 1620 ԵԽԽՎ բանաձևերի պահանջները, միանգամայն հավանական է Երևանի նկատմամբ շատ կոշտ սանկցիաների կիրառումը։ Հետո արդեն Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ դը Պյուչը հերքեց իր խոսքերը, պնդելով, թե ինքը նման կտրուկ բառեր չի ասել, այլ ընդամենը ցանկություն է հայտնել, ինչը չի կարելի դիտել իբրև սպառնալիք։
Երեկ հայտնի դարձավ, որ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ նախագահը կրկին խոսել է սեպտեմբերին կոշտ սանկցիաներ կիրառելու հավանականության մասին։ Նրա այս իրարամերժ հայտարարությունները, ըստ հավաստի աղբյուրների, բավական բարդ իրավիճակ են ստեղծել իշխանական կուլիսներում, մասնավորապես ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ներսում։ Պատվիրակության անդամներից մեկը նույնիսկ չի թաքցրել իր տարակուսանքը և խորհրդարանի միջանցքում գործընկերներից մեկին ասել է. «Էդ մարդուց, ճիշտն ասած, բան չհասկացանք»։
Ս. Կ.

Դիտվել է՝ 4252

Մեկնաբանություններ