Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ԱՐՏՈՆՅԱԼ ԵՐԹՈՒՂՈՒ ՊՈՐՏԱՊԱՐԸ (նավասարդյանական խաղեր)

ԱՐՏՈՆՅԱԼ ԵՐԹՈՒՂՈՒ ՊՈՐՏԱՊԱՐԸ (նավասարդյանական խաղեր)
13.03.2012 | 00:00

Խոսքը չարաբաստիկ թիվ 46 միկրոավտոբուսային երթուղու մասին է: Չարաբաստիկ, քանզի այն ուղևորներին պահածոյացնելու և անմխիթար վիճակում նպատակակետ հասցնելու բազմափորձ միջոց է: Ընդ որում, երեք րոպեն մեկ երթուղագիծ մտնելով, միկրոավտոբուսները հավերժորեն գերբեռնված են, խարխուլ և աղտոտ: Մի խոսքով` անզուգական նմուշ են այն բանի, թե ինչպիսին չպետք է լինի մայրաքաղաքային և, առհասարակ, ուղևոր փոխադրող տրանսպորտը: Հիշեցնենք բանից անտեղյակ ընթերցողներին: Թիվ 46-ը մեկնարկում է «Հ2» հեռուստաընկերության մերձակայքից, շորշոփում է Շիրազի անվան փողոցը և արդեն Աջափնյակի ողը կազմող Շինարարների փողոցում նմանվում է մանրաձկներով լի տակառի: Տակառը, հասկանալի է, երթուղային միկրոավտոբուսն է, ձկները, պարզ է` ուղևորներս: Բնական է նաև «Լճիցլճերի» և «Քաղաքակրտության» հեղինակիս քաղաքացիական ընդվզումը` քարը քարին չթողնելու, ասել է թե` թիվ 46-ը յուր բնականոն հունի մեջ տեղակայելու նպատակով: Եվ քանզի խնդիրը բազմիցս արծարծվել, բայց մնացել էր անարձագանք, դիմեցի երկրիս նախագահին: ՀՀ նախագահի աշխատակազմում հանրածանոթ, միաժամանակ անծանոթ գործառույթ իրականացնող բաժին կա հետևյալ հոգեշահ վերնագրով. «Վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժին»: Այսինքն, եթե քաղաքացին նամակ-գրություն է հղում երկրի նախագահին, ապավինելով նրա հեղինակավոր միջամտությանն ու բարձր հովանուն, այն հայտնվում է «Վերահսկողական ծառայություն» կոչված և անըմբռնելի գործառույթ իրականացնող գրասենյակում: Քանզի ակնթարթային արագությամբ նամակ գրությունդ ուղղորդվում է հենց այն բյուրոկրատական միջնաբերդ, ուր անտեսել են բողոք-առաջարկությունդ, և որտեղ էլ եփվում է այն խանձահոտ շիլան, ինչի որակի առթիվ աղմուկ է բարձրացվել: Այս դեպքում էլ վերահսկողականից գրություն է թևում Երևանի քաղաքապետարան: Բանից վստահաբար անտեղյակ քաղաքապետն այն ուղղորդում է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն: Եվ ահա սույն վարչության պետ Հ. Նավասարդյանի պատասխանից մի քանի անմահ դրվագներ. «Հայտնում եմ, որ արդեն ավարտվել են Երևանի ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի մշակման աշխատանքները, որոնց ընթացքում քննարկվել են նաև Աջափնյակ վարչական շրջանի բնակչության տրանսպորտային սպասարկման բարելավման հարցերը: Արդյունքում գտնվել է նպատակահարմար գործող միկրոավտոբուսային հ. 46 երթուղին թողնել որպես միկրոավտոբուսային, իսկ Աջափնյակ վարչական շրջանի տարածքով անցնող և մայրաքաղաքի կենտրոնի ու տարբեր թաղամասերի հետ կապն ապահովող մի շարք միկրոավտոբուսային երթուղիներ (հ. հ. 18, 52, 62, 87, 114) փոխարինել ավտոբուսային երթուղիներով»: Ի՞նչ ասել կամ մեկնաբանել: Հ. Նավասարդյանը տառացիորեն հաստատում է այն վարկածը, որը քաջ հայտնի է Աջափնյակ վարչական շրջանում. հ. 46 երթուղու իրական սեփականատերը ԱԺ գործող կոալիցիայի աջթևայիններից է, և հ. 46-ն անձեռնմխելի է, քանի դեռ աջթևյանը քաղաքական մեր թատերաբեմում այս կամ այն չափով վճռորոշ դերակատարում ունի:
Այստեղ կան ուշագրավ հանգամանքներ: Նախ, հուշենք արգո քաղաքապետին, որ ավտոբուսներով փոխարինվող նշյալ միկրոավտոբուսները երբևէ քիչ թե շատ լուրջ խնդիրներ չեն առաջադրել: Այնուհետև անդրադառնանք մայրաքաղաք Երևանի ավագանուն, որի արգո անդամները կա՛մ «իջնում են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը», այսինքն, երբ առկա է հանրային շահերի պաշտպանության խնդիրը, կա՛մ ասպարեզ են ելնում և «դոշ տալիս»` ի շահ իշխանությունների: Այս ավագանի-տեսականին քաջ ծանոթ է հանրությանը: Չվերհիշենք անուն առ անուն։ Այս ամենից զատ, մի՞թե ժամանակը չէ հստակեցնելու նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության գործառույթները, որոնք բնավ վերահսկման տարրեր չեն պարունակում, կա՛մ պարզապես լուծարելու այն: Եվ խնայված միջոցներով, օրինակ, մի քանի նոր ավտոբուս ձեռք բերել։
Առհասարակ, ինչո՞ւ են լռում քաղաքապետարանի «ղեկապետերը», երբ ակնհայտ է խնդրի վիժեցումը, բազմիցս նշվում է, որ հ. 46 միկրոավտոբուսային երթուղին պատիժ ու պատուհաս է ուղևորներիս համար, սակայն նոր երթուղային ցանցի մշակման ժամանակ, այնուամենայնիվ, նպատակահարմար է գտնվել «պատիժ-պատուհասի» առջև կանաչ լույս վառել:
Ինչևէ, այս խմորը դեռ դույլերով ջուր է վերցնելու, վստահ եղեք:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ