06.05.2013|
17:45
Մայիսի 4-ին, ժամը 15.00-16.00-ի սահմաններում մեծն Սարոյանի ճաշակազուրկ արձանից քիչ հեռու դիրքավորված զմայլվում էի օպերայի տաճարակերտ հրաշքով և սպասում ավտոբուսին։ Քիչ հեռու դիրքավորվել էին ոստիկանական մեքենան և երկու համեմատաբար երիտասարդ սպան։ Երկուսն էլ բաց լեղակագույն և բավականին ճաշակազուրկ համազգեստով էին (արգո ոստիկանապետը, անշուշտ, կռահեց, թե որ ծառայության մասին է խոսքը) և սև ակնոցներով։ Նրանցից մեկն առանց ներկայանալու ինձ հրավիրեց մեքենայի մոտ։ Է՛լ ավելի անբռնազբոս կերպով մյուսը (կոչումով ավագը) պահանջեց ուշադիր դիտել մեքենայում նստած կնոջը։ Ըստ ոստիկանների, կինը պիտի ինձ ճանաչեր, ես` նրան։ Բարեբախտաբար, մենք անծանոթ էինք, ինչպես հայտնի երգի ուռին ու բարդին։