«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԸ

ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԸ
10.06.2011 | 00:00

Մարդ երանի հասկանա, թե ինչ է ուզում ինքն իրենից։ Ամեն ինչ, ասես, մոռացած, մեղքը փորձում եմ բարդել ու բարձել ինձ վրա, թե` հա՛յ-հայո՛վ ինչո՞ւ եմ լցրել վերնագիր ու խորագիր, մի՞թե շատ չէ։ Կարելի է առանց հայ, հայություն, Հայաստան բառերի օգնությանն ու նկարեն գեղեցկությանը դիմելու, էնպես գրել, որ երևան հայ-հայություն-Հայաստանը։ Կարելի է վերնագրային կալվածքի չորս հայից գոնե երկուսը հանել։ Չեմ կարողանում։ Եվ սկսվեց տանջանքը. դու չես կարողանում քո վերնագիրը հայաթափել, որ մեկը ծուռ ժպիտով չասի` հայ-հայով է լցրել, իսկ ապաշնորհ իշխանավորների մեղքով դատարկվում-հայաթափվում է Հայաստանը։
Ե՛ս-դո՛ւ-նա՛։
Մե՛նք-դո՛ւք-նրա՛նք։
Մերո՛նք-ձերո՛նք։
Աշխարհը` դեռ ձվի ու ձևի մեջ, հոլովի, հոլովույթի, խոնարհումի, եղանակավորման մեջ է մտել, դարձել թանկ ու կրակ, ու անընդհատ կործանվելով ու ձևի գալով` շարունակում է իր գնացքը։ Աշխարհը լիքը թանկ բաներ են, զի հենց Երկիր մոլորակն է թանկից էլ թանկ` ընդերքով, երկնքով, սերերով, ձայներով, մանկան ձայնով, փշրվող աստղերի մեղեդիներով։ Հիշողության նման ամեն ինչ թանկ է, թանկ` ինչպես երկնքի յոթ շերտի տակ, ինչպես առաջին ջրաղացների տաք մոխիրների մեջ պեծկլտացող ազնիվ կրակը, ավելի ճիշտ` կրակի գինը։ Կրակի գինը հենց կրակն է եղել։ Ինչո՞ւ եղել։ Հիմա էլ է նույնը, որովհետև ամեն ինչ ու ամեն բան կրակի գին ունի, ու ամեն ինչ ու ամեն բան կարող է ազնվորեն այրվել ու այրել կրակի պես ու ալավ բոց դառնալ մարդու աչքի մեջ։
Ե՛ս-դո՛ւ-նա՛։
Աշխարհն սկսվում է ես-ից։ Հենց քո ես-ից ու քո հայ լինելու ես-ից։ Եթե դու քո եսը, քո ազգի գոյության եսը չես պաշտպանում, ապա գալու է օրը, երբ լսելու ես` դու միայն քեզնից նեղացիր, աշխարհի ուսերը կախվել, թիկունքը ծռվել է սրա-նրա մեղքերը շալակելու համար։ Զարմանալի ժողովուրդ ենք` ո՛չ աշխարհի հետ ենք կարողանում քայլել, ո՛չ էլ հաշտվում ենք մենավոր ճամփորդի մեր վիճակ-գոյություն-ճակատագրի հետ։ Սովորեցինք ու շարունակեցինք սովորել աշխարհի դեմ կանգնել արյան բաց երակներով։ Աշխարհը հագենալու է մեր արյունից, բայց մենք չենք կշտանալու մեր, մեր հայի արյունից։
Ծարավի լինել ճշմարտության. սրա որդեգիրն էինք, իսկ հիմա ոթել գիտենք մեր իսկ արյունը։ Մի՞թե հագուրդ ենք տվել ճշմարտության ծարավին, կամ, որ հիվանդագին սարսափելի է` ճշմարտության ծարավին կամ ծարավի ճշմարտությունը մեզ հուշում են մեր արյունը։
Ինչ էլ ասել-չասելու լինենք` տարտարոսվելով, տարաժամերի միջով, մենք մեզնից սարսափելի դժգոհ հենց ժամանակներից, կտրվելով, բարբառվելով ու բևեռվելով եկել-կանգնել ենք մեր իսկ շեմին, ուզում ենք բախել մեր տան դուռը, բայց ներսից օտար ձայներ ենք առնում, տունը խորթ է թվում. ասես քեզ ծնող հարազատ մայրդ չկա, փոխարենը երեք օտարախորթ մայր կա։ Դու մոլորվում ես, մայր ու Աստված ես կանչում, իսկ Աստված իր հին ու նոր աստվածերենով, քո պարզ հայերենով ասում է` փրկիր քո հողը, փրկիր քո տունը, փրկիր քո լեզուն - Հայի համար ամենաթանկը պետք է լինի Հայը - ու մի՛ մոռացիր` ի՛մ հայը քո՛ հայն է, հենց դո՛ւ ես: Ի՛մ հայը, քո՛ հայը, նրա՛ հայը։ Էն մեծ սիրո նման, որ դառնում է պայծառորեն բացված օրվա հնչյուն` ես էլ դու եմ, ես չկամ...
Մենք աշխարհի կտուրի տակ, ամենուր, թվում է, որոնում ենք իրար, երբ լավ գիտենք, որ իրար մեջ` արյան մեջ, արյան երակի մեջ, հայոց բառի մեջ ենք, հին ու անուշ հնչյունների մեջ ենք գտնելու իրար։
Ե՛ս - դո՛ւ - նա՛։
Մե՛նք - դո՛ւք - նրա՛նք։
Աշխարհը ես է, և աշխարհը ծնվել է իր ես-ից, ու լիքը ես-երից ծնվել են լիքը աշխարհիկներ։ Մեզ բաժին է ընկել մեր ես-ի աշխարհը։ Երբ գա էն ժամանակը, որ մեր ապրած բոլոր հազարամյակները, հասարակարգերը, դարերը ջրի նման անգիր կիմանանք, կճանաչենք ոչ միայն մեր բարեկամներին ու թշնամիներին, այլև մեզ, նոր միայն իրավունք կունենանք առաջ նայելու։ Մենք երբեմն դառնում ենք անճանաչելի, ասես մեր գլխի տերը մենք չլինենք։ Բողոքում ենք, տրտնջում։ Մոռանում ենք, որ մեզ ամեն ինչ դժվար է տրվել։ Հեշտ չի ժայթքել ոչ միայն Արարատը, այլև մեր բոլոր սարերը, լեռները, բլուրները։ Ամեն ինչ դժվար է տրվել, բայց ինչո՞ւ ենք հեշտ կորցնում։ Մեզ անգամ հեշտ բառ չի տրվել։ Գրի գյուտ-ծննդոցի նման բառերի ծնունդը երկունք ու սխրանք է դիտվել։ ՈՒ այսօր հեշտ ու հանգիստ կորցնում ենք ամեն ինչ։ Մեր հուշարձաններն ենք կորցնում, մեր բանահյուսությունը։ Մենք չենք հասնում մեր վիպերգի ստորոտին, ինչ մնաց երազենք երանելի գագաթը։ Մեր սրբազան հովիտները դժվար են ծաղկում մեր մտքում, ու սուրբ գետերը չեն խառնվում մեր սրտի ջրերին։ Եվ ո՞վ է ճչում մեր աչքերում` ունեցել ենք, չենք պահել, ունեցել ենք, չենք պահել։ Սարսափելի է, որ Աստծո տվածը չենք պահել ու հիմա էլ չենք դողում հրաշքով հետ մնացած մեր վերջին հողակտորի համար։ ՈՒ պիտի մեր ներսում ամաչենք ու կարմրենք, որ դարերով անկախություն երազած Հայաստանում փակ ու փակված տներ կան, որ անտեր մեղվափեթակի նման գյուղեր են հանգչում, որ սարերի աղբյուրները մարդու ձայների կարոտ են մնում, որ հողը, հենց հողն է կարոտում իր կրծքում տրոփող այգիների բուրմունքոտ ձայներին։
Իրար աչքերի չենք նայում։ Մեր զավակները ծնվում են օտար և օտարի հեռուներում։ Մենք զոռով ծերացնում ենք մեր հողը, մեզ։ Մենք մեզ կարոտի ժողովուրդ ենք դարձնում ու մեր վերջին հողակտորի վրա ավերմունք սարքում, թալանչի-հոշոտողները, ասես, սիրով կատարում են նրանց դերը, ովքեր կճղակավորված, սմբակավորված, որպես սև օրդու տափաստաններից եկել են տիրելու, այրելու, ձեռք ու լեզու կտրելու։
Այո՛, մեզ և ոչ մի բան հեշտ չի տրվել, և հեշտ չի եղել Արարատի երկունքը։ Եվ ոչ մի թագավոր ու գեղջուկ խաղաղ չեն ապրել իրենց դղյակներում ու խրճիթներում։ Եվ պատմիչները խաղաղ չեն եղել։ Խաղաղ չի եղել քերթողահայր Մովսես Խորենացին, և տիեզերական խռովքների տեր Գրիգոր Նարեկացին խաղաղ չի եղել։ Հայ մարդն այսօր խռովքի մեջ է։ Ապրում է գյուղում, թվում է, թե ամեն ինչ ունի, բայց դատարկ նստած է` աչքը` ճամփի, ձեռքը պարզած երկնքին, և գութանը, եզը, մաճկալը, հոտաղը հին հույսեր են, որ չեն արթնանալու ու չեն դառնալու հաց։
Բազում դարերում բազմաթիվ թշնամիների հետ ենք կռվել` մեր ինքնությունը, արժանապատվությունը, կրոնը, լեզուն, ընտանիքը պաշտպանելու համար։ Եվ ոչ մի թշնամու դեմ էնպես չենք կռվել, ինչպես կռվում ենք հիմա անտեր կուսակցական հողի վրա, կռիվներ, որ հաղթողներին տալիս են թագավորի թախտ, իսկ ժողովրդին դարձնում ունեզուրկ ու անբախտ։
Ե՛ս - դո՛ւ - նա՛։
Մե՛նք - դո՛ւք - նրա՛նք։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ