ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կամ շահող ժապավեն, կամ տուգանք

Կամ շահող ժապավեն, կամ տուգանք
13.01.2009 | 00:00

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿ
Այն, որ Հայաստանում ինչ-որ միջոցառում ձեռնարկելուց առաջ պետք է նաև մտածել ժամանակին և առանց մարդկանց նյարդերը սղոցելու այն անցկացնելու մասին, կարծես թե այդպես էլ իրականություն չի դառնում: Այլապես, ինչպե՞ս հասկանալ իրողությունը, որ հենց ամանորյա տոներից հետո Հայաստանի գործարար մասին այնպիսի անակնկալ մատուցեցին, որը հանգեցրեց բազմաթիվ վիճաբանությունների և հաստատ վատ լիցքեր հաղորդեց:
Ինչպես հայտնի է, դեռևս հոկտեմբեր ամսին արդեն իսկ պարզ էր, որ պետությունը հարկային մուտքերն ավելացնելու ու նաև բիզնեսի վրա հարկային վարչարարությունը մեղմացնելու նպատակով գնում է աշխարհում կիրառվող ՀԴՄ-ի կտրոնների խաղարկության ճանապարհով: Փաստն, ինչ խոսք, կարող է և նպաստել, որպեսզի տնտեսական ճգնաժամի պայմաններում պետությունը պահպանի հարկային մուտքերի բավարար չափը, նկատի առնելով այն հանգամանքը, որ բնակչությունը գնումներ կատարելիս պահանջի ՀԴՄ-ի կտրոնը, որը կարող է խթանել ինչպես հարկային հավաքագրումները, այնպես էլ բնակչությանը մասնակից դարձնել սպասվող խաղարկությանը և 5000-ից մինչև 5000000 դրամ շահելու հնարավորություն ընձեռել:
Սակայն, գնալով այդ քայլին, կար մի կարևոր պահ: Այն, որ տնտեսավարողները պետք է ձեռք բերեին հատուկ խաղարկության համար նախատեսված նոր դրամարկղային ժապավեններ: Սակայն, դեռևս դեկտեմբեր ամսին, պետեկամուտների կոմիտեն նոր էր հայտարարել այդ ժապավենների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների մրցույթը, որի հետևանքն էլ այն էր, որ արդեն իսկ հունվարի 8-ից տնտեսավարողները ստիպված էին ժամերով հերթ կանգնել հարկային գերատեսչություններում և մրցույթում շահած ընկերություններից ձեռք բերել այդ ժապավենները, այլապես հարկային մարմինների սկսած ստուգումների հետևանքով դրանցով ՀԴՄ-ի կտրոն չտրամադրելու պարագայում ստիպված կլինեին վճարել 150 հազար դրամ տուգանք, որը, իսկապես, հավելյալ բեռ է տնտեսավարողների մեծ մասի համար: Պետք է հաշվի առնել նաև, որ նրանց մեծ մասն արդեն իսկ դեկտեմբեր ամսին չէր կարողացել անցյալ տարիների նման պատշաճ առևտուր կազմակերպել, իսկ սկսված տարին այնքան էլ հույսեր չի ներշնչում դրա բարելավման համար: Եվ որպեսզի խուսափեն ավելորդ տեղը 150 հազար դրամ տուգանք մուծելու հեռանկարից, մարդիկ ստիպված ժամերով հերթ կանգնեցին, որտեղ, հասկանալի է, վիճաբանություններն ու վիրավորանքներն անպակաս էին ինչպես իրենց մեջ, այնպես էլ իշխանությունների հասցեին: Իսկ դրա պատճառն այն էր, որ շահող ժապավենների առևտուր իրականացնող ընկերությունները միայն մեկ պատուհանից էին իրականացնում դրա վաճառքը: Անհարմարություն էր ստեղծում այն, որ վաճառքն իրականացվում էր միայն հաշիվ-ապրանքագրերի միջոցով, իսկ այդպիսի մի գործողությունը խլում էր առնվազն 5-7 րոպե: Իսկ եթե հիշենք, որ այդ ժապավենները պետք է ձեռք բերեին տասնյակ հազարավոր տնտեսավարողներ, ապա վիճակը պարզ էր, քանի որ չէր կարելի ենթադրել, որ 2 ժապավեն ձեռք բերելու համար անհրաժեշտ էր նյարդերի հաշվին հերթերում վատնել մի քանի ժամ: Իսկ դրանից խուսափելու շատ հեշտ միջոց կար. պարզապես պետք էր դեռևս դեկտեմբեր ամսին նախօրոք կազմել բոլոր տնտեսավարողների հաշիվ-ապրանքագրերը, որպեսզի մարդկանց հնարավորություն ընձեռեին քաղաքակիրթ ձևով ստանալու ժապավենները, և հավելյալ քաշքշուկի պատճառ չստեղծվեր: Եվ քանի որ դա չարվեց, մարդիկ այստեղ միտում էին տեսնում, որ պետեկամուտների կոմիտեն պարզապես չի գնացել դրան, որպեսզի տնտեսավարողները չկարողանան ժամանակին ձեռք բերել դրամարկղային ժապավենները, և ստուգումների արդյունքում կիրառեին մասսայական տուգանքների պրակտիկան:
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5477

Մեկնաբանություններ