Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ԻՏՁՄ-ն դպրոցներում զարգացնելու է ռոբոտաշինությունը

ԻՏՁՄ-ն  դպրոցներում  զարգացնելու է ռոբոտաշինությունը
06.04.2012 | 00:00

Գործադիր իշխանությունն օրերս հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի խթանման ծառայությունների 2012 թ. ծրագիրն ու միջոցառումների ցանկը։ ՙՍա այն ոլորտն է, որտեղ մենք ակնհայտ հաջողություն ունենք,- շեշտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։- Դա պայմանավորված է նրանով, որ մասնավոր հատվածն առաջիկա հինգ տարիներին պետության առջև դնում է հստակ խնդիր. մենք պարտավոր ենք տարեկան առնվազն 20 տոկոսով ավելացնել համապատասխան տեղերը բուհերում, որոնք պատրաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների կադրեր։ Սա այսօրվա դրությամբ թիվ մեկ խնդիրն է, որը մեր առջև դնում է մասնավորը։ Նրանց տարեկան արտադրանքի և աշխատատեղերի աճը կազմում է 20-30 տոկոս, և այսօր խիստ բարձր է մրցակցությունն այդ կադրերի նկատմամբ։ Դրա արդյունքում աշխատավարձն էլ աճում է շատ բարձր տեմպերով։ Նոր աշխատատեղում ծրագրավորողի աշխատավարձն սկսվում է 500 հազար դրամից։ Ընդ որում, այսպիսի աշխատատեղերն այսօր առկա են, և ոլորտը չի կարողանում գտնել համապատասխան կադրեր։ Դրա համար մենք կրթության և գիտության նախարարության հետ արդեն մշակում ենք ծրագիր, որպեսզի էապես ավելացնենք այդ ոլորտում կադրերի պատրաստման հզորությունները՚։
Նշենք, որ մարտի 16-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) խորհրդի անդամների հետ և քննարկել ՏՏ ոլորտի հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը։ Միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննության են առնվել մի շարք լուրջ փոփոխություններ, հատկապես ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հիմնման ծրագիրը, որն ավարտական փուլում է և իրականացվում է ՀՀ կառավարության, USAID-ի, ՏՏ ոլորտի, National instruments-ի հետ համատեղ։ Այն տասնյակ լաբորատորիաների համախումբ է, որն ընդգրկում է ճարտարագիտական համալսարանի բոլոր մասնագիտությունները։ ՙԱյս ծրագիրն էականորեն կփոխի ճարտարագիտական համալսարանի որակը և ՏՏ ընկերությունները կապահովի որակյալ աշխատուժով՚,- նշեց Կարեն Վարդանյանը։ Նա առանձնացրեց հայաստանյան դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ստեղծման ծրագիրը։ Մասնավորապես, Երևանի վեց դպրոցներում արդեն գործում են ռոբոտաշինության խմբակներ, որոնցում ընդգրկված է շուրջ 300 աշակերտ։ Միությունը նպատակադրվել է տարածել ռոբոտաշինության խմբակները ՀՀ բոլոր դպրոցներում, և խմբակների հետագա զարգացման համար այժմ նախագծում է ռոբոտ-կոնստրուկտոր։ Ինչպես տեղեկացրեց Կարեն Վարդանյանը, ՀՀ վարչապետն առաջարկել է նախաձեռնությունը տարածել 600 դպրոցներում։
ԻՏՁՄ-ն առաջարկել է քննարկել Երևանում խոշոր տեխնոլոգիական ձեռներեցության ինկուբատորի ստեղծման հնարավորությունները, որը նախատեսված կլինի առնվազն 100 ընկերության համար և տեղակայված կլինի բուհական կենտրոնների շրջակայքում։
Միության գործադիր տնօրենը նպատակահարմար է գտնում տեխնոպարկեր հիմնել մարզերում։ Վարչապետի հետ հանդիպման ընթացքում առաջարկվել է նախաձեռնել Գյումրու մոդելով Վանաձորում տեխնոլոգիական ինկուբատորի և ուսումնական կենտրոնի ստեղծման ծրագիր։ Կառավարության ղեկավարը հավանության է արժանացրել այս գաղափարը և առաջարկել Վանաձորում գործող բուհերում բացել համապատասխան մասնագիտությունների բաժիններ։
Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է եղել նաև ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումներին։ Մասնավորապես, առաջարկվել է ռազմական համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրում ներառել ԻՏՁՄ-ի մշակած ՙԺամանակակից ռազմարդյունաբերության զարգացման՚ հայեցակարգային մոտեցումները, որը կներկայացվի ՀՀ կառավարություն։ Միաժամանակ ԻՏՁՄ-ին առաջարկվել է ակտիվորեն մասնակցել ՀՀ զինված ուժերում մինչև զորացրումը զինծառայողների տեխնոլոգիական կարողությունների կատարելագործման գործընթացին՝ նրանց հետագա մասնագիտական կրթությանը և ինտեգրմանը նպաստելու նպատակով։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ