Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՂՋԻԿՆԵՐԸ

ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՂՋԻԿՆԵՐԸ
27.09.2011 | 00:00

Ռազմական փորձագետ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ սեպտեմբերին նախատեսվում էր անցկացնել հրաձգային զենքի, մասնավորապես, դիպուկահար հրացանների կիրառման վերաբերյալ տեսական և գործնական երկշաբաթյա անվճար պարապմունքներ: Սեպտեմբերյան դասընթացներով հետաքրքրվողների թիվը հասնում է մի քանի հարյուրի, նրանց մեջ մեծ թիվ են կազմում աղջիկները:
Մեզ հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ իր նախաձեռնած դասընթացները չեն կարող իրականանալ` իրավական, տնտեսական, տեխնիկական և այլ պատճառներով: Սակայն ծրագիրը ստանձնել է ԴՕՍԱԱՖ-ը` հաշվի առնելով դասընթացների կարևորությունն ու հասարակական պահանջը: «Կան որոշակի փոփոխություններ. դասընթացները լինելու են եռամսյա, որակապես ավելի բարձր, սահմանվել է նաև խորհրդանշական վճար»,- տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը: Փորձագետի խոսքով` ծրագիրը ռազմահայրենասիրական, դաստիարակչական նպատակ ունի, որի շրջանակներում ռազմական նախնական որոշակի պատրաստություն են անցնելու հիմնականում այն տղաները, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն ծառայել բանակում (ուսանող են կամ առողջական խնդիրներ ունեն), և աղջիկները, որոնց ակտիվությունը, ի դեպ, շատ ոգևորիչ է:
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հասարակությանը հուզող մի շարք օրախնդիր հարցերի:
Բոլորովին վերջերս բանակային կյանքի ստվերոտ կողմերը պատկերող տեսանյութերի տարածումը բողոքի մեծ ալիք բարձրացրեց` փաստելով հասարակական անվստահության և զինվորական կյանքին առնչվող առկա կարծրատիպերի մասին:
«Թաքցնել պետք չէ նման երևույթները, բայց քննարկումները պետք է ավելի առողջ լինեն,-ասաց նա:- Մեր հասարակությունն իր ձեռք բերած ազատությունը սխալ է օգտագործում` քաղաքակիրթ ապրելու, պահանջատեր հասարակություն լինելու տեսակետից: Մի նեգատիվ դեպք է գրանցվում և հազարավոր տրամադրություններ ստեղծում հասարակության մեջ, բայց դրան ադեկվատ պետք է ներկայացվի նաև դրականը: Իհարկե, կան թերություններ, և պետք է աշխատենք տարեցտարի նվազագույնի հասցնել նման դեպքերը, մոտեցնելով զրոյի»:
Դեռևս չմարած կրքերին հաջորդեց Անկախության քսանամյակին նվիրված զորահանդեսը: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` զորահանդեսներն իրենց մշակույթն ունեն, հասարակության մեջ որոշակի տրամադրություններ են ստեղծում: «Բայց այն որևէ կապ չուներ վերջին դեպքերի հետ, զորահանդեսի մասին վաղուց է հայտարարվել»,- ասաց նա:
Անդրադառնալով «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բանակում» սերիալին, որը նույնպես հայտնվել է քննադատությունների առանցքում, փորձագետը նշեց, որ մեզ ռեալիստական, հերոսական դրվագներ են պետք, ոչ թե առօրյա ծառայությունը զորանոցում: «Միջակությունն ամենավատ գնահատականն է: Դա որակի կործանման է տանում: Հայկական սերիալի վիճակն այդպիսին է»,- ասաց նա:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ