Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մահ, իսկ հետո՞...

Մահ, իսկ հետո՞...
06.02.2009 | 00:00

(վկայություններ մահվան, թաղվելու, հարության հավատի, ննջեցյալների համար հոգևոր կարգեր պահելու կարևորության մասին)
ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԸ

Սկիզբը` թթ. 6, 8-ում
ՈՍԿՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Որ մարդու ոսկորները նախասահմանական խորհուրդ ունեն, այդ կարելի է տեսնել մի շարք բաներից. առաջին, որ Աստված, երբ անիծեց Ադամին, թե հող էիր, մեղք գործելուդ պատճառով հողին վերադարձիր, սակայն մարդու մարմնի հող դառնալուց հետո ոսկորները պահպանեց:
Աստվածաշնչյան Հովսեփը մահից առաջ իր ոսկորների համար պատվեր տվեց, որ երբ Տերն այցելի, և դուք գնաք այս երկրից, իմ ոսկորներն էլ ձեզ հետ կտանեք:
Սա պարզորեն հուշում է, որ մարդու հոգին կապված է ոսկորների հետ, որովհետև մարմինը հողից էր` հող դարձավ: Եվ երբ ոսկորները տեղափոխում են, հոգին էլ է ոսկորների հետ տեղափոխվում և լիարժեք կապված է իր ոսկորների հետ և ոչ թե մարմնի, որ այլևս հող է:
Բանաստեղծուհի Գոհար Սարդարյանը` «Տիրամայր» ժողովածուի հեղինակը, որ օգնեց ինձ հոգևոր մի քանի գիրք սրբագրել, հասնելով Անդրանիկ Զորավարի հոգու կենդանության մասին վկայությունների էջին, ասաց.
-Զորավարի աճյունն իսկ (բնականաբար` ոսկորների մասին է խոսքը- Մ. Ո.) զորավոր մի եկեղեցի է: Երբ Եռաբլուրում վերաթաղելուց առաջ դստերս հետ գնացինք մարզահամերգային համալիր՝ հոգեհանգստյան հրաժեշտին, այնքան մեծ հոգևոր խաղաղություն և օրհնություն էր ողջ շրջակայքի վրա արևի պես ճառագայթում, բարության դաշտ կազմում, որ երկար ժամանակ վայելում էինք Զորավարի արդար Հոգու ներկայությունը: Ժամանակն անցնում էր, բայց տուն դառնալու ամենևին ցանկություն չէի զգում: Մտածեցի, թե աղջիկս, տարիքից ելնելով, այն, ինչ ես եմ զգում, գուցե չի՞ զգում և գուցե ձանձրացե՞լ է ինձ երկար սպասելուց: Նայեմ տեսնեմ, ինքն էլ է նույն երկյուղած օրհնության ու հափշտակության մեջ: Սակայն գնացող-եկողները շատ էին, և մեր այդքան երկար մնալն արդեն գուցե «աչք էր ծակում», և, ամենևին չուզենալով, հեռացանք:
Ավելացնենք, որ առաքյալները ճշմարիտ վախճան ունեցող, Փրկչի անվանը հավատարիմ վկաների ոսկորների համար կարգ դրեցին, որ նրանց մահվան օրը նրանց հիշատակը կատարեն և «նրանց ոսկորների նշխարները որպես պատիվ վերցնելով՝ փառավորեն Քրիստոսին» (Ղուկաս, «Առաքելական կանոններ»): Եվ հայտնի է շարունակությունն էլ, որ հայոց եկեղեցիների հիմքում զորավոր այդ սրբերի ոսկոր մասունքներից դրվեցին, որ սրբերի ոսկորներին իջնող նրանց հոգու հաղթական զորությունը շնորհաշատ դարձնի եկեղեցու մեջ գտնվողներին: Եվ երբ մեր եկեղեցիներում աղոթում ենք, բնականաբար, սրբերի հոգիները ևս օգնում, զորակցում են մեզ` մեր աղոթքին: Սրբերի մասունքների հարցում Հայաստանը գուցե թե ամենահարուստ երկրներից է, որովհետև համամարդկային բազմաթիվ սրբերի ոսկորների մասունքներ ունենք մեր եկեղեցիների հիմքերում պահ տված: Իսկ Արցախում են գտնվում Հովհաննես Մկրտչի ոսկորների մասունքներից, որ նշանակում է Հովհաննես Մկրտչի հոգևոր զորակցությունն ունենալ:
Սակայն այս ամենն արդարների ոսկորների մասին էր: Մեղավորների ոսկորներին հարաբերվողներն օրենքով յոթ օր պիղծ էին համարվում և դրանց դիպչելու երրորդ ու յոթերորդ օրերը լվացվում, մաքրվում էին: ՈՒստիև արդարի ոսկորներն ու մեռելի ոսկորները տարբերվում են: Երբ մեկը սուրբ մասունք է, մյուսը դիվական ապականություն է փոխանցում: Հիսուսը հայտարարում է, որ կեղծավորները` օրենսգետներն ու փարիսեցիները, իրենց մեջ մեռելների ոսկորներ են ներառում, նրանց ոգիների հետ են և նրանց պատժի դատապարտությանը պիտի ենթարկվեն. «Վա՜յ ձեզ, կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ և փարիսեցիներիդ, որ նման եք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով և ամենայն ապականութեամբ: Նոյնպէս և դուք, դրսից մարդկանց արդար եք երևում, մինչ ներսից լի եք կեղծաւորութեամբ և անօրէնութեամբ» (Մատթէոսի Ավետարան)։
Մի քանի օգտակար մեջբերումներ ևս անենք Սուրբ Գրքից` ոսկորներին վերաբերող. «Դու քո աչքին իմաստուն մի՛ թուա, այլ վախեցի՛ր Տիրոջից և խուսափի՛ր ամենայն չարից:
Դա քո մարմնի համար՝ բուժում և քո ոսկորների համար՝ դարման կը լինի»: Կամ` «նախանձից մարդու ոսկորները փտում են», նաև` «բարի լուրեր լսողի ոսկորները փարթամանում են և առողջանում» (Առակներ):
Վերջում, թե ինչպես է Աստված իր զորությունը իշխում ոսկորների վրա և երբ կամենա կարող է նրանցից կրկին կենդանի մարդ ստանալ, մեջբերենք Եզեկիել մարգարեից մի հատված, որ այնքան է կենդանի, որ ասես ինքդ էլ ընթերցելիս ներկա լինես.
«Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մէջ, որ լի էր մարդկանց ոսկորներով: Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը: Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին: Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդեօք կը կենդանանա՞ն այդ ոսկորները»: Ես ասացի. «Տէ՛ր Աստուած, այդ դու գիտես»: Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր այդ ոսկորների վրայ և ասա՛ դրանց. Չորացա՛ծ ոսկորներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում Տէր Աստուած այդ ոսկորներիդ. Ահա ես ձեզ վրայ կենդանի շունչ եմ բերելու, ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրայ միս եմ բերելու և մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, և դուք կենդանանալու եք: Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը»: Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը: Ու երբ մարգարէացայ, մի ձայն լսեցի. յետոյ շարժում եղաւ. և ոսկորը ոսկորի հետ մօտեցաւ բոլոր յօդերին: Տեսայ, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրայ մաշկ էր ձգւում, բայց դրանց մէջ դեռ շունչ չկար: Նա ասաց ինձ. «Մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր շնչի վրայ և ասա՛ շնչին. Այսպէս է ասում Տէր Աստուած. Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրայ, և նրանք կը կենդանանան»: Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը: Ու շունչ մտաւ նրանց մէջ, և կենդանացան: Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրայ. դա բազմախուռն մի ժողովուրդ էր»:
Ըստ այսմ, եթե դիտենք չորս օրվա մեռյալ Ղազարոսի հարությունը, որ Քրիստոսի խոսքով գերեզմանից կենդանացած ելավ կամ Քրիստոսի բժշկությունները` ի ծնե կաղին քայլեցնելը, ի ծնե կույրին տեսնել կարողացնելը, անդամալույծներին, բորոտներին բժշկելն ու մաքրելը, հավատում ենք, որ Աստծո համար անհնար ոչինչ չկա, և երբ հաճո լինենք Նրան` մեկ Կամքի մեջ, մեր խնդրանքով էլ այդ ամենը կանի: Բայց ամենակարևորը Աստծո համար` մեր անհատական ապաշխարություններն են, ըստ մեր կայացած չափանիշների:
ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԸ
(համբարձում)
Ավետարանում Փրկչի Համբարձման մասին քիչ է գրված, սակայն հավատացողի համար այդքանն էլ բավական է: Փրկչի քառասունքի մասին, այնուամենայնիվ, առաքելական առավել հիշատակում կա` Ղուկաս Ավետարանիչի «Առաքելական կանոններում», լավ է, որ մեկ հատված մեջբերենք, որովհետև Փրկչի քառասունքը քրիստոնյա մարդկության ամենամեծ նախախնամական իրողություններից մեկն է և ճշմարտության ճանաչման մի կարևոր դրվագ, երբ Տերը համբարձվեց երկինք` իր աշակերտների աչքի առաջ, տեսանելի: Երկրորդ, որ, ինչ մեջբերում ենք, շատ քիչ է դեռ հայտնի հավատացյալ աշխարհին: Գրքույկը, գրաբարից մեր թարգմանությամբ, 1995-ին տպագրեց Շահե արքեպիսկոպոսը, իսկ 2008-ին ներառեցինք մեր թարգմանած Գոշի «Դատաստանագրքի» հոգևոր հավելվածում:
Համբարձման սքանչելի վկայությունն ավելի նկարագրական ճանաչելով, այդպես ավելի տեսանելի պիտի հասկանանք, որ մարդկային հոգիները ևս համբարձում են ունենում, Քրիստոսի զորությամբ` իրենց մահվան քառասուներորդ օրը:
....Նույն այդ օրը, վաղ առավոտյան, աշակերտները Ձիթենյաց լեռը բարձրացան, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը, սովորական աչքի համար աներևույթ տեսիլքով, եղավ նրանց մեջ և զորացրեց նրանց: Այս մեծ կիրակիի առավոտյան կողմ Փրկիչը, բարձրացնելով իր տերունական ձեռքը, դրեց տասնմեկ աշակերտների գլխներին և նրանց շնորհեց քահանայության աստիճան, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ձեռնադրությամբ նույն քահանայությունը շնորհեն իրենց աշակերտներին: Եվ երբ աշակերտները երեցության պարգևն ընդունեցին և պատվեր ստացան, որ իրենք ևս քահանայության պարգևով օծեն իրենց հնազանդ աշակերտներին, որպեսզի նրանք էլ Ավետարանի քարոզողներ և ընդհանրական սուրբ եկեղեցու սեղանի սպասավորներ լինեն, մկրտեն բոլոր հեթանոսներին՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, այդ ժամանակ հանկարծահաս մի լուսավոր ամպ եկավ, վերցրեց Կենարարին ու բարձրացրեց երկինք:
Եվ առաքյալները, որ միաբան արժանի եղան լուսավոր այդ տեսիլքը տեսնելուն և Աստված որդու համբարձմանն ու Հոր աջ կողմը նստելուն, ցնծալից ուրախությամբ փառաբանում և գոհանում էին Աստծուց, և այնպիսի ուրախություն էր, որի մասին Տերը նախօրոք էր նրանց ասել, թե՝ «Առավել ուրախություն պիտի լինի այն ժամանակ, երբ Մխիթարիչ Սուրբ Հոգին ուղարկեմ»: Նրանք ուրախանում և ցնծում էին, որովհետև քահանայության աջն ընդունել էին ճիշտ այնպես, ինչպես Մովսեսն ու Ահարոնը: Եվ Ձիթենյաց լեռից իջնելով, նրանք եկան Վերնատուն, որտեղ իրենք էին առաջին եկեղեցին: Այստեղ էր, որ Տիրոջ հետ միասին զատիկը կերան, այստեղ էր, որ աշակերտները հարցրին Նրան, թե ով է նա, որ Նրան պիտի մատնի հրեաների ձեռքը: Այստեղ էր, որ եղան վեճեր և հարցմունքներ: Եվ այստեղ էր, որ աշակերտները միմյանց մասին հոգ էին տանում և մտածում, թե ինչպես մեր Տիրոջ արքայության Ավետարանը ամբողջ երկրի վրա քարոզեն: Եվ այստեղ էր, որ Տերն իր սուրբ Մարմնի և Արյան Խորհուրդն աշակերտներին հայտնեց, որով նրանք առաջինը մտան հավիտենական լույսի թագավորության մեջ: Եվ այստեղ, այդ նույն օրը, միաբան ամենքով կատարեցին Սուրբ Հաղորդության խորհուրդը, և այստեղ դրեցին Արքայության Ավետարանի քարոզչության սկիզբը՝ ողջ տիեզերքի համար...
Այս նույն դիտակետով քրիստոնյա արժանի հոգին ևս մահվան քառասուներորդ օրը համբարձվում է Տիրոջ մոտ` իր շնորհները պարգևելով այս աշխարհի իր մերձավորներին:
Մի թարմ օրինակ բերենք, որ խիստ հստակ ու հասկանալի է, քանի որ Աստվածային Հայտնությամբ է տրվել այսօրվա մեր լավ գեղանկարիչներից մեկին` Նիկոլ Աղաբաբյանին։
Վերջերս նա մերձավորների ծանր կորուստներ ունեցավ` հայրը, բանաստեղծ քեռին, նկարիչ ընկերը... և հայտնվեց ցայտնոտային մի հոգեվիճակում: Շատ էր կապված նրանց և նրանց մահից հետո էլ մտքով միշտ նրանց հետ էր և ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, նրանց հետ էր խոսում և, ինչպես ասում են` կաշին ու ոսկորն էր մնացել: Ասես ինքն էլ հայտնվել էր այս կողմի աշխարհի և այն կողմի միջև: Մերձավորն ապրում էր ու այժմ չկա: ՈՒ եթե սիրում ես նրանց, թվում է, անտանելի է համակերպվել, որ կողքիդ չեն: Թեպետ ամենքիս համար էլ բանական սերն է ճշմարիտը, այն, որ Աստծո Խոսքի խրատներով պիտի խորհել ննջեցյալների մասին և ոչ թե զգայական, որ կարող է տանել անհավատության կամ այն աշխարհի հետ ոչ ցանկալի, անգամ վտանգավոր հարաբերումների:
Որքան էլ համոզում էինք նկարչին, որ նրանց մարմինն է միայն մահացել, որ հոգով կենդանի են, ասում էր` այո, բայց չէր մխիթարվում: Թեպետ մեզնից էլ այդ ամենը լավ գիտեր, քանի որ իր նկարչությունն էլ երկնքի ու երկրի միջև է: Բայց Հիսուսը խոնարհվեց, իջավ մինչև երկիր, մինչև մահ ու դժոխք էլ, որ մեզ վստահեցնի ճշմարտությունն ու հանիրավի տառապանքներից ու անհուսություններից հեռու պահի: Նկարչի հոգեկան ցնցման այդ վիճակը երկար ամիսներ տևեց: Մի օր գեղանկարիչը խաղաղված, ժպտալով ասաց.
-Ամեն բան անցել է: Աստծո ձայնն եմ լսել: Նա երազիս մեջ ամեն բան բացատրեց և չարչարանքներիցս ազատեց: Տեսա անջուր մի գետի հուն, որի մեջ կանգնած էին նոր մահացած հարազատներս ու նոր մահացած ծանոթներս, իրենց տարբեր հագուստներով, բանաստեղծ քեռիս (հայտնի հրապարակախոս-բանաստեղծ Իգնատ Մամյանի մասին է խոսքը- Մ. Ո.), սպիտակ, նոր տաբատ-պիջակով էր, սակայն ամենքն էլ անշարժ արձաններ էին: Այդժամ երկնքից Աստծո ձայնը լսեցի, ասաց.
-Հողից առնվեցիք, հող դարձեք:
Եվ արձանի նման մահացածները միանգամից փշրվեցին, մանր հող դարձան ու թափվեցին ցած: Նրանցից պայծառ, կուրացուցիչ լույսեր պոկվեցին ու արագ բարձրացան երկինք:
Եվ Աստծո ձայնը կրկին լսեցի, որ ինձ ասաց.
-Տեսա՞ր, որ ամենքն էլ ինձ մոտ եկան, ու նրանց հոգիները կենդանի լույսեր են: Ինձ մոտ են, ապահովության մեջ:
Գեղանկարչի վկայությունն այնքան ազդու էր, որ խնդրեցի թույլ տալ հրապարակել:
-Եթե ինձ օգնեց, այլոց էլ կօգնի, իհարկե, հրապարակիր,- համաձայնեց Նիկոլ Աղաբաբյանը: Օրերս մահացավ նաև նկարչի հորեղբայրը, և նա արդեն ընդունեց քրիստոնեական չափ ու կշռով, զուսպ ու վեհ տխրությամբ: Ընդհանրապես, այս նկարչի ստեղծագործությունը, ինչպես ասացինք` երկնքի ու երկրի միջև Աստվածային լույսի հայտնատեսական խոսք ունի, և պատահական չէ, որ նրա ցուցահանդեսներին հաճախակի են հոգևորականներ այցելում: 2005-ին Ազգային գրադարանում բացված ցուցահանդեսում, հոգևոր երգի ուսուցիչ, ամենքիցս սիրելի, լուսահոգի Խորեն Պալյանը, առաջացած տարիքն ու հոգնությունը մոռացած, մեկ ու կես տասնյակ շարական երգեց` ցուցահանդեսի բացումն այդպես, մեր հայրերի խոսքերով օրհնելով: Սովորական մահկանացուներիս համար դեռ դժվար ըմբռնելի են Նիկոլի վկայած մեր ընտիր մի շարք լուսահոգի մեծերի հոգիների այցելությունները և նրանց, մասնավորապես Սայաթ-Նովայի զրույցները նկարչի հետ:
Մկրտությամբ իմ սանիկ Անահիտը ևս նման մի հայտնատեսություն է վկայել, որ մի շարք անգամներ իրեն այցելել է Կոմիտասը և իր խաղաղական զրուցներով օգնել: Անահիտը մկրտության ժամանակ Սուրբ Գևորգ եկեղեցում տեսավ ու վկայեց նաև Սուրբ Հոգու էջքը` աղավնու նմանությամբ:
ՀՈԳԵՎՈՐ ՄԱՐՄՆԻ ՇԵՐՏԵՐԸ
Սուրբ գրքերն ու աստվածաբանական հետազոտությունները մարմնի և հոգու համար նույն բանն են ասում, այն, որ մարմինը բնակարան է մարդու հոգու համար կամ հոգու հագուստն է: Նախասահմանում կար, որ այդ հագուստը չի մաշվելու, այլ անընդհատ նորոգվելու է, եթե այդ հագուստ-մարմնի մեջ գտնվող հոգուն չվնասեն: Վնասեցին, և մարմինը սկսեց մահով տարաբաժանվել ու վերադառնալ հողին: Եվ եթե հոգին ու շունչը հեռանում են մարմնից, մարմինը վերածվում է դիակի: Սկզբից սկսյալ` մարմինը ստեղծված, սարքված է կավահողից, իսկ հոգին հավիտենական լինելով` Աստծո կողմից է ներդրված նախօրոք ձևակերտված կավե մարմնի մեջ: Եվ այնքան կատարյալ է ներդրված, որ ասես նույնական լինեն: Նույն բանը, որ մարմինը հողից է, պարզ կարելի է հասկանալ նաև այն բանից, որ մեր մարմինները սնվում են հողից աճած պտուղներով: Թեպետ մեր մարմինները, որքան էլ իրենց որակով բարձր ու կիրթ, բայց հողից առնված լինելով, սննդի պահանջն ունեն` հիմնականում հողի տված բարիքների: Ասում ենք հիմնականում` դեռ մարմնավորը գերակա անվանող մարդկանցս համար, որովհետև հոգևոր պատմության մեջ մի շարք օրինակներ կան, երբ մարդիկ տարիներ շարունակ ապրել են միայն աղոթքով, մի բան, որ շատ շատերիս դեռ դժվար է ընդունել: Պայծառատես Թերեզ Նոյմանը, որ Հայրենական պատերազմի տարիներին դեռ ողջ էր, միայն սուրբ հաղորդությամբ և աղոթքի կենարար հացով էր սնվում երկար տարիներ: Նա տեսնում էր ժամանակների մեջ, և Քրիստոսի խաչելությունը նկարագրելիս Տիրոջ մարմնի վերքերի տեղերից իր մարմնին ևս արյունածոր վերքեր էին բացվում: Մեկ այլ սրբուհու` Մարիամ Եգիպտացու մասին վկայվում է, որ ապաշխարության նպատակով սուրբ հաղորդություն ճաշակեց և մտավ անապատ, հիսունյոթ տարի ոչինչ չկերավ և ոչինչ չխմեց և մարմնի մահվան շեմին էր, երբ Աստված Հայր Զոսիմոսին ուղարկեց նրան սուրբ հաղորդություն տալու: Եվ հոգևոր հայրը պատմում է, որ Մարիամ Եգիպտացին երկար օրերի ճանապարհն անցնում էր երկու ժամում, խաչակնքում էր գետի ջուրը և քայլում էր ջրերի վրայով, ձեռքը Սուրբ Գիրք երբևէ չէր առել, բայց այդ մեծ քահանային խրատում էր Սուրբ Գրքից արված կարևոր մեջբերումներով: Եվ այլ հոգևոր բազմաթիվ շնորհներ ուներ, որոնց երկրավոր մարդկանցից շատերս չենք տիրապետում կամ սակավ ենք տիրապետում: Եվ ասում էր` Սուրբ Հոգին իջնում և սովորեցնում է իրեն և Աստծո Խոսքով իսկ սնում է ու ծարավը հագեցնում: Այսինքն, Աստծո առաջ սրբանալու, Նրա հետ հարաբերվելու դոգմատիկ սահմանափակում երբևէ չկա անգամ ամենամեծ մեղսագործների համար էլ (Մարիամ Եգիպտացին անբարոյականությունից էր կտրուկ դարձ արել), եթե նրանք ի սրտե դարձի գան` իրենց անձի լրիվ, անխտրական լրիվ ուրացմամբ, և այդ անեն հանուն հավիտենական սրբավարք կյանքի, ուր հողե մարմինը մուտք չունի:
Այսինքն. բուն մարդն իր մարմինը չէ, ինչպես որ, եթե դղյակում էլ ապրելիս լինեինք կամ պալատում, այդ դղյակն ու պալատը ինքներս չէինք լինի: Այսինքն թե` լավ է լավ, ապահով բնակարանը, բայց բնակարանում ապրողն է գերական, հավիտենականն ու կարևորը, չէ՞ որ բնակարանն իր համար է և ոչ թե ինքը` անցողիկ բնակարանի:
ՈՒստի մարմնի գոյատևելու օրենքն այլ է` ըստ երկրի գոյատևման, իսկ հոգունն այլ է` ըստ հավիտենական երկնքի և Ամենքի Արարչով է պայմանավորված, քանի որ մենք հոգիներ ենք` մարմինների ժամանակավոր բնակարաններում ապրող: Այսինքն թե` մահը չկա, մահվան «կա»-ն պայմանական է, մեզ համար անցումային փուլ, երբ մեր վարքով համաձայն ենք Տիրոջ Կամքին, այդժամ մեր հոգևոր մարմնի շերտն է մեզ մարմին: Ինքներս չենք վնասվում: ՈՒստի սրանց գոյատևման անհրաժեշտ պայմանները` մարմնինը և հոգունը, հաճախ հակառակ են միմյանց: Պողոս առաքյալն ասում է. «Մարմնի օրենքը հակառակ է հոգուն, հոգունը` մարմնին: Դուք հոգով ընթացեք»: Ի վերջո, մարդու մարմինը մեղքի պատճառով դատապարտված է մահվան, իսկ հոգին անհրաժեշտ է կենդանի պահել Աստծո տված տաղանդների գործադրմամբ: Աստծո Խոսքն է մեզ համար կյանք և Շնորհ գործադրելն է հոգու ապրելու համար սնունդ: Ի վերջո, բոլոր շնորհները (տաղանդ, հանճար, աղոթքավարք կյանք) հոգևորից են, որ Աստված խնդրողին է տալիս, գործադրողների շնորհներն ավելացնելով: Սակայն եթե ըստ մարմնի կամքի ենք ընթանում, կորցնում ենք մեր հոգին ու հոգևորը, այդժամ են իսկապես մեզ վրա սկսում իշխել մահն ու դժոխքը, և շնորհ չգործադրողից Աստված վերցնում է շնորհը և տալիս գործադրողին: Այդ ճշմարտությունն է խոսում Քրիստոսի Ավետարանը:
Այսինքն, մարդն իր ազատ կամքով ինչ փնտրում, այդ է գտնում: Իսկ եթե Աստված մարդուն ազատություն չտար, մարդը կնմանվեր ռոբոտի, մեխանիկական կամակատարի, իսկ որևէ մեխանիկական արարած սիրել չի կարող, այսինքն` չի կարող լինել Աստծո զարմ, քանի որ Աստված Սեր է: Եվ բանական այդ սիրուց է կյանքը հավիտենական:
Ավելացնենք միայն, որ ննջեցյալների մասին ոսկե մեկնություններ ունի Հովհան Ոսկեբերանը: Կա և Գրիգոր Լուսավորչին վերագրվող «Հարցումներ հրեշտակին» գրությունը նույն խնդիրների մասին` ժողովրդախոս լեզվով: Եվ բոլոր գրությունների խրատն էլ նույնն է` մարդ լինել` ըստ տասը պատվիրանների և առավելը` ըստ Լեռան Քարոզի: Բնականաբար, դրանք ոչ թե անգիր անելու կամ այլոց դիտակետ դարձնելու մասին է խոսքը, այլ` Աստված և մարդ առանձնակի կապի և մարդասիրության:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Հ. Գ. -Առաջիկայում կանդրադառնանք և՛ Հովհան Ոսկեբերանի մեկնություններին, և՛ Գրիգոր Լուսավորչի «Հարցումներ հրեշտակին» գրությանը։

Դիտվել է՝ 3638

Մեկնաբանություններ