Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ՎԵՐԱԾՆՎԱԾ ՏԱՃԱ՞Ր, ԹԵ՞ ՄՈՌԱՑՎԱԾ ԱՎԵՐԱԿ

ՎԵՐԱԾՆՎԱԾ ՏԱՃԱ՞Ր, ԹԵ՞ ՄՈՌԱՑՎԱԾ ԱՎԵՐԱԿ
09.12.2011 | 00:00

Տաճարի վերականգնման բազմաթիվ փորձեր են արվել վերջին հինգ-վեց տասնամյակում, բայց Զվարթնոցն այսօր էլ դեռ ավերակ է: Վերականգնման հերթական քայլն արվեց վերջին տարիներին. արդյունքը նույնն էր: Դա բնական է, քանի որ մտածելակերպը չի փոխվում. ստեղծվում են Զվարթնոցի վերականգնման ֆոնդ, խնամակալական հանձնախումբ, գիտական խորհուրդ, համազգային կոչ, կուսակցություն-պրոտեժե, ու հետևանքը նույնն է` համապատասխան արդյունքով: Ինչ-որ բան այնպես չի արվում` կարելի է եզրակացնել այսքան անհաջողություններից հետո:
Ի սկզբանե բառն է, կամ, այսօրվա լեզվով ասած, իդեան` ծրագիրը, որի իրականացումը երկրային պայմաններում պահանջում է միջոց: Գաղափարի շուրջն է հավաքվում միջոցը, բայց ոչ հակառակը: Հակառակ տարբերակն իրականացվում է առևտրում կամ քաղաքականությունում, բայց ոչ հոգևորի ասպարեզում: Ինչպե՞ս վերականգնել, ավելի ճիշտ է ասել` վերստեղծել տաճարը, չէ՞ որ Զվարթնոցի քարերի տասներորդ մասն է պահպանվել, ո՞րն է լինելու շինարարական մեթոդը, ինչքա՞ն է կենսունակ տաճարի կոնստրուկտիվ համակարգը (կառուցվածքի կայունության հարցերը մինչ օրս էլ չեն ստացել վերջնական պատասխան), որտե՞ղ կառուցել այն, նույն տեղո՞ւմ, թե՞ ոչ և այլն, և այլն: Բազմաթիվ հարցերի պատասխաններն են, որ ձևավորելու են տաճարի վերստեղծման ծրագրի նպատակը, ինչն էլ հիմք է ծառայելու նյութական բազային` ծրագրի միջոցներին:
Եթե Կոստանդնուպոլսի սբ. Սոֆիայի տաճարը կամ Աթենքի մարմարակերտ Պարթենոնը լինեին ավերված վիճակում, ապա ինչպիսի՞ ուշադրություն կգրավեին այդ շինությունները, և ինչքա՞ն հաճախ նրանց կհիշատակեին կամ կպատկերեին: Զվարթնոցը` միջնադարի շինարարական արվեստի գլուխգործոցը, այժմ ընդամենն ավերակ է` հնագիտական պեղումների էքսպոզիցիա: Բայց իր ձևով այնքան է կատարյալ, որ նույնիսկ փլատակ վիճակում ունի իր բացառիկ տեղը համաշխարհային արվեստի գանձարանում: Ճարտարագետ Ա. Վ. Կուզնեցովը պնդում է, թե «Ներսես III-ի օրոք կառուցված Զվարթնոցն իր վեհությամբ և շքեղությամբ պետք է գերազանցեր բոլոր մինչ այդ ստեղծված կառույցները» (Кузнецов А. В., Тектоника и конструкции центрических зданий. т. 1, М., Гос. изд-во арх. и г-ва, 1951. с. 113):
«Աշխարհի հարյուր մեծագույն տաճարները» հանրագիտական բառարանի հեղինակները` Մ. Վ. Գուբարևան և Ա. Յ. Նիզովսկին, Զվարթնոցը ներկայացնում են որպես ճարտարապետական արվեստի գլուխգործոց և նոր տիպի կառույց. «...տպավորությունը տաճարից այնքան ազդեցիկ էր, որ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բազմիցս փորձել են վերստեղծել նրա պատկերը»։
Ըստ Թ. Թորամանյանի` «Ինչպես եկեղեցական, նույնպես ալ գեղարվեստական ճարտարապետության մեջ եզակի օրինակ մըն է Զվարթնոց եկեղեցին: Թեև շատ է խոսված այս հրաշակերտ հիշատակարանին վրա, բայց որչափ որ խոսվի, դարձյալ քիչ է: Ճշմարիտ է, որ այն չունի Պանթեոնի և Ս. Սոֆիայի գմբեթներու վիթխարի տրամագիծը և ոչ ալ անոնց մեջ վազած ոսկի հեղեղները կան այստեղ, բայց կա ճարտարապետական այնպիսի մեծություն մը և արվեստագիտական այնպիսի հմտություն, որ համաշխարհային ճարտարապետության մեջ հազվագյուտ օրինակ և պսակ է հայու ստեղծագործական տաղանդին» (Թորամանյան Թ., Զվարթնոց, Գագկաշեն.- Երևան: 1984, էջ 61):
Հայաստանում առաջին անգամ կիրառվեց եռաստիճան տետրակոնխ շրջանց սրահով կենտրոնագմբեթ կոմպոզիցիան` Զվարթնոցը, որի պատկերը ձևավորվել է առաջին հերթին շնորհիվ հոգևոր իմացության: Զվարթնոցի երեք համակենտրոն շրջանագիծը խորհրդանշում է Հայկի համաստեղությունը (Արիական աստղային պաշտամունք), Մշտարթուն Զորությունների և Տիեզերական Սբ. Եռամիասնության տաճար, սրբացված Առաքելահավասար սբ. Գրիգոր Լուսավորչի անունով:
Փարիզի Սեն Շապել եկեղեցու XIII դ. հարթաքանդակների վրա Զվարթնոցի պատկերը խորհրդանշում է Հայաստանը` ջրհեղեղից մարդկության փրկության և հետագա վերածննդի վայրը: Եվ ըստ երևույթին ժամանակն է, որ վերածնվի տաճարը, որի պատկերը յոթերորդ դարից մինչ մեր ժամանակները շարունակում է մնալ հայ ճարտարապետության բազային ձևաստեղծ սկզբունք: Զվարթնոցի կոմպոզիցիան կրկնվեց ևս երեք անգամ` Բանակ (VII դ. ), Լյակիտ (VII դ.), Գագկաշեն (X դ.) եկեղեցիները: Հրաշակերտ տաճարը վերստեղծվելու բնական ցանկություն էր առաջացնում: Դեռ վաղ միջնադարում Զվարթնոց տեսնելը դարձել էր անհրաժեշտություն` հասարակական պահանջ:
Նշանավոր տաճարների վերստեղծումը, որոնք այս կամ այն պատճառներով քանդվել են ու գոյություն չունեն, շարունակվում է և այսօր` Քրիստոս Ամենափրկչի տաճարը (XIX դ.)` Մոսկվա, Ֆրաուենկիրխե եկեղեցին (XVIII դ.)` Դրեզդեն, Պսկովի կրեմլը (VIII-XVII դդ.) հին հիմքերի վրա և այլն: Վերջին տարիներին բազմաթիվ գիտական վեճերից հետո կատարվում են Կիևի սբ. Աստվածածնի ծննդյան եկեղեցու (VIII-X դդ., պահպանվել են միայն հիմքերը), նախագծային աշխատանքները, որոնց հաջորդելու է շինարարությունը: Մեր ժամանակներում ճարտարապետական հուշարձանների վերստեղծումը իրավական դաշտում ունի իր սահմանափակումները և թույլտվությունները` «Հուշարձանների վերստեղծումը թույլատրվում է միայն որոշակի պայմանների դեպքում, որոնք համապատասխանում են դրված խնդրի պահանջներին: Առաջին հերթին` կառույցը պետք է կանգնեցվի նույն տեղում, որտեղ այն կառուցված էր, հակառակ դեպքում վերստեղծման գաղափարը կզրկվի իր հիմնական փաստարկից` կոմպոզիցիոն կապերի վերականգնման հնարավորությունից» (Подъяпольский С. С., Реставрация памятников архитектуры. - М: Стройиздат, 1988, с. 76, 77):
Ճարտարապետ և գիտնական Տ. Մարությանը, որ հիմնովին ուսումնասիրել էր և ուներ Զվարթնոցին առնչվող բազմաթիվ տպագիր աշխատանքներ, համոզված էր, որ «Զվարթնոցի վերականգնումը դուրս է որևէ առարկությունից, երկու կարծիք այստեղ լինել չի կարող»։ Բայց նա առաջարկում էր նոր տաճարը վերստեղծել ոչ թե հին տեղում, այլ քիչ հեռու` համալիրից դեպի արևելք: «Կառուցել պահպանված ավերակների տեղում նշանակում է դրանք ոչնչացնել հիմնովին, նրանց տեղում ստեղծել նոր հիմքեր, որոնց վրա էլ կանգնեցնել տաճարը: Հարցն այն է, որ հին հիմքերի և խարիսխների մնացորդների վրա տաճար կառուցելն անհնարին է: Հին հիմքերը կարողություն չունեն կրելու նման բեռը: Տաճարի ավերակների պահպանումն անվիճելի է` ոչնչացումը անթույլատրելի է»։ (Марутян Т., Архитектурные памятники. - 1989, с. 37):
Ոչ իր տեղում նոր Զվարթնոց կառուցելը նշանակում է այդ շինությունը զրկել բովանդակությունից, ստեղծել ընդամենն իրական չափերի մանրակերտ: Բայց հիմնականը, որի վրա ուզում ենք ուշադրություն բևեռել, այն է, որ իրադրությունը Զվարթնոց համալիրում արմատապես փոխվել է: Հուշարձանի բնութագիրը կտրուկ տարբերվում է այն վիճակից, որը նկարագրված է գիտական գրականությունում: Քանի որ անցյալ դարի վերջին տասնամյակում շինարարական աշխատանքներ են իրականացվել, որոնք շոշափել են տաճարի ողջ մակերեսը և պահպանված քարե կառուցվածքը, դրանով իսկ ոչնչացնելով բազմաբնույթ տեղեկությունը, որը պարունակում էր հուշարձանը (հաշվի չի առնվել վերականգնման նվազագույն միջամտության դրույթը, որպես առաջնահերթություն): Ըստ Տ. Մարությանի` այդ շինարարական աշխատանքների բնութագիրը հետևյալն է` «հուշարձանի նկատմամբ իրականացված «մասնակի վերականգնում» անվանված անօրինական, անթույլատրելի, գիտականությունից զուրկ գործողություններ» (Տ. Մարության, «Հայ դասական ճարտարապետության ակունքներում», Եր., 2003, էջ 406):
Որպեսզի պատկերը լիարժեք լինի, պետք է ավելացնել կարևոր ևս մի փաստ` Զվարթնոցի ավերակների պահպանման գործընթացը դեմ է առել մի նոր խնդրի` հուշարձանի քարե կառուցվածքների ինտենսիվ քայքայում (տուֆի և կրաշաղախի էրոզիա և հողմնահարում): Տարեցտարի ակնհայտ է այն զգալի վնասը, որն անդրադառնում է հուշարձանի վրա: Մեր խնդրանքով «Երկրաբան-ՈՒտիք» ՍՊԸ-ն և ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնն իրականացրել են ինժեներա-երկրաբանական և հիմնատակերի փորձանմուշների հետազոտում, որի տվյալների հիման վրա հանգել են հետևյալ նախնական եզրակացություններին. Զվարթնոց ճարտարապետական համալիրի քարերի և կրաշաղախի քայքայման, հողմնահարման, փլուզման պատճառներ են հանդիսանում.
ա) միջավայրի բարձր թթվայնությունը,
բ) մթնոլորտային տեղումների և տեխնածին ծագում ունեցող մակերեսային ջրերի անարգել մուտքը տաճարի հիմքերի, հիմնատակերի և պատերի տարրերի մեջ,
գ) ոչ լիարժեք կոնսերվացման աշխատանքների կատարումը:
Այն պատճառները, որոնք նախկինում խոչընդոտում էին տաճարի վերստեղծմանը, արմատապես փոխվել են:
1. Ավերակների պահպանումն անիմաստ է դառնում տեղում իրականացված լայնածավալ շինարարական աշխատանքներից հետո:
2. Հին հիմքերի օգտագործման անհնարինության հարցը միանշանակ չէ, քանի որ այդ պրակտիկան լայնորեն օգտագործվում է ժամանակակից գիտավերականգնողական գործընթացների ժամանակ: Այսօրվա հետազոտական մեթոդները հնարավորություն են տալիս, չվնասելով հուշարձանը, զննելու նրա հիմքերը և հիմնատակերը, դրանով իսկ որոշելով տվյալ կառույցի տեխնիկական վիճակը: Դա էլ իր հերթին հնարավորություն է ընձեռում հիմքերի ամրացման միջոցառումներն իրականացնելու լիարժեք և ռացիոնալ: Բացի այդ, միջնադարյան հիմքերի ֆունկցիոնալ լինելու հարցն անմիջապես կապված է կրաշաղախի հատկությունների հետ` տևական ամրացման աճ, ցրտադիմացկունություն, ճկունություն: Նման պարագայում ժամանակը գործոն չի հանդիսանում, որը միանշանակ մատնանշում է հիմքերի անօգտագործելիությունը: Զվարթնոցի հիմքերի ամրության և նրա օգտագործման հնարավորությունը հաստատում են և կրաբետոնի, շաղախների ու քարե կառուցվածքների հետազոտությունները:
Քանի որ միջավայրի ագրեսիվության խնդրի լուծումն անհրաժեշտ է, ապա արդյոք ավելի ռացիոնալ չէ՞ սկսել Զվարթնոցի վերստեղծման գործընթացը: Ավերակների պահպանման հարցը մեծ հաշվով լուծում չունի, քանի որ սոցիալական աղետներից հետո տաճարի ավերակները նորից կծածկվեն հողով, իսկ քարերը կօգտագործվեն որպես շինանյութ: Ասվածի ապացույցը մարդկության պատմությունն է:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Զվարթնոցի վերստեղծման առաջարկն առավել շահավետ տարբերակ ենք համարում, ինչի օգտին խոսում է հետևյալը.
1. Վերածնվում է համաշխարհային արվեստի գլուխգործոց, հայկական միջնադարյան շինարարական արվեստի պսակ Զվարթնոց տաճարը: Թեմա, ինչն արդիական է մեր հասարակության համար:
2. Լուծվում է հնագիտական նյութի պահպանման հարցը, քանի որ տաճարի շինարարության ժամանակ կoգտագործվեն հին տաճարի քարերը:
3. Վերստեղծման առաջարկն իրավական նորմերի սահմաններում է, ի տարբերություն առաջարկի` կառուցել ոչ իր տեղում: Վերստեղծված եկեղեցին, ի տարբերություն մանրակերտի, պահպանում է հոգևոր-կրոնական, պաշտամունքային, ժամանակա-տարածքային էությունը: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ տաճարները պատահական տեղում չեն կառուցվում:
Առաջարկվող «Զվարթնոց տաճարի վերստեղծման էսքիզային ծրագրի» նպատակն է համաշխարհային արվեստի եզակի հուշարձան Զվարթնոց տաճարի վերածնունդը: Տեխնիկական խնդիրները` կոմբինացված շինարարական մեթոդի մշակում` ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ապահովել կառուցվող տաճարի սեյսմակայունությունը և երկարակեցությունը: Ծրագիրը պարունակում է տեխնիկական առաջարկներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում բարձրացնել կառուցվածքի կրողունակությունը` դրանով իսկ լուծելով կառույցի հիմնական խնդիրը: Ճարտարագիտական առաջարկները ծանրացված չեն տեխնիկական նորույթներով և հիմնված են ավանդական տեխնոլոգիաների վրա, ինչը պարզեցնում է նախագծի իրականացումը:
Առաջին իսկ քաղաքակրթություններից սկսած մոնումենտալ կառույցները նախատեսված էին հազարամյակների համար, և անիմաստ ու ոչ շահավետ է անտեսել այդ դրույթը: Պատմական Հայաստանի տարածքում բազմաթիվ հուշարձաններ են պահպանված, որոնց տարիքը հազար տարուց ավելի է: Խնամքի դեպքում այդ կառույցները կգոյատևեին ևս մի քանի հազարամյակ: Միջնադարյան մոնումենտալ կառույցների երկարակեցությունն ապահովվում է ի հաշիվ կրային կապակցանյութի, կամարա-թաղային տեկտոնիկ համակարգի: Դրանք հնարավոր են դարձնում այդ կառույցների գոյատևումը ոչ սեյսմաբարենպաստ տարածաշրջաններում: Միջնադարյան Հայաստանի ավանդական տեխնոլոգիաները հիմք են հանդիսացել համալիր (կոմբինացված) շինարարական մեթոդի, որն առաջարկվում է սույն ծրագրով: Առաջարկվող վերստեղծման տարբերակն անվանվում է ռեստավրացիոն վերակազմություն:
Արմեն ՍՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Ճարտարապետության թեկնածու

Հ. Գ. -Գոյություն ունի ևս մի պատճառ, որը մեզ ստիպում է քննարկել Զվարթնոցի վերստեղծման խնդիրը: Զվարթնոցի կոմպոզիցիան` եռաստիճան տետրակոնխ շրջանց սրահով, չունի լայն տարածում հետևյալ պատճառներով.
ա) նմանատիպ տեխնիկական բարդություններ ունեցող կառույցների շինարարությունը պահանջում է բարձր կարգի կատարող վարպետներ,
բ) ըստ հորինվածքի` Զվարթնոցը կարող է լինել միայն կաֆեդրալ տաճար, որն ունի խոշոր չափսեր, և նրա շինարարությունը բավականին թանկ է:
Եվ այստեղ պետք է հաշվի առնել, որ ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներն այնպիսի արագությամբ են դուրս մղում դարերով մշակված ավանդականը, որ բարձր կարգի որմնադիր վարպետներ գտնելը մեր երկրում շուտով անհնարին կլինի: Դա այն լուրջ խոչընդոտներից է, որը մոտ ապագայում տաճարի վերականգնումը կարող է դարձնել անհնարին, նույնիսկ բավարար ֆինանսավորման դեպքում: Չէ՞ որ փողն ամեն ինչ չէ, որ որոշում է: Եվ Զվարթնոց տաճար տեսնելը կդառնա անիրականանալի երազանք:
Ժողովուրդը, որն անտեսում է իր արարչական գագաթները, դատապարտված է նայելու միայն ոտքերի տակ:

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ