Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Կկարողանանք Հայաստանում զարգացնել օրգանիկ գյուղատնտեսությունը»

«Կկարողանանք  Հայաստանում զարգացնել  օրգանիկ գյուղատնտեսությունը»
27.04.2012 | 00:00

Հանրապետության բարձրլեռնային տարածքներում գտնվող, գյուղատնտեսության նպատակներով չօգտագործվող հողատարածքները պիտանի դարձնելու, եղածներից առավելագույն արդյունք ստանալու և տարբեր մթերքների նկատմամբ բնակչության ունեցած ներքին պահանջարկը բավարարելու նպատակով 2009 թվականից Հայաստանում իրականացվում է «Օրգանիկ այգիների ստեղծման» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում Վայոց ձորի, Տավուշի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի բարձրադիր գոտիներում արդեն հիմնվել են ազնվամորու, մոշի, սև և կարմիր հաղարջի բարձրբերքատու տեսակների 41 հա օրգանիկ այգիներ, որոնց տարածքները նախատեսվել է հասցնել մինչև 60 հա-ի: Նշված ծրագրով կատարված աշխատանքների և հետագա անելիքների վերաբերյալ զրուցեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

-Պարո՛ն Հարությունյան, «Օրգանիկ այգիների ստեղծման» ծրագրով ի՞նչ աշխատանքներ են կատարվել, և ո՞ր փուլում են դրանք:

-Նշված ծրագրի իրականացման համար «Թամարա ֆրութ» ՓԲԸ-ին նախարարությունը հատկացրել է 244 մլն դրամ: Վերջինս արտերկրից ՀՀ է ներկրել ազնվամորու, մոշի, սև և կարմիր հաղարջի բարձրբերքատու տեսակներ, որոնք տրամադրել է ծրագրում ընդգրկված ֆերմերներին: Բացի դրանից, ընկերությունն իր արտադրական և այգեգործական բազայի հենքի վրա կազմակերպել է վերոնշյալ տնկիների բազմացում, որոնք հետագայում ևս կտրամադրվեն ծրագրի շահառուներին:

Ընկերությունը գյուղացիական տնտեսություններին, նշված տնկիներից բացի, տրամադրում է նաև հենասյուներ, մետաղալար, օրգանական պարարտանյութ, իսկ բույսերի աճեցման և խնամքի վերաբերյալ` օգնում խորհրդատվությամբ: Փոխարենը շահառուները պայմանագրով պարտավորվել են «Թամարա ֆրութին» վաճառել իրենց արտադրած հատապտուղները:

-Ինչպե՞ս է կատարվել գյուղացիական տնտեսությունների ընտրությունը:

-Ընտրություն կատարելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ծրագրի մեկնարկի վերաբերյալ թերթերում զետեղել է հայտարարություն, որից հետո իրականացվել է ծրագրին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանց հողատարածքների ուսումնասիրություն: Հետազոտության համար ստեղծվել է հանձնաժողով, որում ներգրավված են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Թամարա ֆրութի» և ՀՀ-ում օրգանական սերտիֆիկացնող մարմին հանդիսացող «Էկոգլոբ» ընկերության ներկայացուցիչները: Հանձնաժողովն այցելել է մարզեր և ուսումնասիրել դիմում ներկայացնողների հողատարածքները` պարզելու, թե որքան են դրանք համապատասխանում օրգանական գյուղատնտեսության վարման պահանջներին: Պետք է ընդգծել նաև, որ ընտրությունը կատարվել է շատ խիստ ձևով: Հաշվի են առնվել բոլոր այն գործոնները, որոնց առկայության պարագայում է հնարավոր տվյալ հողատարածքում հիմնել օրգանիկ այգի: Նշեմ նաև, որ «Էկոգլոբ» կազմակերպությունն է լիցենզավորում այս գործընթացը: Այսինքն` նա է իրականացնում ստուգում, իսկ վերջնական արդյունքի, այսինքն` ստացված բերքի օրգանիկ լինելու վերաբերյալ տրամադրում է արտոնագիր:

-Որո՞նք են գյուղացիական տնտեսությունների պարտավորությունները տվյալ պարագայում: Խնդրում եմ նշեք նաև փորձագետների կողմից տրվող խորհրդատվության եղանակները:

-Գյուղացիները, ոռոգման, մշակման հետ կապված աշխատանքներից բացի, միաժամանակ պարտավոր են տարածքը մաքուր և մոլախոտերից զերծ պահել: «Թամարա ֆրութ» ընկերությունն ունի փորձագետներ, ովքեր տարվա ընթացքում մի քանի անգամ այցելում են այգիներ, տեղում ծանոթանում աշխատանքներին: Խորհրդատվությունից, սեմինարների անցկացումից բացի, նրանք վերահսկում են գործընթացը, պարզելու, թե արդյոք գյուղացին ճի՞շտ և ժամանակի՞ն է կատարում նախատեսված աշխատանքները: Եթե որոշ դեպքերում այգում բույսերի անկում է նկատվում, ապա այդ բացը արագորեն լրացվում է: Նշեմ նաև որ հատապտուղները մշակվում են լարային տարբերակով, ինչպես խաղողի այգիներում: Ասեմ նաև, որ վերոհիշյալ մշակաբույսերը փշոտ չեն, ինչը հեշտացնում է բերքահավաքի գործընթացը:

-Ե՞րբ է նախատեսվել առաջին բերքահավաքը, և ինչքա՞ն է 1 հա-ից ստացվելիք բերքի ակնկալիքը:

-Առաջին բերքահավաքը նախատեսվել է 2012 թվականին, քանի որ հիմնված այգին բերք է տալիս 3 տարի հետո միայն: «Թամարա ֆրութը» պարտավորվել է ստացված բերքը ձեռք բերել տվյալ ժամանակին համապատասխան` շուկայական գների սահմաններում: Ստացված բերքի մի մասն ընկերությունը կիրացնի Հայաստանում, մյուս մասը` այլ երկրներում` օրգանիկ պիտակով, քանի որ աշխարհի բազմաթիվ երկրներում այսօր տվյալ մթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա:

Նշեմ նաև, որ ծրագրով նախատեսված է, որ բերքատվության առաջին տարում 1 հա-ից պետք է ապահովվի մինչև 4 տոննա բերք, հաջորդ տարում` մինչև 8 տոննա, երրորդում` մինչև 12 տոննա բերք:

-Նոր այգիների հիմնման գործընթացն ընթացիկ տարում շարունակվելո՞ւ է:

-Իհարկե: Այս տարի նույնպես գյուղացիական տնտեսությունների հետ նոր պայմանագրերի կնքման գործընթացը կշարունակվի: Հատկապես նշեմ, որ եթե ծրագրի սկզբնական փուլում ընկերությունը բարձրորակ տնկիներ էր ներկրում տարբեր երկրներից, ապա այսօր «Թամարա ֆրութը» Կոտայքի մարզում հիմնել է համապատասխան տնկարան: Այսինքն` ներկրելու անհրաժեշտությունն արդեն բացառվում է:

-Հնարավո՞ր է Հայաստանում օրգանիկ գյուղատնտեսությունը զարգացնել:

-Այո, հնարավոր է: Հայաստանում այսօր բարձրլեռնային շրջաններում կան այնպիսի հողեր, որոնք կուսական, նույնիսկ կարելի է ասել` իդեալական վիճակում են, և որոնց ճիշտ մշակման դեպքում կարող ենք հանրապետության գյուղատնտեսության զարգացման ընթացքն ապահովել: Նշված տեղանքներում մեր երկրի բնակլիմայական պայմանները հնարավորություն կտան նաև օրգանիկ մշակաբույսերից բարձր արդյունք ստանալ: Այս պարագայում պետք է աչքի առաջ ունենանք նաև զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրների մոտեցումներն ու տարածված փորձը, որոնք պետք է անհրաժեշտաբար ծանոթացնել, ուսուցանել այսօրվա գյուղացուն` միաժամանակ օգնելով նրան հետագա աշխատանքների ճիշտ կազմակերպման գործում: Կարծում եմ, այս պարագայում կկարողանանք Հայաստանում զարգացնել օրգանիկ գյուղատնտեսությունը:


Հարցազրույցը`

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 2105

Մեկնաբանություններ