Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ոչ «ադեկվատ» իրավիճակում՝ ոչ «ադեկվատ» քայլեր...

Ոչ «ադեկվատ» իրավիճակում՝  ոչ «ադեկվատ» քայլեր...
17.06.2008 | 00:00

Կարելի էր առանձնապես բանի տեղ չդնել ուրբաթ երեկո տեղի ունեցած ՀՀԿ գործկոմի նիստը, մանավանդ որ լայն հանրության համար ապահովված շոուի` Հովիկ Աբրահամյանի ապագայի հարցն այնտեղ քննարկվել է տասնհինգ-քսան վայրկյան, բայց քանի որ ՀՀԿ սինոդի հավաքը Պրեսկոտի ու Կոլոմբիեի հայաստանյան մոնիտորինգի, ընդդիմության հունիսի քսանի միտինգի, ԵԽԽՎ նստաշրջանի, Սերժ Սարգսյանի` Ռուսաստան, ապա` Ֆրանսիա կատարելիք այցերի նախօրյակին էր, պետք էր կարծել, որ այն որոշակի և առանցքային նպատակներ էր հետապնդում:

Ճիշտ է, ՀՀԿ գործկոմի աշխատանքները, ինչպես մեզ հետ զրուցող գործկոմիստներն էին վկայում, ՀՅԴ ԳՄ-ի օրակարգային հարցերի պես փակ-գաղտնի են, բայց դե իրենք իրենց գործին են, մենք` մեր:

Այսպիսով, քննարկման է դրված եղել երեք հարց. Սերժ Սարգսյանի սպասվող այցը Ռուսաստան, կուսակցության «աշխատանքային առօրյան» և, վերջապես, թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ ներկայացուցչի առաջադրումը:

ա) Սերժ Սարգսյանի` հունիսի վերջին սպասվող ռուսաստանյան այց: Նախ` խնդրի քաղաքական հենքի մասին. վերջին շրջանում կրկին միայնակ խաղացող Սերժ Սարգսյանը բավականին մանրամասն է անդրադարձել դրան, ներկայացրել է Մեդվեդևի հետ սանկտ-պետերբուրգյան վերջին հանդիպման «մանրամասները» ևս:

Հարց. Ինչո՞ւ մեկ էլ ու «չխոսկան» Սերժ Սարգսյանը սկսեց այդպես «մանրամասնորեն սիրել» ՀՀԿ-ն և, իհարկե, Ռուսաստանը: Պատասխան. Բացելով այցի որոշակի փակագծեր, նա` ա) փորձել է «դուխ տալ» իր թիմին, բ) հասկացնել, որ դրսի աշխարհն իր հետ հաշվի է նստում, գ) հասկացնել` «տակից» փախչել չկա, եթե անգամ ինքը սեփական կուսակիցների նկատմամբ մասնակի կոշտ միջոցներ սկսի կիրառել. դ) համ էլ՝ փախչելու տեղ էլ չկա (այս մասին քիչ ներքևում), ե) ցուցանել` լիովին վերահսկում է իրավիճակը:

Մեդվեդևի հետ վերջին հանդիպումը Սերժ Սարգսյանը գնահատել է բավականին «կոնստրուկտիվ, ստացված», կարևոր մի շարք հարցերի շուրջ` ապագա բանակցությունների պայմանավորվածություններով «հագեցած»:

«Հագեցածն» էլ, ըստ առաջիկա այցի մանրամասների, նախ և առաջ վերաբերել է գազի ապագա գներին. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հարցում ևս հինգ տարի զիջումների գնալ. այստեղ Սերժ Սարգսյանը մի քիչ տնտեսական էքսկուրս է կատարել, որի «ավտոբուսի ակուշկից» պարզ է դարձել՝ չնայած այն հանգամանքին, որ հայաստանյան տրանսպորտային ծախսերը, ճիշտ է, մեծ են, այնուհանդերձ, գազի ցածր գները հնարավորություն են տալու այն հավասարակշռել, և հարևանների նկատմամբ հայաստանյան բիզնեսի մրցունակությունն ապահովել: Որ դրան էլ ավելացնենք օլիմպիական Սոչիին` Հայաստանից մատակարարվող «շինանյութի պայմանագրերը», ապա` էլ ի՞նչ ԵԽԽՎ, էլ ի՞նչ Պրեսկոտ ու Կոլոմբիե...

Ներկայացվել է Ռուսաստանին վերաբերող մեր հաջորդ գերակայությունը ևս` ռազմական. չէ, գրագետ ձևակերպենք. ՀԱՊԿ համագործակցության խնդիրը հաջորդն է եղել այցի մանրամասների «ներկայացման մեջ»:

բ) Կուսակցական «առաջադրանքներ». պայմանականորեն այսպես անվանենք գործկոմում քննարկված հաջորդ հարցը: Այն, ի դեպ, ամենահետաքրքիրն է: Անդրադարձ է եղել կուսակցության բացթողումներին, թերություններին: Գործկոմականներն ընդհանրապես սակավախոս էին, սակայն «բացթողումներ, առաջադրանքներ» տերմինոլոգիան արդեն իսկ հասկանալի էր դարձնում, որ Սերժ Սարգսյանը դիվանագիտորեն ասել է` ամենքը պետք է զբաղվեն իրենց գործով, իմանան` դատաստանը սկսվելու է սեփական տնից, անկանոն շարժումներ պետք չէ անել:

Հայաստանյան իրավիճակը շտկելու ռացիոնալ ձևը, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը տեսնում է ոչ թե շոկային, այլ փուլային թերապիայի` էվոլուցիոն փոփոխությունների մեջ: Սրա հետ մենք, իհարկե, համաձայն չենք, որովհետև Հայաստանն այսօր գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, և այդ ուղղությամբ քայլերը պետք է լինեն նույնքան ոչ ադեկվատ, արմատական, ինչում Սերժ Սարգսյանն ահավոր ուշանում է, նաև` զգուշանում, բայց քանի որ մեզ ոչ մեկը չի հարցնում, շարունակենք գործկոմի նյութագրությունը:

Չնայած կներեք. իսկ ինչո՞ւ չեք հարցնում, որ մենք էլ ասենք` գլոբալ սկզբունքն այսօր աշխարհում, առավել, քան երբևէ, մտածողության փոփոխության, մտքի ուժի վրա է հենված. հին աշխարհը վերջապես հասկացել է ամենատարրական ճշմարտությունը` ի սկզբանե էր միտքը։ Եվ իր ողջ քաղաքականությունը, տնտեսությունը, ինովացիան կառուցում է այլևս սրա վրա: ՈՒ թե Սերժ Սարգսյանը ցանկանում է բանի հասնել, պետք է կարողանա խառնշտորել ինքն իրեն, իր ներսը, ինչպես խառնշտորեց Աստված Հայաստանը, դուրս նետել-քանդել իներցիոն, ավանդապաշտ մտածողությունն ու երիտասարդացնել մտածողությունը. այլ ելք նա չունի, եթե ցանկանում է նախագահել:

Ի՞նչ է, կարծում եք՝ հենց էնպե՞ս է աշխարհը, և նույնիսկ Պուտին Վլադիմիր Վլադիմիրովիչ հետախույզը իրենից «բարձրացել»-ընտրել Մեդվեդևին. ԱՄՆ-ն էլ` երիտասարդ աֆրոամերիկացի, երիտասարդ Օբամային: Բանաձևը մեկն է` կարողանալ որսալ պրոցեսը (սա Սերժ Սարգսյանն արել է. Տիգրան Սարգսյանի նշանակումը կարծես նման մի բան է), իսկ որ ամենակարևորն է` կարողանալ բռնած տեմպը շարունակել, կիրառել բոլոր ոլորտների, այդ թվում և ընդդիմության հետ փոխհարաբերությունների հարցում. այստեղ արդեն Ս. Սարգսյանը պարտվում է, և պարտվում է արագ տեմպերով (ինչո՞ւ` կանդրադառնանք առաջիկայում):

Առայժմ դեռ գործկոմի նիստ «հրավիրենք»: Այսպիսով, Սերժ Սարգսյանն ամենքին իր գործն անելու, իր տեղում լինելու հանձնարարական է տվել: Ի դեպ, առանձնապես ճշմարտությունից հեռու չեն օրերս մամուլում տեղ գտած տեսակետները, որ Ս. Սարգսյանը հարկային դաշտ է բերելու «ոմանց», այդ թվում և ՀՀԿ-ի հայերեն վատ խոսողներին: Տեսակետ կա, որ նույնիսկ Սաշիկ Սարգսյանն է հրաժարվելու իր մանդատից, գնալու իր գործին. նրան, ի դեպ, կմիանան այլ «վատախոս» մանդատավորներ. էվոլյուցիոնաբար փորձում են մաքրել պառլամենտը:

Նպատակը շատ պարզ է, և որքան էլ պարադոքսալ, այն նախ և առաջ ու կրկին` կապ ունի «ռուսաստանյան զարգացումների» հետ. հիշենք, ամիսներ առաջ նեղ շրջանակում, հայաստանյան լիբերալ-հայրերից մեկի հետ խոսակցությունում Մեդվեդևը հստակ ասել է` Հայաստանում այսօր իր համար «նեպոնյատնի լյուդի» են` նկատի ունենալով Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, նախ և առաջ` նրանց «տնտեսավարելու» ձևերը: ՈՒ հիմա, գնալով օլիգարխիկ համակարգի էվոլյուցիոն փոփոխության, Սերժը փորձում է համակարգային կրեդոն քանդել, օլիգարխիկ բեռնաթափում իրականացնել, որպեսզի դառնա «հասկանալի մարդ» թե՛ «նապարնիկ» Մեդվեդևի համար, թե՛ Հայաստանի, թե Արևմուտքի:

Ի դեպ, եթե այս բեռնաթափումը «օրթախ ախպեր» (իրականում` «թագավոր ախպեր») Գագիկ Ծառուկյանին բերի հավասար դաշտ, ապա Քոչարյանին նույնպես բերելու է. սրա համար է Քոչարյանն իր բիզնես-մասը վերցրել Ծառուկյանից, մտածելով` Սերժը չի համարձակվի իրեն «կպնել»: Իսկ մենք մտածում ենք ճիշտ հակառակը. սեփական թիմակիցների «բացթողումների, թերությունների» ցուցանմամբ Սերժը հնարավորություն է ստանում հասնելու նաև Քոչարյանին ու նրա որդու տնտեսական-բջջային-էներգետիկ և այլ «գետիկ» ակտիվներին:

Հասա՜նք Հովհաննես Աբրահամյանին:

գ) Նիստի այս հարցի քննարկումն ունի «և դարից` երկար ձգվող» պատմություն: Ըստ Հովհաննես Ա-ի մերձակայքության կոնֆիգուրացիան հետևյալն է. Ալիկ Սարգսյանը դառնում է ՀՀ ոստիկանապետ. Ջոնիկ Ա-ն` մարզպետ, Հովիկ Ա-ն` պատգամավոր-ԱԺ նախագահ, Կարեն Կարապետյանը գնում է նախագահի աշխատակազմի ղեկավար, Հրանուշ Հակոբյանը ղեկավարում է ՀՀԿ ֆրակցիան, Հրանուշի տեղակալը դառնում է կրթության, առողջապահության ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ… երկնքից երեք խնձոր է ընկնում, ու բոլորն էլ` Աբրահամյաններին:

Բայց նաև չի բացառվում, որ մի առավոտ Հ. Աբրահամյանը զարթնի ու տեսնի, որ այդ ամենն արդեն գրել է Ա. Ս. Պուշկինը` կոտրած տաշտակի մասով: Հովհաննես Ա-ի ռեինկարանացիան ԱԺ նախագահի պոստում, ըստ լավատեղյակների, դժվար կայանա: Նրա վազքը «կտևի» մինչև ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարի պաշտոն, որովհետև Սերժ Սարգսյանը ցանկանում է Կարեն Կարապետյանին տեսնել իր աշխատակազմի ղեկավար: Համ էլ որ` Հովիկ Աբրահամյանն ամենևին իրեն լավ չի զգում նախագահականում:

Բոլոր դեպքերում Սերժ Սարգսյանը չի ցանկանում իր երբեմնի շտաբի պետին նեղացնել, և հնարավորինս բավարարում է նրա ամբիցիաները: Այդ ցանկում են Ալիկ Սարգսյանի, Արարատի նոր մարզպետի (նոր մարզպետը Հ. Աբրահամյանի սանիկն է), նախագահի վերահսկողության պետի նշանակումները: Ընդամենն այսքանը:

Այնուհանդերձ, «Հովհաննես Ա-ն և շրջակայքը» չեն նահանջում, ինչին էլ նախագահականում շատ հանգիստ ու հումորով են վերաբերվում. վերամարմնավորվելու, ԱԺ քղամիդ զգենալու համար Հովիկ Աբրահամյանին փշե պսակները ևս չեն պակասում:

Նախ` նա դեռ պետք է ընտրվի: Ասին. «Դեռևս և ընդամենն առաջադրվել է, կաջակցենք, որ ընտրվի, եթե չի ընտրվի, ոչինչ, իր տեղն ունի, հետ կգա նախագահական» (?):

Այո, ընտրվելու գործընթացը Հ. Աբրահամյանի համար ամենևին էլ անամպ չէ: Բանն այն է, որ թիվ 17 ընտրատարածքում կրկին առաջադրվել է ոչ անհայտ Գրիշա Վիրաբյանը, որը վերջին տարիներին պտտվում է ոչ միայն Աբրահամյաններին վերաբերող աքսեսուարներով, այլև ՀՀԿ-ի ներկա խորհրդի անդամները` ոչ պաշտոնյա, ընդդիմադիր, այսպես ասած Վազգեն Սարգսյանի թևը, նրան բավականին լուրջ աջակցում է այդ մարզում. նախագահական ընտրություններին նրանք բոլորը նույնքան լուրջ սատարում ու գործ էին անում Տեր-Պետրոսյանի համար: ՈՒ եթե ընդդիմությունը վերջնականապես որոշի, որ Վիրաբյանին է աջակցելու, համ էլ` «սդաչի» է տալու Ջոնիկի «բալին», ապա Հ. Աբրահամյանին առանձնապես լավ օրեր չեն սպասում:

Ապաև, իշխանական և ՀՀԿ-ական վերնախավում նույնպես ամեն ինչ միանշանակ չէ: Դե, չէ, մոռացեք երկրորդ սերնդի բարեփոխումների մասին: Խնդիրն այլ է. նախ ինքը` Թորոսյան Տիգրանը ևս միայնակ չէ. ՀՀԿ սինոդը, այս դեպքում էլ՝ Անդրանիկ Մարգարյանի թևը ահավոր հակահարվածի է պատրաստվում:

Ի դեպ, երկրորդ սերնդի մասով. հիշենք, որ Տ. Սարգսյանին վարչապետ նշանակելու մտադրության մասին Սերժ Սարգսյանն առաջինը գործկոմի անդամներին էր տեղեկացրել: Եվ ուրեմն` գործկոմի նիստի հաջորդ օրը «դելեգացիա» է ուղարկվել Սերժ Սարգսյանի մոտ` Տիգրան Սարգսյանի «այիբները» խոշորացույցի տակ ներկայացնելու համար: Ով է ուղարկել` չասենք: Բայց դա ամենևին դուր չի եկել թե՛ Ս. Սարգսյանին, թե՛ Տ. Սարգսյանին:

Հբը՜ (նկատի չունենք համաշխարհային բանկը, այլ` «հբը կյանքս ընչի անցավ» հարցադրումն ենք կատարում):

Բոլոր դեպքերում, ԱԺ նախագահի «փոփոխականության» այս ողջ էպոպեայի, հարայհրոցի մեջ առանձնապես լրջություն չկա. նման բաները նման ձևով չեն արվում. հիշենք, որ մինչև վերջին վայրկյանը չէր ասվում, ու ոչ մեկը ոչ մեկի աչքերի մեջ չէր նայում առ այն, որ վարչապետ է դառնալու Տիգրան Սարգսյանը:

«Նիստում ընդամենը Աբրահամյանի թեկնածությունն առաջադրվեց, ոչ մի խոսք` նրա ապագայի մասին»` ասին. էստեղ պաուզան ձգենք ու հարցնենք. իսկ ո՞նց էին «զմիմյանս» վերաբերվում Հովհաննես Ա-ն ու Տիգրան Թ-ն: «Շատ սովորական` քաղաքավարի, նորմալ, զուսպ.. հո իրար եսիմ ի՞նչ չէին անելու»:

Հա, էլի՜:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7574

Մեկնաբանություններ