Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Չունենք ռազմավարական զրահ ու կանխարգելիչ պատվար

Չունենք ռազմավարական  զրահ ու կանխարգելիչ պատվար
13.04.2012 | 00:00

Հայաստանի և հայության շուրջ ստեղծվել է ուշագրավ ու մտահոգիչ մի իրավիճակ: Խնդիրն այն է, որ հայոց քաղաքակրթության նավը խորտակվում է, և մենք պետք է փրկենք այն կործանումից: Բայց այս իրողությունը խորապես գիտակցելու և ընկալելու բան է: Ընդ որում, սա բնավ էլ չափազանցություն չէ:

Մի պահ սա կարող է թվալ ֆանտաստիկայի ոլորտից վերցված միտք, բայց աjն դաժան փաստ է և զուտ ճշմարտություն: Այժմ ակնբախ է, որ հայության դեմ համընդգրկուն հարձակում է իրականացվում բոլոր ուղղություններով և բոլոր ոլորտներում: Անպատկառ և սանձարձակ եղանակով յուրացվում է հայոց քաղաքակրթությունը` պատմությունը, մշակույթը, գենոտիպը, խոհանոցը և այլն, ինչպես նաև արարչագործության ու համաշխարհային քաղաքակրթության բնօրրան Հայկական լեռնաշխարհը:

Պատմական մեր տարածքները նպատակասլաց ու համակարգված ծրագրով մաքրվում են հայկական բոլոր հետքերից: Խոսքը եկեղեցիների, արձանագրությունների, նյութական ու հոգևոր արժեքների մասին է, ինչն ստացել է աղետալի չափեր ու ընդգրկում: Դրա առավել բնորոշ դրսևորումը Նախիջևանի ¥ավելի ստույգ` Նախճավան¤ Հին Ջուղայի խաչքարերի և Ագուլիսի վանքային համալիրների իսպառ ոչնչացումն էր, ինչը մենք ընդունեցինք հեզ կրավորականությամբ ու բութ անտարբերությամբ:

Այս երևույթն իր ամբողջ ատրիբուտիկայով պարզապես քաղաքակրթական պատերազմ է, որը կենաց և մահու անզիջում գոտեմարտ է: Իսկ ամենահետաքրքիրն այս գործում այն է, որ մեր դեմ սանձազերծված նմանօրինակ դիմակայությունը ղեկավարում է ուղեղային մեկ ընդհանուր կենտրոն: Հայոց մշակույթի ոչնչացումը Թուրքիայում, Ադրբեջանում և Վրաստանում երևան է հանում տիպաբանական նույն գծերն ու օրինաչափությունները: Եվ այս կայուն առանձնահատկությունը հատկապես վտանգավոր է մեզ համար, քանի որ գործ ունենք լուրջ և հզոր ուժի հետ:

Իսկ մենք, ցավոք, այսօր բոլորովին չենք զգում վիճակի ողջ վտանգավորությունը և մարտահրավերների լրջությունը: Չկա խելամիտ, կշռադատված ու հեռագնա համապարփակ ծրագիր, որն ամրագրեր քայլերի տրամաբանական հերթականությունը և նշեր ակնկալվող արդյունքները: Ի վերջո, չունենք ռազմավարական զրահ ու կանխարգելիչ պատվար: Հետաքրքիր է, ինչի՞ վրա ենք մեր հույսը դրել` թշնամիների գթասրտությա՞ն, պարկեշտությա՞ն, թե՞ ներողամտության: Բայց չէ՞ որ սա իրականության չընկալման վտանգավոր կացություն է:

Վրացական շրջանակները գործում են բավականին խելամիտ, հավասարակշռված և նպատակամետ: Օրինակ, վերջերս Վրաստանի հանրային առաջին հեռուստաընկերությունը կարողացավ իրագործել խորամանկ մի նախագիծ: Վրացիները, օգտվելով Հայաստանի հանրային առաջին հեռուստաընկերության աշխատակիցների միամիտ պահվածքից, կազմակերպեցին էստրադային երգի փառատոն` «բարեկամության և սիրո» անզուսպ դրսևորումներով: Նպատակն այն էր, որ հերթական անգամ բթացնեն մեր զգոնությունը և հասցնեն յուրացնել հայոց քաղաքակրթության մյուս «համադամ պատառները»: Խոսքը հայկական կարասի, գինեգործության, խաղողագործության և մեղվաբուծության մասին է: Տեղին է նշել, որ մեր մասնագետները ևս մեղքի իրենց բաժինն ունեն. հնագետներից մեկը եթերով ուղղակի ասում է, որ կարասը ազգային պատկանելություն չունի: Մի՞թե սա ազգային դավաճանություն չէ:

Քաղաքակրթական յուրացումների անհագուրդ ախորժակ ունեն մեր դրացիները: Այսպես, վրացական իշխանությունները մի քանի տարի առաջ պաշտոնապես դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մտադրություն ունեն գրանցելու Վրաստանը որպես խաղողագործության ու գինեգործության օրրան: Նրանք համոզված պնդում են, որ այդ մշակույթն ունի 8 հազար տարվա պատմություն: Չմոռանանք, որ Վրաստանի պատմությունն ամբողջովին զարգացել է հայոց մեծ քաղաքակրթության հարատև և մշտական ազդեցության դաշտում: Օրինակ, Կախեթիան հայկական գինեգործության կարևոր օջախներից մեկն է. այդ մասին են վկայում պատմական, ազգագրական, մշակութաբանական և այլ տվյալներ: Էլ չենք խոսում այն մասին, որ հնագիտական պեղումների հետևանքով ի հայտ են գալիս միայն արմենոիդ ցեղատեսակի կմախքներ:

Չստանալով ոչ մի հակահարված` նրանք զարգացնում են իրենց հաջողությունը: Հենց օրերս Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը պաշտոնական նամակով դիմել է դարձյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին` գրանցելու հայկական մշակույթի տիպիկ նմուշ կարասը որպես վրացական ազգային մշակույթի երևույթ: Վրացուն բնորոշ նախանձելի փութկոտությամբ ներկայացվել է այդ մասին պատմող վավերագրական ֆիլմ, որն ամբողջությամբ կեղծարարություն է: Նպատակն ավելի քան հասկանալի է. օրինական և իրավական ձևով ներկայացնել, քարոզել գինու արտադրությունը որպես զուտ վրացական դրսևորում: Այս մասին վրացական հանրային առաջին հեռուստատեսությամբ ¥23. 03. 2012 թ.¤ հեռարձակվել է հաղորդում, ուր հաշվետվություն է տրվել կատարված քայլերի մասին: Հանդես է եկել Վրաստանի մշակույթի նախարար Ռուրուան: Հեռուստառեպորտաժում Սիղնաղի ¥պատմական` Սղնախ¤ քաղաքում օտար զբոսաշրջիկներին կերուխումի ժամանակ հին հայկական կարասները հրամցվում են որպես վրացական: Մինչդեռ եվրոպացի հետազոտող Յ. Կեբալը այս առումով ունի ուշագրավ եզրակացություն. նա կարծում է, որ առաջին գինեգործները, հավանաբար, հին հայերն են, ովքեր Ք.ա. X-VIII հազարամյակներում, այսինքն` հինքարեդարյան ժամանակաշրջանի վերջին, վայրի խաղողից ստացել են գինի: Իսկ վերջերս հնագետները Վայոց ձորի «Արենի-1» քարանձավ-հնավայրում պեղեցին և հայտնաբերեցին գինեգործական մի ամբողջ համալիր` արտադրական իր բոլոր փուլերով, որը վերաբերում էր Ք.ա. IV հազարամյակին:

Հարձակման մյուս ուղղությունը մեղվաբուծությունն է: Lenta.ru կայքէջը տեղեկացնում է, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գ. Տորտլաձեն առաջարկում է Վրաստանը հայտարարել մեղրի հայրենիք: Ո՛չ ավելի, ո՛չ պակաս: Խնդիրն այն է, որ մեղրը հայտնաբերվել է Բորժոմի շրջանում, կավե սպասքում գտնվել է մեղր, որի տարիքը մոտ 3000 է, այն 2 հազար տարով ավելի հին է Եգիպտոսից գտնված նմուշից: Հայաստանի անունն ընդհանրապես չի հիշատակվում: Բայց չէ՞ որ մեղվաբուծությունը Հայկական լեռնաշխարհում հայտնի է վաղնջական ժամանակներից: Հավելենք նաև, որ գիտությանը ծանոթ են այդ իմաստուն միջատի զուտ ազգային տեսակները` հայկական դեղին և գորշ մեղուները, որոնք բնաշխարհիկ հնագույն ցեղախմբեր են: Եվ սա մեր մեղքն է:

Բնական և օրինաչափ հարց է ծագում. ինչո՞ւ են կողոպտում հայոց քաղաքակրթությունը: Հիմնախնդիրը շատ պարզ է և հասկանալի: Վրաստանի պաշտոնական շրջանակների ¥նաև Թուրքիայի, Ադրբեջանի և այլն¤ գործելակերպը պայմանավորված է հայկական իշխանությունների հանցավոր անտարբերությամբ: Մեզանում առկա է խոր դեգրադացիա և այլասերում կյանքի բոլոր ոլորտներում, նաև` հայոց քաղաքակրթությունն ընկալելու և պաշտպանելու գործում: Իսկ աղետալի և խիստ վտանգավոր այս իրավիճակից օգուտ են քաղում մեր թշնամիներն ու հարևանները:

Վրաստանում հաջողությամբ և մեծ արդյունավետությամբ իրականացվում է հայոց գենոտիպի և քաղաքակրթական ժառանգության ցեղասպանություն: Նախկին հայերի կամ վրացիացածների թիվն այժմ հասնում է հարյուր հազարների: Մի՞թե սա չի անհանգստացնում մեզ:

ՈՒշագրավ է այն փաստը, որ Վրաստանի խորհրդարանն օրերս ընդունել է օրենք ռազմակալված ¥օկուպացված¤ տարածքներում, այսինքն` Աբխազիայում և Հարավային Օսիայում, վրացական պատմական հուշարձանների պահպանության մասին: Բայց չէ՞ որ բուն Վրաստանում ծրագրված և անպատիժ կերպով ոչնչացվում են հայկական հուշարձանները: Մի՞թե այս ոլորտում մենք անելիք չունենք: Մեծ թերություն է այն, որ մեր իրականության մեջ բացակայում է կապը փորձագետների, մասնագետների և իշխանական կառույցների միջև, այսինքն, այդ կարևոր օղակը դատապարտված է անգործության: Իսկ մեզանում դեռևս իր ազդեցությունը պահպանած հայագիտական խորհրդային դպրոցը մեծ վնաս է հասցնում մեր գիտական և մշակութային գործունեությանը: Մեզ սպասում է լուրջ և գործնական աշխատանք հայոց քաղաքակրթության պաշտպանության գործում:

Ռուբեն ՆԱՀԱՏԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ