Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ «ադրբեջանցի» կեղծանվան տեր ժողովուրդը

Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ  «ադրբեջանցի» կեղծանվան տեր ժողովուրդը
10.04.2012 | 00:00

«Եվ հետագայում էլ պետք է հորինել այնպիսի ստեղծագործություններ, որոնք մշտապես, հետևողականորեն ապացուցեն, որ Ադրբեջանին են պատկանում այն հողերը, ուր ներկայումս տեղադրված է Հայաստանը: Մենք պիտի դա անենք: Մենք պիտի ճանապարհ բացենք մեր հետագա սերունդների համար» (Հեյդար Ալիև, «Բակինսկիյ ռաբոչիյ», 18 փետրվարի, 1999 թ.):

Ալիևի քաղաքական այս հանձնարարականը գրիչ բռնելու ունակ ադրբեջանցիներին դարձրել է պատմաբան, և ամեն մեկը ձգտում է ռեկորդակիր դառնալ պատմական նենգափոխումների ասպարեզում: Մենք ստիպված ենք հետևելու այդ մրցարշավին` ցուցադրելով նրանց զառանցանքների շրջանակներն ու քաշը:

Մենք դեռ աշակերտական տարիներից գիտեինք մեր անփոխարինելի հարևանների խոսքի արժեքը և գյուղական բեմահարթակից հաճախ էինք զվարճացնում հանդիսատեսին` արտասանելով նրանց հռչակավոր «Յալանչի չոբանն» ու մոլլաների «իմաստությունները»: Բայց երբ անցյալ դարի 50-ականների 2-րդ կեսից նրանք արդեն հաղթահարել էին իրենց տոհմացեղային մտածելակերպը և ոտք դրել որպես ժողովուրդ ձևավորման դաշտ, մի ուժգին թափով որդեգրեցին պատմաքաղաքական նենգափոխությունների քաղաքականություն, ձևավորեցին բունիաթովների մի ստվար բանակ, որոնք պետական պատվերով ամեն միջոցի դիմում են, որպեսզի ցույց տան, թե իրենք են եղել մարդկային քաղաքակրթության ստեղծողները, իրենք են Ղարաբաղից իջել միջագետք ու ծաղկեցրել շումերական քաղաքակրթությունը: Այդ բնագավառում նրանք այնքան են լպիրշացել, որ հանցանքի համարժեք է այդ ամենը չնկատելու տալը, նրանց իսկական դեմքն ու նկրտումները աշխարհին չցուցադրելը:

Եվ քանի որ իրենց պատմաքաղաքական նենգափոխումները շռնդալից թափով հասցրել են յոթերորդ երկինք, որի հետագծին հետևելն ու տեսնելն այնքան էլ հեշտ չէ, չմոլորվելու համար մենք պետք է գտնենք այն իրական հողակտորը, որից սկիզբ են առել այդ հրաշալիքները, որպեսզի կարողանանք բավարարություն տալ մեր հիացմունքին: Շտապենք ասելու, որ այդ հողակտորը հարթեցնողը կործանման եզրին հասած Պարսկաստանի փառքն ու հզորությունը վերականգնած, աշխարհի զարմանքին ու հիացմունքին արժանացած Նադիր ղուլին էր` Նադիր շահը:

Նադիրը Պարսկաստանի հյուսիսարևելյան Խորասան նահանգի ավշար ցեղին պատկանող մի թաղիքագործի որդի էր, որին հայրը ժառանգություն էր թողել ընդամենը մեկ ուղտ: Այդ ուղտով նա վառելափայտ էր վաճառում մոր ու եղբայրների ապրուստը հոգալու համար: Շուտով նա ձանձրացավ այդ աշխատանքից և դարձավ ավազակապետ, որի թալանը հիմնականում գոյանում էր Պարսկաստանը նվաճած ու թալանող աֆղաններին թալանելուց: Այդ հիմքի վրա նա Խորասանի շատ բնակավայրեր ազատագրում է աֆղանական զորքերից: Շեշտակի արագությամբ ոչ միայն ստվարացան նրա հետևորդների շարքերը, այլև նրա փառքը տարածվեց որպես ազատարարի: Շուտով աֆղան նվաճող Աշրաֆ շահից հալածական Սեֆյան վերջին տիրակալ Թահմազ շահի ծառայության մեջ է մտնում Նադիրը` դառնալով նրա զորքերի հրամանատար, որով և սկիզբ է դրվում Պարսկաստանի վերակենդանացմանը:

Անակնկալներով հագեցած այդ օրերին ավշար ցեղի հարևան մի այլ ցեղ ևս` սարուջալլի անունով, հրապարակ է հանում իր ավազակապետին` Ֆանահ Ալի անունով: Հայտնի չէ, թե իր ինչ հատկանիշների շնորհիվ է Ֆանահ Ալին արժանանում Նադիրի ուշադրությանը, որ նրան ոչ միայն ընդունում է իր հետևորդների շարքերը, այլև դարձնում է իր մունետիկը (գզիր, զառչի), իր կարգադրությունների ու հրամանների տարածողը: Բավականին ժամանակ Ֆանահ Ալին այդ պաշտոնում բարեխղճորեն կատարում է իր պարտականությունը` ակնկալելով տիրոջ բարեհաճությունն ու հովանավորությունը: Փախստական Թահմազ շահի հրամանատար Նադիրը Պարսկաստանն աֆղան նվաճողներից ազատագրելուց հետո զենքն ուղղում է Պարսկաստանի մեկ այլ թշնամու` թուրքերի դեմ, որոնք նվաճել էին Անդրկովկասը: Օգտվելով նաև Ղարաբաղի ու Զանգեզուրի հայկական զինված ուժերից` Նադիրը թուրքերին քշում է Անդրկովկասից: Միաժամանակ Նադիրի պահանջով ցարական կառավարությունը Պարսկաստանին է վերադարձնում Դերբենդն ու Բաքուն: Այսպիսով, Նադիրը Պարսկաստանին է վերադարձնում ողջ Անդրկովկասը: Այդ ժամանակ Նադիրի զորքերի մեջ էր նրա մունետիկ զառչի Ֆանահը:

Բայց այդ շեշտակի հաջողություններով Նադիրը բավարարվել չէր կարող: Նա պետք է նաև ամուր հիմքերի վրա դներ իր նվաճումների հետագա ապահովությունն ու անվտանգությունը: Նրան առանձնապես անհանգստացնում էր Ռուսաստանի հնարավոր վերադարձի սպառնալիքը: Նադիրի աչքի առաջ է Ռուսաստանը, առանց մի զինվորի կորստի, նվաճել Կասպից ծովի ափերը` մինչև Էնզելի: Նա շատ լավ գիտեր, որ ռուսներին Անդրկովկաս հրավիրողը հայերն ու վրացիներն են: Եվ ահա հեռատես պետական գործիչը արյունարբու բռնակալի դաժանությամբ դիմում է վճռական գործողությունների: Նադիրը Թբիլիսիից մինչև Շամախի ընկած տարածքից 700 հազար հայ ու վրացի գերի է տանում Պարսկաստան: Շամախի քաղաքը, որտեղ, Իսրայել Օրու վիճակագրությամբ, 100 հազար հայ էր բնակվում, այնպես ավերվեց, որ այնտեղ այլևս ապրող չլինի: Զուգահեռաբար ռուսական հնարավոր ներթափանցման դեմ մահմեդական ազգաբնակչության հզոր պատնեշ ստեղծելու քաղաքական հեռանկարով Նադիրը Խորասանից ու Պարսկաստանի այլ վայրերից թուրքախոս մի շարք քոչվոր ցեղեր մտցրեց Անդրկովկաս: Ահա ժամանակակից ազերթուրքերի առաջին մուտքը Անդրկովկաս, որ Արաքսի վրայով անցկացրել է Նադիր շահը: Հենց այդ ժամանակ էլ մունետիկ Ֆանահ Ալին Խորասանից հրավիրում է իր ավագ որդի Իբրահիմ Խալիլին, չնայած նախկինում կատարած իր թալանով ընտանիքը բարեկեցիկ վիճակում էր Խորասանում:

Որ ժամանակակից ազերթուրքերին Նադիր շահն է առաջին անգամ անցկացրել Արաքսով, վկայված է ցարական պետական, պաշտոնական փաստաթղթում` «ԿոՏջՐպվՌþ ՉսՈՊպվՌՌ ջՈ ԽՈՉՍՈջՏՎ» (հՈվՍՑ կպՑպՐոցՐչ, 1836 չ.): Այնտեղ ներկայացվում է նաև Անդրկովկասի ազգային կազմը: Անուն ունեցող ժողովուրդների` հայերի, վրացիների, թաթերի, թալիշների, լեզգիների և մյուսների շարքում ցարական վիճակագիրները արձանագրում են Մուղանցի անունով մի ժողովուրդ ևս, որը բնակվում է գյուղական վայրերում: Թ ՊպՐպՉվÿւ ՏոՌՑՈպՑՕ ՎվՏչՏ ԾցչՈվՓպՉՕ, ՍՏՑՏՐօպ տՏրպսՌսՌրՖ ՑՈՎ տՏրսպ ՐՈջՏՐպվՌÿ, տՐՌփՌվպվվՏչՏ ՌՎ ծՈՊՌՐՕ ՔՈւՏՎ» (րՑ. 45): [Գյուղերում բնակվում են մուղանցիներ, որոնց բնակեցրել էր Նադիր շահը` Մուղանը ավերելուց հետո]:

Որ ցարական վիճակագիրները սխալ տեղեկություն չեն արձանագրել, հաստատվում է այն իրողությամբ, որ ավելի քան մեկ հարյուրամյակ, սկսած Իսրայել Օրու առաքելությունից, ուշադիր հետևում էին Պարսկաստանում կատարվող ամեն մի տեղաշարժի: Այստեղ առկա է մի անխուսափելի թյուրիմացություն` իր հետագա զարգացումներով: Նադիր շահի` Անդրկովկաս մտցրած ժողովուրդն ուներ իր սեփական ինքնանվանումը` մուսուլման, և ամենուր ներկայանում էր այդ անունով: Նույնիսկ 1918 թ. Անդրկովկասի Սեյմում ՈՒսուբբաևը հանդես էր գալիս որպես մուսուլման ժողովրդի ներկայացուցիչ: Երբ 1923 թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ-ի առաջին համագումարը, ելույթ ունեցած ութ ազերթուրքերը հանդես եկան մուսուլման ինքնանվանումով (տե՛ս ԼՂՀ պետական արխիվ, ֆոնդ 460, ցուցակ 1, էջ 1-10): Այսօր էլ այդ ինքնանվանումը շրջանառության մեջ է կենցաղային մակարդակում: Մեկին հանդիմանելու համար ասում են` «բա դու մուսուլման չե՞ս»: Եվ ահա ցարական վիճակագիրները, իմանալով, որ մուսուլման անունով ժողովուրդ չի կարող լինել, նրանց կնքեցին աշխարհագրական տեղանունով` մուղանցի: Շատ հետո տեսնելով, որ նրանց լեզուն որոշակի նմանություն ունի թաթարերենի հետ, վերակնքեցին նրանց կովկասյան թաթարներ անունով: Երբ 1918 թ. հունիսին սուլթանական զորքերը Նուրի փաշայի գլխավորությամբ հասան Ելիզավետպոլ-Գանձակ, նրանք դարձան թուրք, իսկ 1935 թ. Ստալինի կնքահայրությամբ` ադրբեջանցի: Այսօր նրանք կրկնակի անունով են հանդես գալիս` ադրբեջանցի և թուրք, նայած թե տվյալ պահին որն է ձեռնտու:

Անհրաժեշտ ու անխուսափելի այս շեղումից հետո վերադառնանք ժամանակի իրադարձությունների ընթացքին, չնայած պատմական ճշմարտության վերհանումը հավասարազոր է սիզիփոսյան աշխատանքի: Մեր անփոխարինելի համշարիները իրենց հարմարեցումների ու նենգափոխումների բնագավառում այնքան են խճճվել, որ «շունը տիրոջը չի ճանաչում»: Բավարարվենք երկրորդական, քաղաքական նշանակություն չունեցող մի փաստի արձանագրմամբ: Միրզա Ջամալ Ջավանշիրը իր «Ղարաբաղի պատմությունը» գրքում արձանագրում է, որ Ֆանահ խանը 1749 թ. կառուցել է Բայաթ բերդը (տե՛ս 1959 թ., էջ 119), իսկ Ահմեդբեկ Ջավանշիրը «Ղարաբաղի խանությունը» գրքում վկայում է, թե Ֆանահը Բայաթը գրավել է Շաքիի խան Հաջի Չելեբիից` նրան քշելով Կուրի մյուս ափը (տե՛ս 1961, էջ 70):

Ահա Նադիր շահի հարթեցրած այն հողակտորը, որի վրա կանգնելով կարելի է հիացմունքով հետևել ազերթուրքերի տիեզերական թռիչքներին:

Տարեգիրները հստակ չեն արձանագրում, թե ինչ հանցանքի պատճառով է Նադիր շահի մունետիկ Ֆանահ Ալին սեփական կյանքը փրկելու համար իր 6 հանցակիցների հետ փախել շահի բանակից: Միրզա Ջամալը այն ներկայացնում է որպես մրցակիցների տարածած բամբասանքի ու զրպարտությունների արդյունք, որը կապ չունի բուն իրականության հետ, պարզապես մաքրագործում է իր իդեալի կերպարը:

Նույն աղբյուրի հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել 1737-38 թթ., երբ շահական զորքերը նվաճում էին Աֆղանստանը: Փախուստից երկու ամիս հետո հայտնի է դառնում, որ փախստականները հասել են Ղարաբաղ:

Բայց դա այն Ղարաբաղը չէ, որ այսօր շրջանառության մեջ է դրված, իսկ հայ իրականության մեջ շրջանառվում էր դեռևս 15-րդ դարից: Ղարաբաղի խանության տարեգիրները Ղարաբաղ հասկացությունից, որ համարում էին Կուր-Արաքսյան միջագետքը, առանձնացնում էին Խամսայի երկիրն իր հինգ մելիքություններով: «Սեֆյան դինաստիայի տիրապետությունից սկսած` Ղարաբաղը և հինգ հայկական օկրուգները` Դիզակ, Վարանդա, Խաչեն, Թալիշ և Ջրաբերդ, ենթարկվում էին Ելիզավետպոլի Բեկլերբեկին» (Միրզա Ջամալ, «Ղարաբաղի պատմությունը», 1959 թ., էջ 117): Ահա թե ինչու ժամանակի պաշտոնական փաստաթղթերում Ղարաբաղի խաները հիշատակվում էին Շուշիի ու Ղարաբաղի խան` Կուր-Արաքսյան միջագետք Ղարաբաղից առանձնացնելով Խամսայի երկիրը:

Շահը կարգադրում է Ադրբեջանի սարդարին ու Նախու, Շամախու, Գանձակի խաներին, որ հայտնաբերեն հանցագործներին ու ներկայացնեն իրեն: Սակայն այս կարգադրությունը ոչ միայն արդյունք չի ունենում, այլև հետապնդումներն ավելի են տարածում նրանց անունը: Հետապնդումներից խուսափելով` նրանք մերթ ապաստան են գտնում Ղարաբաղում, մերթ Շաքիի խանության Կաբալայի լեռնոտ շրջակայքում, ի վերջո անցնում լեզգիների մոտ` ամենուր զբաղվելով կողոպուտով: Սովորաբար ավազակային թալանի բաժանման ժամանակ թալանի կեսը վերցնում էր ավազակապետը, մյուս կեսը բաժանում ավազակների միջև: Տարեգիրները իրենց իդեալ հերոսին ներկայացնում են այլ լույսի տակ: Նա հումանիստաբար իրեն ենթակա ավազակներին հնարավորություն է տալիս ունեցվածքի, հարստության տեր դառնալու, որով և ստվարանում են իրեն հետևողների շարքերը:

Վերջապես, երբ 1747-ին սպանվում է Նադիր շահը, Ֆանահ Ալին, արդեն 200-ի հասնող ավազակների գլուխ անցած, լեզգիների երկրից վերադառնում է Դաշտային Ղարաբաղ, իրեն հռչակում անկախ խան ու շարունակում կողոպուտները Շաքիից, Շիրվանից մինչև Նախիջևան: Նա ցեղակից երիտասարդներից հավաքագրում է խմբեր, որոնք կողոպուտով տեր են դառնում անասունների և այլ բարիքների: Այդ ճանապարհով նա հասնում է այնպիսի հեղինակության, որ շուտով հարևան ցեղակիցները ևս` ավշար, օթուզիքի, ջևանշիր և այլն, հնազանդվում են նրան: Իր դիրքերն առավել ամրապնդելու, արտաքին հնարավոր վտանգներից պաշտպանվելու նկատառումով կառուցում է Բայաթ անունով բերդը, այնտեղ տեղավորում ընտանիքը, մերձավորներին ու աչքի ընկնող համախոհներին: Իսկ, ինչպես նշեցինք, Ահմեդբեկ Ջավանշիրի հաղորդմամբ` Ֆանահը Բայաթ բերդը խլել է Շաքիի խան Հաջի Չելեբիից` նրան քշելով Կուրի մյուս ափը: Ինքնակոչ խանի հաջողությունները թալանի բնագավառում, ինչը մեծ վնաս էր պատճառում Շաքիի ու Շիրվանի խանություններին, ստիպեց նրանց խաներին միացյալ ուժերով դուրս գալ այդ չարիքի դեմ: Սակայն Բայաթ բերդի պարիսպների մոտ տեղի ունեցած ճակատամարտում անհաջողության մատնվելով` նրանք վերադարձան իրենց խանությունները: Ճակատագրական այդ միջադեպի առնչությամբ սերունդներին են փոխանցվել երեք հոմանիշ գնահատականներ`

1. Ֆանահն առանց գրի դրամ էր, մենք եկանք նրան գիր տվինք,

2. Ֆանահը ինքնակոչ էր, մենք նրան դարձրինք խան,

3. Ֆանահը խան էր, մենք նրան դարձրինք շահ:

Այդ ճակատագրական հաջողությունից հետո Ֆանահը, իր հետագա դիրքն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, Ադրբեջանի սարդար Ամիր Ասլանի միջնորդությամբ դառնում է Պարսկաստանի գահը ժառանգած, Նադիր շահի եղբորորդի Ադիլ շահի հպատակը` նրանից ստանալով խանի տիտղոս: Այդ իրադարձությունների ընթացքում է, որ Խամսայի մելիքների դատաստանից խուսափելու համար Վարանդայի մելիք Շահնազարը կամավոր իրեն դնում է Ֆանահ խանի ենթակայության տակ, իսկ 1754 թվին էլ նրան նվիրում Շուշիի բերդը:

Ահա այս կետից էլ, երբ երեկվա ավազակապետ, արդեն շահի հպատակ խան դարձած Ֆանահը բնավորվում է Շուշիում, սկսվում է ազերթուրքերի աստեղային ժամը Ղարաբաղի խանությունում: Դա հիսնամյա մի ժամանակաշրջան էր, որի ընթացքում հայ մելիքների ու եկվոր խաների արյունոտ ու անզիջում հակամարտություններն ի վերջո ցարական կառավարությունը լուծում է եկվոր նվաճողների օգտին` նույնիսկ Ղարաբաղի մելիքներին արգելելով վերադառնալ հայրենիք, իսկ Ղարաբաղում մնացած, ռուսական զորաջոկատն անխուսափելի կորստից փրկած յուզբաշի Վանուն էլ մի կեղծ պատրվակով աքսորում Ղարաբաղից:

(շարունակելի)

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2722

Մեկնաբանություններ