Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ոսկու շուկայի տնօրենությունը պարտավորվել է մեկ ամսում իր առջև դրված բոլոր պահանջները բավարարել»

«Ոսկու շուկայի տնօրենությունը պարտավորվել է մեկ ամսում իր առջև դրված բոլոր պահանջները բավարարել»
06.02.2009 | 00:00

«ԱՅՍՕՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԹԱՔՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՎԱՔԱՐԱՐԻՆ»
Վերջին շրջանում, Մ. Խորենացու փողոցի վրա գտնվող ոսկու շուկա վարչապետի անակնկալ այցելությունից հետո, ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության գործունեությունը։ «Եթե իմ այցելությունից հետո ոսկու շուկայում միանգամից բացահայտվեց 300 չգրանցված աշխատող, բա էդ տեսուչները, որ գնում են, ո՞ւր են նայում: Համոզված եմ՝ որ շուկա էլ մտնեն, նույն պատկերն է լինելու: Էդ ստուգումներն ուղղակի ավարտվում են կաշառքով»,- կառավարությունում նախարարությունների աշխատանքի հաշվետվության ժամանակ ասել էր վարչապետը:
Ինչո՞ւ են տեսչության աշխատանքները հայտնվել կառավարության ուշադրության կենտրոնում. այս հարցով սկսվեց զրույցն աշխատանքի պետական տեսչության պետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
-Տեսչության աշխատանքները միշտ էլ եղել են հանրապետության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, անկախ նրանից` այդ մասին բարձրաձայնվե՞լ է, թե՞ ոչ։ Աշխատանքի ոլորտը ցանկացած երկրում էլ խնդրահարույց է և լի պրոբլեմներով։ Պետեկամուտների կոմիտեից հետո գործատուների հետ տարվող աշխատանքների ծավալով մենք, կարելի է ասել, երկրորդ տեղում ենք։ Աշխատաշուկայի հետ կապված՝ մեր գործառույթներն այնքան շատ են, որ աշխատանքի պետական տեսչությունը միշտ ուշադրության կենտրոնում է և՛ իր բացթողումներով, և՛ լավ ու վատ աշխատանքով։
-Ոսկու շուկայում վերջին օրերին տեսչության կատարած ուսումնասիրություններն ի՞նչ արդյունք են տվել։
-ՈՒսումնասիրությունները ոսկու շուկայում ավարտել ենք և երեք օր առաջ արդյունքները ներկայացրել ղեկավարությանը։ 12 խոշոր տոնավաճառներում էլ ենք ուսումնասիրություններ իրականացրել, սակայն ամենաանմխիթար վիճակը ոսկու շուկայում է, որտեղ նկուղներում թունավոր նյութերի հետ էին աշխատում։ Վարչապետը տվել է առկա խնդիրները լուծելու հանձնարարական։ Շուկայում վիճակը լրջորեն ուսումնասիրվել է, սակայն եթե շատ խիստ մոտենայինք, ֆինանսատնտեսական ճգնաժամի այս պայմաններում մոտ 4000 մարդ որոշակի ժամանակ կմնար առանց աշխատանքի։ Շուկայի ղեկավարության հետ համաձայնագիր է ստորագրվել, որպեսզի մեկ ամսվա ընթացքում այդ մարդկանց համար աշխատանքային պայմանները բարելավվեն` առանց աշխատանքից կտրելու։ Մեկ ամիս 4000 մարդու անաշխատանք թողնելը նշանակում է մոտ 25 հազար մարդու հացից զրկել։ Մենք այդ քայլին չգնացինք։ Ոսկու շուկայի տնօրենությունը պարտավորվել է մինչև մարտի 1-ն իրեն ներկայացված բոլոր պահանջները բավարարել և աշխատողների համար ապահովել առողջ, անվտանգ պայմաններ։ Նկուղներն արդեն իսկ քանդված են, այդտեղ ոչ մի գործունեություն չի իրականացվում։
-Հայաստանում ինչքա՞ն գրանցված գործատու կա, և տարեկան քանիսի՞ մոտ է աշխատանքի պետական տեսչությունը ստուգումներ իրականացնում։
-Պետռեգիստրի տվյալներով՝ գրանցված է 130 հազար գործատու, մենք տարեկան 3-4 հազար ստուգում ենք իրականացնում։
-Ինչպե՞ս եք ընտրում` ո՛ր կազմակերպություններում ստուգումներ անցկացնել: Օգտվո՞ւմ եք պետեկամուտների կոմիտեի ներկայացրած հաշվետվություններից:
-Հարկային մարմինների հաշվետվություններից չենք օգտվում։ Մենք ունենք մեր բազան։ Գործատուները տարին մեկ անգամ նաև մեզ մոտ են հաշվետվություն ներկայացնում։ Բացի այդ, ստանում ենք պետռեգիստրի տվյալները, համադրում ենք մեր ունեցած տվյալների հետ և ընտրություն անում։ Ընդ որում, գրանցված 130 հազարից ոչ բոլորն են աշխատում։ Ռեալ գործող 50-60 հազար ընկերություններից մեր վիճակագրության-վերլուծության բաժինն ընտրություն է անում, և հերթով ստուգումներ ենք իրականացնում հիմնարկ-ձեռնարկություններում, որպեսզի մեր տեսչական գործառույթներին մարդիկ ծանոթ լինեն։ Այդ գործառույթներին գործատուները ծանոթանում են նաև մեզ մոտ անցկացվող սեմինար-խորհրդատվությունների միջոցով։ Տարվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում իրականացնում ենք մոտ 250 սեմինար-խորհրդակցություն։ Ամեն տարի 500-600 դիմում-բողոքի ենք պատասխանում, և մեզ դիմած մարդկանց 90 տոկոսը տեսչությունից բավարարված է գնում։ Միայն 2008-ի ընթացքում 180 մլն դրամի չվճարված աշխատավարձ ենք հայտնաբերել, և այդ գումարը վճարվել է աշխատողներին։
-2008-ին որքա՞ն ստուգում է իրականացվել, և որքա՞ն տույժ է գրանցվել։
-Նախորդ տարի 3000 ստուգում է իրականացվել, 290 միլիոն դրամի տույժ է արձանագրվել ու գանձվել։
-Հիմնականում ի՞նչ խախտումներ եք հայտնաբերում, աշխատողների կողմից ի՞նչ բողոքներ են լինում։
-Մեր գործառույթներն աշխատանքային օրենսգրքի շրջանակներում են, ստուգում ենք՝ աշխատանքային օրենսգրքի ո՞ր դրույթն է խախտված։ Հիմնականում խախտումներն առնչվում են աշխատանքային պայմանագրերին, գրանցամատյաններին, անվանաքարտերին, աշխատանքային պայմաններին, աշխատավարձի չվճարմանը կամ ուշացմանը, թաքնված զբաղվածությանը և այլն։
-Մինչ այժմ տեսչությունը քանի՞ «թաքնվածի» է բերել օրինական դաշտ։
-2008-ի ընթացքում` 500, իսկ տեսչության երեք տարիների աշխատանքի արդյունքում 2500-3000 թաքնված զբաղված ենք բերել օրինական դաշտ։ Նշեմ, որ ընդամենը 100 ստուգող ունենք, մինչդեռ հանրապետությունում գրանցված է 130 հազար կազմակերպություն։ Եթե համեմատություն անեք հարկային կառույցների հետ, կտեսնեք, որ հարկայինից 15 անգամ փոքր կառույց ենք՝ 30 անգամ փոքր լիազորություններով, բայց ընդամենը երկու անգամ քիչ թաքնված զբաղված ենք հայտնաբերել։ Տոկոսային հարաբերությամբ` մեր կատարած աշխատանքը սա է։ Իհարկե, խնդիրը բաց է, սակայն 2002-2003-ի անմխիթար վիճակն այսօր չկա, երբ գործատուն մեկ հոգու ձևակերպում էր, 50-ն աշխատում էին։ Բոլոր գործատուները գիտեն, որ այդ մասով անողոք պայքար է տարվում։ Այսօր կարողանում են թաքցնել միայն հավաքարարին, որն օրվա մեջ մեկ ժամ է աշխատում։
-Որքա՞ն է տեսուչների աշխատավարձը, և ի՞նչ եք անում, որ ոլորտում բացառեք կոռուպցիոն ռիսկերը։
-Եկեք չօգտագործենք «տեսուչ» տերմինը, քանի որ մենք բոլորս այսօր քաղծառայության համակարգում ենք աշխատում, իսկ ոլորտում աշխատավարձը բավականին ցածր է՝ 60 հազարից մինչև 120 հազար դրամ։ Հսկող, վերահսկող, ստուգող ցանկացած կառույցում, որտեղ մարդը մարդու կամ խախտումների հետ գործ ունի, կոռուպցիոն ռիսկերը ոչ ոք չի բացառում։ Բայց մենք մեր ներսում այդ երևույթի դեմ պայքարում ենք։ Եղել են մարդիկ, ովքեր աշխատանքից ազատվել են զուտ այդ պատճառով։ Որքան հնարավոր է կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ աշխատանքներ տանել, տանում ենք։ Ցածր աշխատավարձի պատճառով այսօր մարդիկ չեն գալիս պետական օղակներում աշխատելու։ ՈՒստի աշխատավարձի բարձրացման հետ կապված մենք լուրջ առաջարկներ ենք արել։ Կարծում եմ՝ վերահսկող կառույցներում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը մեծ են, աշխատավարձի բարձրացումը պետք է կտրուկ լինի։
Զրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3182

Մեկնաբանություններ