Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Չկա հավերժ իշխանություն կամ ընդդիմություն»

«Չկա հավերժ իշխանություն կամ ընդդիմություն»
05.09.2008 | 00:00

«...ԱՄԵՆՈՒՐԵՔ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԽԵՂԴՈՒՄ ԷՐ»
«Ինչո՞ւ «Օրինաց երկիր» կուսակցությունը ներքաղաքական խնդիրների վերաբերյալ հազվադեպ է գնահատականներ տալիս». այս հարցով սկսեցինք մեր զրույցը ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ։
-ՕԵԿ-ը լավ էլ ակտիվ է գնահատականներ տալու առումով,- հակադարձեց պարոն Մարգարյանը։- Այսօր տարածաշրջանում առանցքային զարգացումներ են տեղի ունենում։ Հայաստանում նաև թեժ քննարկման հարց է դարձել Աբդուլլահ Գյուլի այցը։ ՕԵԿ-ը ողջունել է ՀՀ նախագահի այս հրավերը՝ կողմ լինելով հարևանների հետ հավասարակշիռ քաղաքականություն վարելուն, կարևորելով երկխոսությունը, շփումը։ Այն քաղաքականությունը, որ որդեգրել է այսօրվա իշխանությունը, մեզ համար ընդունելի է։
-Ընդունելի է նաև ներքին քաղաքակա՞ն ուղեգիծը։
-Այո։ Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրի շուրջ 90 տոկոսը ներառվել է կառավարության ռազմավարական ծրագրում։ Մենք այն քաղաքական ուժն ենք, որը մշտապես Հայաստանի ապագան կապել է Եվրամիության հետ։ Այն, ինչն այս կարճ ժամանակահատվածում իրականացրին նոր իշխանությունները, հուսադրող է։ Այդ քայլերն ամրագրված էին նաև այն ռազմավարական ծրագրում, որը կոալիցիոն ուժերը հուշագրով հաստատեցին։ Հնարավոր չէ 4-5 տարվա բարեփոխումների գործընթացն այս կարճ ժամանակահատվածում իրականացնել։
-Բայց այդ բարեփոխումները նույն կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժի կողմից իրավիճակային, ոչ համակարգային որակվեց։
-Կարծում եմ՝ բարեփոխումները համակարգային են, և պետք չէ շտապողականություն ցուցաբերել։ Գործերն ավելին արժեն, քան խոսքերը։ Գործնականում այդ բարեփոխումները կյանքի են կոչվում։ Այսօր մենք ականատես ենք կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարի։ Մինչ այժմ տեսե՞լ էինք, որ որևէ պաշտոնատար անձ, չինովնիկ կամ իրավապահ, կրթական ոլորտի աշխատակից կաշառակերության պատճառով աշխատանքից ազատվեր։ Ի՞նչ է, այսպիսի երևույթներ նախկինում չկայի՞ն։ Իհարկե, կային։ Բոլորս էլ գիտեինք, որ ամենուրեք կոռուպցիան խեղդում էր։
-Այսինքն, կոռուպցիայի դեմ պայքարը ՕԵԿ-ին գոհացնո՞ւմ է։
-Գոհ կամ դժգոհ լինելու խնդիր չկա։ Համոզված եմ, որ մեր երկրում դրական շատ փոփոխություններ են տեղի ունենում։ Այս չորս ամիսների ընթացքում կատարված բարեփոխումները պետք է դիտարկել նաև մարտի 1-ի իրողությունների ենթատեքստում։ Ներքին ծանր վիճակը, բնականաբար, խոչընդոտ է բարեփոխումների իրականացման համար։ Սրան պետք է հավելել նաև տարածաշրջանում առկա լարված իրադրությունը, քանի որ ներքին քաղաքականությունն օրգանապես շաղկապված է արտաքին քաղաքականության հետ։
-Մինչև նախագահական ընտրությունները ՕԵԿ-ը խիստ ընդդիմադիր կեցվածքով էր հանդես գալիս։ Ընտրություններից հետո բոլոր քննադատությունները մի կողմ թողնվեցին, և դարձաք իշխանության մաս։ Ո՞ր դեպքում կրկին ընդդիմություն կդառնաք։
-Անկախ այն հանգամանքից՝ ՕԵԿ-ն իշխանություն է եղել, թե ընդդիմություն, միշտ տեր է կանգնել իր որդեգրած սկզբունքներին։
-Այսօր սկզբունքի հարց չկա՞։
-Կա, ինչպե՞ս չկա։ Եվ հիմա եթե իշխանության գործելակերպում լինեն այնպիսի հարցեր, որոնք մեր սկզբունքներին դեմ են, մենք այդ ամենը կքննադատենք։ Գործընթացներն իրենց հետ բերում են համապատասխան քաղաքական մոտեցումներ։
-Արտաքին մարտահրավերներին զուգահեռ՝ Հայաստանում առկա է նաև ներքին լարվածություն։ Ընդդիմությունը պատրաստվում է աշնանը նոր թափով վերաբորբոքել համաժողովրդական շարժումը։ Այս զարգացումների վերաբերյալ ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը։
-Ընդդիմությունն ունի իր գործելաոճը և առաջնորդվում է իր ռազմավարությամբ։ Մենք այն քաղաքական ուժերից ենք, որ եղել ենք և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն։ Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ մեզանում ընտրությունների միջոցով է որոշվում, թե ո՛ր քաղաքական ուժն է լինելու ընդդիմություն, որը՝ իշխանություն։ Չկա հավերժ իշխանություն կամ ընդդիմություն։ Երկրորդեմ՝ ընտրական գործընթացի հետևանքով են այդ թևերը ձևավորվում։ Հայ ժողովուրդն իմաստուն է և հետևություններ է անում ներկա իրողություններից ելնելով։ Շատ հաճախ որոշ մարդիկ խոսում են ժողովրդի անունից, այնինչ ոչ մեկին իրավունք վերապահված չէ հանրության հավաքական կարծիքն արտահայտելու։ Արթուր Բաղդասարյանի և Սերժ Սարգսյանի ստացած քվեների արդյունքում մենք այսօր գործ ունենք 70 տոկոսից ավելի աջակիցների հետ։ Հաշվի առնելով սա՝ մենք, բնականաբար, չպետք է աչք փակենք այն փաստի առաջ, որ կան նաև դժգոհ քաղաքացիներ։ Այս հարցում կարևորում եմ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի դերը, որը լուրջ առաքելություն ունի՝ ներքին լարվածությունը լիցքաթափելու առումով։ Հանձնաժողովի եզրակացությունից հետո մարդիկ պետք է ունենան կատարվածի ճշգրիտ պատկերը։
-Այսօր դուք սպասում եք փաստահավաք խմբին, այսինքն՝ հանձնաժողովը հասել է մի փակուղու և կարիք ունի ա՞յլ ուժերի օգնության։
-Ոչ, հանձնաժողովը փակուղու չի հասել։ Կան մասնագիտական խնդիրներ։ Չմոռանանք, որ եվրահանձնաժողովի անդամների առաջարկով է այդ խումբը Հայաստան ուղարկվում։ Հուսով եմ՝ և՛ Տեր-Պետրոսյանի թիմից, և՛ խորհրդարանական ընդդիմությունից ներկայացուցիչներ կընդգրկվեն փաստահավաք խմբի մեջ։
-Այս օրերին ԱԺ նախագահի փոփոխությունը քաղաքական դաշտում քննարկվող թիվ մեկ հարցն է։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը։
-Դա նախ և առաջ հանրապետական կուսակցության որոշելիք խնդիրն է։ Եթե հանրապետականները նման որոշում կայացնեն, այն մեզ համար ընդունելի կլինի։ Ես կողմ եմ առաջընթացի, նորի, նոր մոտեցումների։ Այն փորձը, որ կուտակել է Հովիկ Աբրահամյանը, կարծում եմ, հնարավորություն է ընձեռում նրան աշխատելու այդ պաշտոնում։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4705

Մեկնաբանություններ