Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Կոալիցիան հիվանդանում, սակայն չի մեռնում

Կոալիցիան հիվանդանում, սակայն չի մեռնում
27.02.2009 | 00:00

ՋՐԲԱԺԱՆ
Մարտի մեկի հանրահավաքը առանցքային է և՛ ընդդիմության, և՛ իշխանության համար։ Երկուսն էլ հիմնավոր պատրաստվում են: Ընդդիմությունը կազմակերպչական` իշխանության ստեղծած խոչընդոտները հաղթահարելով, իշխողները` անչափ հեռվից:
Շատ իմաստուն լինել պետք չէ` հասկանալու, որ մարտի մեկը իշխանությունների համար ջրբաժան է, որից հետո կփորձեն պոկում ապահովել: Ճիշտ է, իշխանական խաղաքարտերին ընդդիմությունից առավել լուրջ վտանգ է սպառնում` տնտեսական ճգնաժամը, բայց քանի այն ողջ հասակով դեռ չի հառնել Հայաստանի առաջ, իշխանությունները փորձում են օգտվել ինտերվալից և կարգուկանոն հաստատել` ա) արտաքաղաքական վեկտորում, ուր այս պահին հարաբերական անդորր է, չի բացառվում` «հանդարտություն փոթորկից առաջ» տարբերակով, բ) հանդարտություն է նաև մերձիշխանական շրջակայքում, որն իր մեջ նույնպես քնած փոթորիկ է պարունակում:
Սակայն, բոլոր դեպքերում, Սերժ Սարգսյանին հաջողվեց կոալիցիոն խաղի վեկտորը պահել իր ձեռքում: Իսկ առաջիկա քաղաքապետական ընտրություններում, ըստ ամենայնի, ակնհայտ կդառնա, թե վեկտորալ այդ ամպլիտուդն ինչ արձանագրումներ ունի:
Եվ, այնուհանդերձ, ելնելով մերձիշխանական վերջին զարգացումներից, կարող ենք կարծել, որ առանձին-առանձին Երևանի քաղաքապետի ընտրությունների գնացող կոալիցիոնիստներին Սերժ Սարգսյանը կկանգնեցնի մազե կամրջի վրա այնպիսի պոզայով, որ վերջիններս ո՛չ առաջ, ո՛չ հետ չեն կարողանա շարժվել, որովհետև ցանկացած անկանոն շարժում անդունդ կարժենա նրանց համար:
Եվ քանի որ «մերոց կոալիցված» ուժերը սիրում են ցցի վրա նստելու գնով տաշտին մոտ լինել, պոզան իրենց դուր կգա, մանավանդ որ պոզան նաև օբյեկտիվ կլինի, որովհետև այդ ուժերը կոալիցիա կազմելով` կորցրել են ժողովրդական այն քվեն, որն ունեին նախագահական վերջին ընտրություններում:
Ասենք` ՕԵԿ-ը. վերջինս այդքան ձայն ստացավ, որովհետև հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, արտաքաղաքական որոշակի «հետաքրքրություն» էր ներկայացնում: Այսօր ՕԵԿ-ի պոպուլիզմը, ռուսական «գետնին» վրա անվտանգության-ՀԱՊԿ-յան «ինաուգուրացիաները» ոչ մեկին այլևս հետաքրքիր չեն, էլ չենք ասում, որ չեն թողնի ՕԵԿ-ը պոպուլիզվի` «աղջիկ վախտվա պես», կասեն` էս է, կեր ու սուս: Եվ ՕԵԿ-ին, այո, կմնա սիրուն-ջահել-անբախտ աչքերը հառել նախագահական «բարձրյալներին» ու փշուրներ առնել Երևանի ավագանու սեղանից:
Ինչ վերաբերում է դաշնակցությանը, ապա նախագահական վերջին ընտրություններում «հարյուր-եսիմ-քանիամյա» մեր ատամնաթափ, պոտենցիան կորցրած ծերուկն այնքան ձայներ ստացավ, որ վերջինիս թեկնածուն ստիպված էր հրաժարվել նույնիսկ ԱԺ փոխխոսնակի աթոռից: Իսկ նախագահական ընտրություններն ընթանում էին այն ժամանակ, երբ երկրում դե ֆակտո նախագահ էր, ըստ «չար լեզուների» (ասենք` Հրանտ Բագրատյանի և մնացածների)` ՀՅԴ գաղտնածածուկ անդամ Ռոբերտ Քոչարյանը: Հիմա ինչ կլինի «մեր խեղճ Յորիկի»` «եսիմքանի-հարյուրամյայի» հետ, կարելի է լոկ ցավով արձանագրել:
Եվ ընդհանրապես, թե՛ Յորիկի, թե՛ Բորիկի (նկատի ունենք ԲՀԿ-ն) և նաև` ՕԵԿ-ի դեպքում, հարգարժան և ընդառավելագույնս մեծամասնական ՀՀԿ-ն կզարկի այնպես, որ սրանք «հիշեն իրենց հոր հարսանիք», որովհետև մինչ վերջերս, իսկ առավելապես նախագահական ընտրություններից անմիջապես հետո, այդ կուսակցությունները նազ ու տուզ անելով համաձայնեցին մաս կազմել կոալիցիայի, իբր` ահագնադղորդ լավություն են անում Սերժ Սարգսյանին` «չեմ ուզում, թալ ջեբս» կոնֆիգուրացիայով նստելով տաշտի կողքին:
Հիմա ժամն է «լոտերը» հետ դարձնելու, իսկ դա, լավ գիտենք, լինում է հետևյալ կերպ. քաղաքական այդ ուժերն ընտրության օրվա (դիցուք` մայիսի 31-ի) կեսին, էլ առավել օրվա վերջում «տեսնում» են, որ «թիվ» չունեն, ու «ժամն է արդեն իրիկնահացի»` նախագահական զանգելու (հո էն անգամվա` 2003-ի պես դաշնակները հաթաթա չեն տա, թե` «ուզիլ չտենք, քիչ է, մենք գնացինք», Քոչարյանն էլ թե` «լավ, էլի, Անուշ, մի քիչ էլ մնա»), մի խոսքով` կզանգեն կոալիցիստները, նախագահականից էլ համապատասխան «այրերը» կասեն` ինչպես կլինի:
Եվ անպայմանորեն «կլինի», որովհետև կոալիցիստներին ձմեռելու տեղը ցույց տալու և ոչ կոալիցիան չքանդելու խնդիր դրված կլինի: Առայժմ:
Ցույց կտան խեցգետիններին ու` վերջ:
Գրեթե բացառում ենք այս ամենում ֆորս մաժորի հնարավորությունը, որովհետև, նախ` կոալիցիոն այդ ուժերն այլևս իրենցից ոչինչ չեն ներկայացնում, որքան էլ ԲՀԿ-ն ընդլայնվի` դառնալով 27-անդամանոց ֆրակցիա։ Ի դեպ, խեղճ ԲՀԿ-ին այս ամենը քիչ էր, մի փորձություն էլ «ներսից» կգա. Գագիկ Ծառուկյանը չի կարողանա ղեկավարել ԲՀԿ-ի համամասնական ցուցակը` Երևան քաղաքի գրանցում չունենալու պատճառով, ու հիմա անհասկանալի է, թե ինչ «բրենդի» վրա է կառուցելու ԲՀԿ-ն քաղաքապետական այդ ընտրություններում իր ապագան, որ քիչ ու միչ ձայն հավաքի:
Իսկ ՀՅԴ-ն արդեն իսկ «կատաղած» է. «նա» դեմ քվեարկեց ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի «ցածրացման» մասին օրենքի փոփոխություններին:
Ոչինչ, կմեծանա-կմոռանա: Որովհետև հարգարժան կոալիցիոներները գնալու տեղ չունեն, մանավանդ որ` «զա նիմի Մոսկվա», իսկ Մոսկվան այսօր խիստ բավարարված է «պարտնյոր» Սերժ Ազատովիչով և առանձնապես հավես չունի ամուլ արբանյակներ պտտելու:
Ի դեպ, ակցիզի մասին: Ամեն ինչ գրվեց, բացի ամենակարևորից: Ախր, էստեղ նույնպես մերձիշխանական կռիվ էր ընթանում: ՈՒ քանի որ «կռիվ-կռիվ», «մենք` թամաշա»:
Այսպես, չնայած հանգամանքին, որ մերձիշխանական շատերի պնդումին, թե խնդիրն այս դեպքում առավել առնչվում է «օբշչակին», այնուհանդերձ, ակցիզին վերաբերող ՀՀԿ-ական «նախաձեռնությունը» հետաքրքիր էր նաև նրանով, որ պայքար էր գնում իշխանական ազդեցությունների, առավել ստույգ` օլիգարխների վրա ազդեցությունների շուրջ, և խնդիր կար ցույց տալու, թե ով է երկրում վերջնական «պապան», «ա» և «բ»` ոչ մի միջանկյալ «պապա» այլևս չի հանդուրժվելու:
Հիշենք, որ ԱԺ-ն երկու ամիս առաջ կարողացել էր բարձրացնել ներմուծվող ոգելից խմիչքների ակցիզը, իսկ եթե հաշվեք, թե ովքեր շահեցին դրանից, ներքին որ արտադրողները, ապա ամբողջովին հասկանալի կլինի, որ այդ «օլիգարխներին» ԱԺ բարձր մակարդակով ասվեց, որ երկրում էլի խաղեր տվող, հարցեր լուծողներ կան:
Ոնց երևում է, բավականին ուշացումով, նախագահականի «բոսերը» գլխի են ընկել և կամ` «գլխի գցվել», որ այստեղ, բացի «օբշչակային» խնդիրներից, «քաղաքական» խնդիր ևս կա, և պետք է ԱԺ-ում եղողներին վերից վար ցուցանել, թե իշխանական բուրգում մեկընդմիշտ որտեղ են սկսել ձմեռել խեցգետինները: Մանավանդ` «Բջնին» հորով-մորով անելուց հետո։
Ճիշտ է, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ևս մեկ «պապիտկա» արվեց` տորպեդահարելու «նախագահականի» նախաձեռնությունը (բայց ամենահետաքրքիրն այս ամենում այն էր, որ նախագծի փոփոխությունները «հանձնարարված» էին ոչ ավել-ոչ պակաս` ԱԺ բարձրագույն ղեկավարության ֆավորիտներ Գալուստ Գրիգորիչին, Արմեն Աշոտյանին), սակայն արագացված ռեժիմով` առավոտյան, հանձնաժողովականները մի անգամ էլ հավաքվեցին ու միաբերան ասին` հա:
Մի խոսքով, այդով ևս մեկ անգամ բոլոր օլիգարխներին, հեռավորներին-մոտավորներին, մարտի մեկի նախաշեմին օրենսդրական այդ փոփոխություններով ասվեց` հավսա՜ր, զգա՛ստ, ուշադրությունը բացառապես դեպ նախագահական:
ՈՒրիշ ո՛չ մի տեղ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2992

Մեկնաբանություններ