Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Բրնձով հարիսա (կոալիցիայի և ընդդիմության գրկախառնության հուշագիր)

Բրնձով հարիսա (կոալիցիայի և ընդդիմության  գրկախառնության հուշագիր)
27.04.2012 | 00:00

«Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,

Մոմի լույսով խավարի մեջ համատարած

Կհալածես դու տեսիլքներ արևավառ,

Կխարխափես և խավարին չես հավատա»:

Արթուր ՄԵՍՉՅԱՆ

ԹԱՆԱՊՈՒՐԸ ԿՐԱԿԻՆ Է, ԺԱՄՆ Է ՇՈՒՐՋՊԱՐԻ

(պատմաքաղաքական նախավարժանք)

Շուրջպար, գովնդ, քոչարի: Լեռներն ու բլուրները ռիթմիկ պարաքայլում են: Մեղեդիները հորդում-հոսում են գետերի և առուների պարույրներով: Այսպես էր օրերով, դարերով, ժամերով: Կերտվում էր նաիրցին, հայը նաիրյան, տարածաշրջանի մեղրն ու մոլորակի աղը:

Կերտվում էր պետականաշինության խաչմերուկներում:

Միայն թե մեր աղը մեր իսկ սեղանին հաճախ դառնում էր կույր աղիք, մեղրը մեր` կուպր ու կապանք, կասկած և կարոտ:

Եվ այսպես էր օրերով, դարերով, ժամերով:

Այսպես էր ժամ-պատարագով:

Եվ «Հյուսիսային ազգերի մեջ վեհագույնը» պետականաշինության խաչմերուկներում շատ հաճախ վեհագույն ձախը գերադասեց աջից, աջն էլ ծառայեցրեց արջին, գայլին, բորենուն:

Սակայն բավ է տրտմենք: ՈՒ ժամն է երգիծանքի: Միայն թե լրջախոհ և համապարփակ: ¥Դոդոշներն ու կարմրախայտերը, չդիմանալով քաղաքական լարվածությանը, արձակուրդի դիմում ներկայացրին: Դիմումը բավարարված է: Միայն մեկ մեջբերում: Նրանց չափազանց կեղեքել էր վերջին օրերին այցելող միևնույն երազը: Երազում երկգլխանի զուռնա էր հայտնվում ու փչում նույն քաղգովազդը. «Մեզի ընտրեք, միայն մեզի, և մենք կերջանկացնենք հատկապես ձեզի»¤:

Իսկ գիտե՞ք, որ աշխարհացունց ցունամիից հետո Ճապոնիայում չարձանագրվեց գողության, կողոպուտի, թալանի և դիակապտության որևէ դեպք:

ՈՒշադրություն, խոր շնչում ենք: (Արտաշնչումը, ինչպես միշտ, կամավոր բնույթ է կրում):

Ճապոնիայում արմունկ արմնկի, ուս ուսի, նաև ձեռքի ափ ձեռքի ափի գործի անցնելը գենետիկ ծրագիր է: Այլ կերպ ասած, ծագող արևի երկրի նրբակազմ բնակչության մեջ կոլեկտիվիզմի չափազանց ուժեղ զգացողություն կա: Զարմանալի է, բերդպարն ու քոչարին մենք ենք երկնել, դրանցով երկինք ու գետին տակնուվրա արել, բեմեր կալնել ու դահլիճներ ոտքի հանել (այսինքն` պարտադրել, որ հոտնկայս մեզ ծափահարեն, հուզումնալից բեմ ելնեն և անգամ մի պահ հայանան), բայց և այնպես ընդհանրական շահը մեր դուռն է բախում հազար տարին մեկ անգամ: Օրինակ` Ավարայրում: Զորօրինակ Սարդարապատում և Արցախում:

Սակայն հեռանում ենք բուն ասելիքից:

Պարզվում է, որ ճապոնական միասնականության սկզբնաղբյուրը բրնձի մշակությունն է: Ա՜յ քեզ արմանք ու զարմանք: Յուրաքանչյուր «ջափըն» օրերով, դարերով, ժամերով բրինձ է մշակել միայնակ, ընդ որում, ջրաթաթախ ու կռացած:

Ընդ որում, բրինձը նրանք վայելում են մի էնպիսի տոկունությամբ, որ ասես սրտի վիրահատություն են կատարում կամ էլ նախընտրական խարդախության ծրագիր կազմում, ինչպես մենք:

Սակայն պարզվում է, որ բրինձը մշակելիս հավաքվել են իրար գլխի համայնքներով, օգնել միմյանց` բերքը ամբար հասցնելու: Պարզվում է նաև, որ վերոնշյալ միասնականության հիմքում կարեկցանքն է: Եվ բնավ չես զարմանում տեղեկանալով, որ Ճապոնիայում աշխարհակործան աղետների պահին դիակապտությամբ և մյուս պախարակելի արարքներով աչքի են ընկնում հիմնականում Հարավ-արևելյան Ասիայից տարագրված պանդուխտները:

ՈՒշագրավ է նաև հետևյալ հանգամանքը. բնական վերջին աղետների պատճառած վնասը շուրջ 350 մլրդ դոլար է: Ահռելի գումար անգամ Ճապոնիա պետության համար: Եվ ահա երկրում կատարվում է եկամուտների վերաբաշխում, «սոցիալական» հարկ, որը փոխանցվում է աղետից խաթարված շրջաններին աղետից խուսափած շրջանների տնտեսավարողներից: Կամավոր հիմունքներով։

Ճապոնացիները նաև բնապաշտ են: Նրանք համոզված են, որ բնությունը կարող է վրեժ լուծել, երբ մարդն անգութ է վերաբերվում բնաշխարհին:

ԲՐՆՁԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Գուցե մեր խաղողի, ծիրանի և մյուս մրգային ու բանջարեղենային կուլտուրաները մի կողմ դնենք և զբաղվենք բրնձի մշակությա՞մբ: Գուցե: Քանզի, ինչպես ժամանակն է ապացուցել, մեր խառնվածքում վաղուց է որոմը իշխանություն հաստատել, «ես»-ակենտրոն որոմը: ՈՒ կարելի է կարծել, թե դարեդար, յուրաքանչյուրս մեր բոստանում ու արտում, այգում և հնձանում, սուփրայի գլխին և, առհասարակ, ամենուր գործել ենք մենապարի սկզբունքով: Այսինքն` ինքնաբավ առանձնության մեջ խաղող ենք կերտել և գինի կոհակել: Այնուհետև շնչել-արտաշնչել ենք և անցել դդմին: Իսկ չէ՞ որ դդումը «հոգին ավանդում է» առք ու փառքով, դառնալով ղափամա, բուն հայկական ու անմահական մի ուտեստ:

«ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆ Է»

(երբ դարձի եկան գրպանահատները)

Մեր ինքնաբավ անկախության արշալույսին շուրջպարն ու քոչարին էին թնդում: Մենք աշխարհին հայտնի դարձանք որպես մի զարմանահրաշ ժողովուրդ, աննախադեպ իր հավաքական վարքով: «ԼԼ» երիտասարդ ընթերցողը, անշուշտ, կընկնի ինքնամոռաց հիացմունքի մեջ (դեպքից դեպք նման բան կարելի է, անգամ առողջարար է)` տեղեկանալով, որ համազգային զարթոնքի օրերին («Ղարաբաղը մերն է», «Լենին-պարտիա-Գորբաչով, Ստալին-Բերիա-Լիգաչով», «Մի՛-ա՛-ցո՛ւմ» կոչերն էին թնդում) երթերում և հանրահավաքներում ողջ երկիրն էր, մի քանի հարյուր հազար քաղաքացի, բայց և այնպես չկոտրվեց ոչ մի ապակի, չկտրվեց ոչ մի գրպան, չկողոպտվեց որևէ բնակարան, չթալանվեց անտերունչ խանութ կամ սակարան:

Գործադուլի մեջ էր հայ խորհրդային ժողովուրդը:

Եվ համաշխարհային պատմությունն արձանագրեց ապշեցուցիչ մի եղելություն։ Համազգային գործադուլին միացավ քրեական աշխարհը, հայոց քրեականները, արմատապես խախտելով հանցագործ աշխարհի սահմանադրությունը, հայտարարեցին իրենց գործադուլը: ՈՒ միացան Շարժմանը։ Այո՜։


Իհարկե, դեպքերի ապշեցուցիչ զարգացումները ¥գուցե նաև զարթոնքի խումհարային էյֆորիան) շրջադարձեցին ոտն ի գլուխ վարքն ու բարքը մեր: ՈՒ գլուխը փոխարինեց ոտքերին, իսկ ոտնաթաթերը, հասկանալի է, գլխին: Հարթակի քաղաքականները մինչև թոքերի խորխորատները ներքաշեցին զարթոնքի էյֆորիան ու քրեականացան: Գործադուլի ելած քրեական աշխարհը, բնավ չկամենալով հայտնվել ճոխ սեղանին, հայտնվեց աղքատ ազգականի դերում, մասնագիտական հնարագիտությամբ ծանրութեթև արեց իրավիճակն ու քաղաքականացվեց:

Այսպիսով` մենապարից մերկապար, մերկապարից էլ պորտապար:

Այսպիսով` առակը այս ցուցանեց. թեպետ և մենք բրինձ չենք մշակել ու կղզիաբնակներ չենք, սակայն ազգային գիտակցության և բարոյականության տեսանկյունից Երկիր մոլորակի պորտալարերից ենք: Միայն թե, ի տարբերություն «ջափընների», մեր պորտալարը հաճախ պորտապար է բռնում:

Այս օրերին մեկնարկեց «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» փառահեղ ծրագիրը: Հետևենք:

ԳՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ

(պորտապարի գերագույն գալարը)

Հանրապետությունում շուրջ երկու հարյուր արձակագիր և բանաստեղծ կա: Մեծարենք նրանց «գրող» պատվատիտղոսով: Եվ զատենք նրանց մրողներից, գրչակներից և այլ գրականամերձ խաժամուժից: ՈՒ փորձենք զուգահեռ քաշել օրեր առաջ մեկնարկած գրքային տոնահանդեսի և հայ գրողի կեցության միջև: Զուգահեռը կբեկվի կես ճանապարհից: Զի հայ գրողն այսօր բառացիորեն գոյատևում է կապանքված ազատության ու անկախության բիրտ կաղապարներում: Եվ անկախ մեր օրերում կուզես մոմ առ ձեռքդ, կուզես լուսարձակ, միևնույն է, չես գտնի թեկուզ մեկ գրող, ով արհեստավարժ է իր գործում, այսինքն` արևածագը դիմավորում է ճերմակ թղթի մաքրամաքուր կանչի հետ, օրն էլ ավարտում` ստեղծագործական խոնջանքը հոգում: Եվ իր գրական տառապանքով վաստակում հացը հանապազօր։

Գուցե սա՞ ընդունենք չափանիշ և փորձենք առաջիկա տոնական տարվա միջօրեներում Պատրիկյանի ստվերը վանել հանրապետության սահմաններից դուրս: Թե չէ եթե գրող ես ու չես ծառայում որևէ վայրում և այնքան «շնորհալի» չես, որ այս ու այն գրական փերեզակի նետած թերմացքով սնվես, ապա դատապարտված ես: Դատապարտված սեփական երկրում: ՈՒ թիրախ ես վայրահաչող դեղնաժանգ գրչակների համար:

Այնինչ փառահեղ էր տոնահանդեսի մեկնարկը: Ինչ-ինչ, բայց միջոցառումներ կազմակերպելու բարձր պրոֆեսիոնալ մակարդակով գերազանցում ենք անգամ ճապոնացիներին։

Այնինչ Հրանտ Մաթևոսյանի հուշաղբյուրը Պուշկինի փողոցում վաղուց է վերածվել «սուխոյ ֆանտանի»:

Այնինչ գիրք կարդալը քաղաքական և կառավարական որոշ օթյակներում աններելի տխմարության չափանիշ է: (Է՜, կներեք, էս մարդը էլ բան ու գործ չունի՞):

Եվ այսպես տարին պարտավորեցնող է: Կա՛մ գրողին գրականություն ենք վերադարձնում, կա՛մ Արարատյան դաշտում բրինձ մշակում: Եվ հարիսան ու թանապուրը եփում բրնձով։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ