Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Աստվածների գահի» համար մղվող պայքարը ոչ մի կերպ չի ավարտվում

«Աստվածների գահի» համար մղվող պայքարը ոչ մի կերպ չի ավարտվում
29.05.2009 | 00:00

ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ԽԱՉՄԵՐՈՒԿ
Թեպետ Հարավային Կովկասը գտնվում է միջազգային և տեղական փորձագետների մշտական ուշադրության կենտրոնում, ինչպես Հայաստանում, այնպես էլ հարևան երկրներում, Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն այդպես էլ դուրս են մնում համակարգված ուսումնասիրությունների ու կանխատեսումների տիրույթից։
Առաջին հայացքից դա արդարացված է, քանի որ Ռուսաստանը, կարծես, արդեն վաղուց ու բավական հիմնավոր վերականգնել է իր գերիշխանությունը երկրի այդ հարավային տարածաշրջանում։ Չցանկանալով միջամտել «գերտերության» ներքին գործերին` համաշխարհային հանրությունն էլ վերջին տարիներին, կարծես, հանդարտվել և շատ ալարկոտ է արձագանքում Հյուսիսկովկասյան տարածաշրջանում խորացող լարվածությանը։ Տարածաշրջանային այնպիսի խոշոր խաղացողներ, ինչպիսիք են Թուրքիան ու Իրանը, ունենալով որոշակի շահեր ու ընդհանրություններ Հյուսիսային Կովկասում բնակվող ժողովուրդների հետ, այսօր, համենայն դեպս, բացահայտ չեն միջամտում տարածաշրջանի խնդիրներին։
Այնուհանդերձ, Կովկասը քաղաքական իմաստով շարունակում է ընկալվել իբրև Եվրոպայի, Ասիայի ու Մերձավոր Արևելքի միջև ընկած խաչմերուկ, իսկ նրա մի մասն էլ չի կարող չլինել ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացների և գլոբալ խաղերի կարևոր բաղադրիչ։ Հայաստանում բոլորն էլ հիշում են, թե ավանդաբար ինչ զարգացումների է հանգեցնում «կովկասյան վառոդի տակառի» շուրջ ցանկացած կտրուկ կամ անկանխատեսելի քայլ։ Եվ թեկուզ ոչ շատ վաղուց կրեմլյան իշխանությունները հանդիսավորապես և բավականին մեծ ինքնավստահությամբ հայտարարեցին երկրորդ չեչենական պատերազմի ավարտի ու Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների` լայն իմաստով դադարեցման մասին, տարածաշրջանի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությունը շարունակում է հիշեցնել ռազմաճակատային ամփոփագրերը։
Եվ այսպես. միայն վերջին օրերին տեղի են ունեցել խաղաղության մթնոլորտի մեջ ոչ մի կերպ չտեղավորվող մի շարք իրադարձություններ։ Մայիսի 15-ին Գրոզնիում, ՆԳՆ-ի շենքի առջև, մահապարտ-ահաբեկչի գործողությունների արդյունքում նրա հետ միասին զոհվեց երկու միլիցիոներ։ Նույն օրերին Ինգուշիայում և Կաբարդինա-Բալկարիայում ավտոմատ զենքի գնդակոծումից սպանվեց 6 միլիցիոներ, իսկ Գրոզնիում անհայտ մեկը պայթեցրեց իրեն` ձերբակալումից խուսափելու համար։ Գրոզնու արվարձաններից մեկում ռազմական շարասյունը պայթեցնելու փորձի ժամանակ զոհվեց 1 և վիրավորվեց 2 զինծառայող։ Մայիսի 21-ին Մախաչկալայում սպանվեց դատախազության կարևորագույն գործերով բաժնի ղեկավար Սեյֆուդին Կազիահմեդովը, և սպանության հիմնական վարկածը նրա պրոֆեսիոնալ գործունեությունն է։ Մայիսի 25-ին սպանվեց Դաղստանի մուֆտի Ահմեդ Թաղաևի տեղակալը, որն զբաղվում էր «իսլամական զորակոչով»։ Այսինքն, նրա գործունեությունն ուղղված էր տարածաշրջանի վահաբական կազմակերպությունների դեմ։ Ընդ որում, սա հոգևոր անձի առաջին սպանությունը չէ, և հոգևոր կոչում կրելը Կովկասում վերածվում է վտանգավոր մասնագիտության։ Այս օրերին Մախաչկալայի բնակչությունը, բողոքելով տնտեսական սանկցիաների դեմ, պարզապես գրավեց քաղաքին էլեկտրաէներգիա մատակարարող կայանը, իսկ մայիսի 28-ին Նալչիկում իրականացվեց անօրինական զինված կազմավորումների չեզոքացման հերթական գործողությունը` Կաբարդինա-Բալկարիայում գործող իսլամական «ընդհատակի» ղեկավար Անձոր Աստեմիրովին ձերբակալելու նպատակով, ինչը չհաջողվեց։
Թվարկումը կարելի է շարունակել, քանի որ նման պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել է Հյուսիսային Կովկասի բոլոր չորս մուսուլմանական հանրապետություններում։ Այսօր «կովկասյան անջատականները» նույնիսկ Օսիան են հայտարարում «Ինգուշիայից խլված տարածք», ինչը նշանակում է, թե բոլորովին չի բացառվում, որ ռազմական գործողությունների ուղեծրում ընդգրկվի նաև Հյուսիսային Օսիան։ Իհարկե, այսպիսի համապատասխանությունները պատահական չեն, և դրանց արմատները պետք է որոնել արտաքին ու ներքին մի շարք կարևոր հանգամանքներում։
Թեկուզ և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ներխուժումն Աֆղանստան ու Իրաք զգալիորեն կրճատեց Հյուսիսային Կովկասի անջատականներին տարբեր մահմեդական պետություններից ցուցաբերվող ֆինանսական օժանդակությունը, կրճատվեց նաև «եղբայրների» հետ կողք կողքի կռվել ցանկացող եկվոր կամավորների հոսքը, այնուհանդերձ, տարածաշրջանը շարունակում է մնալ արմատական իսլամի միջազգային կառույցների հատուկ ուշադրության կենտրոնում։ Այս տարվա գարնանը «Կովկասյան ջիհադի» ղեկավար և իրեն ինքնահռչակ Իչկերիայի (Չեչնիա) վերջին նախագահ համարող Դոկու ՈՒմարովը, որը Ռուսաստանում հետախուզման մեջ է, փորձեց հերքել Մոսկվայի պնդումները պատերազմի ավարտի վերաբերյալ։ Նա հայտարարեց, թե դիմադրական շարժումն «այսօր ավելի լավ է զարգանում, քան 2006-2008-ին», և կողմնակիցներին ուղղված դիմումում մասնավորապես նշեց. «Ալլահն օգնեց մեզ վերականգնել բոլոր ջամահաթները (ջոկատները)։ Հաղթանակ է այն, որ մենք վերածնեցինք «Ռիադ-ուս-Սալիխին», որը մեր թանկագին եղբայր Շամիլ Բասաևի ջամահաթն էր»։ ՈՒմարովի պնդմամբ, այդ ջոկատը հիմա համալրված է բացառապես ինգուշներով, ինչն առավել քան զարմանալի է, և, ամենայն հավանականությամբ, դրան նպաստել են ոչ միայն ալլահը, այլև «հավատակից եղբայրները»։ Բնութագրական է և այն, որ չեչեն «ապստամբները» այլևս հրաժարվել են Չեչնիայի անկախության գաղափարից` հօգուտ ողջ Հյուսիսային Կովկասում «մահմեդական էմիրաթ» ստեղծելու, որը պետք է կառավարվի շարիաթի օրենքներով։
«Բիկֆորդյան քուղ» կարող են դառնալ նաև Կովկասում շատ տարածված ազգամիջյան-կլանային և տնտեսական «պատերազմները», որոնք ընթանում են մրցակից ռազմական խմբավորումների միջև։ Դատելով այս ամենից` Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի պայքարը Յամադաևների հզոր ցեղի հետ հեռու է հանգուցալուծումից, հատկապես այն բանից հետո, երբ Դուբայում «հրաշքով վերածնվեց» Սուլին Յամադաևը, որի փոխանցումով էլ ԱՄԷ-ի ոստիկանությունն ու Ինտերպոլը ռուսական Պետդումայի որոշ պատգամավորների և Կադիրովի ազգականներին մեղադրում են ահաբեկչության մեջ։ Եվ որքան էլ Ռամզան Կադիրովը փորձում է Չեչնիան ներկայացնել իբրև «բարեկեցության օազիս» Ռուսաստանի տարածքում, գործերն այնքան էլ լավ չեն։ Չեչնիան շարունակում է մնալ «պետություն` պետության մեջ», ուր ռուսական օրենքները փոխարինվել են Կադիրովի անձնական դիկտատուրայով ու շարիաթի օրենքներով, ամբողջական ընտանիքներ պատժվում են, իսկ նրանց տներն այրվում` «ապստամբների» հետ ունեցած կապերի համար։ Իրավապաշտպանների կարծիքով, Չեչնիայում վերջին տարիներին անհետացել է 5 հազար մարդ, թեպետ այնտեղ անհետացում են համարում բազմաթիվ ձերբակալությունները, որոնք իրականացնում են դիմակավորված իրավապահները։
Անշուշտ, Հյուսիսային Կովկասի իրադրության վրա իրենց ազդեցությունն ունեն համառուսական խնդիրները. ծանր բնապահպանական, առողջապահական իրավիճակը, զանգվածային գործազրկությունը, բնակֆոնդի խիստ պակասը, համատարած կոռուպցիան։ Համաշխարհային ճգնաժամի հետևանքները Հյուսիսային Կովկասում խիստ զգալի են, հաղորդվում է, որ վերջին ամիսներին փակվել են մի շարք ձեռնարկություններ, համառ լուրեր են շրջում, թե դաշնային իշխանությունները կրճատելու են Չեչնիայի ֆինանսավորումը։ Համապատասխանաբար խնդիրներ կարող են առաջանալ անվտանգության ոլորտի աշխատողների աշխատավարձերի հետ կապված, ինչը չի բացառում, որ շատերը զենքը վայր դնելու համար փոշմանելով, կվերադառնան նախկին «անտառային եղբայրների» մոտ։ Միանշանակ վտանգավոր է թեկուզ այն հանգամանքը, որ Չեչնիայում արդեն մեծացել է երիտասարդ տղամարդկանց երկու սերունդ, որոնք չունեն բացարձակապես ոչ մի մասնագիտություն` ավտոմատ զենքի հետ վարվելու փորձառությունից բացի։
Ռուսաստանի գլխավոր դատախազության տվյալներով` Հյուսիսային Կովկասում այսօր գործում են շուրջ 1500 զինյալներ, իրավապահների աշխատանքի պայմանները գնահատվում են «գրեթե ռազմաճակատային»։ Ռուս-վրացական պատերազմից հետո աճել են զենքի ու զինամթերքի մաքսանենգության ծավալները, մեծ քանակի պատճառով իջել են դրանց գները, և նույն Դոկու ՈՒմարովը հայտարարում է, թե իրենք արտասահմանից զենք գնելու կարիք չունեն, ամեն ինչ մատչելի գնով կարելի է ձեռք բերել տեղում։ Չեչենական «դաշտային հրամանատարները» հայտարարել են, թե վերադառնալու են ահաբեկչության մարտավարությանն ամբողջ Ռուսաստանի տարածքում և այս տարին համարում են «հարձակողական», հավաստելով, թե յուրաքանչյուր գյուղում ունեն կողմնակիցներ։ Ըստ որոշ արևմտյան փորձագետների` եթե Հյուսիսային Կովկասում իրավիճակը երկարաժամկետ կտրվածքով մնա անկայուն ու շարունակի լարվել, անգամ Չեչնիան «ընդդեմ ահաբեկչության գլխավորող» Ռամզան Կադիրովը կարող է փորձել իրականացնել իր հոր, Ջոհար Դուդաևի և իմամ Շամիլի միասնական ու անկախ Կովկաս ունենալու երազանքը։ Ըստ դիտորդների` վերջին զինված հարձակումներն իրականացնում են արմատական իսլամիստները, որոնք երկրորդ չեչենական պատերազմից հետո կրկին ակտիվացել են Հյուսիսային Կովկասում։ Վահաբականների և ավանդական իսլամի կողմնակիցների պայքարը հատկապես սուր է Դաղստանում, դաշնային և տեղական իշխանությունները չեն կարողանում արդյունավետ դիմակայել վահաբականների զինյալ ու քարոզչական մեքենային։ Հաջողություն չեն բերում նաև սուֆիզմը «վահաբական սոցիալիզմին» հակադրելու փորձերը, թեպետ Հյուսիսային Կովկասի մահմեդականների ազգային հերոս Շամիլը եղել է հենց սուֆիզմի հետևորդ։ Արդյունք չեն տալիս նաև Ռուսաստանի դաշնային գանձարանից կատարվող շռայլ հատկացումները, որովհետև տեղական էլիտաները խիստ կոռումպացված են, և այդ միջոցները յուրացվում են։ Այսինքն, Հյուսիսային Կովկասում պաշտոնական Մոսկվայի քաղաքականությունը քրոնիկական խնդիրներ ունի, քանի որ թերագնահատում է իր ընդդիմախոսներին ու գերագնահատում սեփական հնարավորությունները։
Անշուշտ, կովկասյան «հակառուսականության» կրակի վրա յուղ են լցնում բուն ռուսաբնակ տարածքներում աննախադեպ ծավալների հասած այլատյացության դրսևորումները, հատկապես «կովկասյան ազգության դեմքերի» նկատմամբ։ Մանավանդ որ հին ռուսական սովորությամբ «խփում են մռութին և ոչ թե անձնագրին»։ Մոսկվայում անցկացված վերջին հարցումներից մեկն ապացուցում է, որ հարցվածների 70 տոկոսը կողմ է, որ կովկասցիներին առհասարակ չթույլատրեն այցելել «բնապատմական» Ռուսաստան, այդ թվում` նրանց, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են։ Մի շարք հեղինակավոր ռուսական քաղաքագետների գնահատմամբ` Կրեմլում սկսել է ձևավորվել «արյան կուսակցությունը», որը դժգոհ է Պուտինի «Կադիրով» նախագծից։ Այդ դժգոհությունն աջակցություն է գտնում ուժայինների շրջանում, ովքեր բոլորովին էլ դեմ չեն երրորդ չեչենական պատերազմին և դրանով իսկ իրենց կերակրատաշտը հետ բերելուն։ Ռուսական էլիտայում շատերն են նոր պատերազմը համարում ոչ միայն «ազգի համախմբման» միջոց, այլև «փող լվանալու» մեքենան կրկին գործի գցելու լավ հնարավորություն։ Մասնավորապես, ԱՆԴՐԵՅ ՊԻՈՆՏԿՈՎՍԿԻՆ գրում է. «Պուտինյան խմբավորումը պատրաստվում է «ավարտել աշխատանքը» Վրաստանում, մեդվեդևյան խմբավորումը վտանգավոր սիրախաղ է սկսել երրորդ չեչենական պատերազմի կողմնակիցների հետ։ Երկու կողմն էլ աշխատում է իրարից խլել «հայրենասիրության» դրոշը։ Պատերազմը Կովկասի համար միշտ էլ պատերազմ է` հանուն Կրեմլին տիրանալու»։
Համարվում է, որ կովկասյան վերջին երկու հակամարտությունների արդյունքում զոհվել է 300 հազար մարդ, ռուսական աղբյուրներն ավելի հիմնավոր են համարում 100 հազարը։ Հին հույները Սև և Կասպից ծովերի միջև ընկած Կովկասյան լեռնաշղթան պատահաբար չեն այդպես անվանել, քանզի «Կովկաս» նշանակում է «աստվածների գահ», որի համար մղվող պայքարը ոչ մի կերպ չի ավարտվում։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2652

Մեկնաբանություններ