Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հույս վաճառողներն ու խաղաղություն մուրողները

Հույս վաճառողներն ու խաղաղություն մուրողները
08.04.2024 | 14:20

Ինչպես և կանխատասել էի՝ ամսի 5-ին «փրկվեցինք»…

Փրկագինն էլ՝ առաջիկա 4 տարվա դիմաց տնտեսությունը դիվեսիֆիկացնելու ու ռեֆորմների համար նախատեսված 270 միլիոն եվրոն ու 65 միլիոն դոլարն է:

Արևմուտքը մեր հարցում կրկին ազնիվ գտնվեց;

Տվեց այն ինչ մեզ հասնում էր, դրանով էլ ինչ-որ պետք էր հասկացրեց:

Ինչ խոսք՝ շնորհակալ ենք:

Բայց որ փող տալն էլ իր գինն ունի՝ փաստ է:

Մեկը կասի, որ դա անշահախնդիր նվիրատվություն է, մտերմության ու վստահության ժեստ է, մյուսը՝ որ սա այն գինն է, որը Բրյուսելն ու Վաշինգտոնը վճարում են հանձնված Արցախի, Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածի, Ջերմուկին հարակից բարձունքների, ինչպես նաև առաջիկայում Տավուշի մարզից հանձնվելիք գյուղերի դիմաց։

Քանի որ հեքիաթներին վաղուց չենք հավատում՝ լավամարդության տարբերակը բացառում ենք:

Ցավոք, չենք էլ կարող բացառել երկրորդ տարբերակի հավանականությունը:

Փաստ է, որ հենց այնպես գումար չի տրամադրվում:

Իսկ անվտանգության մասին՝ հաջորդ դասին:

Քանի որ ակնկալվող անվտանգության ու երաշխիքների տրման մասին աշխարհացունց հայտարարություններ այդպես էլ չհնչեցին:

Հետևաբար, մենք շարունակում ենք մեր խնդիրների հետ մենակ մնալ:

Վառ ապացույցն էլ՝ հաջորդող օրից սկսած սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական ինտենսիվ ու անդադար կրակոցներն են ու աշխարհի քար լռությունը:

Էսկալացիաներ ու սադրանքներ թույլ չտալու թախանձագին կոչերն ու էնտուզիազմով հորդորներն անգամ չեն հնչում:

ՈՒր մնաց՝ հարց լուծող զանգերը:

Չնայած որ՝ Բլինքեն-բորելյան, Միշել-մակրոնյան զանգերը վաղուց անհետևանք են:

Ալիևը թքած ունի նման զանգերի վրա:

Ալիևն ինքնավստահ է, առավել ևս՝ «ապահովության բարձիկ» ունի:

«Եթե Արևմուտքը Հայաստանին ֆինանսավորի ընդդեմ Ադրբեջանի կամ ինչ-որ բան տա, մենք եռապատիկը կտանք Բաքվին:

Եթե նրանց նպատակը Հայաստանին հզորացնելն ու հակամարտության դրդելն է, ապա Ադրբեջանը նույնպես միայնակ չէ և նա երբեք մենակ չի մնա, Թուրքիան միշտ նրա հետ է», - կասի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար, երկրի նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հակադարձող չկա:

Ընդհակառակը՝ ՀՀ Արտգործնախարար Միրզոյանը բարձրաձայնում է բանակցությունների ռեգրեսի ու փակուղի մտնելու մասին, «խաղաղության պայմանագրի» մասով էլ հաստատում, որ կողմերի պատկերացումները՝ տարածքային ամբողջականության, սահմանազատման և ենթակառուցվածքների ապաշրջափակման հիմնաքարային ու սկզբունքային դրույթների մասով հեռու են միմյանցից:

Այսպիսով՝ փաստերի շարահյուսությունն ու ստեղծված իրավիճակը խոսում է նոր էսկալացիաների մասին:

Փաստ է, որ «խաղաղության պայմանագիր» չի չստորագրվելու:

Փաստ է, որ խաղաղություն չի հաստատվելու, իսկ խաղաղության օրակարգն էլ տապալված է:

Փաստ է, որ խաղաղություն պարտադրելու փոխարեն շարունակաբար այն մուրում են:

Մանավանդ, որ իրենց մոտ մուրալը, հանձնելը, տալն ու զիջելը հոբի է ու կենսակերպ:

Փաստ է, որ շարունակում ենք ապրել մասամբ ապատիայի, թքած ունենալու, թմբիրի կամ ինքնախաբեության աստրալի, Ստոկհոլմյան սինդրոմի, մասամբ էլ՝ դրսից «հույս վաճառողների», «հեքիաթ բաժանողների» «խաղաղության մեսիաների» ու «փրկիչ-հերոսների» քամիների ազդեցության տակ:

Մենք պետք է ուրիշի վրա հույս դնենք, հուսախաբվենք ու հուսալքվենք:

Մեզ մոտ խրատվել, սթափվել, անցյալից դասեր քաղել չկա:

ՈՒ քանի դեռ սա է մեր իրականությունը, ցավոք, տհաճ փաստերի ու անդառնալի հետևանքների ականատեսն ենք լինելու:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ