ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մենք ունենք շատ լավ հնարավորություններ, պարզապես «մենք» չկանք

Մենք ունենք շատ լավ հնարավորություններ, պարզապես «մենք» չկանք
15.12.2023 | 08:36

Աղետի ծավալից ու մեր անլրջության պատճառով մենք արդեն դադարել ենք հասկանալ, որ բառիս բուն իմաստով, մի ամբողջ ազգով ապրում ենք վառոդի տակառի վրա։

Իշխանություն, որը ոչ մի բանի համար պատասխանատվություն չի զգում՝ ո´չ պատերազմի, ո´չ խաղաղության։ Կնքվող պայմանագրի համար չի կրում, ձախողված պայմանագրի համար՝ նույնպես։

Զոհի համար չի զգում պատասխանատվություն, Արցախի համար չի զգում։

Անցյալի համար պատասխանատվություն չի զգում, ապագայի համար՝ չի զգում։

Սա իշխանություն է, որի միակ կենսական գենը՝ պատասխանատվությունը ուրիշների վրա գցելն է։ Սա ստիպում է մտածել. իսկ արդյո՞ք մենք որպես ամբողջական պետություն կանք։

Մի 15-20 հոգի է, որ փորձում է ռացիոնալ տեքստ ու միտք ասել, դեռ չի հոգնել, չի հուսահատվել։ Փորձում է չընդհատել հասարակության հետ երկխոսությունն ու պատասխանատվությամբ անել իր գործը՝ զգուշացնել ռիսկերի մասին ու նշել լուծումները։ Մարդու համբերությունն ու մարդկային ռեսուրսներն էլ, սակայն, անսպառ չեն, ու մենք էլ ենք հուսահատվում տոտալ անմիտ միջավայրում մի բան փոխելու մեր ջանքերից։

Պետությունը հենց նրա համար է, որ այդքան անմիտ չլինի հասարակությունը, և այդքան դեգրադացված չլինի հանրային կյանքը։

Քաղաքացուն մեղադրելուց առաջ պետք է իրականությանը նայել քաղաքացու աչքերով։ Իսկ նրա աչքերում իշխանություն-ընդդիմություն «երկխոսությունը» այսպիսի բովանդակություն ունի. իշխանությունը ասում է «էսքան թալանել եք», ընդդիմությունը պատասխանում է «Էդքան չի, թվերը ճիշտ չեք ասում» կամ ընդհանրապես ասում է՝ «սուրբ ենք»։ Այս դիալոգում քաղաքացին անելիք չունի, ու փակվել է իր տանը։

Մենք ունենք անկյունաքարային հարց. ինչի՞ մասին է մեր իրականությունը, ինչի՞ մասին է լինելու մեր ապագան։

Ի՞նչ անենք, որ այն դարձյալ չլինի թալանի, զոհերի, կորուստների մասին։

Այսօրվա բոլոր նախադրյալները տանում են վատ սցենարների՝ անպատասխանատու և անբան իշխանություն, ինքն իր համար՝ ոչ մի բանի մասին ընդդիմություն, շվարած-քանդված հասարակություն։

Այս պայմաններում արվում են սխալներ, որոնք հիմք են դնում առաջիկա կորուստներին. աշխարհում երևի միայն Հայաստանի իշխանությունն է, որ կարող է միաժամանակ կարևորել ու հանձն առնել խնդիրները լուծել տարածաշրջանային 3+3 ձևաչափում, միաժամանակ իր անվտանգության հույսը դնել արտատարածաշրջանային կենտրոնների (Բրյուսել, Վաշինգտոն) վրա։ Այն դեպքում, երբ 3+3-ի բոլոր կողմերը՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Արդբեջան, Հայաստանին զգուշացնում են՝ չանել դա։

Ակնհայտ է, որ այս և մյուս կոպիտ սխալները պետությունը տանում են նոր վթարի։ Ու ինչպես մեկ տարի առաջ, երեք տարի հետո նույնպես չունենք մեխանիզմներ ու քաղաքական ձևաչափեր, որոնք կկասեցնեն սխալ ընթացքը։ Այսօր, նույնիսկ այս վիճակում, կան բազմաթիվ հնարավորություններ, որ մենք ունենք ու կարող են օգտագործել։ Խնդիրը մեկն է. այդ «մենքը» չկա։ Ո´չ իշխանությունն է այսօր երկրի «մենքը», ո´չ էլ իշխանությունից դուրս է այդ գործուն, ակտիվ, նախաձեռնող «մենքը» ձևավորվում։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4964

Մեկնաբանություններ