ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պատերազմի գինը. Դավիթ Կարապետյան

Պատերազմի գինը. Դավիթ Կարապետյան
20.09.2022 | 07:36

Ադրբեջանական բացահայտ ռազմական ագրեսիայի արդյունքում ծավալված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով հայկական կողմի հաստատված զոհերի թիվը հասավ 135-ի:
Ու, ցավոք, այս թիվը վերջնական չէ:
Հայկական կողմում կան նաև տասնյակ վիրավորներ, անհետ կորածներ ու ռազմագերիներ:
Մոտ 200 տուն զգալի վնասներ է կրել, 60-ը՝ լիովին ավերվել:
Ըստ որոշ ադրբեջանական հավաստի աղբյուրների՝ նրանց զոհերը 173-ն են, 30 անհայտ կորած, 660 վիրավոր։


Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը:
Ու սա ասում է մի երկիր, որտեղ մեր ու մանուկ, ռանչպար ու իշխանական, բանվոր ու դասատու (ի դեմս իրենց երկրի լպիրշ ղեկավարի) անկաշկանդ ու բացահայտ խոսում են Երևանը, Սյունիքն ու Սևանը ռազմական ճանապարհով «վերադարձնելու», զոռով ու զոռբայությամբ «միջանցք» ստանալու մասին:
Ավելին՝ մինչ նախահարձակ լինելը, Ադրբեջանում արդեն իսկ մինչև 50 տարեկան անձանց արգելվել էր լքել երկիրը, դե, իսկ ռազմատենչ հռետորաբանությունն էլ՝ հասել գագաթնակետին:


Իսկ մենք ամենուր պետք է ստիպված արդարանանք, թե մենք չենք սկսել, որ չունենք էլ դրա համար ո՛չ ռեսուրս, ո՛չ էլ նպատակ:
Իսկ իշխանություններն էլ իրենց հերթին ժողովրդին համոզեն, թե բնավ Փաշինյանի՝ «միջանցք չի լինելու և վերջ: ՀՀ տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու» արտահայտությունը չէ պատճառը, որ Ադրբեջանը դիմեց նման քայլի:
Ինչևէ, պատերազմը կարծես թե ավարտվեց:
Թե ո՞վ է պատերազմի ավարտի ավետիչ-ճարտարապետը կամ թե ու՞մ են գնալու դափնիները՝ որոշեք ինքներդ:
Բազմակարծության հորձանուտում, նույնիսկ, Դալայ Լաման կարող է իրեն վերապահել՝ ասելով, որ իր ջանքերով է վերջ դրվել արյունահեղ պատերազմին:
Սակայն այս հարցում ավելի քան վստահ մատնանշվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունը:


Դե, Պուտինն էլ իրեն է շնորհում խաղաղության հաստատման հերոսի տիտղոսը:
Այսպիսով, պատերազմը ժամանակավոր դադարեց:
Սակայն, ի հեճուկս Ալիևի, ոչ իր պլանավորած սցենարով:
Նորություն չէ, որ Ալիևը տականք է, նենգ է ու խարդախ, միաժամանակ իրականությունից կտրված, էյֆորիայի մեջ ընկած, ծովն էլ ծնկներից է, ապա՝ զարմանալ պետք չէ, եթե մի որոշ ժամանակ անց վերջինս նորից նախահարձակ լինի՝ փորձելով ռազմական ճանապարհով հասնել իր հիվանդագին ու երևակայական բաղձանքին:
Վերջինիս համոզմունքը, ինչպես նշեց վարչապետը, հետևյալն է.
Տվեք այն, ինչ ուզում եմ՝ առանց պատերազմի, հակառակ պարագայում՝ պատերազմով կվերցնեմ:
Կա կարծիք, որ այս ագրեսիան ուղիղ կապ ունի ու համեմատական է Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ:
Որ Ադրբեջանն օգտվելով Ուկրաինայում ՌԴ-ի թուլությունից և պատեհ առիթից, որ աշխարհը տարված է ուկրաինական խնդրով՝ այս պահին փորձում է շանտաժով խնդիրներ լուծել հայկական ճակատում և նոր վերջնագիր է ներկայացնում Հայաստանին:
Սակայն նման կարծիքները շատ հարաբերական են:


Տեսնելով ռուսական կողմի ակնհայտ ապատիկ վարքագիծն այս էսկալացիայի նկատմամբ՝ այլ տպավորություն է ստեղծվում՝ առիթ տալով ու հիմքեր ստեղծելով այլ տարակարծությունների:
Այսպիսով, ենթադրում եմ, որ ռազմաճակատ բացելով անմիջապես Ջերմուկի հատվածում, նա փորձում էր բեկում մտցնել և, ռազմական հաջողության պարագայում, կտրել Սյունիքը հյուսիսից, Վայոց ձորի մարզի սահմանամերձ հատվածներից՝ այդկերպ ամենանեղ հատվածով, կարճ ժամանակահատվածում ցամաքային կապն ապահովելով Նախիջևանի հետ:
Դրա իրականացման համար, ակնկալվող հաջող ռազմարշավով առաջխաղացման պարագայում, Նախիջևանի Բիչենեկի հատվածում կուտակված զորամիավորումներն անմիջապես արձագանքելով, ճիշտ պահին հարավից մուտք գործելով Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հպման հատված, ընդառաջ գալով՝ կտրում են Մ2 միջպետական մայրուղին, որը միակ սնուցող, կապող ճանապարհն է:


Այդկերպ, ողջ Սյունիքը իզոլացվում ու պարալիզացվում է:
Արդյունքում՝ ադրբեջանցիները ճանապարհային կապ են հաստատում Նախիջևանի հետ:
Իսկ Հայաստանը կորցնում է ցամաքային կապը Սյունիքի հետ:
Բնականաբար, սա կհամարվեր օկուպացիա, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության բացահայտ խախտում:
Այն կքննադատվեր ողջ աշխարհի կողմից:
Կհնչեին հայկական տարածքները լքելու, հետ նահանջելու անդադար կոչեր, հորդորներ, ինչ-որ տեղ՝ նաև սպառնալիքներ:
Սակայն այս հարցում Ադրբեջանի պատասխանը կլիներ հետևյալը:
Շուրջ 30 տարի դուք եք օկուպացրել «իմ» տարածքները, հիմա ես եմ օկուպացնում ձեր տարածքները:
Եթե կարող եք ու ստացվի՝ ազատագրեք այն:
Կամ կնքեք խաղաղության պայմանագիր, տրամադրեք ինձ «միջանցք» Սիսիանի հատվածով, իսկ ես, ի պատասխան դրան, զորքերս դուրս կբերեմ այդ հատվածներից, ավելին՝ կճանաչեմ Հայաստանի տարածքային ամողջականությունը:
Այսպիսով, Ալիևի արկածախնդրությունը չիրականացավ, հետևաբար, նման սցենարների և դրանից բխող մելամաղձոտ հայտարարությունների, անդեմ ու անանուն, անհասցե կոչերի ականատեսը չդարձանք:
Հայկական զինված ուժերի դիմադրությունն ուժեղ էր, հակահարվածը՝ պատշաճ:
Հետո է, որ Ալիևը ռազմական անհաջողությունից դրդված, Պուտինի ներկայությամբ պետք է ասի, թե՝ «Ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը չեն ցանկանում լայնածավալ էսկալացիա»:
Ստացվում է՝ երկուսն էլ չէին ուզում, բայց՝ «ակամա» ստացվեց:
Ինչևէ, այդուհանդերձ աշխարհն արձագանքում է:
Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսը մոտ 40-հազարանոց զորք է կուտակել Հայաստանի սահմանին՝ հայտարարելով, որ թույլ չի տա հարձակում հարևան երկրի տարածքի վրա։


Իրանի ղեկավարությունն էլ պնդում է, որ «Իրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին, որ Իրան-Հայաստան սահմանը պատմական հաղորդակցության ուղի է և պետք է մնա առանց փոփոխության»:
ՄԱԿ-ում կհնչեցնեն՝ խաղաղ բանակցային պրոցեսով խնդիրները լուծելու, ռազմական ուժի կիրառումը բացառելու ու հանդարտության, խստորեն դատապարտման դասական կոչեր:
Ի աջակցություն Հայաստանի, պաշտոնական այցով Երևան կժամանի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
Դե, իսկ ՀԱՊԿ-ն էլ...


ՀԱՊԿ-ն էլ՝ քնած է էշի ականջում...
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան: Առաքելությունն էլ գլխավորելու է գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Նրանք դեռ գալիս են...
Թե էլ ինչու՞ են գալիս, ինչի՞ համար են գալիս՝ թերևս պարզ չէ:
Համենայն դեպս, «խաշի սեզոնին» այստեղ կլինեն:
Դե հա, ինչպես կասի Սիդորովը՝ «ՀԱՊԿ-ը դեռ չի հանում «թուրը պատյանից» և փորձում է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմաններին լարվածությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»:
Տեսնենք, թե ՀԱՊԿ-ը գեթ մի օր, գեթ մեկ անգամ հանելու՞ է ենթադրյալ այդ սուրը պատյանից:
Այ, այսպիսի խաղաղասեր ու խաղաղատենչ, դիվանագիտական առանձնահատկություններով օժտված ռազմական ալյանս է ՀԱՊԿ-ը:
Միայն բարեգործական ու մարդասիրական սկզբունքներն են պակասում նրա կանոնադրության մեջ:
Ընդամենը «դասականի» նման կարձագանքեմ Պեսկովի վերջերս կատարած հայտարարությանը. «ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի վրա հարձակումը հավասարազոր է ՌԴ-ի վրա հարձակման»:
Իյա, լու՞րջ...


Մի բան ևս:
Մի կառույց, որը չի գործում, անկենսունակ է, կրում է ֆիկտիվ բնույթ (իսկ եթե նույնիսկ գործում է, բայց ոչ մեր պարագայում), պետք չէ ակնկալիքներ ունենալ, ավելին՝ նրան լուրջ վերաբերվել:
Ոչ էլ պետք է նեղեցկոտի դիրք բռնել ու դեմոնստրատիվ դուրս գալու նախաձեռնության գնալ:
Այն ինքնին փլուզման շեմին է ու հոգեվարքի մեջ:
Այն փլուզվելու է այնպես, ինչպես Սովետ Միությունը:
Ժամանակի հարց է:
Իսկ մինչ այդ, Էրդողանը կհայտարարի, որ «Ամբողջ աշխարհը պետք է իմանա` Թուրքիան ցանկացած պահի եղբայրական Ադրբեջանի կողքին է»:
Իսկ թե իրականում ո՞վ է մեր կողքին, կասեմ՝ ոչ մեկը:
Կան համատեղ շահեր, շահերի համընկնում մի շարք երկրների հետ, որից պետք է միանշանակ օգտվել:
Բայց փաստ է, որ ռազմական աջակցություն սպասելը որևէ մեկից՝ ինքնախաբեություն է:
Ոչ մեկը մեր փոխարեն, մեզ համար չի պատերազմելու, չի կռվելու, զինվոր չի տրամադրելու:
Ոչ մեկը:
Պետք է ի վերջո հասկանանք, որ մեր անվտանգային խնդիրները պետք է լուծենք մենք, ինքներս, ինքնուրույն:


Եվ հետո, պետք է գիտակցելով ձերբազատվել այն վտանգավոր թեզերից, էմոցիոնալ սպեկուլյացիաներից, որ պաթոսով ու պահի թելադրանքի արդյունքում, էյֆորիայի ազդեցությամբ արտաքին քաղաքական վեկտոր չեն փոխում:
Այն չափից դուրս լուրջ ու զգայուն ոլորտ է, որտեղ սխալների գործումը հղի է անդառնալի հետևանքներով:
Դա ողբերգական սցենարի կարող է հանգեցնել, նոր մարտահրավերների ու աղետների առաջ կանգնեցնել:
Պետք է սառը դատողությամբ հասկանալ, որ մեր պարագայում չկան հավերժական դաշնակիցներ, ոչ էլ բարեկամներ, առավել ևս՝ «փրկիչներ»:
Որ պետք է բացառվի տոտալ, առավել ևս, բացահայտ արևմտամետությունը, հակաարևմտամետությունը, հակառուսականությունը կամ ռուսամետությունը:
Եվ առհասարակ՝ օտարամետությունն ու օտարամոլությունը:
Որ այդ երևույթները ծայրաստիճան վտանգավոր ու ծանր հետևանքներով են հղի մեզ համար:
Որ պետք չէ ո՛չ փնտրել, ո՛չ էլ գտնել օտարերկրյա «հերոսներ», հույսն ու ապավենն էլ դնել նրանց վրա:


Նրանք եթե գտնվեն էլ, ապա ժամանակավոր բնույթ են կրելու:
Առավել ևս, հեգեմոնների առումով սպասելիքների արդարացման հույսերով, որոնք, շատ դեպքերում աշխարհի թեժ կետերում են՝ իրենց «հարեհաս ու անշահախնդիր» օգնության տրամադրման պատրվակներով:
Այս համատեքստում, իհարկե, պետք է շնորհակալ լինել ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայից իր այցի ու կառուցողական քաղաքականության վարման համար:
Իհարկե, պարտադիր կերպով պետք է սերտ համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ նոր թափ հաղորդելով այդ հարաբերություններին:
Բայց ոչ այդ համատեքստում Ռուսաստանին հետայսու թշնամի դարձնելու հաշվին:
Եթե ՌԴ-ն մեզ համար լավ դաշնակից ու բարեկամ չէ (փաստ է), դա առիթ չէ դիտարկել, առավել ևս «կարգել» Ռուսաստանին որպես թշնամի:
Այսպիսով, Հայաստանն օգտվելով իր ձեռքի տակ ունեցած գործիքակազմից՝ դիմել է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ին:
Սակայն՝ անարդյունք:
Ո՛չ «արդար ու դեմոկրատ» Եվրոպան, ու ո՛չ էլ հեգեմոն ԱՄՆ-ը նույն սանկցիաներին չարժանացրեցին Ադրբեջանին, ինչպես Ռուսաստանի պարագայում էր:
Իսկ Ռուսաստանի առումով՝ համեստաբար կլռեմ...
Այսպիսով, բացառապես սեփական ուժերով պետք է կանխվի ցանկացած ագրեսիա ՀՀ տարածքի նկատմամբ:
Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի զավթված տարածքներից՝ ինքնակամ, միջազգային հանրության ու վերպետական կառույցների հորդորով ու միջամտությամբ, կամ, որն ամենաիրականն է, դա պարտադրվելու է նրանց մեր կողմից:
Այս հարցում որևէ կոմպրոմիս ու այլակարծություն չի կարող լինել։
Իսկ մնացյալ հարցերը, ինչպիսիք են՝ ճանապարհների ապաշրջափակման հարցը, դելիմիտացիան ու դեմարկացիան, խաղաղության պայմանագրի տեքստի բովանդակության քննարկումն անտրամաբանական է՝ մինչ ՀՀ սուվերեն տարածքից դուրս չբերվի օտարերկրյա զինուժը:


Իսկ այն, որ այս էսկալացիան թուրք-ադրբեջանական տանդեմի համար կրում էր ոչ միայն «միջանցքի» ձեռքբերման միտում, այլ նաև Սյունիքի ամբողջական զավթում՝ փաստ է:
Թեթև էսկալացիայի համար մոտ 45-հազարանոց ադրբեջանա-թուրքական զորք չէր տեղակայվի Նախիջևանի հյուսիսում:
Վերստին վերահաստատում ենք՝ Սյունիքով «միջանցք» չի՛ լինելու և վերջ:
ՀՀ սուվերեն տարածքն ամբողջությամբ, ուշ թե շուտ, վերականգնվելու է:
Անկասկած:


Հարգելի՛ զինվորներ և սպաներ, դու՛ք եք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, հայ ժողովրդի՝ իր սեփական հայրենիքում ապրելու միակ երաշխավորը:
Փառք ու պատիվ մեր բանակին, մեր ընկած ու ողջ զինվորներին և սպաներին:
Խոնրահումս՝ ձեզ:

Դիտվել է՝ 9098

Մեկնաբանություններ