ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մամայի արև» մակարդակի մտածողության գերիները

«Մամայի արև» մակարդակի մտածողության գերիները
24.01.2021 | 14:19

Եթե վերացարկվենք սկանդալներից ու սկանդալների հավակնող քաղաքական շինծու կամ մարտաշունչ հռետորաբանությունից, կոնկրետ ի՞նչ կատարվեց նոյեմբերից 10-ից հետո Հայաստանում: Չոր, մաթեմատիկական հաշվարկով՝ առանց զգայական ու քաղաքական զեղումների՝ նոյեմբերի 10-ից հունվարի 24՝ ոչինչ: Ոչինչ՝ արդյունքի տեսակետից: Երկկողմ բուռն ու թունավոր ելույթներ, նույնպիսի հարցազրույցներ ու ստատուսներ, արժանապատվության երթեր, ընդդիմադիր արտախորհրդարանական ձևաչափի ձևավորում ու վարչապետի թեկնածուի առաջադրում, հիմա՝ այցեր մարզեր: Մշտապես հակասական հայտարարություններ: Ապրիորի ծրագրեր, բարի մտադրություններ՝ իրականացումը «մամայի արև» մակարդակում: Համարյա նույնը՝ խորհրդարանում՝ իրենց ընդդիմադիր են համարում թե ԼՀԿ-ն, թե ԲՀԿ-ն, երկուսն էլ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց միմյանց հետ չեն համագործակցում: Գագիկ Ծառուկյանը պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, Էդմոն Մարուքյանը՝ ինքն իր: Երկուսն էլ հրաժարվում են արտահերթ ընտրությունների շուրջ հուշագիր ստորագրել իշխանությունների հետ: Պահանջում են հրաժարական առանց նախապայմանների, իրենք պայմաններ են դնում: ԲՀԿ-ն պահանջում է, որ խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրելու շանս ունենա, որ կկայունացնի իրավիճակը՝ մինչև մեկ տարի, հետո կգնան ընտրությունների։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ լուծարման և արտահերթ ընտրությունների մեկ տարբերակ կա՝ վարչապետը հրաժարական է տալիս և խորհրդարանը 2 անգամ վարչապետ չի ընտրում: ՔՊ-ն առաջարկում է հուշագիր ստորագրել, որ ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո պարտավորվեն թեկնածու չառաջադրել։ Բայց ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն փաստացի ոչ թե արտահերթ ընտրություններ են ուզում, այլ՝ իշխանության գալ այստեղ ու հիմա, որ հետագայում արտահերթ ընտրությունների կազմակերպչի առավելություններն ունենան:


Անցած ժամանակը ցույց տվեց, որ Հայրենիքի փրկության շարժման թեկնածու Վազգեն Մանուկյանը ձախողված թեկնածու էր: Դե ֆակտո նա չունի կուսակցություն, ֆինանսներ, քաղաքական կապեր, միակ կապիտալը ՀՀ առաջին վարչապետը լինելը և սեփական կենսագրությունն է, որի ոչ բոլոր էջերն են ճերմակ: Ակնհայտ է, որ նա շարժման ոչ թե առաջնորդն է, այլ՝ կամակատարը և շարժման որոշումների վրա ազդելու լծակ չունի: Այս ընթացքում Վազգեն Մանուկյանը իր ելույթներով ու պահվածքով ի ցույց դրեց, որ շարժումը պատճենում է իշխանության վատագույն ավանդույթները և … բառապաշարը: Թեկուզ՝ հոմանիշների մակարդակով: Քաղաքական բառարան շարժման ներմուծած բառապաշարը նույն սև/սպիտակի շրջագծում է՝ ժեխից բոմժ: Բայց դա մանրուք է, փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները չկարողացան հաջողությամբ անցնել նրա ճանապարհը՝ փողոցը նրանց մերժեց: Ավելի ճիշտ՝ մարդիկ փողոց դուրս չեկան կրիտիկական զանգվածով: Ավելին՝ հների ու նորերի հանրագումարը մարդկանց ստիպեց մտածել, որ ավելի լավ է մնա պարտության սիմվոլ Նիկոլ Փաշինյանը, քան գան ամեն ինչ խոստացողները, որ հաջորդ նախադասությամբ հերքում են առաջին նախադասությունը:


Հայրենիքի փրկության շարժման սխալները.
1. Նրանք չկարողացան հասկանալ պատերազմում մեր պարտության ողջ խորքը և ժողովրդի սուգը և չափազանց շտապեցին իշխանափոխության կոչերով:


2. Նրանք հայտարարում են, որ չարաբաստիկ եռակողմ հայտարարությունը ընդունում են և ոչ մի քայլ չեն անելու այդ հայտարարության դեմ, ու հաջորդ պահին հայտարարում են, որ իրենց իշխանության պարագայում կլուծվեր ռազմագերիների հարցը, Հայաստան-Ադրբեջան սահմանների հարցը… Իմա՝ կամ չեն տիրապետում իրավիճակին, կամ չեն պատկերացնում իրավիճակը և տալիս են խոստումներ, որ չեն իրականացնելու:


3. Նրանք նույնպես գնացին մերժման ճանապարհով՝ ոչինչ դրական ու էական չառաջարկելով: Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ստեղծվելիք ժամանակավոր կառավարության անհրաժեշտության բացատրությունները չդարձան համոզիչ, երաշխիք չներկայացվեց, որ ժամանակավոր կառավարության մեկ տարվա գործունեությունից հետո Հայաստանում տնտեսական վիճակ է փոխվելու կամ մթնոլորտ՝ դատելով Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմնակիցներին ներկայացվող քրեական հանցագործությունների շարանից ու դատավարությունների հեռանկարից: Այսինքն՝ ներկա դատավարությունները շարունակվելու են, փոխվելու են սոսկ կասկածյալներն ու մեղադրյալները: Հասարակությունը հոգնել է շոուներից, մարդիկ ուզում են նորմալ ապրել:


4. Դե ֆակտո շարժումը չունի միասնականություն՝ արդեն մի քանի մարդ-կուսակցություններ հեռացել են, չունի ռազմավարություն՝ կայացնում է իրավիճակային որոշումներ, չունի մարտավարություն՝ փորձում է քաղաքական պայքարի բոլոր գործիքները՝ անհնազանդության ակցիաներ, հացադուլ, գործադուլ, երթեր, հանրահավաքներ, և այլն, որոնցից ոչ մեկը արդյունավետ չէ, և չի գտել իր հաջողության գործիքը:


5. Փաստ չէ, որ որևէ պետություն պատրաստ է գործակցել կամ բանակցել ժամանակավոր իշխանության հետ, որ լեգիտիմ չէ՝ չընտրված լինելով: Հետևաբար՝ ոչ Հայաստանին, ոչ էլ առավելևս Արցախին վերաբերող որևէ խնդիր Վազգեն Մանուկյան վարչապետը չէր կարող լուծել:


6. Դե ֆակտո՝ այստեղ ու հիմա շարժումը ընդամենը ամրապնդում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:


7. Շարժման ոչ մի կուսակցություն և շարժումն ընդհանրության մեջ պատրաստ չէ և չի ցանկանում արտահերթ ընտրություններ:
Նույնն են անում խորհրդարանում ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն: Եթե ԲՀԿ-ն միացել է շարժմանը, ԼՀԿ-ն՝ հայտարարելով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ամեն ինչ անում է, որ մնա: Այլապես՝ ինչո՞վ բացատրել Էդմոն Մարուքյանի վարչապետ առաջադրվելու ցանկությունը կամ որոշումը: Հիմնավորումը, որ իշխանությունները ունեն բավարար ձայներ խորհրդարանում նոր վարչապետի ընտրություն թույլ չտալու և արտահերթ ընտրությունների գնալու համար, վերաբերում է ՔՊ-ին, բայց չի բացատրում, թե ի՞նչ է ուզում ԼՀԿ-ն իրականում։ Եթե ԼՀԿ-ն հավատում է իր հնարավորություններին ու արտահերթ ընտրություններում մեծամասնություն դառնալուն, ինչու՞ է խուսափում ընտրություններից, գերադասելով «Հիմա վարչապետ, հետո վարչապետական լծակների օգտագործումով՝ գուցե նորից վարչապետ, գուցե ոչ» սխեման:
Փաստացի՝ Հայաստանի ժողովուրդը դարձել է իր քաղաքական ուժերի ամբիցիաների պատանդը:


Ի՞նչ է անում ՔՊ-ն: Վայելում է քաղաքական դաշտի հակասությունների հաշվին իր իշխանությունը երկարացնելու հնարավորությունը, ինչպես ժամանակին սկուտեղի վրա ստացավ իշխանությունը: ՔՊ-ի գործողություններից ու հատկապես Նիկոլ Փաշինյանի անհոդաբաշխ հայտարարություններից բնավ չի զգացվում, որ
1.Նիկոլ Փաշինյանը գիտակցել է 44 օրյա պատերազմի հետևանքների ողջ ծանրությունը:
2.Նիկոլ Փաշինյանը ունակ է այդ խնդիրները լուծել իբրև վարչապետ կամ իր կառավարությամբ ու «Իմ քայլով»:
3.Նիկոլ Փաշինյանը կարողացել է համարժեք գնահատել իրավիճակը և ունակ է ելքեր գտնել:
Այսինքն՝ ժողովուրդը նաև դարձել է 2018-ի դեկտեմբերի 18-ին իր 44 տոկոսի ընտրության պատանդը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Հ.Գ. Ու ի՞նչ: Երեք սցենար կա.
1. Օգտվելով քաղաքական ուժերի «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» նոր բեմադրությունից՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվելու է արտահերթ ընտրությունների իր առաջարկից և գնալու է հերթական ընտրությունների, Հայրենիքի փրկության շարժումը՝ չկարողանալով համակարգ ստեղծել, ունենալով սոսկ արտաքին քաղաքական պահանջարկ, փոշիանալու է և հերթական ընտրություններում հավաքելու է 0-2 տոկոս ձայն: Պետությունը կորցնելու է անհրաժեշտ փոփոխությունների ժամանակը և դուրս է մնալու տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներից, որովհետև իշխանությունը, կորցնելով դիմադրունակությունը, աստիճանաբար կորցնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:


2. Գտնվելու է երրորդ ուժ, որ կարողանալու է քաղաքական բանակցությունների միջոցով համոզել ՔՊ-ին, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին հրաժարվել իշխանատենչությունից, մտածել պետության մասին, գտնելու է փաստարկներ, որ նրանք այս ճանապարհով չունեն ապագա և վտանգում են ժողովրդի ապագան, իսկ արտահերթ ընտրություններում հնարավորություն ունեն պետությանն ու ժողովրդին ծառայելու իրենց ծրագրերը իրականացնել… Ամռանը կամ աշնանը տեղի են ունենալու Աժ արտահերթ ընտրություններ, ձևավորվելու է նոր ու լեգիտիմ իշխանություն՝ հենց այդ ուժի մեծամասնությամբ:


3. Արտաքին քաղաքական ուժերը, օգտվելով իրավիճակից, Հայաստանի ինքնիշխանության մակարդակի նվազեցմամբ, ներքաղաքական իրավիճակի սրմամբ, տնտեսական ճգնաժամով հանգեցնելու են քաոսային իրավիճակի, որի լավագույն լուծումը կարող է հեղափոխությունը լինել, եթե ընդհանրապես լինի, իսկ վատագույն լուծումը պետականության կորուստն է:

Դիտվել է՝ 10690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ