ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մևլութ Չավուշօղլու. Մենք նորից Բաքվում ենք

Մևլութ Չավուշօղլու. Մենք նորից Բաքվում ենք
02.11.2020 | 10:06

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 1-ին նորից Ադրբեջանում էր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նա խոստացավ, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ղարաբաղյան կոնֆլիկտում:

«Մենք նորից Բաքվում ենք, որ հաստատենք մեր վճռական աջակցությունը Ադրբեջանին և տեսակետներ փոխանակենք Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների մասին»՝ Թվիթերում գրել է Չավուշօղլուն: Հոկտեմբերի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ արեց սկսել «անհապաղ խորհրդակցություններ» անվտանգության ոլորտում Ռուսաստանի հնարավոր օգնության մասին՝ հղում անելով երկու երկրների կոլեկտիվ անվտանգության պայմանագրին: ՌԴ ԱԳՆ-ն հաստատեց, որ Մոսկվան Երևանին անհրաժեշտ օգնությունը ցույց կտա, «եթե բախումները լինեն անմիջականորեն Հայաստանի տարածքում»՝ ընդգծելով, որ համաձայնագրի դրույթները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա:


Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքու է եկել նախագահ Էրդողանի խնդրանքով, որ անթույլատրելի է համարում Ադրբեջանին մենակ թողնել Հայաստանի հետ կոնֆլիկտում: Ամեն ինչ վկայում է, որ Թուրքիայն Ադրբեջանին ոչ միայն բարոյական, այև ռազմական աջակցություն է ցույց տալիս: Հոկտեմբերի սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական գործողություններին ոչ միայն ադրբեջանական բանակի, այլև սիրիացի վարձկանների ու թուրք հատուկջոկատայինների մասնակցության մասին: Որ Փարիզը տեղեկություններ ունի Թուրքիայի տարածքով՝ Ադրբեջան սիրիացի վաչձկանների տեղափոխման մասին, հայտարարեց և Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտարարեց, որ հայ զինծառայողները գերել են սիրիացի ահաբեկիչ վարձկանի, որ կռվում էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում, և նա խոստովանել է, որ իրեն Ղարաբաղի ճակատի գիծ են բերել Թուրքիայի տարածքով 250 այլ վարձկանների հետ, հոկտեմբերի 19-ին: Մինչ այդ նա նախապատրաստվել է ուսումնական ճամբարում, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք հրահանգիչները:
Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մտադիր չէ հարձակվել Հայաստանի վրա: «Ադրբեջանցիները ռազմական գործողություններ են իրականացնում իրենց տարածքում և չեն ծրագրում այդպիսի գործողություններ Հայաստանի տարածքում»՝ ընդգծել է նա:
RFI


Հ.Գ. Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում հանդիպման ժամանակ հայտնել է, որ Բաքու կգա ՊՆ նախարար Հուլուսի Աքարը: Չավուշօղլուն ասել է նաև, որ իրենք Բաքվում են Էրդողանի հանձնարարությամբ: «Մենք նախագահի հանձնարարություն ունենք Ադրբեջանին միայնակ չթողնել այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և համատեղ գործել։ Այստեղ են ժամանելու նաև մեր Պաշտպանության նախարարն ու այլ գործընկերներ: Այստեղ է նաև մեր խորհրդարանի նախագահը»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Ադրբեջանի նախագահի կայքը: Մինչ այդ Ալիևը հասցրել էր հայտարարարել, որ Ադրբեջանի համար անընդունելի է երրորդ կողմի մասնակցությունը կոնֆլիկտին, փաստացի ինքնանույնականանալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ և երրորդ կողմ համարելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Բայց դա չէ էականը՝ էական է, որ Թուրքիան նորից դեսանտ է իջեցնում Բաքվում՝ Շուշին չգրավելուց հետո: Հոկտեմբերի 28-29-ին՝ Ժնևի բանակցություններից առաջ խնդիր էր դրված վերցնել Շուշին ու Ժնևում բանակցությունների գնալ կապիտուլյացիայի օրակարգով: Շուշին մերն է, Ժնևի ադրբեջանական տարբերակը ձախողվեց, փոխարենը Բաքուն էլ ձախողեց Ժնևի պայմանավորվածությունները և առաջին անգամ ֆոսֆոր պարունակող քիմիական զենք կիրառեց «իր» տարածքի անտառներում: Եվ ինչու՞ է Ադրբեջանը փչացնում «իր» անտառները, ավերում քաղաքներն ու գյուղերը: Պարզ պատճառով՝ վտարելու տեղաբնակներին: Էթնիկ զտում՝ Ղարաբաղն առանց արցախցիների՝ սա էլ Էրդողանի կապիտուլյացիայի պահանջի բուն էությունը, որ երկրորդում է Ադրբեջանի ֆեյք նախագահ Իլհամ Ալիևը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ