«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Բնակալի ձգողական ուժը

Բնակալի ձգողական ուժը
19.01.2016 | 02:19

Ոտքը կոտրել էր։ Գյուղի աղբյուրի գլխին, ոնց էր եղել, ընկել, ոտքը կոտրել էր։ Դուստրը` Աննան, ամեն ինչ թողած, մայրաքաղաքից հասավ Տավուշի Մովսես գյուղ, դեռ երեկ այնքան գործունյա 74-ամյա մորն առավ քաղաք բերեց։ Բժիշկները որոշեցին` հիվանդի տարիքը, ոսկորների արդեն զիջող դիմադրողականության աստիճանը հաշվի առնելով, ոչ մի ակտիվ վիրահատական միջամտություն չանել, հուսալով, որ, այնուամենայնիվ, կկպչի։ Կպավ կոտրվածքը` մանկանը հարիր ժամկետում` երեք շաբաթում, կպավ, իսկ մեկ ամիս հետո մովսեսցի Օֆիկ Խաչատրյանը, ութ քրոջ և մեկ եղբոր քույրը, փոքր-ինչ երկյուղած, բայց արդեն ոտքի վրա էր` դստեր երևանյան տանը։ Գնում-գալիս էր, անում-դնում։ Հոգս չէր տնեցիքի համար, բնավ հոգս չէր։ Միայն քթի տակ անընդհատ դժգոհում էր իր բախտից. «Էն հավն ու ճիվը սատկեց-գնաց, էն բակն ու անասունը անխնամ մնաց, հիմա էլ ձյունը եկել, ամեն ինչ տակովն արել, անտեր հո չի՞ էդ տունը»։
Դե, Մովսես գյուղը սահմանի պռնկին է, մերոնց դիրքերը` գյուղի գլխին, թշնամու դիրքերը` դրանից դենը։ ՈՒ կրակում են, օր ու գիշեր կրակում են ու կրակում։ Գյուղում անվնաս տանիք, անվնաս պատուհան չեն մնացել։ Մարդիկ իջել են իրենց տների առաջին հարկ, մի մասն էլ` ուղղակի նկուղներ։ Հարևանները, ճիշտ է, լավն են, հավերին կուտ էլ կտան, անասունին էլ, տակն էլ կմաքրեն, հարցնողին պատասխան էլ կտան, բայց, դե, էդ տունը հո անտեր չի՞։ Էդ տունը դեռ, է՜, տասը զավակի տեր չարքաշ հերն է հիմքը գցել։ Բա հո չի՞ թողնելու անտերունչ։
Այս Նոր տարվա շեմին երկու ոտքը մի սոլի մեջ դրած` գնում եմ, հա գնում եմ, ես Նոր տարին իմ տանը պիտի դիմավորեմ։ Այ մե՜ր, ասում են տնեցիք, էս ձյուն-ձմռանը, էս ցուրտ-բորանին ո՞նց ես անելու էնտեղ մենակ։ Ինքը թե` չէ, քնալ դեմ։ Հազիվ մի կերպ համոզեցին, որ Նոր տարին անցնի, հունվարի երկուսին կտանեն։ Ամսի երկուսին` էլի նույն կերպ, ու էսպես հազիվ ձգեցին մինչև Ծննդյան տոները։
Հունվարի վեցին` վաղ առավոտյան, հանկարծ ու հեռախոսազանգ. «Դուք տաքսի՞ եք պատվիրել, մեքենան ձեր բակում է»։ Դու մի ասա, դեռ նախորդ օրը երեկոյան բոլորից գաղտնի տաքսի է պատվիրել, որ իրեն տանի աշխարհի ծայրը, մոռացված ու քրքրված (պարզվում է` քրքրված, բայց ամենևին էլ չմոռացված) Մովսես։ Ինքն էլ վաղ առավոտից քունջուպուճախ ընկած շորերն է հավաքում։ Դստեր` «Այ մեր, էս ի՞նչ ես անում» տարակուսած հարցին պատասխանում է` «Ես եմ գիդում»...


Է, ի՞նչ պիտի աներ Աննան, արագ-արագ հավաքեց ձեռն ընկածը, տնեցիքի զարմացական ու դժգոհ քրթմնջոցի տակ, առանց մի թեյ անգամ խմելու, իջան տաքսի նստեցին ու հայդա, ո՞ւր ես, Մովսես, գալիս ենք։ Էս տարվա ձյունն էլ հո գիտե՞ք։ Ոնց էլ էս անհեռատես տաքսիստը համաձայնել է էս ձյուն-ձմռանը էսքան ճամփա կտրել։
Ոչ էն է խոսելով, ոչ էն է մտքերի ու կիսանիրհի մեջ հասան Հրազդան։ ՈՒ հանկարծ` գը՜մփ... Ինչ եղա՞վ։ Ի՞նչ պիտի լիներ. վթար։ Աննայի ճակատը վնասվեց, մոր դեռևս չամրացած ոտքը ցավ առավ։ «Ա՛յ մեր, արի հետ գնանք, որ էստեղ է էսպես, պատկերացրու ավելի վերև ինչ կլինի»։ Ոչ մի կերպ չի համոզվում. «Ես ճըմփի կեսից ետ տառնողը չեմ»։ «Ա՛յ մեր, հետ գնանք, արածդ արած չի»։ Ինքը թե` «Աղջիկ ջան, բա «գրադը» խփի, տունս էրվի, մի մարդ չլի՞, վէր մի վեդրա ճուր լցնի, հընգցընի՞»։ Վարորդն էլ մեկ վթարի մասնակից մյուս մեքենայի մարդկանց հետ է լեզվակռիվ տալիս, մեկ դառնում մորն ու աղջկան. «Հիմա, հիմա, ուրիշ մեքենա եմ կանչել, կգա ձեզ կտանի»։ Էս մարդու ձեռքն էլ հազիվ մի հեռագնա «կլիենտ» է ընկել։ Մեքենա եկավ, թեև ահագին սպասեցին, բայց եկավ։ Երանի չէ՞ր էս երկրում ամեն ինչն էս տաքսի ծառայությունների նման աշխատեր։ Եկավ ու բերեց հասցրեց հայրենի, բզկտված, բայց էլի սիրելի ու թանկ Մովսես գյուղ։
Հիմա մայրը դարձյալ անկողնում է, դուստրը` Երևանում աշխատանք, ընտանիք, ամեն ինչ թողած, նստած է մոր «սնարի մոտ», մինչև ոտքի ելնի։ Դե, մայրը մենակ է ապրում։ Հիմա դատապարտեք-չդատապարտեք, որդիք` Աննայի եղբայրները, ռուսաստաններում ամեն մեկը մի կողմի վրա ապրուստի փող են աշխատում, ընտանիք պահում։ Իսկ ծեր մայրը տունն է պահում, դիրքերն է պահում, օջախ է պահում, ամեն օր ցախ ավելացնում, որ հանկարծ չմարի։ Ասել է թե` հայրենիք է պահում։ Շան լորձոտ ռեխից երկիր, հող է պաշտպանում։ Մտիկ անում, որ թշնամու «գրադը» հանկարծ չհրդեհի որդոց պապական տունը, ցրիվ չտա օջախը։
ՈՒ ամեն օր գյուղի տան արդեն տաքացած ու ջերմացած առաջին հարկում հավաքվում են նույնպիսի «դիրքապահ» ու «օջախապահ» հարևանները, ազգականները` զրուցելու, հարցուփորձ անելու, լուր տալու-լուր առնելու։ ՈՒ բոլորի, երկար կյանք արդեն ապրած այդ մարդկանց ենթագիտակցության մեջ այնքա՜ն խոր ու անսասան է նստած հայրենիի զգացումը։ ՈՒ մտքներով էլ չի անցնում։ ՈՒ չի էլ անցնի։ Պետք էլ չէ, որ ասեմ, թե ինչը... Դե, պահը գա, բոլորն էլ էստեղ կլինեն, հետ կգան մորը, հորը, էս հողը պաշտպանելու, տեր կանգնելու։ Բա ո՞նց եք պատկերացնում չգալը։ Գալո՛ւ են։
Իսկ մինչ այդ` ապրել է պետք, անպայման ապրել, սերունդ մեծացնել։ Բա ի՞նչ եք կարծում։


Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 15332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ