Այո, վախեցեք ընծաներ բերող դանայացիներից: Ինչո՞ւ: Որովհետև դանայացիների ընծան ձի էր: Տրոյացիներին: Մնացածը գիտեք:
Հայաստանում «համերաշխության ու փոխըմբռնման, հավանության, հույսի ու հավատի մթնոլորտում» գործում է նոր կառավարություն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հասցրել է գիծ քաշել մինչև ինքը ու իր ժամանակի Հայաստանի միջև և հայտարարել է նոր ժամանակների խաղի իր կանոնները: Չեմ պնդում, բայց գուցե վարչապետը իր նշանակումից հետո կարդացել է Սոկրատեսի աֆորիզմները, իսկ Սոկրատեսն ասում էր. «Երբ որոնում ես մեղավոր, սկսիր քեզնից»: Մինչև հուլիսի 1-ը վարչապետը ժամանակ է տվել գործարարներին` հարկեր վճարելու, հուլիսի 1-ից հետո անհնազանդների նկատմամբ նոր քաղաքականություն կգործադրվի: Ի՞նչ կլինի: Ամռանը կերևա: Հովիկ Աբրահամյանին պետք է արժանին մատուցել: Գործարարների հետ նրա հանդիպումը և հանդիպման ընթացքում քննարկված հարցերը վկայում են այն աբսուրդը, որի մեջ անցնում է մեր կյանքը: Մի կողմից` ամբողջ հանդիպումը քրեական գործ է, այսինքն` պաշտոնապես ընդունվեց ստվերային տնտեսության գոյությունը, պաշտոնապես տնտեսական համաներում հայտարարվեց և ինդուլգենցիա առաջարկվեց` վճարեք, որ շարունակեք աշխատել: Մյուս կողմից` ինքնառաջադրվում է հարցը` Հայաստանի Հանրապետությունում օրենքներ գործո՞ւմ են: Եթե այո, հարկերից խուսափելն օրինազանցություն է, որի համար օրենքով սահմանված է պատիժ: Հովիկ Աբրահամյանը, սակայն, խիզախեց պաշտոնապես դուրս գալ իրավական դաշտից ու գործել իրականության դաշտում, ինչ գնահատականներ էլ նրան տրվեն: Խոշոր, հետո փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ իր հանդիպումներում նոր վարչապետը հայտարարեց նոր քաղաքականության սկիզբը: Հատվածակա՞ն, թե՞ ամբողջական է այդ քաղաքականությունն իր կիրառման մեջ լինելու: Այո, Հովիկ Աբրահամյանը կատարեց իր Հանիբալի երդումը` նա դարձավ վարչապետ, բայց ե՞րբ: Հայաստանի Հանրապետության համար մի ժամանակահատվածում, երբ Արևմուտքն արդեն չի կերակրում, Ռուսաստանը դեռ չի կերակրում: Դատելով աշխարհաքաղաքական զարգացումներից` գուցե չկերակրի էլ, երբ ինքն էլ ունի սնվելու խնդիր: Հայաստանին մնում է վանեցու պես վարվել` չեն տալիս-չեն տալիս, գնա մերը բեր: Իսկ «մերը» ստվերայինն է, որ համարյա նույնն է, թե իշխանությունը խարակիրի անի: Հենց այս կետը Հովիկ Աբրահամյանի և խոշոր գործարարների հանդիպման ամենախոցելի կետն է` ո՞ւմ վրա է տարածվում ինդուլգենցիան: Փոխվելո՞ւ է խոշոր հարկատուների ցանկը, ովքե՞ր են հրաժարվելու եկամուտից, որ իրականում պետությանն է, բայց տնօրինում են իրենք ու բազմապատկում իրենց ունեցվածքը: Արդյո՞ք խոշոր գործարարները Հովիկ Աբրահամյանի չափ հայրենասեր ու գիտակից են, որ նրա հետ կիսեն իշխանության պատասխանատվությունը: Թե՞ նրանք գերադասելու են հեռանալ ու երկրից հանել իրենց կապիտալը: Կամ շարունակել կիսվել` «դու ինձ, ես քեզ» սկզբունքով, բայց նոր տարիֆներով:
Այս խնդիրները որքան տնտեսական, նույնքան քաղաքական են: Գագիկ Ծառուկյանը, օրինակ, գերադասեց ոչ միայն չմասնակցել վարչապետի հետ հանդիպմանը, այլև բնավ չարձագանքել նրա տնտեսական նոր քաղաքականությանը: Գագիկ Ծառուկյանն ընդունեց միայն քաղաքական մարտահրավերը: Դեռ մայիսի 5-ին նա, ի պատասխան ՀՀԿ մամլո խոսնակ և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` հաղթանակն ընդմիշտ Մելիք-Ադամյան փողոցում գրանցելու կանխատեսմանը, ասել էր, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյանը, և խոստացել էր հեռուստահարցազրույց տալ: 11 օրից նա խոստումը կատարեց և 4 րոպեում «Կենտրոնի» հեռուստաեթերից գծագրեց նոր Հայաստան` նոր իշխանությամբ ու նոր հեռանկարներով: Նա ասաց, որ ԲՀԿ-ն շարունակելու է աշխատանքները ոչիշխանական քառյակի կազմում, և կուսակցության վերջին համագումարում իր բարձրաձայնած սկզբունքներն ուժի մեջ են. «Քառյակի մասով ասեմ, որ ԲՀԿ-ն ոչ միայն շարունակելու է ակտիվ աշխատել, այլև իր գործընկերների հետ անընդհատ նոր հարցեր առաջ քաշելով` ձևավորելու է սեփական օրակարգ, այլ ոչ թե հետևելու է ուրիշների քայլերին ու ծրագրերին»:
Այսինքն` Գագիկ Ծառուկյանն անձամբ ստանձնել է ոչիշխանական քառյակին ոչ միայն հարություն տալու սխրանքը, այլև գործունակ պահելու: ՈՒ լուրջ է ստանձնել. հենց հաջորդ օրը քառյակն ասաց` ես դեռ կամ, ու փակ նիստ արեց, որ քննարկի «միասնական քաղաքական օրակարգի ձևավորման հարցը» և հանրահավաք անելու: Լևոն Զուրաբյանը շարունակեց զարմացնել և ասաց. «Կձևավորվի պահանջների ցանկ, որը մենք կներկայացնենք իշխանությանը: Մոտ մեկ շաբաթում 4 քաղաքական ուժերը կպատրաստեն պահանջների ցանկը: Քառյակը կառաջնորդի ժողովրդին այս քաղաքական օրակարգի իրականացման գործընթացում. մենք որոշել ենք, որ կանցկացնենք հանրահավաք, որի նպատակը կլինի հենց այս քաղաքական օրակարգի իրականացումը: Թե երբ կլինի հանրահավաքը, կորոշենք քառյակի առաջիկա նիստում»: Այսինքն` սուրբ անմեղությամբ Լևոն Զուրաբյանը հավատում է, որ նախորդ վարչապետին հրաժեշտ տվեցին իրենց հուժկու ճնշմամբ, իսկ նորին պետք է ուղղորդել` նվազագույնը «պահանջների ցանկով»: Եթե հանկարծ նա դիմադրի, «Քառյակը կառաջնորդի ժողովրդին այս քաղաքական օրակարգի իրականացման գործընթացում»: Ժողովուրդը թեթևից միջին ծանրության ճամպրուկ է` ՀԱԿ-ին հարմար անկյունում պահված, երբ «իրականացման գործընթաց» է անցնում մտքներով, ճամպրուկը մեջտեղ են բերում, մնացած ժամանակ ո՞վ է հիշում, որ ճամպրուկ կա: Իսկ «իրականացման գործընթացի» կարիքը պատվիրում են Հայաստանից դուրս: Կենդանության նշաններ արձանագրած քառյակը քննարկել է նաև կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելու հարցը և անգամ արձանագրել է «մոտեցումների համընկնում»: Հանրահավաքի դագանակը ձեռքին` Գագիկ Ծառուկյանը իր հեռուստահարցազրույցում նորից ասել է. «Թերևս առաջին անգամ ուզում եմ պաշտոնապես հայտարարել` գալիք համապետական ընտրություններին, լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր քաղաքական գործընկերների հետ միասին, ուժեղ թիմով, գրագետ ծրագրով մասնակցելու է միայն ու միայն հաղթելու և միասնական ուժերով երկիրը այս վիճակից դուրս բերելու վճռականությամբ»: Ստացվում է հակասություն. եթե ԲՀԿ-ն մտադիր է հաղթել միայն ու միայն առաջիկա համապետական ընտրություններում, նշանակում է նա մինչև 2017-2018 թթ. իշխանության նկատմամբ լոյալություն է հանձն առնում, բայց չի հավատում, որ մինչ այդ իշխանությունը կկարողանա «երկիրը այս վիճակից դուրս բերել», և միայն ընտրությունների ժամանակ կգան իրենք` «քաղաքական գործընկերների հետ միասին, ուժեղ թիմով, գրագետ ծրագրով և միասնական ուժերով»: Ինչո՞ւ կորցնել 3-4 տարի, վայե՞լ է հայրենասեր քաղաքական ուժին «այս վիճակի» երկարաձգմանը նպաստելը, «մեր ազնիվ ցեղը գնա-կորչի» մինչև Գագիկ Ծառուկյանը հրահանգ կստանա «մասնակցելու և միայն ու միայն հաղթելու»: Թերևս ինքն էլ զգալով քաղաքական վակուումի վտանգավորությունը` Գագիկ Ծառուկյանն ասել է սակրալ նշանակության մի քանի բառ` «Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ», որ թարգմանաբար նշանակում է Հովիկ Աբրահամյանն ու ես այլևս քաղաքական հարթության մեջ ենք, միայն ու միայն, ու թեև նա արդեն սովորել է, որ ես ինքնուրույն չեմ, ես էլ ընդունում եմ, որ նա սեփական խաղն է սկսել: Մնացածը համարյա ամեն օր հնչող հորդորներ են, որ քաղաքական բովանդակությունը վաղուց սպառել են, բայց ասվում են, որովհետև երբ որևէ քաղաքական ուժ երկար լռում է, նրան մոռանում են: ԲՀԿ նախագահը պարզապես մարգարեացել է. «Նոր վարչապետից և նոր կառավարությունից առաջին հերթին ակնկալում ենք նոր ծրագիր և նոր մոտեցումներ: Պետք է կարողանան ճիշտ գնահատել երկրի տնտեսության վիճակը: Դժվար է նախանձել այս կառավարությանը. նրանց դժվար աշխատանք է սպասվում: Բայց եթե կառավարությունն ունենա ինչ-որ բան փոխելու կամք ու ցանկություն, ապա անկախ բոլոր դժվարություններից, հնարավոր կլինի իրավիճակը շտկել»: Այսինքն` եթե իրավիճակը մնում է նույնը, ուրեմն չկա քաղաքական կամք ու ցանկություն, բայց ԲՀԿ-ն իր բանակով այդ անկարևոր խնդրին կանդրադառնա միայն առաջիկա համապետական ընտրությունների առիթով: Ինչո՞ւ: Որովհետև ամեն ինչ այնպես չէ ու այն չէ, ինչ Գագիկ Ծառուկյանը կարծում ու ներկայացնում է: Իրականում նա առաջնորդվում է քաղաքական նպատակահարմարությամբ և հստակ պահպանում է քաղաքական պայմանավորվածությունները: Նա իրոք հավատարիմ է, ում պետք է և ինչքան պետք է, երբ պետք է ու որտեղ պետք է: Իսկ ի տրիտուր ստանում է հարաբերական անկախություն` խաղալու խիստ պատասխանատու, նաև կազմակերպված պետության կազմակերպված ընդդիմության դերը, որ նոր քաղաքական ժամանակներում կոչվում է այլընտրանք: Այնպես որ շատ օրինական է հնչում հին հույների զգուշացումը` վախեցեք ընծաներ բերող դանայացիներից, որովհետև իրականում այդ ընծան Տրոյա մտած այն ձին է, որի մեջ ոչ թե ընդդիմադիրներ են, այլ ընդդիմության դեր կատարողներ, որ պատրաստ են իշխանություն դառնալ համապատասխան պահին առանց իշխանափոխության: Հենց գործող իշխանության, որի դեմ իբր պայքարում են: Եվ հարկ են համարում ասել. «Չի՞ փոխվի իրավիճակը, մարդկանց կյանքը չի՞ լավանա, ժողովրդի դժգոհությունը մե՞ծ կլինի, ուրեմն երկրում շատ ավելի լուրջ փոփոխություններ են պետք: Նոր կառավարությունը ընդունված է: Չգիտեմ 100 օր տալ, 200 օր տալ, սա փորձաշրջան է, բայց փորձաշրջան է ոչ միայն կառավարության, այլև շատ շատերի, եթե կուզեք բոլորիս համար: Մի քանի մարդու պատճառով չպետք է տուժի ողջ ժողովուրդը»: Վերջին նախադասությունը երկրորդ սակրալ նշանակության արտահայտությունն է, որ Գագիկ Ծառուկյանն արել է ընդամենը 4-րոպեանոց հարցազրույցում` առանց, սակայն, Սոկրատես կարդալու: Բայց Սոկրատես չկարդալը չի բացառում հերթական իշխանափոխության հերթապահ տարբերակ. եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, ոչ առանց հայտնի գործարարների չաջակցության` ինդուլգենցիա չվճարելու նրանց հաստատակամության պատճառով, ձախողվում է, և հրապարակ է դուրս բերվում մի ճամպրուկ ժողովուրդ, այն էլ շուրջօրյա հանրահավաքների, Հովիկ Աբրահամյանին սրտի կսկիծով հրաժեշտ են տալիս` նրան մղելով կամ դեպի քաղաքական անհայտություն, կամ դեպի խոր ընդդիմություն (կպայմանավորվեն որն ինչ արժի), և իրավիճակը փոխելու համար ասպարեզ է գալիս նոր խիզախների կառավարություն` ՀՀԿ-ի մեծամասնության պահպանությամբ` իր շարքերում ունենալով ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն, «Ժառանգությունը» ներկայացնող հույժ խելամիտ ու գործունյա նախարարներ, որ տեղնուտեղը գործի են անցնում: Հենց դա է այն ճանապարհը, որ հավերժական հաղթանակը վերագրանցելու է` Մելիք-Ադամյան փողոցից ծովակալ Իսակովի պողոտա: Ենթադրվում է, որ ողջ ընթացքում ՀՀԿ-ն կամ խոր քաղաքական քնի մեջ է լինելու, կամ համակերպվելու է աշխարհաքաղաքական համապատկերում իրեն անսպասելի վիճակված փորձությունների հետևանքով կազմաքանդման ու վերակազմավորման գործընթացին` ջանալով վերստին նվազագույն կորուստներով առավելագույն արդյունքի հասնել: Մնում է պարզել` իր Հանիբալի երդումը Գագիկ Ծառուկյանն ո՞ւմ է տվել` ինքն իրե՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանին, որ հաղթանակի սպիտակ ձին բարեհաջող փոխարկում է տրոյական փայտե ձիու: Նա լավ գիտի, որ պատմությունը գրում են հաղթողները` ինքն արդեն 10 տարի ինչ ցանկացել, այն էլ անվանել է ճշմարտություն ու չի վախենում, որ իրավիճակ է ու փոխվում է ոչ իր ցանկացած ուղղությամբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.- Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը շարունակի երիտասարդ թոշակառուի ոչնչով չկաշկանդված կյանքը, Գագիկ Ծառուկյանը մեծ շրջապատ ունի, նրան ամբողջ աշխարհում գիտեն ու համակրում են: Օրինակ` Թոմ Թիեն Դաթը, Ջոնի Պիտերը, Լուչանո Տեքսիեյրան, Ռոդրիգո Մատիոտին, Դավիդ Թելեսը, Արին Բուսան, Կան Սու Թերզիօղլուն, Ալեխանդրո Կապելետին, Յորո Բեն, Իսայա Փառադան, Վիկտոր Ռոնալդը, Ռետա Բատլերը, Միշել Էրիկը, Սաիդ Բամուսը, Բարբարա Լիստոնիլը, Քլեյթոն Ռոդրիգեսը և այլք կգան Հայաստանում համաշխարհային արդարություն հաստատելու: Ովքե՞ր են նրանք: Մարդիկ, որ ըստ ԲՀԿ-ի կայքի, համակրում են Գագիկ Ծառուկյանին: Այնպես որ, նա բոլորովին էլ ձեր հույսին չէ: