«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Չինաստանը կսկսի ընդերքի ջերմային պաշարների զանգվածային յուրացումը

Չինաստանը կսկսի ընդերքի ջերմային պաշարների զանգվածային յուրացումը
15.04.2014 | 10:56

Ե՛վ այն, որ շարունակ վեճեր են առաջանում նավթի ու գազի շուրջ, և՛ այն, որ դրանց հանածո պաշարները մոլորակում, մասնագետների կարծիքով, վերջանալու վրա են, գիտնականներին ու ինժեներներին ստիպում են որոնել ու գտնել սովորական էներգակիրների այլընտրանքներ։ ՈՒստի «էներգետիկ հեղափոխություն» տերմինը, դուր գա, թե ոչ, ավելի ու ավելի է տարածվում, և «դա երբեք չի կարող լինել» կարգի ոչ մի դատողություն, ըստ էության, արդեն չի գործում։ Ահա և չինացի հետազոտողները վերջերս բավական նշանակալի քայլ արեցին ոչ միայն իրենց էներգետիկ անվտանգության, այլև էներգիայի նոր աղբյուրների զարգացման ոլորտում։ Չինաստանի հյուսիս-արևմուտքում, երկամյա հետախուզության շնորհիվ, վերջապես հայտնաբերվել են ընդերքի «տաք ապարներից» էներգիայի ստացման ռեսուրսներ։ Ընդ որում, դրանք հայտնաբերվել են հողի մակերևույթից 2230 մետր խորությունում։ Այսպիսով, ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները, երկրում առաջին անգամ են հայտնաբերվում այդ կարգի պաշարներ, որոնք լիովին պիտանի են խոշորածավալ յուրացման և օգտագործման համար։
Ինչպես հայտնի է, էներգիայի ոչ ավանդական աղբյուրների օգտագործման հեռանկարային ուղղություններից մեկն էլ վաղուց համարվում է ընդերքի «տաք ապարներից» դրա կորզումը։ Ընդերքի «տաք ապարները» ջրազուրկ տաք ապարազանգվածներ են, որոնք սովորաբար գտնվում են 3000-10000 մետր խորությունում։ Նման ապարներն ունեն 150-650 աստիճան ջերմություն, էկոլոգիապես մաքուր են և, ըստ էության, պիտանի են էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Դրանց օգտագործման միտքը պատկանում է ամերիկացի երկրաֆիզիկոսներին և սկիզբ է առնում անցյալ դարից։ Հիմքում ընկած է այն հանրահայտ երևույթը, որ ընդերքի խորքերում ամեն 100 մետրից հետո ջերմաստիճանը բարձրանում է երեք աստիճանով։ Մի ժամանակ նման նախագծերն իրագործվում էին այն տարածաշրջաններում, ուր կային ընդերքի տաք աղբյուրներ, բայց այսօր սկսել են ավելի ու ավելի մտածել այնպիսի մշակումների մասին, որոնք թույլ կտան օգտվել Երկրի ընդերքում առկա չոր ջերմությունից։ Ինչպես պարզաբանում են մասնագետները, հիմա իրենց գլխավոր խնդիրն է մշակել «տաք ապարների» շահագործման նոր տեխնոլոգիաներ, որպեսզի ընդերքի ջերմային էներգիան հնարավոր լինի օգտագործել տաք աղբյուրների, գեյզերների և հրաբխային ակտիվության գոտիներից դուրս։
«Տաք ապարների» գործնական հետազոտությամբ այժմ զբաղվում են աշխարհի 65 երկրներում, նոր մշակումները ջեռուցման և օդափոխանակության համար արդեն հաջողությամբ օգտագործում են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում և այլ երկրներում։ Իսկ հաջորդ քայլը, մասնագետների կարծիքով, կլինի արդեն էլեկտրաէներգիայի լայն արտադրությունը։ Այսօրվա դրությամբ, օրինակ, էներգետիկայի այդ ուղղության համակարգային զարգացմամբ և հետազոտությունների իրագործմամբ Էլզասում զբաղված են գերմանացի, բրիտանացի ու ֆրանսիացի գիտնականները։ Ընդ որում, ինչպես նշվում է, փորձարկումները բավական հուսադրող են. արդեն հաջողվել է ստանալ ստորգետնյա շոգի, ու նրանք հույս ունեն, որ այդ սկզբունքով կառուցված կայանը շուտով կկարողանա էլեկտրական հոսանք արտադրել, ինչը շատ ավելի էժան կլինի, քան, ասենք, արեգակնային մարտկոցի արտադրածը։ Էլեկտրակայանի հզորությունը Էլզասում կլինի 25 մեգավատտ։ Բացի այդ, ներկայումս «տաք ապարներից» էլեկտրաէներգիայի ստացման հիմնական սկզբունքներն ու տեխնոլոգիաներն արդեն յուրացվել են նաև ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Շվեդիայում։ Հարկ է ընդգծել, որ գեոֆիզիկոսները հույս ունեն հետագայում գցելու ընդերքի ջերմային էներգիայի կորզման էլեկտրակայանների սեփական շինարարության հիմքերը, ինչը, նրանց կարծիքով, հնարավորություն կտա մինչև 2050 թ. մի շարք երկրներում ընդերքի ջերմային էներգիայի բաժինը հասցնելու 25 %-ի։ Սակայն այդ ապարները մեծ մասամբ շատ խոր են ընկած, ինչը մեծ խոչընդոտ է էներգիայի լիարժեք կորզման համար։ Եվ այն, որ Չինաստանում հայտնաբերված հանքավայրերը համեմատաբար խոր չեն, բարենպաստ պայմաններ է ստեղծում այդ նոր տեխնոլոգիայի լայն կիրառության համար։
Հարկ է նկատել, որ չինացիները ծայրաստիճան ուշադիր են վերաբերվում էներգետիկայի բնագավառի բոլոր նորույթներին, և դեռ մի քանի տարի առաջ ՉԺՀ-ի երկրաբանական հետախուզության վարչությունը ձեռնամուխ էր եղել Գունհեի գավառի տարածքում լեռնային իջվածքի կենտրոնական և հյուսիսային մասերում «տաք լեռնապարների» որոնման աշխատանքներին։ Դրանց հայտնաբերումից հետո սկսվեցին հորատման աշխատանքները։ Երբ շաղափը հասավ 2230 մետր խորության, դուրս բերվեցին 153 աստիճանի ջերմությամբ չոր ապարներ, ընդ որում, քանի խորանում, դրանց ջերմաստիճանն այնքան բարձրանում էր՝ ամեն 100 մետրի հետ միջին հաշվով բարձրանալով 6,8 աստիճանով։ Դա շատ ավելի է, քան պահանջում են մշակումների նորմատիվները։ «Հորատումը ցույց տվեց, որ ընդերքը հարուստ է «տաք ապարների» շերտերով, որոնց ընդգրկումն արդեն հասնում է 150 քկմ-ի, ուստի և այդ ապարների պաշարները համարվում են հսկայական»,- հաղորդել է Ցինհայի ջրաերկրաբանական ինժեներիայի և երկրաբանահետախուզության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Յան Վեյդեն։
Արդյունահանումն սկսելու համար ենթադրվում է փորել 5-6 կմ խորությամբ երկու հորանցք, ուր ջերմաստիճանը հասնում է 150, 200 և ավելի աստիճանի։ Հորանցքերից մեկով սառը ջուրը կմղվի ընդերք, իսկ մյուսով դուրս կբերվի բարձր ջերմաստիճանի շոգի։ Այդ շոգին կօգտագործվի էլեկտրաէներգիա արտադրելու և շենքերը ջեռուցելու համար։ Ապարներից ստացվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ինչպես հաշվարկել են չինացի մասնագետները, կրկնապատիկ ցածր կլինի, քան հողմային էներգիայինը և 10 անգամ ցածր, քան արևային էներգիայինը։ Երկրաբանների գնահատմամբ, մայրցամաքային Չինաստանում 3-10 հազար մետր խորությունում «տաք ապարների» պաշարները կազմում են 986 տրիլիոն տոննա պայմանական վառելիք. դա 260 հազար անգամ ավելի է, քան ներկայումս Չինաստանում օգտագործվող ամբողջ էներգիան։ Չինացի մասնագետներն ընդգծում են ևս մեկ՝ երկրի համար խիստ կարևոր հանգամանք. «տաք ապարներից» էլեկտրաէներգիայի կորզման տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս զգալիորեն նվազեցնելու ջերմոցային էֆեկտի ու թթվային անձրևների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ավելին, այդ տեխնոլոգիաները ենթակա չեն սեզոնների ու կլիմայի թելադրած սահմանափակումներին։ Այնպես որ, նրանք չեն թաքցնում, որ ընդերքի ջերմային էներգիայի այդ տեսակի հայտնաբերումը կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ կառուցվածքի բարելավման և տնտեսական զարգացման համար, ուստի ձեռք բերվածով մտադիր չեն բավարարվել։ Կարելի է ենթադրել, որ արդեն ամենամոտ ժամանակներս Չինաստանը կսկսի ընդերքի ջերմային պաշարների զանգվածային յուրացումը։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 4222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ