«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Հա՞ց ես ուզում, թե՞ հաց ես դառնում

Հա՞ց ես ուզում,  թե՞ հաց ես դառնում
27.09.2013 | 00:28

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում գումարվեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը: Սեպտեմբերի 24-27-ը` երեք օր, հայոց 75 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 62-ը քննարկում էին հայ ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը և սուրբ մկրտության ծիսական կանոնական արարողակարգը: Բոլորը նշում էին, որ եպիսկոպոսաց ժողովը պատմական իրադարձություն է` 600 տարի է անցել նախորդ ժողովից: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ բացակա արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները 13-ն են:

Սեպտեմբերի 24-ը իսկապես նշանավոր օր էր Մայր Աթոռում ու ոչ միայն իրադարձության բովանդակությունից ելնելով. օրը պիտի նշանավոր լիներ համայն Հայաստանում ու սփյուռքում: Ոչ այն պատճառով, որ 600-ամյա դադարից հետո հայոց բոլոր թեմերի եպիսկոպոսները առաջին անգամ հավաքվել էին Հայ առաքելական եկեղեցու մայրաքաղաքում: Ոչ այն պատճառով, որ ժողովին նախորդած ծավալուն ու տևական աշխատանքի մեջ միասին էին Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը: Ոչ այն պատճառով, որ ընդունվելու էին իսկապես պատմական որոշումներ: Ամեն առիթով ու անառիթ այնքան սիրում ենք անցյալ դարերի պետականազուրկ անցյալում շեշտել եկեղեցու դերն ու գործունեության ազգապահպան, պետականապահպան, մշակութապահպան նշանակությունը: Սովորել ենք արտաբերել բառեր, որոնց բովանդակության մեջ առանձնապես չենք խորանում: Սովորել ենք Հայ առաքելական եկեղեցին ընկալել Էջմիածնի մայր տաճարի տեսքով, բայց ընկալո՞ւմ ենք, որ եկեղեցին մեկ հիմք ունի ընդամենը` հավատը: Իսկ հավատի հիմքը 21-րդ դարում չի կարող, պարզապես չի կարող ավանդույթ լինել, թեկուզ նախաքրիստոնեական ժամանակներից եկող: Հավատի հիմքը հոգին է, որտեղ ապրում է Աստված: Կամ չի ապրում: Եկեղեցին ընդամենը շինություն է` առանց հոգևոր լիցքի, մի քիչ հին, մի քիչ նոր, զարդարուն կամ անզարդ, անտաշ քարերից` ժայռի մեջ հատված, կամ սրբատաշ խաչքարերից շարված: Ես խորապես հավատացած էի, որ այդ օրը և հետագա երեք օրերին գլխավորը պիտի լինեն Մայր Աթոռում տեղի ունեցող իրադարձությունները, որովհետև այնտեղ էր հավաքված հայ հոգևոր կյանքի ներուժը, և այնտեղից պիտի հնչեին ոչ միայն լուրեր, թվեր, փաստեր, այլև բառեր, որոնք խոսքը դարձնում են իմաստուն: Ես հավատացած էի, որ իրադարձությունն արժանի է ոչ միայն մասնագիտական ուշադրության, այլև, դատելով Հայ առաքելական եկեղեցու սահմանադրորեն ամրագրված դերից ու դարերի պատմությունից, հանրության ուշադրությանը: Հավատացած էի, որովհետև քննարկվող հարցերը վերաբերում էին բոլորիս: Անխտիր: Չեղավ: Իրադարձությունը լուսաբանվեց այնքանով` որքանով: Իմաստավորվեց, թե ոչ, կարող են դատել միայն հոգևորականները: Մայր Աթոռի Մամլո դիվանը այս դեպքում ոչ մի մեղք չունի: Եթե մեղք կա, մեղքը մերն է, որ սովորել ենք ամեն ինչի, բացարձակապես ամեն ինչի վերաբերվել իբրև դիտորդ, որովհետև չենք սովորել որոշում ընդունել, մենք իդեալական կատարող ենք. կասեն` կանենք, չեն ասի` մենք ի՞նչ մեղք ունենք: Եվ գուցե հենց դա է 600 տարվա հետևանքը` մեր ընդհանրական գիտակցության մեջ մենք դադարել ենք ընկալել ազգայինը, պետությունը, մեր դերն ու առաքելությունը: Մենք դադարել ենք մեզ համարել գործող անձ: Առանց նույնիսկ զգալու: Եպիսկոպոսաց ժողովին չէր մասնակցում Երուսաղեմի պատրիարքը: Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, որ տարիներ առաջ արքության կարգը ստացել է Մայր Աթոռում, ներկա չէր եպիսկոպոսների ժողովին:

Չհամարենք, որ պատճառը ամիսներ առաջ նրա նամակն է ու այդ նամակում արտահայտված մտահոգությունները: Չհամարենք, որովհետև հենց այդ նամակի մտահոգությունները փարատելու, առաջադրած խնդիրները լուծելու հնարավորություն էր եպիսկոպոսաց ժողովը, սեփական խոսքը ասելու և կարգակիցների խոսքը լսելու: Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կատարելո՞ւ, թե՞ չի կատարելու եպիսկոպոսաց ժողովի որոշումները: Սուրբ երկրում գտնվող հայոց պատրիարքարանը իր պատմության ու գործունեության բոլոր առանձնահատկություններով հանդերձ` ուժեղ կամ թույլ է, ազդեցիկ կամ անտեսված է` թիկունքում ունենալով Հայաստանի Հանրապետությունն ու Հայ առաքելական եկեղեցին, հայ հավատացյալին: Հայ հավատացյալին, որ միայն երուսաղեմահայ չի լինում: Այս փաստարկի առաջ բոլոր տարակարծությունները դառնում են ընթացիկ ու անէական, ապացույցը հրաշալի շինություններն են, որ կամաց խոնարհվում ու վերանում են` պատարագի ու աղոթքի պակասից: Հայաստանում ու ամբողջ աշխարհում:
Մենք նաև յուրացրել ենք իրերի ու իրադարձությունների մակերեսով սահուն առաջ սլանալու ունակությունը: Ոչ միայն յուրացրել ենք, այլև առօրյա ենք դարձրել: Բոլորս ամեն ինչ գիտենք, ամեն մեկի ու ամեն ինչի մասին: Ժամանակ չկա խորանալու: Ավելի ճիշտ` իմաստ չունի, իրադարձությունները շատ են, ամեն ինչ չես իմանա, ամեն ինչ չէ, որ քեզ պետք է ու կենսական նշանակություն ունի քո կյանքում: Դիլետանտությունը որպես ուղիղ ճանապարհ: Կյանքում ու աշխատանքում: Այդպես հեշտ է, այդ ապրանքը գնորդ ունի, ո՞ւմ է պետք խորամուխ լինելը, թվեր, փաստեր համադրել-հակադրելը, առավել ևս` մտածելը:
Իսկ եպիսկոպոսաց ժողովի օրակարգում հարցեր էին, որոնց մակերեսով չես սահի առանց վայր ընկնելու: Արդեն մեկ տասնամյակ ու ավելի խոսվում է Հայ առաքելական եկեղեցու Սահմանադրության մասին: Կանոնակարգի, որ կոչված է շտկելու վիճակը, որ ստեղծվել է եկեղեցական իրավունքի, եկեղեցու կանոնական սկզբունքների վրա հիմնված օրենքների ու կանոնադրությունների բացակայության պատճառով, ինչը հաճախ տեղիք է տալիս թյուրըմբռնումների ու կամայականության: «Մեր Սուրբ Եկեղեցու գործունեությունն ու կյանքը կանոնակարգելու համար անհրաժեշտ պայման է կանոնավորապես գործող դարձնել համաեկեղեցական-ժողովական մարմինները և ստեղծել սահմանադրություն` եկեղեցական կառույցների, Նվիրապետական Աթոռների իրավասությունները, գործունեությունն ու փոխհարաբերությունները սահմանող»,- ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Նաև չհապաղեց հիշեցնել, որ 21-րդ դարը գիտատեխնիկական առաջընթացի ու նվաճումների հետ բերել է բարոյական արժեքների անկում, մարդու իրավունքների ճիշտ ընկալման աղճատում, ազգային ինքնության և ընտանեկան արժեքների խաթարում, որոնցից զերծ չմնաց նաև ազգային կյանքը հայրենիքում ու սփյուռքում: Վեհափառը խնդիր դրեց ծիսա-արարողական ոլորտի բարեփոխումները, հոգևոր-կրթական և քրիստոնեական դաստիարակության ասպարեզներում` ուսուցման արդյունավետ միջոցների ու կերպերի կիրառումը, մեր հայրերի գործերի և արդիական մտածողությամբ եկեղեցու վարդապետությանը հարազատ աստվածաբանական նոր աշխատությունների հրապարակումը, ժամանակի հետ եկեղեցու ընթացքը համաքայլ պահելու և ժողովրդին հստակ կողմնորոշում ապահովելու համար ընկերային, բարոյական հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների, գիտական նորարարությունների, գլոբալիզացիայի և նրանից ծագող երևույթների վերաբերյալ հայ եկեղեցու սոցիալական հայեցակարգի մշակումը: Վստահաբար ծիսական, կանոնական ու դավանաբանական հարցերում ընդհանրական սահմանումներ բանաձևելու անհրաժեշտությունը կա, և լուծելի է այդ խնդիրը ժամանակի մեջ: Վստահաբար ժամանակի մեջ լուծելի է նաև հոգևոր դասի պատրաստության խնդիրը: Այնուհանդերձ ներեկեղեցական խնդիրներից առավել կարևորը եկեղեցու գործունեության ու դերի վերաիմաստավորումն է այսօր, որովհետև եկեղեցին երբեք չի եղել ու չի կարող լինել մարդու կյանքի տարբեր փուլերը կրոնական ծեսերով սպասարկող կառույց: Նորածնի մկրտությունից մինչև հանգուցյալի հուղարկավորումի կարգը կյանքի այն ճանապարհն է, որ իմաստավորվելու է Աստծո ներկայությամբ, իմաստազրկվելու է Աստծո բացակայությամբ: Ընտրությունը մերն է: Մայր Աթոռում գումարված եպիսկոպոսաց ժողովի արդյունքներն ու որոշումները միայն հոգևորականներին չեն վերաբերում, բոլորիս են վերաբերում, քանի դեռ մենակ ծնվող ու մենակ մեռնող մարդը չի սովորել նաև մենակ ապրել: Աստվածաշունչը դարեր շարունակ եղել է Գրքերի գիրք: Մեր բոլոր հարցերի պատասխանները կան Սուրբ գրքում, մենք չենք սովորել այդ պատասխանները գտնելը: Նրանք եղել են մեզ նման մարդիկ` մարգարեներն ու առաքյալները, նրանք էլ են ուրախացել ու տխրել, կորուստներ ունեցել ու հայտնություններ, ցավ են զգացել ու կսկիծ, ուրացել են ու դավաճանել, բայց միշտ ունեցել են վերադարձի ուժ` քննելու իրենց արարքները ու ճշմարտությունը գտնելու: Եվ եթե առաջին հայացքից թվում է, որ ուրացումը միայն Պետրոսին, անհավատությունը Թովմասին ու դաժանությունը Կայիափային էին տրված, նայեք ձեր շուրջը, բոլորն էլ մեր մեջ են ու մեր կողքին: Պատմությունը կրկնվում է յուրաքանչյուրիս հետ ու յուրաքանչյուրիս համար, և ինչպես երկու հազար տարի ու դրանից էլ առաջ, ամեն ինչ որոշում է դժվար ու հաճախ նաև անհնար ընտրությունը` հավատալ նրան, ինչ չես տեսնում, թե տեսածիդ հավատալ: Լույսի ու խավարի հավիտենական պատմությունը հավիտենական է ամեն օր ու ամեն ժամ կրկնվելու պատճառով: Բախեք դուռը, և կբացվի: Նույնիսկ այն դռները, որ եղել ու մնում են անտեսանելի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Պատիվ եմ ունեցել լինելու եվրոպական գրեթե բոլոր մայրաքաղաքներում ու այդ մայրաքաղաքների մայր տաճարներում և վկայում եմ` Աստծո տանն օրհնյալ խաղաղություն է, նույնիսկ եթե հազարավոր ուխտավորներ ու հավատացյալներ են նույն պահին ու նույն վայրում իրենց հոգու խոսքն առ Աստված ուղղում: Ոչ ոք բարձրաձայն չի խոսում, չեն աղմկում որևէ տարիքի երեխաները, եկեղեցու ոչ մի սպասավոր չի հանգցնում ձեր վառած մոմերը կամ ձեր ներկայությամբ չի ավլում հատակը, որը, այնուամենայնիվ, միշտ մաքուր է: Իսկ պատարագը արարողություն է, որից հետո տաճարից դուրս են գալիս ժպիտով ու պայծառ հայացքով: Նույնիսկ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում ու Լոնդոնի Սուրբ Պողոսի աբբայությունում, որ տարածքով ու տարողունակությամբ չեն զիջում որևէ գերմարդաշատ շուկայի, դու կարող ես քո Աստծո հետ մենակ մնալ: Եվ խնդիրը բնավ էլ կաթոլիկությունը կամ անգլիկանությունը չէ: Խնդիրը վերաբերմունքն է: Հավատն օգտագործում ես իբրև հանդերձ` ավելի գեղեցիկ կամ հրապուրիչ երևալու, թե հավատում ես: Հա՞ց ես ուզում, թե՞ հաց ես դառնում:

Դիտվել է՝ 2256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ