«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Սուսլովյան պրոպագանդայի» ադրբեջանցի ժառանգորդները

«Սուսլովյան պրոպագանդայի»  ադրբեջանցի ժառանգորդները
26.09.2013 | 23:53

Արցախում կրած ռազմական պարտությունը բարդույթավորել է ոչ միայն ադրբեջանական ղեկավարությանը և ռազմական գործիչներին, այլև հասարակության բոլոր շերտերին: Խորհրդային շրջանում սկսված ազգային ինքնագիտակցության զարգացման փորձերը, ազգային վերելքին ուղղված նպատակասլաց պետական գործողությունները հօդս են ցնդել 1990-ականների սկզբներին, երբ ռեսուրսներով գերակշռող Ադրբեջանը ռազմական պարտություն կրեց` կորցնելով ԱԽՍՀ տարածքների մի մասի վրա ունեցած վերահսկողությունն ու ստիպված լինելով զբաղվել 600000-ի հասնող փախստականների խնդիրներով: Միևնույն ժամանակ, ադրբեջանական հասարակությունը չի ցանկանում համակերպվել ԼՂՀ անկախության փաստի հետ` չցանկանալով նաև հայտնվել մարտական գործողությունների վերսկսման իրողության պայմաններում: Ստեղծված իրավիճակին նպաստում է առաջին հերթին Ադրբեջանի պետական քարոզչությունը, որը միտված է հասարակության շրջանում ռևանշիստական տրամադրություններ ստեղծելուն և տարատեսակ պատրանքների ձևավորմանը:

Պետք է նշել, որ ժամանակակից ադրբեջանական քարոզչամեքենան քիչ գործոններով է տարբերվում խորհրդային քարոզչությունից: Պաշտոնական Բաքուն ոչ մի կերպ չի ցանկանում հասկանալ, որ «սուսլովյան պրոպագանդան», ի վերջո, փլուզում է այն արժեքների նկատմամբ հավատը, որը տրամաբանորեն պետք է սերմանվեր հասարակության տարբեր շերտերի գիտակցության մեջ: Խորհրդային 70 տարիների ակտիվ քարոզչությունը, ի վերջո, փլուզեց խորհրդային համակարգի հիմքերը` խեղելով միլիոնավոր մարդկանց ճակատագրեր և ժամանակից հետ պահելով մի շարք ժողովուրդների զարգացման ընթացքը: Ինչևէ, Արցախի հարցում ալիևյան իշխանությունը փորձ է անում ադրբեջանական հասարակությանը կերակրել հետևյալ քարոզչական խայծերով.
1. Արցախը Ադրբեջանի պատմական և անքակտելի մասն է: Սակարկման խնդիր են նաև Երևանի և Սյունիքի տարածքները:
2. Ադրբեջանը պարտվել է պատերազմում ոչ թե հայերին, այլ ռուսներին: Պարտությանը աջակցել են Ադրբեջանում տիրող ներքին անկայունությունը, քաղաքական և ռազմական գործիչների դավաճանական քայլերը:
3. Ժամանակակից Ադրբեջանի ԶՈՒ-Ն զգալի գերակշռություն ունի հակառակորդի նկատմամբ: Ալիևի գլխավորությամբ իրականացվող ռազմական բարեփոխումներն ու սպառազինության ձեռքբերումը մոտ ապագայում թույլ են տալու խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ուստի և անհրաժեշտ է ներքին կայունության ապահովում, գլխավոր-գերագույն հրամանատար Իլհամ Ալիևի գլխավորած իշխանության անվերապահ ընդունում և աջակցություն:
4. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ՀՀ և ԼՂՀ շրջափակումը արդեն իսկ տալիս է սպասված արդյունքները: Հայաստանի սոցիալ-տնտեսական կացությունն այն աստիճանի է վատթարացել, որ շուտով ՀՀ ղեկավարությունը գնալու է զիջումների` առանց պատերազմի Ադրբեջանին հանձնելով 1992-1994 թթ. ռազմական գործողությունների ընթացքում ազատագրված տարածքները:
5. Ադրբեջանի միջազգային հեղինակությունը տարեցտարի մեծանում է, ինչը թույլ է տալու արցախյան հակամարտությունը լուծել հօգուտ Ադրբեջանի: Միջազգային հանրությունը էներգետիկ անվտանգության ապահովման խնդիր ունի, ուստի և Ադրբեջանը, տիրապետելով ածխաջրածինների լուրջ պաշարների, կարողանալու է առևտրի մեջ մտնել և շահավետ պայմաններով նավթագազային մատակարարումների դիմաց ստանալ միջազգային հանրության ադրբեջանամետ դիրքորոշումը:
6. Պետական միջոցների հաշվին ԱՊՀ, ԵՄ անդամ երկրների տարածքներում, Ամերիկա մայր ցամաքում գտնվող պետությունների տարածքներում ադրբեջանական սփյուռքի կառույցների ձևավորումը մոտ ապագայում կարող է իրական հակակշիռ դառնալ հայկական սփյուռքին` չեզոքացնելով արցախյան հակամարտության հարցում հայկական սփյուռքի դերակատարությունը:
7. Հեյդար Ալիևը փրկել է Ադրբեջան պետությունը վերջնական կործանումից, և նրա որդի Իլհամն է պետականության միակ երաշխավորը:
8. Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ցանկացած տեսակի գործողությունները պետք է սաստվեն, քանզի դա սպառնում է արցախյան հիմնահարցի` Ադրբեջանի օգտին լուծմանը: Ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման խնդիրը ոչ միայն անջատողականություն է, «երկրորդ Ղարաբաղ», այլև սպառնում է Ադրբեջանի պետականության ապագային:
9. Ադրբեջանի տարբեր հատվածներում տեղակայված փախստականները պետք է ապրեն ժամանակավոր կացարաններում, քանզի պատերազմի ընթացքում վերահսկողությունից դուրս եկած տարածքների վերադարձը հնարավոր է միայն փախստականների առկայության դեպքում:
Սրանք են ադրբեջանական քարոզչամեքենայի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք լուծում են երկու հիմնական խնդիր: Առաջին. Ալիևի վարչակազմը, «հաճելին համադրելով օգտակարի հետ», մի կողմից` փորձում է ապահովել իշխանության հարատևությունը, մյուս կողմից` ստիպել հասարակությանը չհամակերպվել ռազմաքաղաքական պարտության հետ: Ռևանշիզմը ադրբեջանական պետականության և էթնոգենեզի դեռևս չավարտված գործընթացի հենասյունն է, և պետական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայում վերը նշված ուղղություններով աշխատանք իրականացնելու համար: Երկրորդ խնդիրը, որ փորձում է լուծել Ադրբեջանի ղեկավարությունը, կապված է միջազգային հանրության կարծիքի ձևավորման և աշխարհաքաղաքական կենտրոնների վրա ճնշում գործադրելու կամ դրա պատրանքը ստեղծելու հետ:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 2469

Մեկնաբանություններ