Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Եղածը ասֆալտ չի՞

Եղածը ասֆալտ չի՞
08.05.2013 | 21:50

Էսօր Երևան-Վարդենիս ճանապարհին դեգերում էի: «Գազելը» մեկ դես էր թեքվում, մեկ` դեն: Վարորդն էլ չէր նեղվում, փոսերի տեղերը անգիր գիտեր, ամեն օր էդ ճամփին է:
Հիշեցի Ախալքալաքի ճանապարհները, երբ հայրս մորս հոգու հետ խաղում էր՝ մեքենան տանջահար անելով քաղաքի քանդված փողոցներում: Մայրս Արևմտյան Հայաստանից Ջավախք գաղթածների ընտանիքից է: Պապս ու տատս ապրում էին Ախալքալաքի Կաջո գյուղում: Անտանելի էր իրականում էնտեղ հասնելը: Հայրս ասում էր, որ 1954-ից մինչև մեր ժամանակները, այսինքն` սովետական վերջին տարիները, Ախալքալաքի շուկայի ճանապարհը նույն վիճակում է: Հետո դժգոհում էր. «Բա ասում ես` քշի, ո՞նց քշեմ, ավտոյի հերն անիծեց»: Մայրս էլ իր կանացի խորամանկությամբ չքմեղանում էր. «Ախր էստեղ ասֆալտ կար, ի՞նչ եղավ»: Հայրս ի պատասխան հեգնում էր. «Կնիկ ջան, էս շան որդիք ուրեմն գիտեն, թե ես երբ եմ գալու: Իմ ամեն գալուց ասֆալտը հավաքում են, գնալուց` հետ փռում»:
Հայաստանի շատ ճանապարհներ բավականին անմխիթար վիճակում են: Եթե հեռու չգնանք, ապա նույնիսկ մայրաքաղաքում կգտնենք շատ փողոցներ, որտեղ ասֆալտից միայն հիշողությունն է մնացել: Դե, իսկ շրջանների ու գյուղերի մասին էլ չխոսենք: Ամիսը մեկ-երկու անգամ Իջևան եմ գնում, ու արդեն քանի տարի նույն վիճակն է, եթե չասեմ` գնալով վատանում է: Ձմռանը դրանք ծածկվում են ձյունով, ու փոսերը տեղ-տեղ լցվում են, գարնանն էլ անձրևները վերևներից հողը սրբում-բերում, լցնում են երթևեկելի ճանապարհները, իսկ ամռան շոգին ամեն անցնող մեքենայի հետևից էդ հողից բարձրացող փոշին են շնչում իջևանցիք: Վարդենիսցի տաքսու վարորդն էսօր նեղվում էր իմ` «Էս տարի ասֆալտ չե՞ն արել» հարցից: «Աղջիկ ջան, տեսնո՞ւմ ես էս ճամփեն, տարին տասներկու ամիս էս է: Դրա համար էլ մարդիկ գնում են: Իմ ծանոթներից արդեն ինը ընտանիք էս տարի Ռուսաստան գնաց մշտական բնակության: Ինը ընտանիքը քիչ չի: Շուտով Հայաստանում մարդ չի մնա, սենց մինչև ո՞ւր ենք հասնելու»:
Ախալքալաքի ճանապարհները սովետի ժամանակ իսկապես սոսկալի վիճակում էին, հայերն էն ժամանակ դա կապում էին Վրաստանի իշխանությունների` հայերի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի հետ: Ի դեպ, այսօր էլ շատ գյուղերում նույն վիճակն է, ասֆալտ բառը վաղուց վերացել է ախալքալաքցիների լեքսիկոնից: Իսկ Հայաստանո՞ւմ: Ասֆալտն էլ հո հասարակ բան է, գործարան շահագործել չի, համենայնդեպս: Վարդենիսցի տաքսու վարորդը տեղին դժգոհեց. «Եղածը ասֆալտ չի՞, փռեք, էլի՛» :

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ