Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Գրիգոր Գուրզադյանի առեղծվածի բացահայտումը՝ Առնո Սարոյանով

Գրիգոր Գուրզադյանի առեղծվածի բացահայտումը՝ Առնո Սարոյանով
18.04.2013 | 18:53

Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը, որի շնորհանդեսը կայացավ Կամերային երաժշտության տանը, նրա երկրորդ ստեղծագործությունն է: 2004-ին բավականին մեծ տպաքանակով լույս տեսավ հեղինակի «Ռեզիդենտը» վեպը, որն արագ սպառվեց: Այն էլ, չմոռանանք, մեր ժամանակներում, երբ գրքերը, գրախանութների դարակներում շարված, մնում ու մնում են: Իսկ մինչ այդ նրան հանրությունը ճանաչում էր որպես լրագրողի: Բայց այժմ գործ ուներ հասուն գրչի տեր գրողի հետ, որը մեր գրականություն բերեց նոր ժանր՝ գեղարվեստավավերագրական վեպի ժանրը:

Անցել է մոտ տասը տարի, և փաստորեն նրա ընթերցողները չեն մոռացել, թե գրողն ինչ մատուցեց իրենց այն ժամանակ: Հիմա էլ ճշմարիտ գեղարվեստի հետ շփվելու մեծ ակնկալիքով հավաքվել էին հաջորդ գրքի շնորհանդեսին:
Աշոտը հավատարիմ է մնացել իր ժանրին. այս վեպն էլ կարող ենք համարել նույն ժանրի ստեղծագործություն, ինչ նախորդն էր. պարզապես՝ փոքր-ինչ վերապահումով: Եթե «Ռեզիդենտում» հերոսը ներկայանում էր իր իրական ազգանունով, մեզ հայտնի հետախույզ Հայկ Հովակիմյանն էր, ապա «Մենակում» փոխված է անձի անունը: Նաև շատ մանրամասներ, հատկապես՝ կենցաղային-անձնական բնույթի, կարող են չլինել նրանը: Բայց, ինչպես ասում են, մեծ հաշվով դրանից էությունը չի փոխվում: Կամ շատ քիչ է փոխվում:
Գրքի հերոսի՝ Առնո Սարոյանի նախատիպը մեր կողքին ապրող, մեզ քաջածանոթ աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանն է: Սակայն այն փաստը, որ նա միջազգային մակարդակի գիտնական է, կարող է և շատ քիչ բան ասել մեզ: Հատկապես՝ խորհրդային շրջանում ապրող մարդուն, որի ժամանակներում էլ աշխատել ու ստեղծագործել է: Բանն այն է, որ, խորհրդային արտահայտությամբ, գաղտնի գիտնականներից էր: Նրա անունը ոչ հնչում էր հասարակական շրջանակներում, ոչ խոսում էին նրա գիտական աշխատանքների մասին, ոչ էլ լուսանկարն էր հայտնվում լրատվամիջոցներում: ՈՒստի դեռևս այն տարիներին, երբ ակտիվորեն աշխատում ու ստեղծագործում էր, գիտնականի մասին խոսում էին խորհրդավոր շշուկով, առեղծվածի քող կար նրա անվան շուրջը:
Հիմա Աշոտ Աղաբաբյանը հեռացրել է այդ քողը, ու մարդիկ տեսնում են աշխարհահռչակ գիտնականին, ինչպիսին էր իրականում: Տեղեկանում են նրա բացահայտումներին ու գիտական սխրանքներին: Իմանում են այն հզոր նախագծերի մասին, որոնք իրականացրել է իր կյանքի ընթացքում:
Սակայն միայն այդքանը ներկայացնելով գրականություն չես ստեղծի: Աշոտ Աղաբաբյանը փաստավավերագրություն չի տվել, նրա ստեղծածը գեղարվեստական գրականություն է: Առնո Սարոյանը մարդ է իր ապրումներով, զգացմունքներով, իր տառապանքով և ուրախություններով, իր անկումներով ու վերելքներով: Մի խոսքով՝ այնպիսի մարդ է, ինչպիսին մեզնից յուրաքանչյուրն է: Եվ միաժամանակ նա ի՛նքն է, հենց միայն ի՛նքը՝ Առնո Սարոյանն է:
Գրողի գրչի տակից դուրս է եկել գեղարվեստական հզոր մի կերպար. հեղինակը մանրադիտակն առած քննել է այս մեծ մարդու հոգու ծալքերն ու դուրս բերել ճշմարիտը, բնորոշը, իրականը:
Եվ ընդունեք՝ շա՛տ ավելի դժվար է, երբ գրական կերպար ես «ծեփում» իրական մարդուց. ով կողքիդ ապրում է, և որի մասին արդեն գիտեն հազար-հազարները։ Այսինքն՝ յուրաքանչյուրն իր Գրիգոր Գուրզադյանին ունի իր մեջ, իր պատկերացումներում: Հիմա դու, որպես գրական ստեղծագործության հեղինակ, պետք է այնպիսի կերպար ստեղծես, որը ստվերի յուրաքանչյուրի ունեցած Գրիգոր Գուրզադյանին: Կարո՞ղ ես, կզո՞րի ուժդ: Հենց սա՛ է փորձաքարը: Այստեղ է, որ իր խոսքն արդեն պետք է ասի գրողի օժտվածությունը, տաղանդը, գրական այն շնորհը, որը տրված է ի վերուստ: Հակառակ դեպքում անկարող կլինես հաղթահարել դիմադրությունը, որ կա յուրաքանչյուր ընթերցողի ներսում:
Աշոտ Աղաբաբյանը հասել է դրան: Եվ դա միայն ես չեմ ասում. ասում էին նաև այլ մարդիկ, ընդ որում՝ գրական քննադատության ասպարեզում լուրջ ներդրում ունեցող մարդիկ: Ասում էին, որ իրենք պարզապես հերոսի ուղեկիցներն էին դարձել վեպի ընթերցանության ընթացքում, նրա հետ զրուցում էին, հետն ապրում էին նրա յուրաքանչյուր քայլը, կյանքի դրվագը:
Եվ բնական է, որ նման հզոր անհատականությունը, զորեղ մտքի տեր մարդը պետք է հենց մենակ լիներ: Նա վեր է իր միջավայրից, իրեն շրջապատող մարդկանցից: Նրանցից հեռու է, շատ-շատ հեռու է: Նա չի կարող լինել այնպիսին, ինչպիսին ամենքն են. սովորական մարդիկ՝ իրենց սովորական հետաքրքրություններով ու ձգտումներով: ՈՒստի հասկանալի է, որ նրա ընտանեկան կյանքն էլ չպետք է կարգավորվեր: Եվ այստեղ մեղավոր ու անմեղ չկա. չի էլ կարող լինել:
Նա չպետք է կարողանա նաև լեզու գտնել իրեն շրջապատող՝ գիտության մեջ սովորական հնարավորությունների տեր գիտնականների հետ (պարտադիր չէ միջակություն լինեն): Սա այնքան բնական է. յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով, ամեն մեկն ունի անցնելիք իր ճանապարհը:
Եվ էականն այն է, որ հեղինակի որևէ միջամտություն կերպարի ձևավորման ընթացքին «չկա». կերպարն ինքն է «ապրում» ամենքիս աչքի առջև: Ահա, սա է այն կետը, որի վրա բարձրանում է գեղարվեստը, այսինքն՝ ստեղծվում է արվեստի գործ: Քանզի դու՝ ընթերցողդ, նույնքան բնական ես համարում Առնո Սարոյանի մենակությունը. դու ինքդ ես տեսնում դա ու հասկանում, որ այդպես էլ պետք է լինի:
Մարդ, որն իր մտքով տիեզերքում է, հարաբերվում է տիեզերական մարմինների հետ, քննում է նրանց բնույթը և էությունը (գուցե և), արդյո՞ք կկարողանար ինքն իրեն պաշտպանել շուրջը եղած խարդավանքներից, չարախոսություններից, ստորակարգ հարձակումներից, որոնք կյանքը հաճախ լեղի են դարձնում: Եվ դու պարտավոր ես անցնել, առաջ գնալ՝ ոտքդ յուրաքանչյուր պահ դնելով ասեղների վրա, պարտավոր ես բերանումդ զգալ դառնի, տհաճի, անարդարի համը: Որովհետև կյանքը հենց դա է: Առավել ևս՝ քո կյանքը: Քանզի մեծ ես, ու քո հաղթանակները հեշտությամբ չեն ներվում:
Այս մարդը, որքան հզոր, նույնքան էլ անպաշտպան է: Այս մարդը, որքան կարող, նույնքան էլ անկարող է: Այս մարդը, որքան խորամիտ, նույնքան էլ միամիտ է: Նա, որի խելքի ու մտքի առջև խոնարհվում են հազարները, կանգնում ու «խելոք-խելոք» հակաճառում է Խորհրդային Միության սարսափ Սուսլովին, իրեն թույլ է տալիս քննարկել ու չհամաձայնել Բրեժնևի կարծիքին:
Հավանաբար, որովհետև նա այս աշխարհից չէ, նա տիեզերքի հեռուներից է եկել այստեղ. նա առտնին կյանքին պարզապես հարմարվում է, բայց այդ կյանքով չի ապրում ու չի էլ կարող ապրել:
Սա է այն հիմնական առանցքը, որի շուրջ ստեղծվել է Առնո Սարոյանի կերպարը: Նա մենակ է: Մենակ է նաև անտառում ոռնացող գայլը: Երկուսն էլ մենակ են ու հոգու ընկերներ են։
Եվ մենակ այս մարդը մենակ է իր տառապանքների հետ: Մենակ է իր խորագույն ապրումների մեջ: Իր կորուստների ու ձեռքբերումների ժամանակ: Անգամ ուրախության պահին է մենակ: Նա սիրում է, բայց սերն էլ է հեռանում: Եվ չի էլ փորձում մեղադրել սիրած էակին. ըմբռնում ու հասկանում է նրան:
Եվ որքան բարձր ես քո բանականությամբ, այնքան խոր պետք է լինի տառապանքդ: Դու դա տեսնում ես Առնոյի կերպարի մեջ, նրա պարագայում: Եվ բնական է, որ այդպես է: Դու մեծ ես, մեծ է նաև ապրածդ տառապանքը, մեծ է նաև ապրածդ ուրախությունը: Այդպես է:
Եվ սա՝ մենակությունն է այն գինը, որը պետք է վճարի մեծը մեծ լինելու համար: Գուցե դա իր ընտրությո՞ւնն է, գուցե այս աշխարհ գալուց առաջ նա ի՞նքն է այդպես ուզել: Ինչպես, հնարավոր է, մենք ամե՞նքս ենք վարվում նույն կերպ:
ՈՒ վեպում ծալք առ ծալք բացվում ու ծավալվում է մեծ Մենակի ողբերգությունը: Բայց որքան ողբերգական, նույնքան երջանիկ կերպար է: Նա ապրում է ստեղծելու հրճվանքը, հաղթելու ցնծությունը: Իսկ հավանաբար հենց այդ է գերագույն երջանկությունը, որն Արարիչը տվել է մարդուն: Որքան ողբերգական, նույնքան՝ երջանիկ, որքան երջանիկ, նույնքան՝ ողբերգական. այս երկվությունն է դառնում կերպարի բացահայտման բանալին: Եվ այլևս ընտրության խնդիր չկա, չի՛ էլ կարող լինել. դու և նա ես, և նա ես, և երկուսը միասին դու ես:
Առեղծվածային մի բան էլ կա մարդկանց այս աշխարհում: Ինչո՞ւ մեծերն իրար չեն հանդուրժում: Նրանք իրենց հոգու խորքում անկեղծ են և գնահատում են միմյանց: Նաև իրենց ներսում խոնարհվում են մեկը մյուսի առջև: Բայց կյանքում անհաշտ են ու իրար ոչնչացնող են: Վեպում ծավալվում է սյուժեն աստղաֆիզիկայի բնագավառի երկու հայազգի հսկաների հակամարտության մասին: ¥Մենք գիտենք, թե ովքեր են. անուններ չհիշատակենք): Ինչո՞ւ է այդպես. դա օրինաչափությո՞ւն է, թե՞ պատահականություն: Ստեղծագործական խա՞նդ է, միայնակը լինելու բնազդային մղո՞ւմ է: Թե՞ ուրիշ բան է: Համենայն դեպս, հեղինակն ինքն էլ այս հարցի պատասխանը չունի: Չդադարող այս հակամարտությունը, անհա՛շտ հակամարտությունը, ըստ էության, այլևս թշնամանք է: ՈՒ արդեն գիտությունն է հարվածում գիտության մարդուն:
Իսկ եթե հեռանանք կոնկրետ հերոսներից ու կոնկրետ հանգամանքներից, կծնվի տրամաբանական և, տրամաբանական լինելով, բնական հարցը. մեծ հաշվով ո՞վ է այդ մենակը: Առնո Սարոյա՞նն է, թե՞ ինքը՝ Աշոտ Աղաբաբյանն է, թե՞ մեզնից յուրաքանչյուրն է: Երևի երեքը միասին: Ի դեպ, հեղինակը չի էլ փորձում թաքցնել սա, անգամ ակնարկում է այն հնարանքով, որը ընտրել է վեպը կառուցելիս: Վեպի մեջ գլխավոր հերոսը՝ Առնո Սարոյանը, վեպ է գրում իր բարեկամի` Աշոտ Աղաբաբյանի մասին: Եվ դա հենց այն վեպն է, որը կարդում ենք;
Վերջում պարզապես պետք է շնորհակալ լինենք հեղինակին՝ Աշոտին, որ բացում է այն առեղծվածը, որը կոչվում էր Գրիգոր Գուրզադյան: Նա նրա գիտական գործունեության պատկերն է դնում մեր առջև և ճանաչելի դարձնում այն մեծ հայտնագործությունները, որոնք կատարել է սովետական փակ համակարգի մեջ: Որոնց մասին իմացել է աշխարհը, բայց ոչ մենք՝ իր հայրենակիցները:
Նա նաև գիտության տվյալ ոլորտն է ճանաչելի դարձնում ընթերցողին, ոլորտն իր բազմաթիվ խնդիրներով ու հարցականներով: Ընթերցողին տալիս է բավարար պատկերացումներ, թե ինչ է աստղաֆիզիկան, գիտնականներն ի՞նչ են փորձում անել աստղերի հետ, ո՞րն է նրանց գիտական գործունեության նպատակը, ի՞նչ տրամաբանությամբ է ընթանում ոլորտի զարգացումը: Եվ համանման այլ խնդիրներ:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 156954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ