Դեղին քարտ` ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին և ՀԷՑ-ի Աջափնյակի «կուրատոր» Անդրանիկ Հովհաննիսյանին
Այո, իմ ուշիմ ընթերցողներ, բանը բանից անցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում ու նրա «Արևմտյան» մասնաճյուղում։ «Արևմտյանը» սպասարկում է Աջափնյակ վարչական շրջանը, Շիրազի փողոցը և թիվ 26 շենքը, որտեղ նաև ես եմ բնակվում։ Բնակվում եմ և անհույս մարտեր մղում էլեկտրացանցային ոտնձգությունների դեմ։ Այս մասին ժամանակին գրել եմ, դուք էլ գրածս, անշուշտ, ընթերցել եք։ Չգիտեմ, դժգո՞հ եք ձեզ մատուցվող էլեկտրացանցային ծառայությունից, այսինքն` ձեզ մոլորեցնո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե գոհ եք, հրաշապատում է, թե դժգոհ եք, բնականաբար, հրեշապատում։ Հուշեմ-հիշեք` խոսքը բնավ 1-2 հազար դրամ ապօրինի հավելավճարները չեն, այլ բացահայտ վոլյունտարիզմը ¥ներողամիտ եղեք օտարահունչ բառիս համար, շատ է հնչեղ, չդիմադրեցի և գործածեցի¤, որը ՀԷՑ-ում բնական իրավիճակ է։ ՈՒրեմն այսպես. 2012-ի ապրիլին` ճիշտ մեկ տարի առաջ, մեզ սպասարկող տեղամասային տեսուչ-տանջահարը նոր բնագիծ նվաճեց, ամոթխած ներկայացնելով վճարման 13 հազար դրամ։ Անշուշտ, չվճարեցի, բնականաբար, անարգանքի սյունին գամեցի էլեկտրաահաբեկչին։ Վերջինս ահաբեկվեց, աղաղակեց և մեկեն դարձի եկավ, դարձի եկավ և ամոթխած ներկայացրեց նոր ցուցմունքը` 5530 դրամ։ Տրամադրությունս, հասկանալի է, մագլցել էր ՀԷՑ-ի տանիքը։ Այնուհետև, ընդառաջելով էլեկտրաահաբեկչի թախանձանքին, տեղադրեցի նոր հաշվիչ, որպեսզի այլևս հարցը չհասնի «դիվանբաշուն»։ Սա մի նոր ոդիսական էր իմ, տեսուչ Վ.-ի և ՀԷՑ-ի միջև, բավականին ուշագրավ ոդիսական ¥այս մասին հրապարակում է եղել բավականին ուշագրավ վերնագրով` «Էլեկտրացանցային զվարճանքներ», 2012-ի հունվարի 26-ին, այն ենթավերնագիր էլ ուներ. «Բաց նամակ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին և ՀԷՑ-ի «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանին»¤։ Մի խոսքով, դագանակը պիտի մշտարթուն պահել ՀԷՑ-ի «Արևմուտք» մասնաճյուղի գլխին։ Հերթական հրապարակմանս վերջնարդյունքում 2013-ի մարտին ողջ շենքը վճարեց բավականին չափավոր գումարներ։ Անձամբ վճարել եմ 6500 դրամ։ Սակայն ապրիլի համար արդեն ներկայացվել է 8900 դրամ։ Այսպես է բոլոր բնակարաններում։ Այսպես է, հավանաբար, ողջ հանրապետությունում։ Այսպիսով, ՀԷՑ-ում և, մասնավորապես, նրա «Արևմուտք» մասնաճյուղում բարոյահոգեբանական լուրջ խնդիրներ են առկա, մարդիկ մասնավորեցրել են ազգային-պետական հարստությունը և «խաղեր են տալիս»։
Անշուշտ, ո՛չ ես, ո՛չ էլ շենքի մյուս բնակիչները հավելյալ 1-2 հազարը չենք վճարելու։ Սակայն շան գլուխը շարունակում է հոտել ու բավականին սուր գարշահոտով, ուստի հարց է ծագում` կա՞ ՀՀ-ում որևէ վերահսկիչ մարմին, որը, բնակչության ցասումնալից բողոքներին ընդառաջ գնալով, կփորձի վերջնականապես դարձի բերել հարգարժան Եվգենի Բիբինին։ Ես էլ սպասում եմ ՀՀ նոր վարչապետի նշանակմանը` այս խնդրի շուրջ նրա հետ հուզումնախռով զրույց սկսելու համար։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ