Թբիլիսյան խճուղի 1/2 հասցեում կայացավ Հայաստանում համաշխարհային ավտոմոբիլային արտադրության առաջատարներից մեկի` «Հոնդա Մոտոր» ընկերության պաշտոնական ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությունը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Հոնդա Մոտոր» ընկերության Եվրոպայի, ԱՊՀ-ի, Աֆրիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանային նախագահ Մանաբու Նիշիմայեն, «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը, բիզնեսի, առողջապահության, արդյունաբերության ոլորտի բազում ներկայացուցիչներ:
Դեռևս 2012 թվականին «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ Մոտորս» և ճապոնական «Հոնդա Մոտոր» ընկերությունների միջև ստորագրվել է համաձայնագիր` Հայաստանում «Հոնդա Մոտորի» ներկայացուցչություն բացելու մասին: «Հոնդա» ավտոմեքենաների վաճառքի սրահը և տեխնիկական սպասարկման կենտրոնը զբաղեցնում են 7 հազար քմ տարածք: Ճապոնիայում վերապատրաստում և ուսուցում անցած բարձրակարգ աշխատակազմով «Հոնդայի» սպասարկման կենտրոնը Հայաստանում շարունակելու է «Հոնդա» ընկերության սահմանած բարձր ստանդարտներն ու ավանդույթները: Ընկերությունն ապահովում է ավելի քան 60 աշխատատեղ: «Գրանդ Հոլդինգը» կատարել է 7 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Հայաստանում «Գրանդ Մոտորսը» մատուցում է հետևյալ ծառայությունները.
ա) ավտոմեքենաների վաճառք,
բ) երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում,
գ) օրիգինալ յուղերի և քսահեղուկների վաճառք,
դ) օրիգինալ պահեստամասերի վաճառք:
«Հոնդա Մոտորը» աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներից մեկն է: Հիմնադրվել է 1948 թվականին: 2012 թվին ընկերությունն արտադրել է 4 մլն 110 հազար 857 ավտոմեքենա: Տարեկան շրջանառությունը 2012-ին կազմել է 80 միլիարդ 705 միլիոն ԱՄՆ դոլար: Ընկերությունում աշխատում է 144 հազար 785 մարդ: 2012 թվականի արդյունքներով բրիտանական ավտոապահովագրողները տարվա ամենահուսալի ավտոմեքենա են ճանաչել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաները:
Հայաստանում «Գրանդ Մոտորսը» ներկայացնում է «Honda» մակնիշի «Accord», «Civic», «Jazz», «CR-V», «Pilot» մոդելները, որոնց նմուշները ցուցադրված էին նորաբաց սրահում:
Սրահի բացման պատիվը վերապահված էր ՀՀ վարչապետին և Կարեն Վարդանյանին: Կարմիր ժապավենը կտրելուց հետո Տիգրան Սարգսյանը` Կարեն Վարդանյանի ուղեկցությամբ, շրջեց սրահում, լսեց ներկայացված մոդելներին վերաբերող պարզաբանումներ:
Պաշտոնական արարողակարգից առաջ «Գրանդ Մոտորս» ընկերության տնօրեն Արա Նռանյանը և Մանաբու Նիշիմայեն ճեպազրույց ունեցան լրատվադաշտի ներկայացուցիչների հետ: Նիշիմայեն իր խոսքում նշեց, որ անցյալ տարի ամբողջ աշխարհում վաճառվել է իրենց արտադրած 4 մլն ավտոմեքենա: 2017-ին մտադիր են իրացնել 6 մլն: ՈՒստի և ուշադրության դաշտում են պահում նոր ծագող շուկաները, որոնցից մեկն է Հայաստանը: Նրանք նպատակ են ունեցել որոնել հուսալի գործընկեր և որպես այդպիսին` գտել են «Գրանդ Հոլդինգը»: Ըստ Նիշիմայեի` հայկական այս կազմակերպությունն իր գործողություններում առաջնորդվում է սպառողների շահով, գիտի, թե ինչպես է պետք մանրածախ առևտրում բավարարել գնորդի պահանջները: Սրա վկայությունը նրա արտադրած քաղցրավենիքի ու ծխախոտի պահանջարկի առկայությունն է շուկայում:
«Իրատես de facto»-ի հարցին, թե հատկապես հայ գործընկերոջ ո՞ր հատկանիշի համար է «Հոնդա Մոտորը» վճռել նախաձեռնել այս համագործակցությունը, Մանաբու Նիշիմայեն պատասխանեց. «Մենք ակնկալում ենք, որ «Գրանդ Մոտորսը» պատշաճ որակով կիրականացնի նաև հետվաճառքային սպասարկումը հաճախորդների համար»:
Արա Նռանյանը շնորհակալություն հայտնեց իրենց հրավերն ընդունած և սրահի բացմանը մասնակցող անձանց և հավաստիացրեց, որ «Հոնդա Մոտորը» չափազանց պահանջկոտ է գործընկերոջ ընտրության հարցում: Երկար բանակցությունների արդյունքում է կնքվել պայմանագիրը «Գրանդ Մոտորսի» և «Հոնդա Մոտորի» միջև:
«Մենք նպատակ ունենք փոխելու մեր սպառողի պատկերացումները և՛ մեքենաների որակի, և՛ սպասարկման որակի մասին,- ասաց «Գրանդ Մոտորսի» տնօրենը։- Մենք սկսում ենք հինգ ամենահայտնի մոդելներից, սակայն այդ շարքը հետագայում ընդլայնվելու է: Հայ սպառողը համոզվելու է, որ ինքը հնարավորություն ունի ձեռք բերելու ամենաորակյալ մեքենաները, անհրաժեշտ պահեստամասեր, յուղեր: Հայ սպառողն այս ամենը ձեռք կբերի շատ ավելի էժան գնով, քան դա այսօր հնարավոր է Ռուսաստանում»:
Մանաբու Նիշիմայեն սրահի բացման արարողակարգային իր ելույթում նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան, տպավորված է մեր հուշարձաններով, ջերմ, կենսուրախ ժողովրդով և հավատացած է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի հետագայում աճելու համար: «Հոնդայի փիլիսոփայության առանցքը,- ասաց նա,- կազմում են երեք հիմնարար սկզբունքները` երեք վայելքները. իրացնելու վայելքը, գնելու վայելքը, ստեղծագործ վայելքը: Բայց այս վայելքները հնարավոր է ունենալ նախ և առաջ գնորդին վայելք պարգևելու միջոցով: Սպառողի վայելքն այս երեք վայելքի շարքում միշտ գլխավոր տեղն է գրավում»:
Ասեմ, որ իբրև ջազի սիրահար, հնարավորության դեպքում կնախընտրեի ունենալ «Jazz» մոդելի կանաչ ավտոմեքենա, թեև գործընկերներիցս մեկը նկատեց, որ ինձ ավելի կսազեր կարմիրը: Բայց քանի որ իմ համեստ վաստակի պայմաններում անհնար է լրջորեն տրվել նման գայթակղությունների, ուստի կբավարարվեմ իմ բաժին «ստեղծագործ վայելքով» և խորհուրդ կտամ սրահ այցելել այն մարդկանց, ովքեր ի զորու են մեր երկրին մատուցած ծառայությունների դիմաց ստացած եկամուտներով իրենց թույլ տալ Մանաբու Նիշիմայեի ակնարկած վայելքներից «գլխավորը»:
Եթե մեր հրապարակումը հետաքրքրեց որևէ մեկին, ապա հուշենք, որ առավել մանրամասն իրազեկվելու հնարավորություն է ընձեռում Honda.am կայքը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ