«Շիրակ» կենտրոնի ամենօրյա դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրիի տնակային պայմաններում ապրող շատ երիտասարդ կանայք բառիս բուն իմաստով անպաշտպան են և ամուսիններից բաժանվելուց հետո նրանց երեխաները դրամական օգնություն կամ այսպես ասած «ալիմենտ» չեն ստանում:
Ինչպես վկայում է «Շիրակ» կենտրոնը, տնակներում ապրող երիտասարդ միայնակ մայրերի մեծ մասը ամուսնացել է շատ վաղ տարիքում արտերկրում: Հիմնականում նրանք ամուսնացել են մեր հայրենակիցների հետ և մեկնել արտերկիր, սակայն վերջիններիս համատեղ կյանքը ընդամենը մի քանի ամիս է տևել: Աղջիկներից շատերն առաջնեկի ծնվելուց հետո կամ հղիացած, տարաբնույթ պատճառերով բաժանվել և վերադարձել են հայրական տուն: Նրանցից շատերը չեն հասցրել անգամ պաշտոնական ձևակերպում տալ իրենց ամուսնություններին: Այդ իսկ պատճառով, բազմաթիվ միայնակ մայրերի երեխաների հայրությունը ճանաչված չէ:
Գյումրու տնակային ավաններից մեկում իր չորսամյա տղայի հետ բնակվում է նմանօրինակ ճակատագրի արժանացած միայնակ մայր, 27-ամյա Հասմիկը: Նրանք թեև ապրում են խոնավ և շարքից վաղուց դուրս եկած տնակում, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ