ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Լրագրողները զորամասում (ֆոտոշարք)

Լրագրողները զորամասում (ֆոտոշարք)
13.12.2012 | 12:25

Դեկտեմբերի 7-ին, ռազմահայրենասիրական երգերով ոգեշնչված, մենք` լրագրողներս, Հանրապետության հրապարակից շարժվեցինք դեպի ՀՀ հարավարևմտյան զորամասերից մեկը, ուր լրագրողների համար ՊՆ-ն այցելություն էր կազմակերպել:

Ինձ ոգևորում էին երգերը, որոնք այդ պահին անգամ աղջիկներին ստիպում էին մտածել ծառայության մասին: Ոմանք արդեն բարձրաձայնում էին «անհավասարության» մասին. «Ինչո՞ւ մենք իրավունք չունենք ծառայելու»,- ասում էին աղջիկները, ու տպավորություն էր ստեղծվում, թե մեղավորը տղաներն են: Այդ պահին զգում էի ռազմահայրենասիրական երգի հզորությունը, որի ազդեցությունն արդեն նկատելի էր:
Զինվորական ավտոբուսը նոր էր հատել քաղաքի սահմանը։ Ներսում թեժանում էին զրույցները: Ավտոբուսի վերջում մենք տղաներով առանձնացել էինք, մեզ հետ էր նաև խմբին ուղեկցող զինվորականը: Նա պատմում էր արցախյան հերոսամարտում իր ու ընկերների սխրագործությունների մասին և ընկերական խորհուրդներ տալիս մեզ:
Կեսօրին հասանք զորամաս, ավտոբուսը կանգնեց: Բոլորս սրտատրոփ սպասում էինք, թե երբ ենք ոտք դնելու զորամաս ու մասնակից լինելու զինվորական կյանքին:
Դարպասներից այս կողմ էինք արդեն: Մեզ ուղեկցեցին զինվորական պարապմունքների համար նախատեսված դաշտ. րոպեներ հետո սկսվեց «արգելագոտու հաղթահարում» վարժությունը: Կրակոցներ, այրվող տարածքներ ու նռնակից առաջացած պայթյուններ: Ես մի պահ ապշեցի, զգալով թե պատերազմական իրավիճակ է, որին պատահաբար ինքս էլ մասնակից դարձա: Հետո արդեն սթափվեցի. տեսարանն այնքան բնական էր, որ չէիր էլ կարող տարբերել իրականը կեղծից:
Հաջորդն արդեն բուժկետն էր, որում համատեղված էին ատամնաբուժարանը, հիվանդասենյակները, վիրակապարանն ու մեկուսարանը: Թվում էր, թե մի ամբողջ հիվանդանոց տեղավորվել է մի փոքր տարածքում: Փոքրիկ բուժկետը կահավորված էր անհրաժեշտ պարագաներով, բժշկական սարքավորումներով ու համալրված բուժանձնակազմով:
Այցելությունը շարունակվում էր, ու առջևում հետաքրքիր անակնկալ էր սպասում մեզ: Կրակային դաշտում մասնակից եղանք համալիր պարապմունքների, որից հետո շարժվեցինք դեպի տանկարշավարան:
Այստեղ էլ ականատես լինելով տանկային պարապմունքներին` հետո արդեն շարժվեցինք հրաձգարան, որտեղ մեզ վստահեցին զենք:
Աղջիկները կարծես արդեն հմտացել էին մի քանի այցերից հետո: Նրանք երկրորդ փորձից կրակում էին նշանակետին: Հենց այդ պահին էլ մտածեցի, որ եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, անգամ մեր աղջիկներն են պատրաստ կռվի, և այդ մտածածս փաստում էին իրենք, ինքնավստահ բարձրաձայնում դրա մասին։ «Մի օր էլ մենք ենք զենք բռնելու»,- ասում էին նրանք ու հավելում. «Արդարացիորեն, անհրաժեշտության դեպքում, տղա թե աղջիկ` մեր գրիչը փոխարինելու ենք զենքով»:
Զորային հրաձգարանում ավարտելով նաև մեր պարապմունքները, գնացինք սահմանագոտի: Հենակետը մոտ էր ադրբեջանական սահմանին, այդ պատճառով էլ մենք կրում էինք պարտադիր սաղավարտն ու զրահաբաճկոնը: Այստեղ էլ ծանոթացանք սահմանապահի առօրյային: Հերթափոխը նոր էր ավարտվել:
Հենակետը 2 մասից էր բաղկացած` կացարանից և ճաշարանից: Կացարանը կահավորված էր առաջին անհրաժեշտության կահավորանքով: Ամենակարևորը, ինչպես վկայում էին զինվորները, գրքերն էին, որոնց շնորհիվ նոր գիտելիքներ էին ձեռք բերում նրանք` թե՛ ռազմական ոլորտից, թե՛ այլ: Ճաշարանն էլ լի էր զինվորին անհրաժեշտ սննդամթերքներով. պահածոյացված ձավարեղեն, մսեղեն, քաղցրավենիք, հյութեր, երշիկեղեն ու հաց:
Զինվորականները մեզ ուղեկցեցին սահմանապահների մոտ: Նրանցից մեկը նոր էր անցել այս կարգավիճակին: Ն. Սաղոյանը հյուսիսարևելյան սահմանամերձ Չինարի գյուղից էր: Նա 2008-ին կորցրել էր հորը` հակառակորդի արձակած կրակոցից:
Առաջին օրն էր, բայց թվում էր, թե ոչ մի տարբերություն էլ չէր զգում, կարծես արդեն հարմարվել էր սահմանային ռեժիմին մինչ այստեղ գալը:
«Երկիրս պաշտպանելը պարտականություն է առաջին հերթին ներքին, հոգևոր առումով , և հետո նոր հաստատված կարգով»,- վերջում մեզ հետ զրույցում ասաց սահմանապահը, որի աչքերը փայլում էին հպարտությունից, ով գիտակցում էր իր պարտականությունը, որը զուտ պարտականություն չէր նրա համար:
Խրամատներից ելնելով մենք պատրաստվեցինք գնալու Երևան: Հետդարձի ճանապարհին ամբողջ օրվա ոգևորությունն արտահայտվեց երգերի կատարումներով: Օրը ցուրտ էր, մենք հասանք Հանրապետության հրապարակ և միմյանց հրաժեշտ տվեցինք:


Արտակ ԽՈՒԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2012

Մեկնաբանություններ