ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

«Փորձ է արվում վերականգնելու քաղաքի գունային, գեղարվեստական և ճարտարապետական նախկին տեսքը»

«Փորձ է արվում  վերականգնելու քաղաքի գունային, գեղարվեստական և ճարտարապետական նախկին տեսքը»
11.12.2012 | 12:08

Վերջին մի քանի տարում օրինաչափություն է դարձել մայրաքաղաքում շենքերի երեսպատման քարերը ջարդելը և այն դեկորատիվ սվաղով և ներկով փոխարինելը։ Ինչ խոսք, մի առումով քաղաքը գույնզգույն է դառնում, սակայն մյուս կողմից էլ ճարտարապետության մեջ աշխարհում քարից թանկ և արժեքավոր մեկ այլ բան որպես շինանյութ չի կարևորվում։ Նկատենք, որ քարով հարուստ Հայաստանում այդ մոտեցումը մի տեսակ անհասկանալի է։ Մայրաքաղաքի բնակիչներին այս խնդիրը մտահոգում է։ Ի վերջո, ինչո՞վ է պայմանավորված այս քաղաքականությունը։ Այս և քաղաքաշինության հետ կապված այլ հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն ՍԻՐԵԿԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ։

-Այն, ինչ իրականացվում է Երևանում վերջին 4-5 տարում, մասնավորապես կենտրոնում, շարունակական բնույթ ունի և այժմ էլ իրականացվում է: Այն նաև դուրս է գալիս քաղաքի կենտրոնի սահմաններից` ընդգրկելով մյուս վարչական շրջանները: Այս միջոցառումներն ուղղված են մայրաքաղաքի ճարտարապետական տեսքի բարելավմանը և շենքերի շահագործման ժամկետների երկարացմանը։ Այդպիսով փորձ է արվում համալիր լուծում տալու և վերականգնելու քաղաքի գունային, գեղարվեստական և ճարտարապետական նախկին տեսքը։ Այդ աշխատանքները, կարծում եմ, կշարունակվեն նաև 2013-ին։ Վերջին երեք տարում իրականացված շենքերի գունային, ֆասադային փոփոխությունները միտված են նաև դրանք նախնական տեսքի բերելուն։ Նկատեմ, որ մինչ գործնականում այդ աշխատանքները սկսելը մենք խորապես ուսումնասիրել ենք կենտրոնի պատմական կերպարի պատմությունը, օգտագործելով մասնագիտական գրականությունը (Լոլա Դոլուխանյանի, Մարիետա Գասպարյանի և այլոց)։ Առանձնակի ուշադրություն է դարձվում Երևանում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին։ Այդ աշխատանքները մենք իրականացրել ենք ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության հետ մեկտեղ։ Տեսողական ընկալման առումով մենք սովոր ենք ինչ-որ գույների, որոնք տարիների մեջ փոփոխության են ենթարկվել։ Մենք փորձել ենք հետ գնալ և վերականգնել մայրաքաղաքի նախկին տեսքը։ Ինչ վերաբերում է երեսպատմանը, ապա երևանյան շենքերի վրա, անգամ հետպատերազմյան շրջանում, չի օգտագործվել երեսպատման սկզբունքը. կառուցվել են կա՛մ քարի շարվածքով, կա՛մ էլ սվաղով։ Դրա լավագույն օրինակներից մեկը Մաշտոցի պողոտայում գտնվող Շահումյանի անվան դպրոցն է։ Նախկինում այն եղել է սև տուֆե քիվերով և սվաղապատ, հետագայում շենքը երեսպատվել է տուֆով։ Այժմ, քանի որ երեսպատման որակը ժամանակի ընթացքում ընկել էր և քարերի 40 տոկոսը թուլացել, որոշվեց դպրոցը նախկին տեսքին բերել։ Նման մոտեցումը կիրառվել է նաև մի շարք այլ շենքերի դեպքում։
-Չե՞ք կարծում, որ երեսպատման քարը շատ ավելի արտահայտիչ է, քան դեկորատիվ սվաղը, այդ իսկ պատճառով շինությունն ավելի հետաքրքիր է դառնում։
-Հասկանալի է, սակայն ճարտարապետության մեջ շատ ավելի արժեքավոր է կառույցի նախնական տեսքի վերականգնումը, որը լիովին արտահայտում է հեղինակի մտահղացումը, ինչպես նաև վերականգնում է տվյալ ժամանակահատվածի պատմական միջավայրը։
-Կա այսպիսի մի տեսակետ, որ երեսպատման քարերը քանդվում են, որպեսզի հետագայում հեշտությամբ ապացուցեն, որ դրանք ճարտարապետական արժեք չեն ներկայացնում, քանի որ, ըստ որոշ խոսակցությունների, 2020-ին պլանավորված է քանդել Մաշտոցի պողոտայի շենքերը, դրանք փոխարինելով նորակառույց բարձրահարկերով։ Իսկապե՞ս այդպիսի բան կա։
-Տարօրինակ մոտեցում է և՛ ճարտարապետական, և՛ քաղաքաշինական, և՛ տնտեսական տեսանկյունից։ Երևանի պատմության մեջ Մաշտոցի պողոտան` որպես գլխավոր զարկերակ, առանցքային դեր ունի իր բոլոր կառուցապատումներով, պատմական միջավայրով, հանրապետությունում ճանաչված մարդկանցով, որոնք ապրել են Երևանում։ Այսինքն, Մաշտոցի պողոտա չունենալ կնշանակի լուրջ սպիտակ բիծ Երևանի պատմության մեջ` սա քաղաքաշինության մշակույթի առումով։ Երկրորդը` տնտեսական տեսանկյունից, բնականաբար, ձեռնտու չէ եղած շենքերը նորով փոխարինելը։ Ճիշտ է, կան շենքեր, որոնք ժամանակի ընթացքում «ծերացել» են և ամրացման, վերականգնման աշխատանքներ են պահանջում։ Երրորդ, քաղաքաշինության առումով, փողոցն իր լայնությամբ, հարակից աջ և ձախ շենքերի բարձրությամբ շատ համաչափ և ներդաշնակ միջավայր է ստեղծում։ Չեն կարող նման լայնություն ունեցող փողոցում (մեկ-երկու դոմինանտ կարող է լինել, ինչպես, օրինակ, «Օրբիտայի» շենքը) պողոտայի երկարությամբ գտնվող շենքերը շատ բարձրահարկ լինել, այն կխաթարի ճարտարապետական տեսքը։ Այնպես որ, Ձեր ներկայացրած խոսակցությունները չեն կարող իրատեսական լինել։ Մյուս կողմից, պետք է նշեմ, որ քաղաքը կենսականորեն աճող օրգանիզմ է, և հնարավոր է, որ որոշակի փոփոխություններ լինեն` շենքերի ամրացման կամ փոխարինման անհրաժեշտություն առաջանա։
-Մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումներից, նախագծերից ո՞րը կառանձնացնեիք։
-Մեր մայրաքաղաքը մի քանի խոշոր խնդիրներ ունի։ Առաջինը տրանսպորտային ցանցի, թողունակության խնդրի կարգավորումն է։ Որպես քաղաքային տնտեսության բաղկացուցիչ մաս, նաև քաղաքաշինական և անվտանգության առումով, կարևոր եմ համարում քաղաքի արտերիաների զարգացումը, ի դեմս ճանապարհատրանսպորտային համակարգի։ Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել, ինչպես նախագծային, այնպես էլ շինարարական։ Գործընթացը շարունակական է։ Առավել ևս ավտոմեքենաների հարաճուն աճը մեզ ստիպում է ավելի հեռատես լինել և այդ երակների թողունակության խնդիրը կարգավորել։ Նախորդ 4-5 տարում կառուցվել են բավականաչափ արագընթաց ճանապարհներ։ Այս տարի կառուցվում է Իսակով-Լենինգրադյան փողոցները միացնող արագընթաց մայրուղին, կառուցվում է Քանաքեռ-Զեյթուն (ՈՒլնեցուց դեպի Ռուբինյանց փողոց) քաղաքային նշանակության ճանապարհը։ Նախագծման փուլում է «Ասիական զարգացման բանկի» աջակցությամբ կառուցվող քաղաքի կենտրոնը տարանցող երկու ճանապարհ` Մասիսի հանրապետական նշանակության մայրուղուց դեպի Արշակունյաց և մինչև Արգավանդ-Իսակովի պողոտա ճանապարհահատվածը, որը կշարունակվի դեպի Երևան-Աշտարակ մայրուղի: Ապագայում նախատեսվում է կառուցել Երևան-Աշտարակ խճուղու Աշտարակի հատվածը։ Այդ արագընթաց ճանապարհները կթեթևացնեն թողունակության խնդիրները։
Երկրորդ կարևոր խնդիրը կանաչ տարածքներն են։ Նախատեսվում է դրանք բերել նորմատիվ չափերի։ Սակայն որքան էլ կենտրոնն այսօր կանաչապատման առումով բարեկարգվում է, և որոշակի հագեցվածություն կա, միևնույն է, տարեցտարի մեծանում է կանաչ տարածքների ավելացման անհրաժեշտությունը։ Նկատեմ, որ քաղաքապետի ջանքերով կանաչ տարածքների բարեկարգումը շարունակական բնույթ է կրում։ Կարծում եմ` ժամանակի ընթացքում խնդրին լուծում կտրվի, և անտառածածկույթ զանգվածը կվերականգնվի։ Երրորդը կենտրոնի կառուցապատումն է, քանի որ մենք ունենք իրար նման խառը կառուցապատման բնակելի թաղամասեր, պահանջվում է թաղամասերի աստիճանական կարգավորում` բակերի բարեկարգում, ինժեներական ենթակառուցվածքների վերանորոգում և կանաչապատում։ Այլ խոսքով ասած, ինչ-որ ձևով անհրաժեշտ է քաղաքը ենթարկել քաղաքաշինական սանացիային։ Դրա համար այժմ կիրառվում են կառուցապատման նոր սկզբունքներ։ Կենտրոն թաղամասի որոշակի վերակառուցումների անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի կողմից պահանջվում է, ըստ գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի, նախագծել վերակառուցման էսքիզներ, որից հետո միայն քննարկել նոր օբյեկտների վերակառուցման կամ տեղադրման խնդիրը։ Մոտեցումը հեռահար նպատակ ունի` այդպիսով կձևավորվի ընդհանուր պատկերը։
-Հիմնվելով ժողովրդի և ոչ թե ՀԿ-ների և պետական կառույցների տեսակետների վրա, ուզում եմ նկատել, որ քննադատվում է այն, թե կենտրոնը շատ խիտ է կառուցապատված։ Այդ քաղաքականությունը շարունակվելո՞ւ է, եթե այո, ո՞րն է նպատակը։
-Այն, որ մեր մայրաքաղաքի կենտրոնն ինտենսիվորեն կառուցապատվում է, միայն մեր հիվանդությունը չէ, այդ միտումը տարածված է ողջ աշխարհում։ Որպես կանոն, մեծ կամ փոքր բնակատեղիների կենսագործունեության ակտիվությունը նկատելի է քաղաքների կենտրոններում։ Գլխավոր հատակագծով առաջադրված է կենտրոնի ծանրաբեռնվածության ապակենտրոնացում, ինչպես վարչական, մշակութային նշանակության, այնպես էլ բնակելի շենքերի առումով։ Այդ նպատակով հաստատվեց Պասկևիչի բլրի տարածքի նոր նախագիծը, որը կթեթևացնի կենտրոնի ծանրաբեռնվածությունը հասարակական և մշակութային շինությունների առումով, այն որոշ չափով կտեղափոխվի Իսակովի պողոտա։ Ե՛վ գլխավոր հատակագծով, և՛ քաղաքապետի հանձնարարությամբ քննարկումների փուլում են Երևանի վարչական շրջաններում վարչահասարակական և հանգստի նոր կենտրոնների ստեղծման ծրագրերը։ Այդ ուղղությամբ այս տարի որոշակի շինարարական աշխատանքներ են իրականացվել։ Մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանում «Արմենիա» բժշկական կենտրոնի հատվածում ստեղծվել է հանգստի գոտի, բնակելի թաղամասերի բակերում (տարբեր վարչական շրջաններում) ստեղծվել են մանկական խաղահրապարակներ, հանգստի գոտիներ և մոտ 100 մինի ֆուտբոլի դաշտ։ Հնարավոր ամեն բան արվում է կենտրոնը թեթևացնելու համար։ Բայց և այնպես, քանի որ բիզնես հետաքրքրությունները կենտրոնի նկատմամբ մեծ են, ինտենսիվ կառուցապատումը շարունակվում է։ Այդ խնդրի վերաբերյալ մի քանի քննարկումներ են եղել, և որոշվել է իրականացնել մի քանի քաղաքաշինական միջոցառումներ։ Այդ առումով կարևորում եմ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասնագիտական հանձնաժողովի ձևավորումը, որը բավականին աշխատանք է կատարել, ստեղծվել են հայեցակարգային մոտեցումներ, որոնք օրենքի տեսքով պետք է ներկայացվեն։
-Եթե անդրադառնանք մայրաքաղաքի անտառածածկույթ շերտի վերականգնման խնդրին, ապա հարց է առաջանում. ինչպե՞ս է դա հնարավոր, եթե Երևանի ոռոգման մեծ աղբյուրը` Երևանյան լճի ճահիճը, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը թույլ չի տալիս մաքրել։
-Խնդիր իսկապես կա, որովհետև կանաչ տարածքներն առանց ոռոգման չեն կարող լինել, և տարիների ընթացքում մենք բավականին մակերեսներ ենք կորցրել։ Ճիշտ է, նաև կանաչ տարածքներ են տնկվել, սակայն ոռոգման խնդրի առկայության պայմաններում այն իր նպատակին միշտ չէ, որ ծառայել է։ Սակայն նկատեմ, որ վերջին տարիներին Երևանի ոռոգման համակարգի վերականգնման նախագծային ծավալուն աշխատանք է կատարվել, ինչը շարունակական է։ Այժմ փորձում ենք ոռոգելի տարածքներ դարձնել նաև փողոցների կանաչ հատվածները, որոնք նախկինում իրականացվում էին շարժական մեքենաների միջոցով։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ