Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Պետությունը ճնշում է գործատուին, գործատուն՝ աշխատողին

Պետությունը ճնշում է գործատուին, գործատուն՝ աշխատողին
28.11.2012 | 20:29

Երևանի ոսկերչական գործարանը ոտնահարում է աշխատողների իրավունքը` նրանց պարտադրում է ստանալ նույնականացման քարտ։ «Մեզնից պահանջել են անձնագրեր, էլեկտրոնային հասցե և էլի մի շարք անհատական տվյալներ, որպեսզի մեզ տրամադրեն նույնականացման քարտ, սակայն մենք չենք ուզում։ Մենք ՀՀ անձնագրեր ունենք և դրանք օրենքի ուժ ունեն»,- տարակուսած ասում են աշխատողները։ Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ նշված գործարանը եզակի չէ իր պարտադրանքում. շատ գործատուներ այսօր պարտադրում են իրենց աշխատողներին վերցնել նույնականացման քարտեր և «ճիպոտը ձեռքներին» քշում են դեպի ոստիկանության անձնագրային բաժիններ։

«Ինչո՞ւ են մեզ պարտադրում նույնականացման քարտեր, չէ՞ որ «Հանրային ծառայության համարանիշի մասին» օրենքը թույլ է տալիս հրաժարվել դրանցից, և այսօր գործող անձնագրերն ամբողջությամբ օրենքի ուժ ունեն»,- դժգոհում էին անձնագրային բաժիններում հերթի կանգնած մարդիկ, և շատերը, ձեռքները թափահարելով, առանց նույնականացման քարտ ստանալու հեռանում էին։ Սակայն խնդիրը ոչ թե հերթից ձանձրանալն էր, այլ նրանք խուսափում էին հանրային ծառայության համարանիշ ստանալուց։ Ընդգծենք, որ հանրային ծառայության համարանիշը, որը նույն սոցիալական քարտն է, զետեղված է նույնականացման քարտի մեջ։ Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ տարիներ առաջ բնակչության զգալի հատվածն ընդդիմացավ և բողոքի ալիք բարձրացրեց սոցիալական քարտերի դեմ` հիմնվելով Նոր կտակարանի Հայտնության մեջ գրվածի վրա, զգուշանալով հոգիների համարակալումից։ Հարգելով մարդու խղճի ազատության սկզբունքը, Սահմանադրական դատարանը որոշեց, որ սոցքարտերը պարտադիր չեն կարող կիրառվել։ Եթե հետևենք «Հանրային ծառայության համարանիշի մասին» օրենքին, ապա կտեսնենք, որ Սահմանադրական դատարանի այդ որոշումը խստորեն պահպանված է և քաղաքացին իր ցանկությամբ կարող է որոշել` ստանալ նույնականացման քա՞րտ, թե՞ ՀՀ անձնագիր։ Հարց. ինչո՞ւ են գործարարները պարտադրում աշխատողներին, իսկ պետությունը` գործարարին ստանալու նույնականացման քարտ։
Իսկ պարտադրողը կառավարությունն է։ 2012-ի սեպտեմբերին գործադիրը հաստատեց «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու որոշումը, ըստ որի, գործարարները պարտադիր պետք է հաշվետվությունը ներկայացնեն էլեկտրոնային ստորագրությամբ, սակայն էլեկտրոնային ստորագրությունը վերջիններիս տրվում է միայն մի դեպքում` նույնականացման քարտի առկայությամբ։ Այս օրենքի հետ կապված մենք մեր մտավախությունը ներկայացրել էինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին (քանի որ սոցիալական բարեփոխումների ծրագրի շրջանակներում օրենքի փոփոխությունը լրագրողներին ներկայացրեց նախարարը), նշելով, որ այդ պահանջը հակասում է առաջին հերթին Սահմանադրական դատարանի հայտնի որոշմանը, և երկրորդ` «Հանրային ծառայության համարանիշի մասին» օրենքին։ Ճիշտ է, նախարարը խոստացավ ուսումնասիրել խնդիրը, սակայն մինչ այժմ կարծես թե որևէ անդրադարձ չի եղել։ Այդ մասին փաստում է նաև իրողությունը։ Այն, որ այսօր մարդկանց ստիպում են ստանալ նույնականացման քարտ, դրա ապացույցն է։ Այլ կերպ ասած, մեր պետությունը «Եկամտահարկի մասին» օրենքով ոտնահարում է իր իսկ ընդունած մյուս օրենքները և Սահմանադրական դատարանի որոշումը։ Ստեղծված իրավիճակում հարց է առաջանում` ինչո՞ւ է մի օրենքը հակասում մյուսին, և ինչո՞ւ է արհեստական խնդիրներ ստեղծվում մեր ժողովրդի համար։ Այնպիսի տպավորություն է, որ կա՛մ կառավարությունը մտածված խաբում է ժողովրդին` հոգևոր ծուղակը գցելով նրան` սեփական մութ շահերից ելնելով, կա՛մ մի գերատեսչությունը տեղյակ չէ մյուս գերատեսչության ընդունած օրենքներից։ Երկու դեպքում էլ տուժում է ժողովուրդը և ոչ միայն նա։ Առջևում նախագահական ընտրություններն, են և այս երկու օրենքների հակասությունը լուրջ դժգոհության և անվստահության ալիք է առաջացնելու քրիստոնյա` հավատացյալ ժողովրդի շրջանում, ավելին` քիչ չէ փոքր և միջին բիզնեսով զբաղվող գործարար խավը։ Իսկապես, ինչպես մարդը վստահի իր երկրի իշխանությանը, եթե փաստացի նա խաբում է իր ժողովրդին։ Զարմանալի է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորամուխ չի եղել այս խնդրում, քանի որ Նոր կտակարանը նրա «աշխատանքային» գիրքն է։ Գուցե վարչապետին ճիշտ չե՞ն ներկայացրել իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ մարդկանց զգալի հատված պատրաստ է հրաժարվելու իր բիզնեսից, բայց չդառնալ նույնականացման քարտի գերին։
Ի դեպ, նկատենք, որ, հոգևոր խնդրից բացի, նույնականացման քարտի պարտադրումն առաջացնում է մեկ այլ անհասկանալի խնդիր, որը հանգեցնում է սոցիալական դժգոհության։ Նկատենք, որ «Եկամտահարկի մասին» օրենքը վերաբերում է միայն այն անձանց (էլեկտրոնային ստորագրության մասով), ովքեր հաշվետվություն են ներկայացնում հարկային մարմիններին, այսինքն` գործարարներին։ Այլ կերպ ասած, նույնականացման քարտը պետք է ունենան իրենք, ոչ թե իրենց աշխատողները։ Սակայն երբ գործատուները սկսել են պարտադրել աշխատողներին ստանալ նույնականացման քարտեր, ապա ստացվում է, որ վերջիններս իրենց հերթին անօրինական ճնշումներ են գործադրում նրանց վրա։ Պետությունը ճնշում է գործատուին, գործատուն` աշխատողին։ Արդյոք այս ճնշման տակ մարդիկ երկար կդիմանա՞ն, և արդյո՞ք այն ևս մի սոցիալական դժգոհության առիթ չի հանդիսանա արդյոք սա ձեռնտո՞ւ է պետությանը։ Հուսանք, որ կառավարությունը «քնից» կարթնանա և կվերանայի «Եկամտահարկի մասին» օրենքի նշված հակասահմանադրական պահանջը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ