Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Պանրի շուրջ ամպեր են կուտակվում

Պանրի շուրջ ամպեր են կուտակվում
15.11.2012 | 17:39

«Մենք ճնշումներ չենք հանդուրժի։ Անթույլատրելի է, որ սեղաններին հայտնվի ցուպիկավոր պանիր։ Սննդի անվտանգության պահպանման հարցը պետք է խստացվի»,- կառավարության նիստը պանրի հարցով սկսեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Եվ քանի որ պանրի «դարդը», ավելի ճիշտ «Չանախ» պանրի մեջ հայտնաբերված աղիքային ցուպիկի խնդիրն աղմուկ է առաջացրել պանիր արտադրող կազմակերպությունների շրջանակներում, վարչապետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման «գործուղեց» զարգացման գործակալության պետի պաշտոնակատար ՌՈԲԵՐՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ։

Սակայն պանրի շուրջ լույս սփռելու փոխարեն ստվեր հայտնվեց` «Հայկական պանիր» ծրագրի շուրջ։ Հիշեցնենք, որ ծրագիրը միտված է պանրի արտահանմանը և միջազգային շուկայում հայկական պանրի բրենդի հաստատմանը, որի նպատակով ստեղծվեց «Հայկական պանիր» ընկերությունը։ Ասուլիսի ընթացքում պարզվեց, որ ծրագիրն այս պահին գործնականում չի գործում։ Չնայած զարգացման գործակալության պետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ ծրագիրը նոր փուլում է. «Պետք է ապահովենք կայուն որակյալ արտադրանք, ինչի ուղղությամբ նախնական աշխատանքներ են տարվում»։ Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ ծրագիրը համաֆինանսավորվում է կառավարության և պանիր արտադրող ասոցիացիայի կողմից, և անցած տարի ներդրվել է յուրաքանչյուրի կողմից 3-ական մլն դրամ։
ՈՒ թեև բանախոսը վստահեցրեց, որ գումարները չեն փոշիացվել, այնուհանդերձ, անհասկանալի մնաց, թե կոնկրետ ինչի համար որքան գումար է ծախսվել, որքան պանիր է արտահանվել և ինչքան շահույթ է ստացվել։ Մեր այս հետաքրքրությունը բավարարելու համար խնդրեցինք պարոն Հարությունյանին խոսել թվերով։
«Մոտ 700 հազար դրամ ծախսվել է ընկերության ձևավորման, ինչպես նաև «Հայկական» բառի կիրառման պետտուրքի համար։ Համապատասխան հավաստագրի համար վճարվել է 600 հազար դրամ։ Վեբկայքի և ընդհանրապես տեխնոլոգի աշխատանքի (որն աշխատում է արտահանող ընկերությունների հետ) վճարը կազմել է 400 հազար դրամ։ Բացի դրանից, աշխատակազմը պահելու համար ծախսվել է 1,5 մլն դրամ։ Սրանք այն թվերն են, որոնք ծախսվել են գործակալության կողմից։ Ինչ վերաբերում է Գերմանիայից փորձագետների հրավերին, ապա այդ աշխատանքների մասով ծրագրին աջակցել է ՄԱԿ-ը, և մենք այն իրականացրել ենք անվճար։ Հայկական պանիր արտահանել ենք 25 տոննա, և շահույթ ստանալու նպատակ չի դրվել։ Ընդհանրապես «Հայկական պանիր» ընկերության քաղաքականությունը շահույթի մասով ենթադրում է այն չափի շահույթ, որը թույլ կտա ապահովել միայն օպերացիոն ծախսեր։ Այլ շահույթներ` գերշահույթ չենք ունեցել։ Մեր հիմնական նպատակն է փորձել մտնել շուկա` անել առաջին քայլերը ինչը մեզ հաջողվեց»։
Հնչեցրած թվերը եթե գումարենք իրար` կստանանք ընդամենը 3 մլն 200 հազար դրամ, իսկ ինչի՞ վրա է ծախսվել մնացած 2 մլն 800 հազար դրամը։ Չէ՞ որ ծրագրի համաֆինանսավորող կողմերից յուրաքանչյուրը ներդրել է 3 մլն դրամ։
Ի դեպ, մեր պանիր արտադրողները պետք է նաև սերտեն անգլերենը, բայց ոչ թե այծերի ու կովերի կաթնատվության բարձրացման համար, այլ նշված գործակալության բացած վեբկայքի ընթերցման համար, քանի որ, ըստ Ռոբերտ Հարությունյանի, վեբկայքը միայն անգլալեզու է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ