Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ինչպես մեկնել ԱՄԷ

Ինչպես մեկնել ԱՄԷ
04.11.2012 | 11:16

Միայն լսելով, կարդալով կամ տեսանյութեր դիտելով հնարավոր չէ ճանաչել ԱՄԷ-ն: Ճանաչելու լավագույն միջոցը երկիր այցելելն է: Եթե դուք սուր հայացք ունեք, կնկատեք մանրամասներ, որոնք վրիպում են նույնիսկ տեղացիների հայացքից: Մեկ անգամ մեկնելն էլ քիչ է, քանի որ առաջին անգամ մեկնելիս շատերը երևույթներին նայում են զբոսաշրջիկի հայացքով: Իսկ յուրաքանչյուր երկիր ունի թաքնված շերտեր, որոնց հազվադեպ է զբոսաշրջիկն առնչվում: Եթե նախընտրում եք հյուրանոց, ծովափ, զբոսաշրջային օպերատորների կողմից նախատեսված երթուղիներ, դուք տվյալ երկրում կտեսնեք միայն այն, ինչ տեսնում են հազարավոր մարդիկ: Ինքներդ գծեք երթուղիները, առիթ գտեք հասարակ մարդկանց հետ շփվելու, հասարակական վայրեր այցելելու, շուկայում, խանութում գնումներ կատարելու, հասարակական տրանսպորտից օգտվելու համար: Բայց չմոռանաք զրուցարանն ու քարտեզը: Ինքներդ ավելի լավ կբացահայտեք տվյալ երկիրը: Ի դեպ, վստահեցնում եմ` ելնելով սեփական փորձից: Ես այսպես սկսեցի ամեն օր նոր տեսանկյունից բացահայտել ԱՄէ-ն: Այնտեղ մեկնելու ամենահարմար ժամանակը հոկտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածն է: Հոկտեմբերին ջերմաստիճանը +35-ից բարձր է, երեկոներն էլ տաք են: Իսկ նոյեմբերին, դեկտեմբերին, հունվարին ջերմաստիճանը հասնում է +24-ի, երեկոյան` +13-ի:

Ձմեռը բավական տարօրինակ է, այստեղ երբեք ձյուն չի տեղում, երբեմն փչում է հյուսիս-արևմտյան «շամալ» քամին: Նաև կարճատև տեղատարափ անձրևներ են լինում: Իսկ մարտ-ապրիլ ամիսներին օրվա ընթացքում ջերմաստիճանը բարձր է, խոնավություն գրեթե չկա ինչպես ամռանը:
Առանց ժամանակ կորցնելու դիմեք վիզայի համար, որից հետո տոմս ձեռք բերեք: Հայաստան -ԱՄԷ ուղղությամբ թռիչքներն իրականացնում են «ԱՐՄԱՎԻԱ» և «ՖԼԱՅ ԴՈՒԲԱՅ» ընկերությունները: «ՖԼԱՅ ԴՈՒԲԱՅ» ավիաընկերությունը Երևան-Դուբայ ուղղությունը բացել է 2010-ին: Սա ընկերության 25-րդ գործառնական ուղղությունն է: Բացման առիթով լրատվամիջոցների հետ իր հարցազրույցներից մեկում ընկերության գործադիր տնօրեն Ղայիդ ալ Ղայիդը, կարևորելով այս ուղղությունը, նշում է. «Երևանը հետաքրքիր ուղղություն է մեր երթուղիների ցանկում: Այս քայլով մեր ընկերությունը հավատարիմ մնաց իր սկզբունքին` օգնել ուղևորներին բացահայտելու նոր երկրներ»: Մենք այս դեպքում կարող ենք ավելացնել` իսկ մեզ «ՖԼԱՅ ԴՈՒԲԱՅ»-ը կօգնի բացահայտելու ԱՄէ-ն: Նա իր խոսքում նաև նշել է. «Հայաստանը, Երևանը շատերի համար չբացահայտված վայր է: Մենք կօգնենք նաև հաստատել գործարար և առևտրային կապեր երկու երկրների միջև»: Մենք հետագայում կանդրադառնանք երկու երկրների միջև հաստատված առևտրային և գործարար կապերին: Իսկ ինչ վերաբերում է տոմսերին, դրանք կարող եք ձեռք բերել ավիափոխադրողների պաշտոնական գրասենյակներից և ավիատոմսերի այն վաճառակետերից, որտեղ ներկայացված են տվյալ ավիափոխադրողները: Ի դեպ, առանց այցելելու տոմսերի վաճառակետեր ավիափոխադրողների պաշտոնական կայքերից կարող եք մանրամասն տեղեկություններ ստանալ մեկ և երկու ուղղություններով չվերթերի մասին: Կպարզեք չվերթի համարը, օրերը, ժամերը, թույլատրելի և ոչ թույլատրելի ուղեբեռի մասին տեղեկություններ, տոմսի գինը ըստ նախընտրած ժամանակահատվածի, կարող եք նաև էլեկտրոնային տարբերակով տոմսեր ձեռք բերել: Օդանավերը սովորականի պես մեկնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և վայրէջք են կատարում Դուբայի միջազգային օդանավակայանում: Որքան էլ զարմանալի է` մայրաքաղաք Աբու Դաբի ուղիղ չվերթ չկա: Թեև Աբու Դաբին ևս ունի միջազգային օդանավակայան: Դուբայի օդանավակայանում միջազգային չվերթերը սպասարկում է 2-րդ տերմինալը: Այդ մասին նշված է տոմսի վրա, որպեսզի թյուրիմացություն չլինի: Օդանավակայանը բավական մեծ է: 2001-ից սկսել է սպասարկել ուղևորների 3, իսկ բեռների 2 խոշոր տերմինալներով: Տարեկան այն կարող է սպասարկել մինչև 60 մլն ուղևորի: Թռիչքը, բնականաբար, պետք է ուղևորի համար հարմարավետ լինի սպասարկման տեսանկյունից: Այդ թվում` չլինեն չվերթերի պարբերական ուշացումներ, ուշացման դեպքում ավիափոխադրողը պետք է ուղևորներին ապահովի գիշերակացով, բազմալեզու ուղեկցորդների մեջ նաև պետք է լինեն տվյալ երկրից մեկնող քաղաքացիների համար գոնե մեկ մատչելի լեզվով խոսողներ (Հայաստանից մեկնողների համար ամենամատչելին շարունակում է մնալ ռուսերենը): ՈՒղևորների համար կարևոր է նաև մատչելի և որակյալ սնունդը: Ես հիմնականում օգտվում եմ «ՖԼԱՅ ԴՈՒԲԱՅԻ» ծառայություններից: Դեռևս սպասարկման առումով դժգոհության պատճառ չի եղել: Դուք կարող եք փորձել երկու ավիաընկերությունն էլ, իսկ հետո անել ձեր ընտրությունը:
Եթե արդեն որոշել եք մեկնել ԱՄԷ, տոմսեր ձեռք բերելու համար պետք է ներկայացնել անձնագիր և վիզա: Տարբեր երկրների քաղաքացիների համար ԱՄԷ այցելելու կարգը տարբեր է: Օրինակ, Արաբական համագործակցության խորհրդի մեջ մտնող երկրների (Բահրեյն, Քուվեյթ, Օման, Քաթար, Սաուդյան Արաբիա, Հորդանան և Մարոկկո) քաղաքացիները վիզայի անհրաժեշտություն չունեն, քանի որ Արաբական Միացյալ Էմիրությունները ևս մտնում է խորհրդի կազմի մեջ: Մյուս կարգի համաձայն Ավստրալիայի, Անդորրայի, Ավստրիայի, Բրունեյի, Բելգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հոնկոնգի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լիխտենշտայնի, Լյուքսեմբուրգի, Մալայզիայի, Մոնակոյի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սինգապուրի, Հարավային Կորեայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, Վատիկանի քաղաքացիները կարող են վիզա ստանալ Դուբայի միջազգային օդանավակայանում. նրանց անձնագրում կնիք է դրվում, որով թույլատրվում է երկրում մնալ 30 օր: Եթե ցանկանում են երկարացնել ժամկետը, վճարում են և երկարացնում ևս 30 օրով: Իսկ Հայաստանի քաղաքացիները պետք է մեկնեն նախապես ձեռք բերված վիզաներով: Վիզայի համար պետք է վճարել 45000 դրամ (ֆիքսված գումար):


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 7694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ